Կովկասյան Հայաստանը կայսերական եվ խորհրդային

կառավարման միջեվ

Ազգային անկախության նախերգանք

 

Առաջաբան

 

Սույն թարգմանությունը ներկայացնում է 1980թ. ապրիլի 24-25-ին Վաշինգտոնում կայացած Քենանի ինստիտուտի «Անդրկովկաս. ազգայնականությունը և սոցիալական փոփոխությունը» գիտաժողովում ներկայացրած պրոֆ. Ռ.Հովհաննիսյանի «Կովկասյան Հայաստանը կայսերական և խորհրդային իշխանության միջև. ազգային անկախության նախերգանք» վերնագրով զեկուցումը։ Հեղինակը Ամերիկյան հայկական համագումարի և Հայագիտության ընկերության հիմնադիրներից է, և ներկայացնում է Կալիֆոռնիայի նահանգը Արևմտյան միջնահանգային բարձրագույն կրթության հանձնաժողովում։ Նա գիտական ու հասարակական կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ է։ Հազարից ավելի հարցազրույց ու զեկուցում է անցկացրել համալսարաններում, համայնքի ժողովներում, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով, որոնք մեծ մասամբ նվիրված են հայ ժողովրդի պատմությանը, ցեղասպանությանն, ու հայագիտության այլ հարցերին։

Խարբերդցի ծնողների զավակ, 1932-ին ծնված, մեծացել, կրթվել և օջախ է ստեղծել Կալիֆոռնիա նահանգում, որտեղ Հովհաննիսյան-գիտնականի գրչի տակից դուրս են եկել «Հայաստանը անկախության ճանապարհին», «Հայաստանի Հանրապետություն», «Հայերի ողջակիզում», «Հայոց պատկերը պատմության ու գրականության մեջ», «Հայերի ցեղասպանությունը հեռանկարում» աշխատությունները, ինչպես նաև ավելի քան 30 հոդված։

Այժմ Ռիչարդ Հովհաննիսյանը հայոց և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (ԼԱԿՀ), ֆոն Գրյունեբաումի անվան Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի պաշտոնակից տնօրեն։ Դասավանդում է հայոց պատմություն ԼԱԿՀ-ի բարձր կուրսեցիներին և ասպիրանտներին։

Պրոֆ. Ռ.Հովհաննիսյանը համառորեն պայքարում է միջազգային հասարակության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման համար։ Նա «Դեմ հանդիման պատմությանը և մեզ» կազմակերպության, Բնաջնջման և ցեղասպանության միջազգային ինստիտուտի, Միջազգային աչալրջության ու Հայկական ճարտարապետության հետազոտման կազմակերպության տնօրենների խորհուրդների անդամ է, «Արմինիեն Ռեվյու», «Արարատ», «Ջորնել ոֆ զե Սոսայեթի ֆոր Արմինիեն Սթադիզ» ամսագրերի խմբագրական հանձնախմբերի անդամ։

Վաստակաշատ գիտնականը այս տարի ընտրվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ։ Մեծ գիտնականը ու հայրենանվեր հայը շարունակում է իր եռանդուն ազգասիրական գործունեությունը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ հայրենիքում։

 

1917թ. հեղափոխության հոսանքով կենտրոնական Ռուսաստանից կտրված Անդրկովկասը 1918թ. մասնատվեց երեք ազգային հանրապետությունների։ Անկախ պետություններ ստեղծելու վրացիների, ադրբեջանցիների և հայերի փորձերը, վերջի վերջո ձախողվեցին, ու 1921թ. կեսերին ամբողջ տարածքը ներքաշվեց խորհրդային համակարգի մեջ։ Այնուհանդերձ, հենց այս անկատար, անցումային պետությունների հիմնադրման շնորհիվ էր, որ ստեղծվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդային հանրապետությունները։ Դաշնակցային պետական կառուցվածքի սկզբունք ընդունելու Ռուսաստանի կոմունիստական կուսակցության խոտորումը մասամբ թելադրվում էր ազգայնական կուսակցությունների ազդեցությանը ընդդիմանալու և քայքայված պետության նահանգներում ազգային զգացումներն իր կողմը գրավելու անհրաժեշտությամբ։ Հայերի համար իրենց անկախ հանրապետությունը խորհրդային ազգային հանրապետության վերափոխելը մնում է հատկապես կարևոր, նկատի առնելով այն, որ պատմական հայկական տարածքների սոսկ մի փոքր մասում 1920թ. ի վեր շարունակվում էր ազգային կյանքը և անգամ ֆիզիկական ազգային գոյատևումը։

Թեև Անդրկովկասի երեք անկախ պետությունները շատ ընդհանուր գծեր ունեին, Հայաստանի Հանրապետությունը կարելի է առանձնացնել նրա համար չափազանց անբարենպաստ իրավիճակի և Հայկական հարցին զուգորդման պատճառով։ Իսկ վերիջնը աշխարհագրորեն ու քաղաքականորեն շատ ավելի լայն  էր և չորս տասնամյակներ վեճեր էր հարուցում միջազգային դիվանագիտության մեջ։ Վրաստանն ու Ադրբեջանը գուցե և կարող էին դառնալ կենսունակ անկախ հանրապետություններ` այն սահմանափակ տարածքներով, որոնք 1919թ. գտնվում էին նրանց իրական վերահսկողության տակ։ Այնինչ,  դեպի ծով ելք չունեցող փոքրիկ հայկական պետության համար նման հաշվարքը անհնարին էր։ Անվանականից ավելի էական անկախություն ձեռք բերելու համար այդ հանրապետությունը պետք է իր մեջ ներառներ Թուրքահայաստանի նահանգներն ու դեպի ծով ելք շահեր։

Կովկասում ռուսական հարյուրամյա կառավարման ընթացքում հայկական տարրը կտրուկ աճեց, Թիֆլիսում ու մյուս քաղաքներում սկսեցին գերակշռել հայ մտավորական և արհեստավորական-առևտրական խավերը, իսկ հայ գյուղական բնակչությունը շատ շրջաններում ազատվեց խոշոր հողատերերի` մահմեդական բեկերի և աղաների, տնտեսական ստրկացումից։ Սակայն հայերի աշխարհագրական տարաբնակեցումն այդպիսին էր, որ Անդրկովկասի ցանկացած անաչառ բաժանման դեպքում նրանց գրեթե բոլոր առևտրական և ֆինանսական կենտրոնները, ինչպես և հայ ժողովրդի մի քանի հարյուր հազար զավակներ, իսկ գուցե և մեծ մասը, կհայտնվեին Հայաստանի սահմաններից դուրս։ Ցարական իշխանության ներքո Ռուսաստանի նահանգները մնացին թերզարգացած, և Թիֆլիսի հայկական ֆինանսական, մտավորական, մշակութային ու քաղաքական բուռն կյանքի ստվեր անգամ չկար Երևանում` 1914թ. 30 հազար բնակիչ ունեցող այդ կիսաքուն արևելյան ավանում, որին դժվարությամբ կարելի էր համեմատել ավելի քան երեք հարյուր հազարանոց Թիֆլիսի կամ մեծ քաղաք Բաքվի հետ։

Այս գործոնները օգնում են բացահայտելու հայ առաջնորդների, նույնիսկ առավել ազդեցիկ դաշնակցության կուսակցության ղեկավարների ծայրահեղ դժկամությունը` 1918թ. Երևանի շուրջ անկախ պետություն ստեղծելու առթիվ։ Նման պետության ստեղծումը չէր հանդիսանում 19-րդ դարի ազգային-մշակութային աշխուժացման տրամաբանական հետևանք, կամ էլ նախորդ 30 տարիների հեղափոխական շարժումների արդյունք։ Դիմադրության շարժումը կենտրոնացվել էր Թուրքահայաստանի (կամ Արևմտահայաստանի) բնակչության ազատագրման ու Թուրքահայաստանի նահանգներում տեղական ինքնակառավարում, կամ հնարավոր տարածքային ինքնավարություն մտցնելու վրա։ Ինչ վերաբերում է Ռուսահայաստանի նահանգներին, ապա հայ մտավոր ու հասարակական առաջնորդների գերակշիռ մասը մտածում էր լոկ ազատախոհ այն բարեփոխումներն անցկացնելու մասին, որոնք Ալեքսանդր II ցարի կառավարման օրոք հայտարարվել, բայց Կովկասի վրա չեն տարածվել։

Անկախության հնարավորությունն ընձեռնվեց ամենածանր պատմական պահին, որը, կարծես, բոլորովին անբարենպաստ էր։ Օսմանյան կայսրության հայ բնակչությունը ոչնչացվել էր երիտթուրքական իշխանությունների գործողությունների հետևանքով, հայկական քաղաքական, մշակութային ու կրոնական ընդարձակ ցանցը ավերվել էր և մի քանի հարյուր հազար հայ գաղթականներ ուժասպառ էին լինում արաբական նահանգներում, Կովկասում ու Հարավային Ռուսաստանում։ Ազատագրական շարժման բուն հիմքերը խորապես, գուցե և անդառնալիորեն խարխրվել էին։ Ու թեև ռուսահայերը վերելք էին ապրում համաշխարհային պատերազմի առաջին տարիներին ցարական կառավարության հովանավորական վերաբերմունքի շնորհիվ, նրանք շուտով՝ 1916թ. նոր պատժիչ միջոցառումների արդունքում, կորցրեցին պատրանքներ։ Պատժամիջոցները գործի դրվեցին այն բանից հետո, երբ կայսերական բանակները գրավեցին դաշնակիցների գաղտնի պայմաագրով Ռուսաստանին շնորհված Թուրքահայաստանի կեսը։ Թուրքահայաստանից գաղթածներին խոչընդոտում էին վերադառնալ նվաճված տարածքներ, ու թվում է, թե Նիկոլայ II  ցարը սրտին մոտ էր ընդունել «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը, որը վերագրվում է արտաքին գործոց նախկին նախարար Ա.Լոբանով-Ռոստովսկուն։ 1917թ. ժամանակավոր կառավարության ստեղծումը կարճատև դադար ընձեռեց, ու հազարավոր գաղթականներ իրոք վերադարձան Էրզրում, Վան ու Բիթլիս, սակայն այդ շարժումն ուղեկցվում էր ռուսական բանակներում պարտվողականության ու դասալքության ծավալմամբ, դրանով իսկ տարվա վերջերին մղձավանջի վերածելով հայոց բաղձանքը։

Հրաժարվելով բոլշևիկյան հեղափոխության կողմն անցնելուց կամ Ժողովրդական կոմիսարների խորհրդի օրինականությունը ճանաչելուց, Կովկասի գլխավոր քաղաքական կառույցները՝ բացառությամբ Բաքվի, կազմակերպեցին ժամանակավոր գործադիր կառավարման և օրենսդիր մարմին, որպեսզի տեղական գործերը կարգավորեն ընդհուպ մինչև Ռուսաստանում, այսպես կոչված, ժողովրդավարական կարգեր հաստատվելը։ Այս միջոցառումներն, այնուամենայնիվ, բոլշևիկյան Ժողկոմխորհին արգելք չեն հանդիսացել ու վերջինը Բրեստ-Լիտովսկի պայմանագրի մեկ մասով ճանաչեց Օսմանյան կայսրության իրավունքը Թուրքահայաստանի վերանվաճման և Անդրկովկասի Կարս, Արդահան ու Բաթում մարզերի բռնակցման վերաբերյալ։ Չօգնեցին նաև ընդարձակ ռազմաճակատում դիրքեր զբաղեցնելու հայ և վրացական հապշտապ կազմավորված զորամասերի փորձերը։ Նրանք ձգտում էին խանգարել թուրքական առաջխաղացումը նշված ձեռքբեռումներն ապահովելու համար։ 1918թ. մայիսին թուրքական ռազմական ուժերը ճեղքեցին Բրեստ-Լիտովսկի սահմաններն անգամ, նրանք անցան Թիֆլիսի նահանգի հարավ-արևմտյան շրջան և Երևանի նահանգի Արաքս գետի հովիտը։ Հենց այդ պահին վրացիներն իրենց ձեռքը վերցրին Անդրկովկասի դաշնակցային կառավարությունը ցրելու նախաձեռնությունը ու հռչակեցին պատմական տարածքների անկախությունը` գերմանական հովանավորության ներքո։ Մահմեդական պարագլուխները հետևեցին նրանց` հռչակելով Ադրբեջանի Հանրապետության ստեղծումն ու ստանալով թուրքական առատաձեռն օգնությունն ու ռազմական աջակցությունը Բաքվից հայ-ռուսական դաշնակցությունը դուրս մղելու ընթացքին։

Ահա այս հանգամանքներում էր, որ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը պետք է դեմ-հանդիման կանգներ հայկական անկախություն հռչակելու հեռանկարին ու Հայաստանի Հանրապետության անունից հաշտության ջախջախիչ պայմանագիր ընդունելուն։ Նոր հանրապետությունը ստիպված էր ուրանալ ինչպես Թուրքահայաստանի նահանգների,  այնպես էլ Ռուսահայաստանի Կարսի և Արդահանի նկատմամբ բոլոր պահանջներից, թույլատրելով Արաքս գետի ողջ հովտի` ներառյալ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը, թուրքական նվաճումն ու հնարավոր բռնակցումն ու շնորհելով թուրքական բանակներին տարանցիկ և այլ արտոնություններ։ ...