Դաշնակիցների պատասխանը

Առաջաբան

 

Հայոց և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համարսարանի (ԼԱԿՀ) ֆոն Գրյունեբաումի անվան Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի պաշտոնակից տնօրենն է: Նա դասավանդում է հայոց պատմություն ԼԱԿՀ-ի բարձր կուրսեցիներին և ասպիրանտներին։

Լինելով խարբերդցի ծնողների զավակ, ծնվել է 1932-ին, ապրել, կրթություն է ստացել ու հաստատվել Կալիֆոռնիայի նահանգում, ուր Հովհաննիսյան-գիտնականի գրչի տակից դուրս են եկել «Հայաստանը անկախության ճանապարհին», «Հայաստանի Հանրապետությունը», «Հայերի ողջակիզումը», «Հայոց պատկերը պատմության և գրականության մեջ», «Հայերի ցեղասպանությունը հեռանկարում» աշխատությունները, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ։

Ռ.Հովհաննիսյանը կատարում է բազմածավալ հայանպաստ կազմակերպչական աշխատանք, նա Ամերիկայի Հայկական համագումարի և հայագիտության ընկերության հիմնադիրներից է և Կալիֆոռնիայի նահանգի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Բարձրագույն կրթության արևմտյան միջնահանգային հանձնաժողովում։

Պրոֆ. Ռ.Հովհաննիսյանը համառորեն պայքարում է միջազգային և ամերիկյան հասարակության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման համար։ Նա «Ընդդեմ պատմությանը և մեզ» կազմակերպության, բնաջնջման և ցեղասպանության հարցերի միջազգային ինստիտուտի, միջազգային աչալրջության և Հայկական ճարտարապետության հետազոտման կազմակերպության տնօրենների խորհուրդների անդամ է, «Արմինիեն Ռեվյու», «Արարատ» ու «Ջորնել ֆոր զը  Սոսաեթի ֆոր Արմինիեն Ստադիզ» ամսագրերի խմբագրական հանձնաժողովների անդամ։

Վաստակաշատ գիտնականը ս.թ. փետրվարին միաձայն ընտրվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Սույն թարգմանությունը ներկայացնում է ակադամիկոս Ռ.Հովհաննիսյանի մեծարժեք «Հայաստանի Հանրապետության» առաջին հատորից հայ պետականության քաղաքական պատմության որոշ էջերը։ Տվյալ դեպքում չեն ներկայացվում հատորում պարունակվող աղբյուրագիտական հղումները, բացառությամբ նրանց, որոնք անհրաժեշտ են բնագիրը լիարժեք ըմբռնելու համար։ Ելնելով աշխատության բարձր գիտական մակարդակից և խորհրդահայ պատմագիտության մեջ մեր պետականության սակավ լուսաբանման իրողությունից, ընթերցողին ենք ներկայացնում «Դաշնակիցների պատասխանը» գլխի թարգմանությունը։ Հուսով ենք, որ այն հետաքրքրությամբ կընդունվի և մեզ խորհելու առիթ կտա։

Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին փուլն ավարտվեց 1919թ. հունիսի 28-ին, երբ կործանված գերմանական կայսրության վզին փաթաթվեց Վերսալի պայմանագիրը։ Թեև եվրոպական գործերն և Ազգերի Լիգայի հիմնումը այդ նախնական շրջանի ամբողջ ընթացքում խաղաղարարների ուշադրության կենտրոնում էին, այդուհանդերձ, Արևելյան հարցը շիկանում էր անմիջականորեն մակերևույթի տակ ու ժամանակ առ ժամանակ իր հանգամանքներով հանդերձ, ժայթքում էր ու դառնում առօրյա քննարկման առարկա։ Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան, որոնք արմատապես հակադրվում էին եվրոպական պայմանագրերը ստորագրելուց հետո թուրքական կարգավորմանն անդրադառնալու Դաշնակիցների պաշտոնական հայտարարություններին, համառորեն ձգտում էին համաշխարհային կառավարողներից հասնել. 1) ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, 2) հայրենադարձել հայ գաղթականներին ու թուրքական կայսրությունից վտարել մուսուլման վերաբնակիչներին, 3) ռազմագրավել Թուրքահայաստանը, և 4) անհապաղ Հայաստանի համար սահմանել մանդատավոր ազգի կարգավիճակ։ Յուրաքանչյուր դեպքում Փարիզում պատասխանը կամ բացասական էր, կամ անորոշ։ Միացյալ Նահանգներն ու Դաշնակիցները վերջին հաշվով միակարծիք էին ծովից ծով Հայաստանի ստեղծման ցանկալիության հարցում, բայց ոչ ոք չէր ուզում անհրաժեշտ միջոցներ ապահովել այդ զգացումը իրականություն դարձնելու նպատակով։

 

Ճանաչումն եվ աջակցությունը

 

Հայաստանի Հանրապետության ճանաչումն արագացվում էր հայասերների կողմից։ Սկսած 1918 թվականից Ավետիս Ահարոնյանը պարզապես պաշտոնական դարձրեց այդ պահանջը։ Հաշտության կոնֆերանսին, պետությունների ղեկավարներին ու տարբեր պատվիրակություններին հասցեագրած միջնորդագրերում նա, որպես ճանաչման հիմնավորում, հիշատակում էր Հայաստանի զոհերն ու հայերի հերոսությունը։ Ռուսահայաստանում ստեղծված հանրապետությունը պետք է միջուկ ծառայի ապագա անկախ Հայաստանի համար, պնդում էր ինքը1։ Շաբաթները ամիսներ դառնալու համեմատ խնդրանքը վերաճեց անհետաձգելի պահանջի։ Ճանաչման համաձայնություն չտալը համաշխարհային տերությունների կողմից, բողոքում էր Ա.Ահարոնյանը, Հայաստանին զրկում է հույժ անհրաժեշտ փոխառությունները տեղաբաշխելու հնարավորությունից ու համարձակություն է տալիս շատ ուժերի, որոնք դավադրություն են հյուսում նորաստեղծ հանրապետությունը կործանելու համար2։ Նրա հայտագրերում, որոնք շուտով անհուսալիորեն միանման դարձան, Ա.Ահարոնյանը գանգատվում էր Դ.Լլոյդ Ջորջին, Ժ.Կլեմանսոյին, Վ.Վիլսոնին, Ա.Բալֆուրին, Ս.Պիշոնին, Ռ.Լանսինգին և այլ նշանավոր պատգամավորներին, որ անցնող յուրաքանչյուր օրը ևս երկու հազարով ավելացնում է զոհերի թիվը, և որ Հայաստանը դառնում է զանգվածային գերեզման, այնինչ Հաշտության կոնֆերանսի անունից հասարակ հռչակագիրն անգամ նրան հնարավորություն կտար պայմանավորվել կենսականորեն անհրաժեշտ սննդի, հագուստի և դեղորայքի հարցերի շուրջ3։  

Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Դանիայում ու հատկապես Միացյան Նահանգներում գործող հայասիրական ընկերությունները պաշտպանում էին  Հայաստանի ձգտումները։ Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն քննարկման ներկայացրեց միջնորդագրեր, նրանք պարունակում էին հազար այն անձանց անունները, որոնք պաշտպանում էին Երևանում առկա կառավարության ճանաչումը։ Նույնիսկ, երբ Հաշտության կոնֆերանսը սկսեց իր գործունեությունը, 25 նատանգապետեր բարձրաձայնեցին «իր պատմական սահմաններում» Հայաստանի վերականգման հույսը, մի տեսակետ, որը շարունակ կրկնում էին հարյուրավոր ամերիկացի հոգեվորականներ, նրանց միջնորդագրերում4։ 1919թ. ապրիլին Փարիզում ամերիկյան պատվիրակության մի քանի խորհրդականներ հավանություն են տվել ճանաչմանը, Հայաստանի համար նպաստավոր միջազգային դրություն ապահովելու, որպեսզի նրա ղեկավարությանը հնարավոր լիներ 20 մլն. դոլլարի փոխառությունը տեղաբաշխել։ Ճանաչման հարցն առաջ էին քաշել նաև կոմիտեի գործադիր անդամներ Ջեյմս Վ.Ջերարդը, Քլիվլենդ Գ.Դոջը և Վիլյամ Ջենինգս Բրայանը, նախագահ Վ.Վիլսոնին հղած իրենց հեռագրում։  Եռյակն այնուհետև Միացյալ Նահանգներին համոզում էր ինքնապաշտպանության համար Հայաստանն ապահովել զենքով ու զինամթերքով5։ Հունիսի սկզբներին նախագահ Վ.Վիլսոնը, որի անձնական զգացումները պարզորոշ համընկնում էին նմանօրինակ հայացքներին, անտարակույս հուզված էր երեսուն նահանգապետերի կոչով, որոնք հարցուփորձ էին անում հայկական կառավարությունը փաստացի կերպով ճանաչելու մասին, այն հաշվով, որ «այդ համարձակ քրիստոնյա հայ ազգի ներկայացուցիչները կարողանային մասնակցել հաշտության կոնֆերանսին այն ժամանակ, երբ նրանց հարցը դրվի քննարկմանը»։ Ճնշվելով բարդությունների անցանկալի բեռից, Վ.Վիլսոնը ստիպված էր պատասխանել, որ Հայաստանի հարցը միակը չէ, և որ ամենադժվարը նմանօրինակ իրավիճակների վերաբերյալ տարբեր կերպ բանակցություններ վարելն է։ Այնուամենայնիվ, նա խոստացավ հնարավոր ամեն ինչ անել «Հայաստանի բարօրության համար»6։

Այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունն ստեղծվել էր նախքինում ռուսաստանյան կայսրության մեջ մտնող տարածքում, գլխավոր խոչընդոտն էր ճանաչման համար։ Պատվիրակության հունիսի 7-ի վավերագրում ռեգիոնի գործերով խորհրդական Վիլյամ Լ.Վեստերմանը պնդում էր, թե քանի որ  ձևական ճանաչումը, որն ինքը վաղուց պաշտպանում էր, ուղղակի հակասում է  եվրոպական Դաշնակիցների քաղաքականությանը, նա իրեն պարտավոր է զգում պետական քարտուղար Ռ.Լանսինգին առաջարկել  բացատրել Ա.Ահարոնյանին, որ վեճն ամբողջությամբ պետք է հետաձգվի թուրքական կարգավորումից հետո։ Այդպիսի ընթացակարգը հնարավորություն կընձեռեր խուսափել ռուսաստանյան «դեմոկրատական տարրերի» հետ հակամարտությունից։ Վերջիններս վայելում էին Դաշնակիցների բարոյական, նյութական ու Ֆիզիկական աջակցությունը։ Չքողարկելով անձնական համակրանքը, Վ.Վեստերմանն առաջարկում էր, որ ճանաչման որոշմանը սպասող Հայաստանին ցուցաբերվի մարդասիրական օգնություն7։ Ըստ երևույթին, հարցն արդեն փակվեց հունիսի 5-ին, երբ նախագահ Վ.Վիլսոնը հրահանգեց Ռ.Լանսինգին հայկական պատվիրակությանը հաղորդել իր խորին ափսոսանքը, որ առկա պայմանները խոչընդոտում  են անհապաղ ճանաչմանը8։ 1919 թվականին Տերություններից և ոչ մեկը չէր ցանկանում նույնիսկ բարոյապես մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտոնական ճանաչմանը։

Ինչպես հույս ուներ Վ.Վեստերմանը, ամերիկյան բարեգործական օգնությունը Հայաստանին, իրոք տևեց մի ամբողջ տարի։ 1919թ. ապրիլին Ա.Ահարոննյանն ու Նուբարը պայմանավորվեցին օգնության պաշտոնական անձանց` Հերբերտ Հուվերի և Ռոբերտ Տաֆտի հետ, որոնց միջոցով Հայաստանին տրվեց 5.000 տոննա ցորեն` հնարավորության դեպքում այն ավելացնելու պայմանով9։ Մինչև ամռան վերջը ամերիկյան վարչակազմը ավելի քան 50 հազար տոննա պարենի օգնություն ցույց տվեց հայերին։ Ա.Ահարոնյանը փորձեց նաև տարբեր մթերքներ ու հանդերձանք ապահովել Եվրոպայում ամերիկյան ռազմարշավային ուժերի պահեստներից, սակայն միջազգային ճանաչման և օտարերկրյա վստահության պակասի պատճառով Հայաստանին չհաջողվեց դրանք ձեռք բերել10։ Ամերիկյան մարդասիրությունը մեղմացնում էր Հայաստանի տառապանքները, սակայն այս զրկանքների աղբյուրը չէր կարող կտրվել այնքան ժամանակ, քանի դեռ գաղթականները չէին հայրենադարձվել։ Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին շրջանի ամբողջ ընթացքում Ա.Ահարոնյանի պատվիրակությունը դիմում էր  այդ պրոբլեմին։

 

Հայ գաղթականներն ու մահմեդացի վերաբնակիչները

 

Անդրկովկասում կես միլիոն գաղթականների կուտակումը անարդյունք դարձրեց վերականգման գրեթե բոլոր հայկական ծրագրերը։ Կովկասում առկա Դաշնակիցներն և ամերիկյան ներկայացուցիչները հաղորդեցին, թե  այնքան ժամանակ, քանի դեռ կա գաղթականների ճգնաժամը, և՛ թուրքհայերը, և՛ տեղի ռուսահայերը դատապարտված կլինեն մշտական տառապանքների11։

Միևնույն ժամանակ Ավետիս Ահարոնյանը, 1919 թ. փետրվարի 15-ից ի վեր, մի շարք հուշագրերում ընդգծում էր ժամանակի գործոնը ու Փարիզի հաշտության կոնֆերանսին նախազգուշացնում, որ գաղթականների զանգվածները կզոհվեն, եթե նրանց ավելի երկար ժամանակ  մերժեն վերադառնալ հայրենի օջախները: Շատ կարևոր է, պնդում էր նա, վերստին վառել  200 հազար տների օջախները ցանքսից առաջ12։ Թերագնահատելով  այն փաստը, որ Թուրքիայում Դաշնակիցների հաղթանակի  հետևանքով առաջացած տագնապը շատ կարճատև էր, Ա.Ահարոնյանը մարտին Հաշտության կոնֆերանսի նախագահ Ժ.Կլեմանսոյին և արտաքին գործերի նախարարներ Ս.Պիշոնին, Ա.Բալֆուրին, Ս.Սոնինոյին ու Ռ.Լանսինգին բողոքեց, թե չնայած որ օսմանյան կայսրությունը վաղուց արդեն անձնատուր եղավ, Թուրքահայաստանը դեռ տառապում էր մարդասպանների ձեռքին, գաղթականներին չէին թողնում վերադառնալ իրենց գյուղերը, նրանք մեռնում էին հյուծվածությունից ու հիվանդություններից սահմանի ամբողջ երկայնքով, իսկ բազում քրիստոնյա կանայք ու երեխաներ մնում էին հարեմների գերի։ Երիտթուրքերի և նրանց հետևողների համար շատ ձեռնատու էր, որ Դաշնակիցները հեռացել են Հայաստանից։ Նախազգուշացնելով, թե Հայաստանի ավերումը լուրջ վտանգի առաջ կկանգնեցներ հենց հաղթող տերություններին, Ա.Ահարոնյանը պահանջում էր արագ գործողություններ ձեռնարկել ու դուրս մղել թուրքական զորքերը Կովկասից, հրամայել Թուրքահայաստանի ռազմագրավումն ու հնարավոր դարձնել բոլոր հայ գաղթականների անվտանգ տունդարձը13։

Կոստանդնուպոլսում գտնվող դաշնակից ու հայ պաշտոնական անձանց  Փարիզ ուղարկած նամակները հաստատում էին Ա.Ահարոնյանի առաջ քաշած մեղադրանքներն։ 1919թ. հունվարին արդեն լուրեր են հասել, թե Փոքր Ասիայի մերձակա շրջաններում սփռված և իրենց տունդարձը պահանջող հայ գաղթականները հետ են ուղարկվել կամ  ոչնչացվել, մուսուլման տնային տնտեսությունների հայ կանայք վախենում էին երևալ Դաշնակիցների տեսուչների առաջ, իսկ Անատոլիայում իթթիհադի առավել կատաղած հետևորդները սպառնում էին շարունակել հայերի կոտորածը, «որպեսզի ոչ մեկը ողջ չմնար բողոքելու»14։ Ամերիկյան հատուկ լիազոր Լյուիս Հեկը նախազգուշացնում էր, որ ներքին նահանգներում «պայմանները մշտապես վատթարանում են բոլոր առումներով, որոշ պաշտոնական անձինք, որոնք մեղավոր են ամենադաժան գազանությունների և բռնագաղթի համար, դեռ պահպանում են իրենց պաշտոններն, մահմեդացի բնակչությունը, ինչպես միշտ, մեծամիտ է, չի գիտակցում պարտությունը, որովհետև չի բավականացնում ուժի ցուցադրումը Դաշնակիցների կողմից, շատ քաղբանտարկյալներ չեն ազատվել հակառակ ընդհանուր ներումի, ...կառավարության ու հասարակական կարգի թուլության առկայությամբ հետագայում էլ պահպանվում է տեղական կամայականության հնարավորությունը»15։ Մեկ շաբաթ հետո  բրիտանական գերագույն կոմիսարի օգնական, դերծովակալ Ռիչարդ Վեբը հաղորդում էր բարելավումների բացակայության մասին։ «Թուրքիայի ներքին նահանգներում անվտանգության ու կարգուկանոնի բացակայությունը սովորական է համարվում», - ընդգծում էր նա. գյուղական վայրերում տեր ու տնօրինություն անող ավազակախմբերը շարունակում էին նոր գազանություններ կատարել16։ Նման անիշխանության պատճառով Մերձավոր Արևելքում Դաշնակիցների պաշտոնյանները փորձում էին կասեցնել Փոքր Ասիայում բռնագաղթից հետո ողջ մնացած հայերի «ժամանակից շուտ» հայրենադարձությունը, սակայն բոլոր նմանօրինակ փորձերը ապարդյուն էին, որովհետև, բրիտանացի թղթակիցներից մեկի բնութագրմամբ «հայերի մոտ տան զգացումը շատ ամուր է»17։ 1919թ. ապրիլի 1-ին օսմանյան կայսրությունում առաքելական, բողոքական ու հռոմեական կաթոլիկ հայկական համայնքների ղեկավարները բողոք հայտնեցին հայրենի գյուղերը վերադառնալու ճանապարհին գաղթականների սպանության առթիվ, ու քանի որ Օսմանյան կայսրությունը նվազագույն իսկ փորձ չէր ձեռնարկում վերականգնելու կարգ ու կանոնը, Դաշնակից երկրներին պարտավորեցնում էին միջամտել18։

Մայիսի 9-ին Ա.Ահարոնյանը կրկին գանգատով դիմեց Հաշտության կոնֆերանսին։ Խիստ հիասթափված տոնով նա գրում էր. «Այն ժամանակ, երբ քաղաքակիրթ աշխարհի մի կողմը վայելում է մոտալուտ խաղաղության հաճույքը, հայ ազգին թողնում են մեռնել միայնության մեջ։ Չորս տարվա հերոսական զոհերից և անլուր տառապանքներից հետո հայ ժողովուրդը իրավունք ունի հուսալու, որ պատերազմի ավարտը իրեն թեթևություն կբերի։ Անցել է վեց ամիս, իսկ մեր տառապանքները շարունակվում են նույն ուժով։ Հայերի տները մինչև օրս թուրքերն են գրավնում, մեր հարյուր հազարավոր գաղթականներ դեռևս կենտրոնացված են Թուրքահայաստանի սահմանագծին, մեռնելով սովից, համաճարակներից և անվերջ զրկանքներից»։ Հայ ժողովուրդը, - վերջում գրում էր Ա.Ահարոնյանը, - այսօր կրկին դիմում է աշխարհի ղեկավարներին, որ «ճիչով հայտնի աղետն» ու բարձրաձայն հռչակի, որ ինքը «բնավ չի հասկանում այդ շատ անարդարացի վարմունքը»19։

Հունիսին մանրամասն տեղեկություններ ստանալով իր կառավարությունից, Ա.Ահարոնյանը բողոք հայտնեց, թե այն ժամանակ, երբ Սևծովյան բրիտանական բանակի հրամանատար գեներալ Ջ.Միլնը շարունակում է արգելել թուրքահայերի տունդարձը, թուրքական պաշտոնյաների կողմից գործի դրված չարագուշակ մտադրությունը անարգել հաջողության է հասնում20։ Օսմանյան կառավարությունը, մեղադրում էր նա, օգտվեց Փարիզում Դաշնակիցների տատանումներից ու միասնության բացակայությունից, որ արագացնի Թուրքահայաստանի ավերված հողերը մուսուլման գաղութարար «մուհաջիրներով» բնակեցնելու նախագծի իրականացումը։ Մի շարք քրդական ցեղեր, որոնց անունները, քանակը և առաջնորդները թվարկված են հուշագրում, արդեն անցնում են այդ հողերը, իսկ Բալկանյան պետություննեից ու Եվրոպական Թուրքիայից մուսուլման գաղթականների զանգվածային հոսքը էլ ավելի սպառնալի է։ Ոչ պաշտոնական աղբյուրները բացահայտել են օսմանյան կառավարությանը երեք միլիոն ոսկի ֆունտ հատկացնելու մասին, արևելյան վիլայեթներում այդ վտարանդիական խմբեր բնակեցնելու համար։ Հաղորդվում էր, որ միայն Ռումելիայից եկած մոտ 200 հազար մուհաջիրներ գտնվում են Անկարայի և Կոնիայի շրջակայքում, ճանապարհին, որպեսզի ապօրինաբար զավթեն պատմական հայկական հողերն և այսպիսով ստեղծեն կատարված փաստի իրավիճակ, ինչ արդեն անկարող կլինի փոխել Դաշնակիցների ցանկացած ապագա որոշումը։ Հատկապես անհասկանալի և անհանդուրժելի է, որ այդ խախտումները սկսել և ֆինանսավորում է թուրքական կառավարությունը, թե իբր նրանք գտնվում են Դաշնակից Տերությունների վերահսկողության տակ, բողոքում էր հայկական պատտվիրակությունը։ Հաղթական ազգերը պետք է առնվազն միջամտեին, որ վռնդեն մուհաջիրներին ու կանխեն Հայաստանի հայաթափման մնացած բոլոր դավադրությունները21։ Կառավարությունից մեկն անգամ չի համարձակվել դրական պատասխան տալ Հայաստանի կոչին, որովհետև նման արարքը կպահանջեր նաև ռազմական պարտավորություններ։

1919թ. ընթացքում Փարիզում ստացված հաղորդումները ցույց են տվել, որ օսմանյան պաշտոնյաների կողմից հրահրված մուսուլման վերաբնակիչները շարունակում էին հեղեղել ամայացած հայկական գյուղերը։

Հայասիրական ընկերությունների բարձրաձայն բողոքը դժվարին վիճակի մեջ գցեց խաղաղարարներին, բայց չվերացրեց նրանց անգործությունը Հայկական հարցում։ Ավելին, կային ձայներ, որոնք չէին պաշտպանում Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբար-փաշայի պնդումներն ու կոչերը։ Ազդեցիկ զինվորական իշխանություննների համար, ի դեմս բրիտանական կայսերական գլխավոր շտաբի պետ սեր Հենրի Գ.Վիլսոնի22 և Կ.Պոլսում ամերիկյան ռազմածովային ուժերի ավագ սպա, դերծովակալ Մարկ Լ.Բրիստոլի23, հայկական պահանջները վրդովեցուցիչ էին։ Հաշտության բանակցությունների ամերիկյան հանձնաժողովին ներկայացրած զեկուցագրերում Մ.Բրիստոլը մերժում էր հայերի հավակնություններն ու պնդում, թե ազգային համակարգի իմաստով գոյություն չունի «Հայաստանե հասկացությունը։ Ընդգծելով, որ հայ ղեկավարները նրանց իսկ խոստովանությամբ ջանում էին գաղթականների հարցն օգտագործել քաղաքական նպատակների համար, նա կտրականապես մերժում էր առանց համապահասխան օսմանյան իշխանությունների համաձայնության թուրքահայերի հայրենադարձության ամեն մի ծրագիր։ Գործողության նկատմամբ թուրքական վերահսկողության միակ այլընտրանքը կլիներ արծարծվող տարածաշրջանի հսկողությունը Դաշնակիցների զինված ուժերի կողմից, ինչը բոլորովին անհավանական էր24:

Այն ժամանակ, երբ ի շահ հայ գաղթականների որևէ վճռական գործողություն չէր ձեռնարկվում, Միացյալ Նահանգների կառավարությունը բավարար չափով գործում էր տանում, որպեսզի, թեև զգալի ուշացումով, այնուամենայնիվ, հարցը դնի Հաշտության կոնֆերանսի սեղանին։

1919թ. հուլիսի 5-ին ռուսական գործերով խորհրդական Վիլյամ Գ.Բակլերը առաջին անգամ ամերիկյան պատվիրակությանն առաջարկեց, որ Հաշտության կոնֆերանսը քննարկի «ինչ որ քանակությամբ» հայ գաղթականների մինչև սեպտեմբերի 1-ը հայրենադարձության իրագործելիությունը։ Մի քանի հազար գյուղացիների վերադարձն անգամ կնվազեցներ սննդամթերքի պակասը  հաջորդ տարում։ Կովկասում տեղակայված բրիանական սպաներն, ենթադրել էր նա, կարող էին ղեկավարել այդ ամբողջ գործողությունը25։ Քանի որ տվյալ առաջարկություններն արվեցին նախագահ Վ.Վիլսոնի Միացյալ Նահանգներ երկար ժամանակով մեկնելուց հետո, այժմ՝ հուլիսի 7-ին, պետքարտուղար Ռ.Լանսինգը Հաշտության կոնֆերանսին առաջարկեց միջոցներ ձեռնարկել «վտարված հայ հողագործերին երկիր վերադարձնելու և նրանց հողից թուրք զավթիչներին արտաքսելու» վերաբերյալ։

Նա խնդրեց, որ գեներալ Ջ.Միլնը իր նկատառումները ներկայացնի տարածաշրջանում գործող բրիտանական զինված ուժերի ժամանակավոր հսկողությամբ հանդերձ տվյալ ծրագրի իրականացման համար հարկավոր միջոցների մասին։ Արտաքին գործերի նախարար Ա.Բալֆուրը իսկույն մերժեց մասնակցության ցանկացած միտքն, ինչպես և հայրենադարձների պահպանությունը Մեծ Բրիտանիային հանձնելու ձգտում։ Ռոբերտ Լանսինգը որոշ չափով անհամոզիչ առարկեց, թե ինքը ցանկանում էր միայն զեկուցագիր ստանալ Ջ.Միլնից։ Ո՞վ կարող էր առարկել զեկուցագրի առթիվ։ Պարզելով դա, Սևծովյան բանակի գլխավոր հրամանատարից խորհուրդ խնդրելու մտադրությունը առանց խոչընդոտների ընդունվեց, ու հարցը նույն սահունությամբ հետաձգվեց26։

 

Թուրքահայաստանի առաջարկված ռազմագրավումը

 

Մուդրոսի զինադադարով պահանջվեց օսմանյան բանակի լայն զորացրում։ Սակայն Դաշնակիցները արդյունավետ միջոցներ չձեռնարկեցին, այդ որոշումն ասիական ներքին նահանգներում իրականացներու համար։ Ամերիկացի հայտնի պատմաբան Ա.Մայերը հանգել է հետևյալ եզրակացությանը. «Թուրքիայի հետ զինադադարի ժամանակ Դաշնակիցները ավելի շուտ մտահոգված էին Ռուսաստանի ռազմավարական մուտքով, քան ներքին կարգի  խնդիրներով։ Դեպի Սև ծով իրենց մուտքը ապահովելու հետ միասին, նրանք՝ որպես լրացում, իրենց իրավունք վերապահեցին ռազմագրավել Դարդանելի և Բոսֆորի ամրությունները»27։ Թուրքահայաստանը չէր գտնվում դեպի Ռուսաստան տանող ջրային ուղիների ափերում։ Հայաստանի կողմնակիցները արագ գիտակցեցին Մուդրոսի զինադադարի այդ հիմնական թուլությունը։ Պառլամենտի անդամները բարձրաձայն կոչ էին անում Թուրքահայաստանում օսմանյան անհապաղ ու լրիվ զորացրման ու նույնիսկ այդ տարածքի ռազմագրավման օգտին, եթե դա անհրաժեշտ լինի տվյալ նպատակին հասնելու համար28։ 1918թ. հոկտեմբերի 31-ին, երբ զինադադարն ուժի մեջ մտավ, Քլիվլենդ Հ.Դոջը  և Առաքելությունների ամերիկյան վարչության երկու ծառայողներ՝ Վիլյամ Վ.Պիտն ու Ջեյմս Լ.Բարտոնը միջնորդագրով դիմեցին Պետական դեպարտամենտ, որպեսզի նա հնարավոր ամեն ինչ անի և ստիպի օսմանյան բանակը հեռանալ Թուրքահայաստանից ու Տրապիզոնից29։ Նույն օրը հայ դեսպանորդ Գարեգին Պաստրմաճյանն և Ամերիկայի հայոց ազգային միության նախագահ Միհրան Սվազլյանը30, պետական քարտուղար Ռ.Լանսինգին ներկայացրին համանման մի կոչ՝ պահանջելով, որ Թուրքահայաստանում հաստատվի միջդաշնակցային ժամանակավոր վարչակազմ31։ Սակայն ի դժբախտություն հայերի, Դաշնակից երկրների ժողովուրդները պահանջեցին ոչ թե ընդլայնել միջամտությունն, այլ խիստ կրճատել կամ հրաժարվել արտասահմանյան պարտավորություններից։

Հենց որ Փարիզը հեղեղվեց զինադադարի թուրքական խախտումների մասին հաշվետվություններով, Ա.Ահարոնյանն ու Նուբարը, որոնք համերաշխ աշխատում էին որպես միասնական Հայաստանի պատվիրակություն, սկսեցին աղերսել Դաշնակիցներին ռազմագրավել Թուրքահայաստանը, կամ առնվազն նրանց օգնել ու ղեկավարել, որպեսզի դա կարողանա անել հայկական բանակը32։ Առաջատար տերություններից միայն Մեծ Բրիտանիան նկատելի ուժեր ուներ Մերձավոր Արևելքում ու Կովկասում, սակայն ռազմական նախարարությունը դրանք համարում էր վտանգավոր աստիիճանի սփռվաց։ Կայսերական գլխավոր շտաբի պետ սեր Հենրի Վիլսոնը նույնիսկ հույս ուներ դուրս բերել գեներալ Ջ.Միլնին այդ՝ Սև ծովի ավազանում ստեղծված «խիիստ սփռված իրավիճակից»։ Նրա կենսագրի, կամ ավելի ճիշտ՝ նրա սրբանկարչի դատողությամբ, «սեր Հենրին մեծապես շնորհակալ էր  այն գերազանց աշխատակից, որը մեր զորամասերը կատարեցին աշխարհի այդ հեռավոր մասում, սակայն նա լավ էր հասկանում, որ մեր ռազմական ուժերն անբավարար էին՝ ոստիկանական գործառույթ ստանձնելու համար այն տարածքներում, որոնցում կայսրությունը շահագրգռված չէր»։ Թեև գեներալ Հ.Վիլսոնը արհամարում էր «պարեգոտների» (բաճկոններ հագած քաղաքացիական անձանց), որոնք կանխորոշում էին բրիտանական ու Դաշնակիցների քաղաքականությունն, կամ էլ «պտտվում էին» Փարիզի հաշտության կոնֆերանսի շուրջ, այդուհանդերձ, նա գտնում էր, որ վարչապետ Դ.Լլոյդ Ջորջն և արտգործնախարար Ա.Բալֆուրը մեծապես համամիտ էին՝ Կ.Պոլսում, Սիրիայում և Անդրկովկասում իր ռազմական պարտականություններից Մեծ Բրիտանիային զրկելու ցանկությանը33։

Հունվարի 30-ին Դ.Լլոյդ Ջորջը հայտարարեց 10-ի Խորհրդում (Դաշնակիցների Գերագույն խորհրդում), որ Մեծ Բրիտանիայից չպետք է ակնկալել, թե նա կշարունակի իր ուսերին կրել ռազմական պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում, «հատկապես, եթե նա նվազագույն իսկ մտադրություն չունի լինելու ներկայումս իր կողմից ռազմագրավված այդպիսի մեծաթիվ տարածքների մանդատավոր, ինչպիսիք են Սիրիան ու Հայաստանի մի մասը (Կիլիկիա)»։ Նույնը, ասաց նա, վերաբերում է նաև Կովկասի հետ առնչվող հարցին։ 10-ի Խորհրդի ձեռնարկած միակ գործողությունը՝ այդ օրը Գերագույն ռազմական խորհրդի ներկայացուցիչներին արձակված հրահանգն էր՝ ուսումնասիրել ու զեկուցել «թուրքական կայսրությունում և Անդրկովկասում կարգուկանոն հաստատելու նպատակով ռազմական ուժերի մատակարարման բեռը այդ Տերությունների միջև առավել արդարացի և խնայողաբար բաշխելու» մասին34։

Զինվորական ներկայացուցիչներն ամենայն ակներևությամբ ի վիճակի չէին մեկնաբանել քաղաքագետներին առնչվող ընթացակարգերն, ուստի և նրանք 10-ի Խորհրդի վրդովմունքը հարուցեցին, առաջադրելով մի շարք հարցեր, որոնց փորձագետներն իրենք պետք է կարգավորեին35։ Երբ, վերջապես, զինվորական ներկայացուցիչները զեկուցեցին փետրվարի 10-ին, նրանք ոչ միայն առաջարկեցին զգալիորեն կրճատել Դաշնակից զորքերի թիվը Օսմանյան կայսրությունում ու Կովկասում, այլև թվարկեցին, թե ինչպիսի երկրներ պետք է դասվեն ռազմագրավման կոնկրետ գոտիներին։ Իտալիան անվանվեց Մեծ Բրիտանիայի հաջորդը Կովկասում ու Փոքր Ասիայում՝ Կոնիայում, Ֆրանսիան պետք է վերահսկեր Սիրիան ու Կիլիկիան, իսկ Մեծ Բրիտանիան պետք է ռազմագրավեր Պաղեստինն ու Միջագետքը՝ ներառյալ Մոսուլը36։ 10-ի Խորհուրդը արդեն անհանգստացել էր, որ զինվորական ներկայացուցիչները ներխուժել են իր բացառիկ իրավասությունների ասպարեզն, ու որոշեց, թե այդ առաջարկությունները, ըստ էության, քաղաքական են, հետևաբար, ենթակա են բացառապես Հաշտության կոնֆերանսի վճիռներին37։ Ու թեև հաջորդ օրը տվյալ հարցը հետաձգվեց, իրականում դա գրեթե երեք ամսվա ընթացքում վերջին դեպքն էր, երբ այդ խնդիրը քննարկվել էր պաշտոնական նիստի շրջանակներում։ Ակնհայտորեն, որ Մեծ Բրիտանիայի պահանջով փետրվարի 11-ին արևելյան թեման հանվեց օրակարգից38։

Մինչդեռ փետրվարի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Վ.Վիլսոնը, ի պատասխան Դաշնակիցների ճնշմանը, թե Ամերիկան մասնակցի Մերձավոր Արևելքում  «կայազորների տեղաբաշխմանը», հեռագրեց ռազմական նախարար Նյուտոն Բեյքերին, նրան խնդրելով կողմնորաշվել, թե որքանով օրինական էր Թուրքիա զորամասեր ուղարկել, հաշվի առնելով այն փաստը, որ Միացյալ Նահանգները Օսմանյան կայսրությանը պատերազմ չէին հայտարարել։ Վ.Վիլսոնը նպաստում էր նման հայտարարման կանխմանը, թեև հիմա նա հուսով էր, որ գուցե հնարավոր կլինի զորամասեր ուղարկել Կ.Պոլիսն ու Հայաստանը՝ ելնելով «այդ շրջաններում ամերիկյան շահերի» առկայությունից։ Երեք օր հետո Ն.Բեյքերը խիստ նախազգուշացրեց զինուժի տեղակայման դեմ, որովհետև թեև այդ գործողությունները կարող էին թույլատրելի լինել տեխնիկական առումով, երեխաներին տուն վերադարձնելու հասարակության խիստ պահանջները գնալով էլ ավելի էին սաստկանում39։

Ապարդյուն փորձելով հասնել արևելյան վիլայեթներից թուրքական բանակների վտարմանն, Ա.Ահարոնյանն ու Նուբարը դեսուդեն էին ընկնում Օթել դը Քրիոնի՝ Հաշտության բանակցությունների ամերիկյան հանձնաժողովի նստավայրի, և «Աստորիա» հյուրանոցի՝ Բրիտանական կայսրության պատվիրակության նստավայրի միջև։ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան սրտանց խրախուսում էին միմյանց ռազմական այդ միջոցառումն իրականացնելու համար։ Նրանց փոխըմբռնումը մարմնավորում ստացավ մարտի 3-ին, երբ սեր Վիլյամ Ջ.Վայզմենը՝ ամերիկյան գործերով բրիտանական գլխավոր խորհրդականը, այցելեց արտասահմանյան հայտնի թղթակից, գնդապետ Սթիվեն Բոնզալին, որը Վ.Վիլսոնի մոտ քարտուղար էր ծառայում, ձգտելով պարզել նախագահի մտադրությունները Հայաստանի նկատմամբ։ Ս.Բոնզալը սրամիտ պատասխան տվեց, թե գուցե գործադիր իշխանության ղեկավարն առհասարակ որևէ մտադրություն չի ունեցել։ Ս.Բոնզալը ակնհայտ գոհունակությամբ իր քաղաքական օրագրում նշեց, որ երբ Ս.Վայզմենն, ինչպես որ սպասվում էր, զարմանք արտահայտեց այդ պատասխանի առթիվ,  «ես ցույց տվեցի վարչապետի՝ 1916թ. Գիլդ-Հոլում ունեցած ճառի պատճենն, որը չարամիտ կերպով մի քանի շաբաթ պահում էի աշխատանքային սեղանիս։ Քանի որ նա, կարծես, խուսափում էր նայելուց, ես բարձրաձայն կարդացի պատճենը։ Բրիտանիան մտադիր է հայերին ազատել թուրքական լծից, ու վերածնել նրանց կրոնական ու քաղաքական ազատությունը, որին նրանք արժանի են և որից շատ վաղուց են զրկվել»։ Ս.Բոնզալը շարունակեց ծաղրանքը. «Կարծես, դա ձեր գործն էր, ու դուք այն ստանձնել եք առնվազն մեր պատերազմի մեջ մտնելուց մեկ տարի առաջ։ Այդ դեպքում, ինչու նախագա՞հը պետք է միջամտի դրան։ «Ձեզնից հետո, պարոնայք անգլիացիներ»40։

Վիլյամ Վեստերմանը նույնպես համոզված էր, որ չբախվելով լուրջ դժվարությունների, բրիտանացիները կարող են առնվազն 160-240 կիլոմետր խորությամբ թափանցել Թուրքահայաստան։ Նա դրանում վստահություն հայտնեց իր գործընկերներ Ռեյ Ս.Բեյքերին և Իսայա Բոումանին մարտի 26-ին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որին մասնակցեց նաև Ա.Ահարոնյանը41։ Սկզբում նման ծրագիրը չընդունած Ի.Բոումանը, որը Հաշտության բանակցությունների ամերիկյան հանձնաժողովի տարածքային հարցերի գծով գլխավոր մասնագետն էր, աստիճանաբար հետզհետե հիացավ Վ.Վեստերմանի ոգևորությամբ, թեև միաժամանակ նաև զգուշացրեց, թե անհրաժեշտ է հաշվի առնել եվրոպական տերությունների միջև առկա մրցակցությունը։ Հայերն այդ խարդավանքների դժբախտ զոհեր դարձան։ Այնուամենայնիվ, նա կարծում էր, որ բրիտանացիք ի վիճակի էին, ու պետք է ձեռնարկեին ռազմագրավումը, քանի որ միայն նրանք ունեին անհրաժեշտ մարդկային պաշար, իսկ Միացյան Նահանգների բանակը Մերձավոր Արևելքում ծառայության համար լիազորություններ չուներ։  Համաձայնելով ևս մեկ անգամ քննարկման առարկա հաղորդել պետական քարտուղարին ու նախագահին, Ի.Բոումանը ու Վ.Վեստերմանը Ա.Ահարոնյանին խորհուրդ տվեցին խոսել համապատասխան բրիտանական պաշտոնյանների հետ, որոնց կարելի էր ցանկացած հավաստիացումներ տալ, որ կայսերական զորքերը Թուրքահայաստան ուղարկելու որոշումը կստանա ԱՄՆ-ի ջերմ աջակցությունը։

Հաջորդ օրը «Աստորիայում» Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը ձեռք բերեցին մի  զրույց սեր Լյուիս Մէլետի և Առնոլդ Թոյնբիի հետ։ Լ.Մէլետը յուրաքանչյուր առիթն օգտագործեց ցույց տալու համար, որ բրիտանական զինվորական իշխանությունները ամենայն հստակությամբ արդեն բացառել են ռազմագրավման ցանկացած հնարավորությունն, ու նույնիսկ կազմել են Կովկասից 27-րդ դիվիզիայի դուրսբերման ժամկետացանկը։ Նա բացարձակապես չէր կարողանում բացատրել ամերիկացիների դիրքորոշումն, որոնք գործնական հետաքրքրություն էին ցուցաբեցում Հայաստանի մանդատի հանդեպ, բայց միաժամանակ սպասում էին, որ բրիտանացիք պետք է կարգուկանոն պահպանեն այդ երկրում։ Մեծ Բրիտանիան ավելի ստորաբաժանումներ չունի, վերջում ասել է Լ.Մէլետը։ Ա.Ահարոնյանին ու Նուբարին արժէ վերադառնալ Քրիոն օթելը։ Նրանք չէին կարող թույլ տալ որ նրանց այդքան կտրուկ մերժեն, ու հահջորդ իսկ օրը Ա.Ահարոնյանը խնդրանք ուղղեց այն պաշարների մասին, որոնց կարիքն ուներ հայկական բանակը, միայնակ ռազմագրավումն իրականացնելու համար։ Լ.Մէլետա առարկեց, որ այդչափ թեթևամիտ վարմունքը անշուշտ կհանգեցներ միջռասայական պատերազմի, և որ հայերը պարզապես պետք է համբերատար լինեն։

Երբ Քրիոնում հաստատված ամերիկյան խորհրդականները տեղեկացան այդ բանակցությունների մասին, նրանք խոստացան իրազեկ պահել Ռ.Լանսինգին, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ ապա կազմակերպել հայ  ներկայացուցիչների անմիջական շփումը նախագահ Վ.Վիլսոնի հետ44։ Սակայն նրանց երաշխավորությունը չէր համընկնում Ամերիկայի պաշտոնական քաղաքականությանը։ Ռոբերտ Լանսինգը, որը Հայաստանի գործերին ԱՄՆ-ի միջամտության կրքոտ հակառակորդ էր ու ռազմավարական մտածողության տերն, ում շատ էին գրգռվում հակադիր հայացքներ արտահայտող բոլոր անձինք, նշեց. «Վ.Վեստերմանի վերաբերմունքը ցուցադրում է թեթևամտություն, երբ անփորձ մարդկանց հնարավորություն է տրվում մասնակցել կառավարության քաղաքականության ձևակերպմանը»45։ Ռ.Լանսինգի Պետդեպարտամենտի խստաշունչ ղեկավարության օրոք Ստիվեն Բոնզալն՝ օրագրի նոտերից մեկում, տեղադրեց մի տխուր թափանցիկ բնութագիր. «Խե˜ղճ Նուբար: Խե˜ղճ Ա.Ահարոնյան: Դժբա˜խտ հայեր: Մեր խոստումները հօդս ցնդեցին ու նորաստեղծ հայկական պետությունը նվազագույն իսկ հնարավորություն չունի»46։

Այնինչ, Մեծ Բրիտանիան Կովկասը թողնելու պատրաստություն էր տեսնում։ Փետրվարի վերջին ռազմական նախարարությունը խորհուրդ տվեց՝ «Անդրկովկասը թողնել Իտալիային», և մի քանի օր հետո դահլիճը ընդունեց, որ տարածաշրջանի ռազմագրավման շարունակությունը անհնարին է։ Մարտի վերջին Փարիզի իր ճանապարհին սեր Հենրի Վիլսոնը հանդիպում ունեցավ Իտալիայի շտաբի պետ գեներալ Արմանդո Դիասի հետ, որպեսզի նրանք պատրաստեն իտալական բանակի «Անդրկովկասի ներսում ու նրա շուրջ» տեղակայումը Ջ.Միլնի ստորաբաժանումների փոխարեն։ Զորամասերը տուն վերադարձնելու համար ուժեղ ճնշման պայմաններում  Դ.Լլոյդ Ջորջը սատարեց այդ գործողությունները, թեև ընդունում էր, որ դրանք գուցե և չեն համընկնում տեղի բնակչության, Ռուսաստանի Կամավորական բանակի և ԱՄՆ-ի նախագահի ցանկությանը47։ Ապրիլին Իտալիայի կառավարությունը գնդապետ Մելքիորե Գաբբայի գլխավորությամբ զինվորական առաքելություն ուղարկեց, Կովկասում հետախուզություն կատարելու համար, սակայն դա միաժամանակ բարդացրեց գործերը, մերկացնելով Արևելյան Ադրիատիկայի և Փոքր Ասիայի նկատմամբ նրանց կայսերամետտական մտահղացումները48։ Իտալիայի վարչապետ Վ.Օռլանդոն որոշեց, թե չնայած մյուս տերությունների պատկառելի դիմակայությանը, Իտալիան կպաշտպանի իր «հիմնավորված իրավունքները», որոնք, պնդում էր ինքը, երաշխավորված են պատերազմի ժամանակ Դաշնակիցների կողմից ստորագրած գաղտնի համաձայնագրերով։

Հենց այդ ճգնաժամը, որն արագացավ Թուրքիայի Միջերկրական ծովափում իտալական զորքի ափհանումով, ինչպես և հաղորդագրություններով, թե մի քանի ռազմանավեր հանգել են Զմյուռնիայի ափին, Հաշտության կոնֆերանսին ստիպեցին ևս մեկ անգամ անդրադառնալ Օսմանյան կայսրության մասերի ռազմագրավման որոշ ժամանակով հետաձգված հարցին։ Մայիսի 5-ին, երբ զայրացած իտալացիները բոյկոտում էին նիստերը, Դ.Լլոյդ Ջորջը ընդգծեց, որ ռազմագրավման գոտիների բաշխումը կծառայեր ամբողջ Անատոլիան կուլ տալու իտալական ծրագրի կանխարգելմանը։ Նա առաջարկեց, որ ԱՄՆ-ը իր զինուժ  ուղարկի Կ.Պոլիս ու Հայաստան, որպեսզիր բրիտանական զորքեր դուրսբերվեն Կովկասից և ի վիճակի լինեն դիմակայել իտալացիների հնարավոր քայլերին Փոքր Ասիայում ու Բուլղարիայում, որ ֆրանսիացիները կայազոր հաստատեն Սիրիայում, իսկ հույները լիազորվեն ռազմագրավել Զմյուռնիան, «քանի որ նրանց հայրենակիցները, փաստորեն, ներկայումս կոտորածի զոհ են դարձել, և այնտեղ ոչ ոք չկա, որ նրանց օգնի»։ Դ.Լլոյդ Ջորջը առաջարկեց այդ որոշումը ընդունել արագ, մինչև իտալական պատվիրակության վերադարձը, սակայն նախագահ Վ.Վիլսոնը չէր ցանկանում արագացնել հարծի կարգավորումը, քանի որ «չգիտեր, թե նա որտեղ կարող է գտնի ամերիկյան զորամասեր»։ Ինքը ենթադրում էր, որ Դաշնակիցների գլխավոր հրամանատար գեներալ Ֆերդինանդ Ֆոշը  իրեն անհարմար կզգար, եթե ամերիկյան զորամասերը փոխադրվեին Գերմանիայի ռազմագրավման գոտուց, և ավելին, ծրագրվող գործողության բնույթի պատճառով «բրիտանական զորամասերը միակն էին, որ ընտելացել էին նմանօրինակ գործողություններին»50։ Ո՛չ նախագահ Վ.Վիլսոնին, ո՛չ էլ Ժ.Կլեմանսոյին գոհունակություն չպատճառեց զորավար Հենրի Վիլսոնի հայտարարությունը, թե նախորդ համաձայնագրի համապատասխան, իտալացիները պետք է գրավեն բրիտանացիների տեղը Կովկակսում, կամ հենց Դ.Լլոյդ Ջորջի հիշեցումը, որ նույնիսկ եթե իտալական զավթումը «դժոխք» կստեղծի տվյալ տարածաշրջանում, որևէ այլ կառավարություն ցանկություն չի հայտնել ստանձնել նշված պարտավորությունները: Միացյալ Նահաննգները, ասած նա, Հայաստանի պաշտպանության համար տրամաբանական տերություն կլիներ, քանի որ այդ երկրում մարդիկ երախտագիտությամբ կողջունեին նման քայլը։ Սեր Հենրի Վիլսոնը  նկատեց, որ իր «ազգական» Վուդրո Վիլսոնը սարսափի մեջ է ընկել, երբ նրան ասվել է, որ պահանջվում են մեկ մեծ դիվիզիա Կ.Պոլսի գոտու համար և «ինչ-որ հինգ դիվիզիայի սահմաններում՝ Հայաստանի համար»51։ Ծայր աստիճան անհարմար վիճակում գտնվելիս, նախագահը նկատեց, թե հարցը չափից կարևոր է, դրանում շտապ կողմնորոշվելու համար։ Նա կցանկանար խորհրդակցել իր ռազմական մասնագետների հետ։ Բացի դրանից, նա խնդրեց գեներալ Հ.Վիլսոնին զրույց անցկացնել ամերիկյան պատվիրակության անդամներ գեներալ Տասկեր Բլիսի և ծովակալ Վիլյամ Բենսոնի հետ52։

Տ.Բլիսի և Վ.Բենսոնի հետ հանդիպումից հետո, Հ.Վիլսոնը գրառում կատարեց, թե նրանք երկուսն էլ համաձայն են, որ «Կոնգրեսը չի քննարկի Ամերիկայի՝ Կոստանդնուպոլիս ու Հայաստան գալու գաղափարն և ասել են, որ իմ Ազգականը ջախջախված կլիներ նման առաջարկություն դեպքում»53։ Եվ իրոք, մայիսի 6-ի նիստի ընթացքում նախագահ Վ.Վիլսոնը «պետք է ափսոսանքով ասեր, որ նրա իրավաբանական խորհրդականները նրան տեղեկացրել են, թե ինքը լիազորություններ չունի Թուրքիա զորքեր ուղարկելու համար»։ Նա հնարավորինս ամեն ինչ արեց, սակայն օրենքը հստակ կարգավորում է զորամասերի օգտագործումը ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, նա հաճույքով կձեռնարկի նրան այդպիսի իշխանություն շնորհելու օրենքի նախագիծը, երբ Գերմանիայի հետ հաշտության պայմանագիրը կներկայացնի Կոնգրեսի վավերացման համար54։ Ազգերի Լիգայի Կանոնադրությունը պետք է մտցվի այդ պայմանագրում, ու նախագահն անկեղծորեն ցանկանում է, որ Միացյալ Նահանգները Լիգայի հովանավորությամբ կարողանային օգնել ամբողջ Մերձավոր Արևելքին, ու մասնավորապես Հայաստանին։

Դ.Լլոյդ Ջորջի, Վ.Վիլսոնի և Ժ.Կլեմանսոյի Փարիզում խաղացած դիվանագիտական խաղը անհաջողություն կրեց Թուրքահայաստանի ռազմագրավումն իրականացնելու գործում, սակայն այն իսկապես հանգեցրեց մի որոշման, որը Հայաստանի համար հղի էր լուրջ հետևանքներով։ Համաշխարհային երեք առաջնորդները համաձայնեցին, որ բրիտանական, ֆրանսիական և ամերիկյան ռազմանավերը պետք է ուղարկել Զմյուռնիան ողողող ջրեր, որտեղ անսպասելիորեն հայտնաբերվել է իտալական ռազմական նավատորմիղը, և որ Զմյուռնիայում ափ պետք է հանել հունական ռազմարշավային ջոկատը քրիստոնյա բնակչությանը պաշտպանելու համար, քանի որ վերջինը կարծես թե ենթարկվում էր վերսկսված թուրքական գազանություններին55։

Հունական բանակի ստորաբաժանումների ափհանումը մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հանգեց դրան, որ ջախջախված թուրքերի մեջ վերականգվեց ազգայնականությունն, ու ամբողջ հետպատերազմյան իրավիճակը Մերձավոր Արևելքում շրջվեց հակադիր ուղղությամբ, իսկ Հայաստանը անուղղակի կերպով ներքաշվեց ավերածության հորձանուտի մեջ։

Այն ժամանակ հազիվ թե կարելի էր կանխատեսել նման հեռանկարը, այնուամենայնիվ հայ ներկայացուցիչները հստակ գիտակցում էին վտանգը իրենց գործի համար, և աղաչում էին Դաշնակիցների թեկուզ և նվազագույն միջամտությունի, որ խանգարեր թուրքերի այն «գաղտնի մտադրության» իրականացմանը։ Վերջինի էությունը Հայաստանի վերականգման խոչընդոտելն էր՝ ինչը նախադրյալ էր պանթուրքական կայսրություն վերջնական ձևավորման համար։ «Զորաբաժինը, որքան էլ այն սահմանափակ լիներ, բավարար կլինի, - բացականչել է Նուբարը, - որովհետև Դաշնակիցների դրոշների այդ նոսրաբնակ տարածաշրջանում երևան գալը, համոզված ենք, այժմ կկանխեր հետագա դժբախտությունը, որոնցից ձեր կառավարությունը ցանկանում է մեզ պաշտպանել»56։ 1919թ. կեսերին արդեն գրեթե ընդունվում էր, որ նման տխուր հաջորդականությամբ ներկայացվող հուշագրերը ոգեշնչող արձագանքի չի արժանանա։ Հունիսի 2-ին, երբ Հայկական պատվիրակության առաջ փակվեցին դռները, Ավետիս Ահարոնյանը ևս մեկ անգամ կոչ արեց նախագահ Վ.Վիլսոնին, հայցելով գեթ «միջոցների, հայկական բանակի հանդերձավորման ու վարժեցման համար»։ Նրա վշտից հուզված նախագահը Ռ.Լանսինգին հանձնարարեց հաղորդել հայ պատգամավորներին, որ տվյալ պահին բոլորովին անհնարին է բավարարել այդ դիմումը57։

 

Մեջբերումներ

 

23) Մարկ Լեմբերտ Բրիստոլը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, իսկ 1918թ. հուլիսին ժամանակավորապես նշանակվել էր դերծովակալ: 1919թ. հունվարի 8-ին ռազմածովային նախարարությունը Ս.Բրիստոլին հրամայեց մեկնել Կ.Պոլիս, որպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատար արևելյան Միջերկրականում (նշվում էր նաև որպես թուրքական ջրերում ԱՄՆ-ի ռազմական նավերի ջոկատ)։ Հունվարի 28-ին Մ.Բրիստոլն իր պատվադրոշը բարձրացրեց «Սկորպիոնի» հրամանատարի նավի վրա, որը օսմանյան կառավարությունը ներկալել էր 1917թ. ապրիլին, թուրք-ամերիկյան հարաբերություննների խզվելուց ի վեր։ 1919թ. մայիսին Հաշտության բանակցույթունների ամերիկյան հանձնաժողովը Մ.Բրիստոլին նշանակել էր «Կոստանդնուպոլսում Միացյալ Նահանգների ժամանակավոր գլխավոր քաղաքական պաշտոնատար անձ», այդպիսով նրան վեր դասելով գլխավոր հյուպատոս Գ.Բայ Ռավնդալից, որն ակնհայտորեն հավանություն չէր տալիս Մ.Բրիստոլի կառավարման վարվելաձևին։ 1919թ. օգոստոսի 12-ին Մ.Բրիստոլը նշանակվեց Կ.Պոլսում ԱՄՆ-ի Գերագույն հանձնակատար։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև 1927թ. հունիսի 25-ը։   ...

Մ.Բրիստոլը բացահայտորեն քննադատում էր հայկական ձգտումներն և ամերիկյան միջամտությունը Հայաստանի մանդատի հարցում։ Պետական դեպարտամենտի ու Կոնգրեսի բարձրաստիճան անձանց հղած իր հերագրերում և անձնական նամակներում նա ավելի, քան որևէ այլ ամերիկյան պաշտոնյա Մերձավոր Արևելքում, ազդեց այն որոշումների վրա, որոնք կործանարար էին հայկական շահերի տեսակետից։ Մ.Բրիստոլը էական ազդեցություն գործեց նաև թուրք-ամերիկյան դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների վերականգման ու բարվոքելու գործում։ Թուրքիայում ներկայումս մի քանի փողոցներ, հրապարակներ, դպրոցներ և այլ հիմնարկներ կրում են նրա անունը։ Ծովակալ Մ.Բրիստոլի ծավալուն թղթերը, որոնք դասավորված են  161 տուփերում, ներկայումս գտնվում են Կոնգրեսի գրադարանի ձերագրերի բաժանմունքում։ Դրանք աղբյուրագիտական արժեքավոր նյութ են առաջին աշխարհամարտից հետո ընկած ժամանակաշրջանում ամերիկա-թուրքական և ամերիկա-հայկական հարաբերությունների վերաբերյալ։

24) ...Մ.Բրիստոլը հաճախ էր քննադատում «տեսաբաններին ու զգայուն մարդկանց», որոնք չափազանց մեծ ուշադրություն էին նվիրում հայերին` մի ժողովրդի, որը չուներ «ցուցադրման համար պիտանի պատմական անցյալ, որ վկայեր, թե նրանք ընդունակ են ինքնավարության կամ որևէ մեկին կառավարման»։ Նրա գնահատականը, թե անհապաղ հայրենադարձության մասին հայերի աղաչանքները հանդիսանում են ստոր քաղաքական խուսավորում, հստակորեն ձևակերպված է հետևյալ բնորոշ հեռագրում.

«Հայաստանի Հանրապետության գործող նախագահի ([Ա.Խատիսյանի] հետ տևական խորհրդակցության ժամանակ բացահայտվեցին որոշ փաստեր։ Դրանցից մեկն այն էր, որ ռուսահայերը խիստ ցանկանում են, որ թուրքահայերը, որոնք այժմ գաղթականներ են իրենց երկրում, հայրենադարձվեն Թուրքիա և դրա գլխավոր պատճառն այն է, որ եթե նրանք չհայրենադարձվեն, ապա հայերը կորցնում են վերահսկողությունը, այսպես կոչված, Թուրքահայաստանի նկատմամբ։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության նախագահը գլխավորապես, եթե ոչ բացառապես, մտածում է ավելի շուտ քաղաքական իրավիճակի, քան մարդկանց տառապանքների ու սովահարության մասին` ոչ միայն ռուսահայերի, այլև իր  երկրի թուրքահայ գաղթականների։ Ի պատասխան հարցի, նա փաստորեն հայտարարեց, որ եթե թուրքահայերի բռնի հայրենադարձությունը անկարգություններ առաջացնի, ապա դա նվազ հետաքրքրություն է ներկայացնում, քան հայերի քաղաքական ձգտումները...»։

33) 1918թ. դեկտեմբերյան իր նիստերում Պատերազմական դահլիճի Արևելյան կոմիտեն փորձեց սահմանել Կովկասում կայսերական զորամասերի պահպանման նկատմամբ նրա քաղաքականությունը։ Լորդ Ջ.Քերզոնը համոզում էր, որ Բրիտանիան «Անդրկովկասի նկատմամբ իրականացնի քաղաքական վերահսկողության որոշ միջոցներ», որ Բաթումն ու Բաքուն միջազգայնացվեն, իսկ Կովկասի արևմտյան և արևելյան ծայրակետեր միացնող երկաթուղին հանձնվի բրիտանական վերահսկողությանը, և որ այնտեղ ձևավորված հանրապետությունները աջակցություն ստանան՝ այդ ամենը կարգելի ռուսաստանյան կառավարման վերադարձը Կովկաս։ Ջ.Քերզոնի հայտարարությունները առարկություններ հարուցեցին Արևելյան կոմիտեի նրա գործընկերների, հատկապես Հնդկաստանի գործերով նախարար Է.Ս.Մոնտեգյուի և արտաքին գործոց նախարար Ա.Բալֆուրի կողմից։ Է.Մոնտեգյուն այն կարծիքին էր, որ կայսերական իշխանության սփռումը այնպիսի, կենսականորեն ոչ կարևոր տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, կլիներ անխելամիտ քաջություն, իսկ Ա.Բալֆուրի սուր առարկությամբ, նրա հետ չեն խորհրդակցել 27-րդ դիվզիա Բաթում ուղարկելու մասին, այդպես որ, եթե Ռուսաստանը ի վիճակի կլինի ջախջախել Կովկասն, ապա «ինչու՞ ոչ»։ Մյուս անգամ բրիտանական գունդերը Կովկասում թողնելու կամ դուրս բերելու հարցը քննարկման ընթացքում Ջ.Քերզոնը բացականչեց. «Դուք չեք կարող դրանք դուրս բերել ու նրանց բոլորին հնարավորություն տալ իրար վիզ կտրել»։ Ի պատասխան դրա, այժմ Է.Մնտեգյուն հարցրեց. «Ինչու՞ ոչ»։ Արթուր Բալֆուրը համամիտ էր այդ տեսակետին. «Ես հակված եմ պարոն Է.Մոնտեգյուի հետ ասելու, ...որ եթե նրանք ուզում են իրենց վիզ կտրել, ապա մենք ինչու՞ հնարավորություն չենք տալիս նրանց անել այդ ամենը։  ...Որքան հասկանում եմ, չէ՞ որ մեր [հնդկական] սահմանից դուրս հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջաններում հնարավորություն ենք տալիս տեղի ցեղերին իրար վիզ կտրել՝ չափավոր սահմաններում»։

Երբ հարցը ներկայացվեց Կայսերական պատերազմական դահլիճըին, իսկ նրա մեջ մտնում էին Պատերազմական դահլիճն ու դոմինիոնների և Հնդկաստանի ներկայացուցիչները, ընդունվեց ինչ-որ անորոշ միջանկյալ որոշում, թե «բրիտանական զինված ուժերը չպետք է Կովկասից դուրս բերվեն այնքան ժամանակ, քանի դեռ դուրս չեն բերվել թուրքական ու գերմանական զորքերը, որ բրիտանական երկրորդ դիվիզիան չպետք է Կովկաս ուղարկվի առանց դահլիճի կարգադրության, և որ բրիտանական զինված ուժերը չպետք է այնտեղ ավելի երկար պահպանվեն, քանց թե դրանից կարելի է խուսափել...»։

34) «...Եվ Անդրկովկասում» բառերը տեքստում ավելացվել են հունվարի 31-ին, ու մտցված են 1919թ. փետրվարի 1-ին մեքենագրած լրացուցիչ արձանագրություններում։ Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Դ.Լլոյդ Ջորջը արեց հետևյալ հայտարարություն, որը փոխադրվեց նիստի արձանագրություններում. «Ներկայումս Մեծ Բրիտանիան ռազմագրավում է տարածքներ, որտեղ ինքը մտադիր չէ մնալ, նույնիսկ եթե Ազգերի Լիգան խնդրի նրան այդ մասին։ Այսպես, օրինակ, բրիտանական զորամասերը  ռազմագրավել են Ռուսահայաստանն ու Սերբիան։ Նրանք չէին ուզում այնտեղ հայտնվել, սակայն ինչ-որ մեկը պետք է լիներ այնտեղ։ Արդյո՞ք Մեծ Բրիտանիան ստիպված կլինի այնտեղ պահպանել իր զորամասերը այնքան ժամանակ, մինչև որ Ազգերի Լիգան դառնա գործունակ հաստատություն։ Պարզվեց, որ այդ զորամասերը ներկայումս կազմում են մեծ ուժ. միայն Սիրիայում, Կովկասում, Արևելյան Աֆրիկայում և ուրիշ հեռավոր վայրերում բրիտանական զորամասերում գտնվում է ավելի քան 170 հազար մարդ։ Վաղ թե ուշ այդ զորամասերը պետք է դուրս բերվեն, բայց նրանք չեն կարող դա անել, չիմանալով, թե ով կբռնի նրանց տեղը։ Նրանք չեն կարող հեռանալ ու մարդկանց թողնել, որ իրար վիզ կտրեն»։   ... 

41) Ռ.Բեյքերն ավելի ուշ գրել է հայ ներկայացուցիչների մասին. «Համարյա մեկ օր չէր անցնում առանց այն բանի, որ մորուքավոր ու սգո հագուստներով վշտահար հայերը չպաշարեին ամերիկյան պատվիրակությանը, կամ էլ նվազ հաճախությամբ՝ մեր նախագահին. շարադրելով իրենց հափշտակված հողի իրոք ահավոր վիճակը»։