1988-1990թթ. Ղարաբաղյան շարժումը

արտերկրյա պատմագիտության և քաղաքագիտության մեջ

 

Արևմտյան պատմաբանները, քաղաքագետները, հասարակագետներն ու ազգաբանները հաճախ են անդրադառնում ԽՍՀՄ-ի համար աննախադեպ դարձած Արցախյան շարժմանը, որի նպատակն է ամբողջացնել երկրամասի իրական միացումը նրա հայրենիք՝ Հայաստանի հետ։ Նրանց առավել շատ լուսաբանվող հարցերը, շարադրելու եղանակն ու գնահատականները հուշում են մեզ՝ ինչպես ճշգրտենք մեր գիտական, քաղաքական ու քարոզչական աշխատանքը։ Արտերկրյա հրապարակումները ի հայտ են բերում լրացուցիչ լուսաբանման ենթակա անցքերը, ինչպես և այն թեմաներ, որոնք կարոտ են մասնագիտական վերլուծության։ Այդ առումով, հատկապես կարևոր է տվայլ ժամանակահատվածում ցայտուն կերպով ի հայտ եկած հայկական հասարակության աշխարհայացքի ու գործունեության արժեվորումը։ Այն հայացքների և գործունեության, որոնք 1988-1990թթ. մարմնավորել է միասնական, հերոսական ու քաղաքական առումով հասուն, ողջ աշխարհին հասկանալի սկզբունքներ դավանող, բանական և արդիական Ղարաբաղյան համազգային շարժումը։

Մասնագետները հիմնականում լուսաբանում են 1987թ. ստորագրահավաքն և ուղևորությունները Մոսկվա1, ԼՂԻՄ-ի մարզային Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը2, մեր հանրահավաքների զանգվածային ու կազմակերպված բնույթը3, տեղական վերնախավի հովանավորությամբ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում, 1989թ. նոյեմբերին Կիրովաբադում, Մինգեչաուրում, Շեմախիում, 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված ջարդերը4, այնուհետև Կռունկ ու Ղարաբաղ կոմիտեների գործունեությունը5, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988թ. հունիսի 15-ի նստաշրջանը6, նույն թվականի հուլիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում ներքին զորքերի հարձակման բեկումնային բնույթը, 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժն և օգնության հարցերը, շրջափակումը7, գաղթականների քանակն և իրավիճակը հակասության երկու կողմերում8, 1989թ. նոյեմբերին տեղի ունեցած անցումը հասարակական-պետական խաղաղ գործունեությունից  դեպի անկախության գաղափարների ամրապնդում, ինչպես և խաղաղ քաղաքականության ձևափոխումը էլ ավելի սրվող ռազմական ընդհարումների9։

Զգալի տեղ է հատկացվում հին և միջին դարերի պատմությանը բավականին տկար հիշատակումներին՝ նույն տարածքի նկատմամբ երկու ազգերի իրավունքը «վիճելի» և «անորոշ» անվանելու համար։ Լեզգիախոս Աղվանքը Արցախի կամ կովկասյան թաթարների հետ գիտական առումով անհիմն նույնականացումը, պարսկական Ատրպատականի տեղանունը վերջիններին վերագրելն և արդեն XIX դ. սկզբին Անդրկովկասում նրա տեղակայումը, մեր հարևանների «հնացումն» ու պնդումները, որ III-V դարերում իսկ Հայաստանի կարևոր նահանգ հանդիսացող Արցախը իբր թե «հայացվել էր» XVII դ. միայն10։ Երբ մեզ ասում են, թե Սեֆևիների օրոք Երևանում երբեմն հայեր չեն եղել, իսկ Պարկաստանի բոլոր նվաճումները վերագրում են կովկասյան թաթարներին՝ այս բոլոր երևույթները պատահականություն չէ՛ և ոչ էլ գիտությու՛ն, այլ քաղաքական մոլորեցում է՝ մեր հայրենիքի հանդեպ մեզ ինքնիշխան իրավունքներից զրկելու նպատակով11։

Նրանց պատմական շինծու հաղորդումներին հակառակ՝ արտերկրյա հեղինակները հանկարձ հիշատակում են «1905թ. հայ-թաթարական պատերազմը» կամ «1918թ. մարտ ամսի փոխադարձ կոտորածներն ադրբեջանական մայրաքաղաք Բաքվում»։ Զուգահեռաբար խոստովանում են, որ «Ադրբեջան» տեղանունը Անդրկովկասին են վերագրել 1880-ական թթմիայն, իսկ նրա լայնածավալ կիրառումը սկսվել է 1930-ական թթ.12։ Ինչպես և այն հանգամանքը, թե «Ղարաբաղի հայությունը մշտապես ապստամբ էր ադրբեջանական իշխանության դեմ, չնայած այն օգնությանը, որ ադրբեջանցիները ստանում էին թուրքական զորքից՝ 1918թ., և բրիտանական զորքից՝ 1919թ13։

Բոլորիս քաջ հայտնի է, որ 1918թ. մարտին գոյություն չուներ անկախ Ադրբեջանն, ուրեմն Ելիզավետպոլ-Գանձակն էլ չուներ մայրաքաղաքի կարգավիճակ, իսկ Բաքվում իրականացվում էր Խորհրդային իշխանությունը։ Ինքը՝ «Ադրբեջան» տեղանունը, առաջին անգամ պաշտոնական կարգավիճակ է ստացել 1918թ. մայիսի 28-ին, ինչից ընդամենը մեկ օր առաջ նորանկախ հանրապետությունը կոչեցին որպես «արևելյան ու հարավային Անդրկովկաս»14։ Ինչ վերաբերում է 1918թ. մարտ 30-ին - ապրիլի 2-ին, ապա այդ օրերին, մահմեդական Վայրենի դիվիզիայի նախաձեռնությամբ, Բաքվում բռնկվեց քաղաքացիական պատերազմ՝ ազգամիջյան բախումներով հանդերձ։ Հաջի Թագիևը, իսկ նրա որդու՝ Մամեդի թաղումը քաղաքի միլիցիային գնդակոծելու պատրվակ դարձավ15, պաշտոնապես վկայել էր, որ հայերը թաքցրին նրան ու բազմաթիվ մահմեդականներին՝ ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։

Այժմ անդրադառնանք 1918-1919թթ. հատվածում թուրքական և բրիտանական զորքերի  դերակատարությանը։ 1918թ. մայիսից ի վեր Անդրկովկասի թաթարների քաղաքական կենտրոն էր ծառայում Ելիզավետպոլը՝ հայկական Գանձակը, որը 1918թ. հունիսին «Գյանջա» աղճատված անունով էր կոչել այնտեղ Իսլամի բանակը կազմավորող Նուրի փաշան16։ Ավել ուշ թուրքական բանակը ներխուժել է Արցախ, սակայն չի կարողացել ենթարկել այս երկրամասը։ Միայն 1918թ. սեպտեմբերի 15-18-ին, երբ թուրքական բանակը մտավ Բաքու և կոտորեց 30 հազ. հայերի17, նա Ադրբեջանին է փոխանցել նավթային մեծ կենտրոնը՝ մայրաքաղաք դառնալու համար։ Այնուհետև, 1919թ. հուլիսի 4-7-ին Շուշիի վրա հարձակումից18, շրջափակման ու բրիտանական հրամանատարության կոշտ ճնշումներից հետո, 1919թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղն առաջին անգամ ու պայմանականորեն ենթարկեցին Բաքվին19։ Հատկապես օգոստոսի 22-ին, և ոչ թե դրանից առաջ։

Ի դեպ, պատմական վարժանքների կողքին հաճախակի հանդիպում ենք նաև ակներև ճշմարտության արձանագրումը՝ մ.թ.ա. I դ.  հայկական աշխարհակալ տերության մասին20։ Կամ նշվում է «էլ ավելի հնավանդ հայկական հողեր կորցնելու» վտանգը, քանի որ կղզիացած Նախիջևանը՝ որն Ադրբեջանի մաս է դարձել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, «1920-ական թթ. ուներ բազմաթիվ հայկական փոքրամասնություն, իսկ 1980-ականներին գրեթե ամբողջությամբ ադրբեջանական էր։ Հայերը մտահոգված էին, թե նույնը կատարվելու է այլ շրջաններում՝ սկզբից ազգային հայկական մերձղարաբաղյան այն տարածքներում, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում, իսկ հետո՝ նաև բուն Ղարաբաղում։ Նրանք «սպիտակ եղեռն» էին անվանում Ղարաբաղի հայկական հնադարյան հուշարձանների ոչնչացումը, ինչն ուղղված էր այդ հողի հանդեպ նրանց պահանջների լիակատար վերացմանը»21։

Արցախի «ադրբեջանականի օրրան» լինելու քարոզչությանն ի պատասխան, հարց ենք տալիս՝ իսկ Նախիջևանը, որտեղ տեղական թաթարները 1918թհուլիսի 19-ին քաղաքը Թուրքիայի բանակով գրավելու պահին զավթիչին դիմավորել են թուրքական դրոշներով, և այդ դրոշներից մեկը իսկույն պարզվեց շրջանային կենտրոնի վրա, վայրը՝ որտեղ նրանք մինչև 1920թհուլիսի 28-ը մնում էին թուրքական զորքի խնամակալության ներքո22, այդ երկիրն էլ էր կովկասյան թաթարների հայրենի՞քը։ Այդ դեպքում, նա ինչու՞ դարձավ ինքնավար և ինչու՞ նրանց «հայրենիքը» գոյատևում է որպես կղզի։ Իսկ ինչպե՞ս ենք բնորոշում միջանկյան Զանգեզուր-Սյունիքը։ Եվ ինչու՞ «ադրբեջանական հայրենի Ղարաբաղում» գտնվում են հայերը։ Սա նրանց հայրենի՞քն է, թե ոչ։ Նրանք եկվո՞ր են։ Իսկ քոչվոր ադրբեջանցիները, որոնք իրենց անվանումը գողացել են Պարսկաստանից ու մինչև 1919թ. քոչի համար են պահանջել Զանգեզուրի արոտավայրերը, նրանք՝ ո՞չ։

Մի թե՞ Ղարաբաղի ինքնավարությունը ստեղծվեց պարզապես դյուրության համար։ Այդ դեպքում, ինչու՞ էր այդքան քիչ դյուրին։ Եվ ինչպե՞ս հայերը կազմեցին լեռնային Արցախում բնակչության 80 տոկոս։ Այդ պարագայում գուցե նահանգը 80 տոկոսով հայերի հայրենիքն է և միայն 20 տոկոսով՝ ադրբեջանցիների՞։ Իսկ ինչու՞ լեզգիախոս, քրիստոնյա Աղվանքը, ուր գրում էին Մեսրոպ Մաշտոցի՝ իրենց համար ստեղծած տառերով և որը զետեղված էր Կուր գետի ձախափնյա կողմում, համառորեն խառնում են Աղվանքից այդքան հեռու գտնվող Արցախի՞ հետ23։ Ինչպես և Բաքվի Ադրբեջանում առկա թուրքալեզու շիաների հե՞տ։ Վերջապես, գուցե մեր ժողովրդի անհանգստությունը լիովին արդա՞ր է՝ ելնելով բազում կոտորածների, կործանիչ ռազմարշավների և ազգային զտումների փաստից։ Չէ՛ որ Նախիջևանի և Արցախի պարագաներում չպահանջվեց որևէ միջազգային ճանաչում։ Բավարար էին ցեղասպան գործողությունները, հետո Մոսկվայի պայմանագիրն ու ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ին կայացած կուսակցական որոշու՞մը։

Երբ ԽՍՀՄ առաջնորդները առաջ էին քաշում «ոչ հաղթողներ, ոչ էլ պարտվողներ» դրույթը, նրանք հաստատում էին համամիութենական սեփականությունը իրենց հաշվետու բոլոր տարածքներում՝ միաժամանակ անտեսելով կամ ժխտելով հայերի պատմական հիմքերն և իրավունքը սեփական հայրենիքի հանդեպ։ Այնինչ, մենք պնդում էինք ու այժմ էլ ենք պնդում, որ իրոք խորհրդային, կամ ցանկացած այլ ամբողջացված, վերպետական սեփականությունը հնարավոր է և կենսունակ է լինում միմիայն որպես հայկական՝ նման կառույցում շահագրգռված, հաստատուն և անվիճելի սեփականությանը հիմնված վերնաշեն։ Կիսամիջոցների, անփութության ու լպիրշ քարոզչության հետևանքով կենտրոնական իշխանությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, իսկ բարեփոխումները՝ հասարակական լայն հենարանը։

Հետևաբար, 1989թ. հունվարի 12-ից նոյեմբերի 28-ը ներմուծելով, ապա չեղյալ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատուկ կառավարման կոմիտեն, կենտրոնը այդպես էլ չհաստատեց համամիութենական սեփականության առաջնայնությունը հողի հանդեպ, չվերացրեց ԼՂԻՄ-ի ենթարկումը ադրբեջանական միութենական հանրապետությանը և հզոր ական դրեց ԽՍՀՄ միասնության տակ։ Գուցե, նախ և առաջ, երկրի ղեկավար Մ.Գորբաչովը հարմար չէր համարում, որ լուծումները գալիս էին ներքևից, որ ժողովուրդը ոչ միայն դիմում էր օգնության, այլև ինքն էր արտադրում կարգավորման համար պիտանի և առավել գործնական ձևերը24։

Ժխտելով հայերի ազգային իրավունքն ու հրաժարվելով սեփական ինքնիշխանությունից՝ միութենական ատյանները զինված բախումներ էին հրահրում իրենց իսկ պահվածքով ստեղած իրավիճակում։ Ավելին, 1988թ. մայիսին սկսված Արցախի շրջափակումն ու 1989թ. օգոստոսից ի վեր առկա Հայկական ԽՍՀ լիակատար մեկուսացումը, խանգարելով երկրաշարժի գոտու վերակնգմանը և օգտվելով կենտրոնի բացահայտ թողտվությունից, փաստորեն մեզ դուրս է հանել ընդհանուր պետության կազմից։ Իսկ Ադրբեջանում իրականացված ազգային զտումները, 1989թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Կիրովաբադում ծավալված ջարդը՝ նրա 45-հազարանոց հայության հաջողված ինքնապաշտպանությամբ, ինչպես նաև 1990թհունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված խուժադուժ կոտորածը վկայում էին, որ կենտրոնը պարտք չէր համարում ապահովել ազգությամբ հայ իր քաղաքացիների կյանքն և անձի անվտանգությունը։ Այդ ամենը հասունացնում և անկասելի էր դարձնում մեր հասարակության անցումը դեպի քաղաքական անկախություն։

Արցախյան շարժումը, որպես հիմք, աշխատացնում էր պետական հաստատություններն ու ելնում պաշտոնական գաղափարախոսությունից։ Սակայն ԽՍՀՄ-ի գործունյա ուժերը դավանում էին այլ դրույթներ և արժեքներ։ Ինչպես ցույց են տալիս Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի նիստն ու միութենական պատգամավորների Բ համագումարը, որն 1989թ. դեկտեմբերի 12-13-ին բոյկոտեցին ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի պատվիրակները, տեսության և իրականության բախումը ի վերջո հանգեց մեծ երկրի ղեկավարությանը վաղուց պաշտոնական հայտարարված ուսմունքից բացեիբաց հրաժարմանը։ Նկատենք. մեր հարևանները՝ հայտնվելով շատ տարբեր հասարակական ու գաղափարախոսական պայմաններում, հետևողապես, քայլ առ քայլ իրականացնում են իրենց ազգային քաղաքականությունը։ Մեզ համար կենսականորեն անհրաժեշտ է սովորել նման ժառանգորդության՝ չմոլորվելով նոր հատկանիշներով ու չհրաժարվելով օգտակար գործերաձևերից։

Արցախի շարժման պատմությունից բացի, արտերկրյա ազգագետները մշակեցին ազգամիջյան տարաձայնությունների և դրանք ընդհարումների վերաճման վտանգը գնահատելու համակարգ։ Նրանք առավել պայթյունավտանգ են անվանում 1) գաղափարախոսական այնպիսի նախապաշարմունքներ, որոնք հիմնավորում են մյուս կողմի հանդեպ ունեցած վախը, երբ այդ կանխակալ կարծիքը 2) սաստկացվում է պետական անպատժելիությամբ, 3) անվտանգության երկընտրանքով ու 4) տարաձայնության երկու կողմերում առկա նոր վերնախավերի լրացուցիչ խոստումներով25։ Նշենք, որ անվտանգության երկընտրանքը պարունակում է մեկի բարեկեցության ապահովումը մյուսների կեղեքման կամ հեռացման հաշվին. սա «որքան վատ ուրիշներին, այդքան լավ մեզ համար» սկզբունքի իրականացում է։ Զուգահեռաբար, արտերկրում մանրամասն մշակվել է ցեղասպանության ու այն կիրառելու հակում ունեցող պետությունների քաղաքական տեսությունը։ Երկու ասպարեզում աշխատող մասնագետների եզրահանգումները փոխկապակցված են։ Բացի դրանից, երկուսն էլ շեշտում են քանակական գնահատման ու կանխման կարևորությունը, ընդգծելով հասարակության առօրյա կարգապահության ու խաղաղ ղեկավարման դերը։

Ընդ որում, նյութի մատուցման առումով նրանց գլխավոր թերությունը կայանում է կողմերի հավասարեցման ձգտումներում։ Նման մոտեցումը ոչ միայն ոտնձգություն է իսկական ինքնիշխանի իրավունքի նկատմամբ, այլև ճանապարհ է բացում հզոր տերությունների միջամտության համար։ Թեև նման պետություններն իրոք որևէ իրավունք չունեն մեր տարածաշրջանում։ Կողմերի կեղծ հավասարեցման պարագայում տերությունների ընդունելի միջամտությունը կարող է վերաճել պարտադրված իրավարարութան, իսկ դա ձևավորվում է արտաքին շահերով և ի վիճակի է յուրացնել բոլորովին այլ քաղաքական ուժերի հաջողությունն և արդյունքը։

Երբ խոսվում է փոխադարձ կանխակալությունների մասին, հարկ է ճշգրտել՝ արդյո՞ք հիմնավոր է ստորադաս կողմի դժգոհությունը։ Նա ապրում է նախապաշարմունք կրելով, թե իսկական կեղեքման ներքո՞ և ղեկավարվում պատմական փորձով։ Ինչպե՞ս կարելի է բանեցնել անվտանգության այլընտրանքը, իշխանությունից զուրկ լինելու պայմաններում։ Որքանո՞վ է ճիշտ ժողովրդից խլել միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքն ու Հայրենիքի հետ Միացումը, երբ նրան կեղեքում են հասարակական, տնտեսական ու մշակույթի ոլորտում, իսկ ժողովրդագրական պատկերը շարունակ վատթարանում է։ Ինչու՞ անդրածին բնակչության 80 տոկոսը պետք է սպասարկի կեղեքիչների հերյուրանքն ու դառնա նրանց ազգային ձևավորման հիմքը, փոխանակ օգտվի ժողովրդավարական լծակներից՝ ի դեմս հանրաքվեների և իր լիազոր մարմիններում կայացած որոշումներից։ Եվ ինչու՞ նրա նկատմամբ կիրառում են ոչ թե այս թվարկած ձևերը, այլ բանեցնում իբր չգիտես թե ում հողի «փոխզիջումային» բաժանման սկզբունքը։

Մեր պարագայում էական է՝ արդյո՞ք յուրաքանչյուր կողմի հավաքական հիշողությունը հենվում է նրա իսկական նվաճումների, գիտական փաստերի և հուշարձանների առկայության վրա, թե մյութոսների և օտար քաղաքակրթական արժեքների սեփականացման վրա։ Պատմական հնությունը, անշուշտ, չի արդարացնում ազգային շահագործումը, բայց երբ ստորադասված ժողովրդից խլում են իրական անցյալն ու պատմական հիշողությունը, անարգում նրա ստեղծածը, սխրանքներն ու սրբությունները՝ ցանկացած բախումը դառնում է շատ ավելի թեժ։ Իսկ այն դեպքերում, երբ զանգվածների գիտակցությունը կառուցված է ոչ թե փաստերի, այլ մյութոսների վրա՝ հասարակությունը վերածվում է արդի քաղաքականությանը անընդունակ, պատերազմով սահմանափակվող անգիտակից ամբոխի։ Առաջատար տերություններին հարմար է մեկնաբանել ցանկացած տարաձայնությունը որպես նման կողմերի մյութոսական զինված պայքար։ Կողմերի, որոնք ապրում են մութ, խճճված անցյալով՝ կտրված լինելով տվյալ խնդրի այսօրվա հանգամանքներից։ Սա թույլ է տալիս ազատորեն բանեցնել երկու կողմերին էլ։

Այնինչ, միջազգային դիվանագիտությունը չունի հարձակվողի հետ փոխզիջում հարկադրելու կանոնը։ Միացումը հետապնդող խաղաղ ու սահմանադրական շարժումը, անկասկած, պակաս հարմար է այն շահագործելու համար, քան բացահայտ պատերազմը։ Շատ այլ բաների կողքին՝ պատերազմը մեծ դրամագլուխ դիզելու ժամանակն է, երբ շահույթի չափերը երբեք չես համեմատի խաղաղ պայմանների հետ։ Պատերազմի օրոք մարդիկ հիմնականում գնում են հաց, զենք ու դեղորայքը, աշխատում են ծայր աստիճանի լարված, իսկ նրանց նյութական ու հասարակական պահանջները դառնում են նվազագույն։ Այնինչ, խաղաղ բայց հզոր հանրահավաքները, գործադուլներ ու սեփական օրենսդիր մարմինների որոշումները՝ զուտ քաղաքական միջոցներ լինելով, վկայում էին հասարակության մտավոր ու կազմակերպչական ահռելի հնարավորությունների մասին։ Սա աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց ողջ աշխարհում։ Բանակցություններից ու խնդիրների լրջությունն ընդունելու հարկադրանքից ազատվելու համար գործընթացը պետք էր վերածել արյունալի բախման՝ երկու կիսավայրենի ցեղերի միջև։ Ցավոք սրտի, մեր տարածաշրջանում խաղաղ գոյուակցությունը շատ փխրուն է առանց արտաքին հսկողության, և այդ հսկողության հիմքում են գտնվում ինչպես հակասության արմատացած լինելը, այդպես էլ ներքին վեճերը խթացող դրսի բազմատեսակ շահերը։

Հաշվի առնելով, որ տվյալ ժողովրդին Հայրենիքի պատկանելիության իրողությունը խախտվում է միտումնավոր, հասկանալի է դառնում բոլոր ներկա ճիգերը ապացուցելու, թե ընդհարումը հարձակվողի չի ունեցել, թե մյուսը խաղաղ քաղաքական շարժումը չէր իրականացնում, թե իբր չի եղել պետական, պառլամենտական կամարտահայտություն՝ մեկ կողմից, ու ջարդեր, շրջափակում և ազգային զտումներ՝ մյուսից, ու իբր թե իրար չեն դիմակայել ցեղասպան գործողությունների մասնակից՝ ըննդեմ հայրենասեր պաշտպանի։

Արցախյան թեմայով հրատարակված գրքերի շատությունը մեզ թույլ չի տալիս մանրամասն լուսաբանել բոլոր անուններն ու աշխատությունները։ Ուստի, հաշվի առնելով տվյալ հետազոտության ազգաբանական թեքումը, կենտրոնանանք Ստյուարտ Կաուֆմանի «Ազգային վախեր և ազգային պատերազմը Ղարաբաղում» 1998թ. հրատարակված գրքույկի, և նրա «Ազգային ատելությունը՝ ազգային պատերազմի խորհրդանշային քաղաքականությունը» 2001-ին լույս տեսած գրքի վրա։ ...

 

Մեջբերումներ

1) The Karabagh File: Documents and Facts on the Region of Mountainous Karabagh, 1918-1988, ed.by G.Libaridian, Cambridge Mass., 1988, p.69-73; L.Chorbajian, P.Donabedian and C. Mutafian, The Caucasian Knot: The History and Geo-Politics of Nagorno-Karabagh. Lnd., 1994, p.148, S.J.Kaufman, Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War, Ithaca, NY, 2001, p. 60-61.

2) E.M.Herzig, Armenians, in: The Nationalities Question in the Soviet Union, ed.by G.Smith. Lnd., Longman, 1990, p.156.

3) C.Mouradian, The Mountainous Karabagh Question: Inter-Ethnic Conflict or Decolonization Crisis? “Armenian Review,” Watertown, Mass., 1990, vol.43, № 2-3, p.2, B.Kagarlitsky, Farewell Perestroika: A Soviet Chronicle, Lnd. and NY, 1990, p.69, M.Malkasian, Gha-ra-bagh!: The Emergence of the National Democratic Movement in Armenia, Detroit, 1996, p.85, 91, S.J. Kaufman, Modern Hatreds, p.49.

4) F.Thom, Le moment Gorbachev, Paris, 1989, p.163, R.Sakwa, Gorbachev and His Reforms, 1985-1990, NY, 1990, p.244, Armenia and Karabagh: The Struggle for Unity, ed.by C.Walker, Lnd., Munitory Right Publication, 1991, p.128, S.Goldenberg, Pride of Small Nations: The Caucasus and Post-Soviet Disorder. Lnd., 1994, p.163, T.Dragadze, Armenia and the Armenians, in: The Nationalities Question in the Post-Soviet States, ed. by G. Smith. Lnd., 1996, p.281, S.J. Kaufman, Ethnic Fears and Ethnic War in Karabagh. Lexington, KY, 1998, p.23-24, 31-35; նույնի, Modern Hatreds, p.52, 63-64, J.H.King, The (Un)making of Soviet Kirovabad: Pogroms and the End of the “Friendship of Peoples” in Azerbaijan, Thesis for the Master of Arts, Budapest, Central European University, 2015: Տե′ս նաև М.А.Жирохов, семена распада: войны и конфликты на территории бывшего СССР, СПб, 2012, с.234-235.

5) C.Mouradian, op.cit., p.24, 26, B.Kagarlitsky, op.cit., p.69-70, C.Zurer, The Post-Soviet Wars: Ethnic Conflict and Nationhood in the Caucasus, NY and Lnd., 2007, p.164.

6) C.Mouradian, op.cit., p.22, E.M.Herzig, Armenia and the Armenians, in: The Nationalities Question in the Post-Soviet States, p.257-258, S.J.Kaufman, Modern Hatreds, p.65.

7) T.Goltz, Requiem for a Would-be Republic: the Rise and Demise of the Former Soviet Republic of Azerbaijan, a Personal Account of the Years 1991-1993, Istanbul, 1994, p.173-184, Mark Saroyan, Minorities, Mullahs and Modernity. Berkeley, University of California at Berkeley, International and Areas Studies Research Series, № 95, 1997, p.194-196.

8) R.O.Krikorian, J.R.Masih, Armenia: at the Crossroads, Lnd. and NY, 1999, p.15.

9) C.Mouradian, op.cit., p.21, 26, 30, L.Chorbajian, P.Donabedian and C.Mutafian, op.cit., p.37-38, E.O’Balance, Wars in the Caucasus, 1990-1995, Basingstone, 1997, p.46, 54, S.J.Kaufman, Ethnic Fears, p. 34, 36, նույնի, Modern Hatreds, p.70-73:

10) S.Goldenberg, op.cit., p.157-158, S.J.Kaufman, Ethnic Fears, p.12-13.

11) Արցախի հին պատմության մասին տե′ս Страбон, География, Ì., 1994, кн.XI, гл.III, § 2, гл.XIV, § 5, Ս.Տ.Երեմյան, Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի (VII դարի Հայաստանի աշխարհագրության),  Եր., 1963, էջ 105; Բ.Ա.Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Եր., 1975, նույնի, Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության  (V–VII դդ.), Եր., 1981, История древнего мира, в 3-х т., кн.3 Упадок древних обществ, М., 1983, с.212, А.А.Акопян, Албания-Алуанк в греко-латинских и древнеармянских источниках, Ер., 1987, Ս.Գ.Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանի բռնակցված շրջաններում, Եր., 1999, էջ 14, S.Karapetian, Armenian Cultural Monuments in the Region of Karabakh, Yerevan, 2001, Վ.Բալայան, Լեռնային Ղարաբաղ, Եր., 2009, էջ 5-7:

12) M.Saroyan, op.cit., p.177-178; T.Swietochowski, National Consciousness and Political Orien-tation in Azerbaijan, 1905-1920ո in: Transcaucasia, Nationalism and Social Change: Essays in the History of Armenia, Azerbaijan and Georgia, ed.by R.G.Suny, Ann Arbor, MI, 1996, p.213; S.J.Kaufman, Modern Hatreds, p.56.

13) Armenia and Karabagh, p.91; S.J.Kaufman, Ethnic Fears, p.13.

14) M. E.Rassoul-Zadé, L’Azerbaidjan en lutte pour l’Indépendance. Paris, 1930, p.18; R. Hovannisian, Armenia on the Road to Independence. 1918, Berkeley and Los Angeles, 1967, p.189, 304.

15) P.Hopkirk, Like Hidden Fire. The Plot to Bring Down the British Empire, NY, 1994, p.282-283.

16) Բագուի ուղղութեամբ։ «Մշակ», Թիֆլիս, № 120, 25.06.1918:

17) Եղիշե քաղ. Գեղամյանց, Տաճիկները Կովկասում եւ Բագուի ան­կումը, Բագու, 1919, էջ 37, Բ.Իշխանեան, Բագուի մեծ սարսափները, Անկետային ուսումնասիրութիւն սեպտեմբերեան անցքերի 1918թ., Թիֆլիս, 1920, էջ 185; Հայաստանի ազգային արխիվ, Եր., ֆ.129, ց.2, գ.94, թ.96-99 (այսուհետև՝ ՀԱԱ):

18) Г.Г.Махмурян, Губернаторство Карабах-Зангезур и британская политика 1918-1919 гг. в Карабахе, Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր, Եր., 2007, էջ 165-166, она же, Шуши в документах Госдепартамента США и Национального архива Армении, Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, խմբ.Մ.Ա.Հարությունյան, Եր., 2010, էջ 62-63, ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.50, թ.121-124, United States National Archives, Wash., Record Group 256, class 184.021/document 126/Encl. 1, M820, Roll 230, vol. 204, General Records of the American Commission to Negotiate Peace, 1918-1931, Wash., NA, 1970; RG 59, 860J01/180/Encl.1, p.4:

19) Г.Г.Махмурян, Политика Великобритании в Армении и Закавказье в 1918-1920 гг. Бремя белого человека, Ер., 2002, с.77-78; Հայաստանի Հանրապետության կառավարության Փարիզի վեհաժողովի նախագահ Ժ.Կլեմանսոյին 28.08.1919-ին հղած բողոքարկումը տե′ս ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.50, թ.121-124, Нагорный Карабах в 1918-1923 гг., Сб.док. и мат., под ред. В.А.Микаеляна, Ер., 1992, с.332-334: Այդ փաստը հաստատում է նաև S.J.Kaufman, Modern Hatreds, p.54:

20) R.G.Suny, Looking Toward Ararat: Armenia in Modern History, Bloomington, 1993, p.5-9.

21) S.J.Kaufman, Ethnic Fears, p.16.

22) G.G.Makhmourian, Collection of Papers Relating to the Armenian District of Nakhijevan (1918-1920) from the U.S. Department of State and the National Archives of Armenia, “Fundamental Armenology,” Yerevan, 2016, № 2, p.346-381, http://www.fundamentalarmenology.am, նույնի, Նախիջեւանն ըստ Մ.Նահանգների Պետքարտուղարութեան եւ Հայաստանի Ազգային արխիւի փաստաթղթերի (1918-1920), «Հայկազեան Հայագիտական Հանդէս», Պէյրութ, 2017, հատ.37, էջ 207-244:

23) S.H.Astourian, In Search of Their Forefathers: National Identtity and the Historiography and Politics of Armenian and Azerbaijani Ethnogenesis, in: Nationalism and History: The Politics of Nation Building in Post-Soviet Armenia, Azerbaijan and Georgia, ed.by D.V.Schwartz and R. Panossian, Toronto, University of Toronto Centre for Russian and East European Studies, 1994, p.47.

24) C.Mouradian, op.cit., p.17-19.

25) S.J.Kaufman, Ethnic Fears, p.9, 12.     …