1919-1920թթ. Շուշին ԱՄՆ Պետդեպարտամենտի և
Հայաստանի Ազգային արխիվի փաստաթղթերում
ԱՄՆ Պետդեպարտամենտում և Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվում պահվող՝ 1919-1920թթ. Շուշի քաղաքին և նրա գավառի պատմության առնչվող փաստաթղթերն առանձնանում են արդիական հնչեղություն ունեցող հետևյալ խնդիրներով. 1) Ղարաբաղ-Զանգեզուր տարածաշրջանի միասնական միավոր լինելու հանգամանքը։ Այն գոյություն է ունեցել 1905թ. ի վեր, և 1917թ. սկսած ընկալելի էր ոչ միայն հայերի, այլև անգլիացիների, ամերիկացիների, ադրբեջանցիների և թուրքերի համար, 2) մուսավաթական Բաքվի հակահայկական քաղաքականության թեման։ Ընդ որում, նպատակը Շուշիի ոչ միայն հպատակեցումն էր, այլև հայկական մշակույթի այդ նշանավոր կենտրոնում ոչնչացումը, 3) թուրքական բանակի արշավանքը, այդ զորքի և նրա հրամանատարության՝ իր իսկ ռազմավարական նկատառումներով թելադրված մասնակցությունը Ղարաբաղի դեմ ծավալված պայքարին։ Բանակի վերնախավը ներկայացնում էին ռազմական նախկին նախարար Էնվերը, 6-րդ բանակի նախկին հրամանատար Խալիլ փաշա Քութը և իսլամի բանակի հրամանատար Նուրի փաշան։ 4) Շուշին՝ որպես Զանգեզուրի վրա հարձակման հենարան օգտագործելու փաստը, ինչպես նաև քոչի և տնտեսական կապերի մեկնաբանությունները։ 5) Ժողովրդագրական հարցեր, 6) վավերագրերը վկայում են այն պնդումների անհիմն լինելու մասին, թե իբր 1920թ. մարտի 23-ին քաղաքի հայկական ոչնչացումն ու դրա քառօրյա հրկիզումն անառիթ ընդվզման հետևանք են։ 7) Միջազգային իրավարարության հարցերը հայ-ադրբեջանական ընդհարումների կարգավորման խնդրում։ //-73
Առաջին հարցը մասամբ լուսաբանվել է նախորդ իմ զեկուցման մեջ, որը տեղի է ունեցել Շուշիում երեք տարի առաջ գումարված գիտաժողովում։ Այն հրապարակվել է հոդվածների համապատասխան ժողովածուում //-61 ու մատչելի է ընթերցողներին1։ Այժմ նույն դրույթը է'լ ավելի է փաստարկվում ամերիկյան նոր վավերագրերով, որոնք վկայում են, թե 1905թ. ձևավորված Ղարաբաղ-Զանգեզուր հասկացությունը տողերիս հեղինակի տեսաական հնարանքը չէ, այլ հանդիսանում էր տնտեսական, աշխարհագրական և ազգային իրական միավորը։ Մեջբերենք, օրինակ, Կովկասում դաշնակիցների Գերագույն կոմիսարի պաշտոնակատար Ջ.Ռիայի Կ.Պոլսում ԱՄՆ-ի Գերագույն կոմիսար Մ.Բրիստոլին 1919թ. դեկտեմբերի 1-ին հասցեագրած նամակը. «Այն տարածաշրջանը, որը հայտնի է Ղարաբաղ անունով, կազմված է երկու գավառներից՝ Ջիվանշիրից ու Զանգեզուրից, ինչպես և Շուշիի և Կարիագինի գավառների արևմտյան մասից ու Ելիզավետպոլի գավառի հարավային մասից»2։ Այնուհետև, նկարագրելով Լեռնային Ղարաբաղը, թվարկվում են Ելիզավետպոլի, Ջիվանշիրի, Շուշիի և Զանգեզուրի գավառները3։
Ինչ վերաբերվում է Բաքվի հակահայկական քաղաքականությանը, ապա անգամ օգոստոսյան համաձայնագիրը, որը արդյունք էր 1919թ. հունիսի 4-7-ին Շուշիին վրա հարձակման, հագուրդ չտվեց նրա ախորժակին։ Հունիսյան կորուստները լուսաբանվել են «Հայաստանի անկախությունն ու մանդատի հարցը Խաղաղության վեհաժողովում» խորագիր կրող հուշագրում (Երևան, հունիսի 5-21)4։ Մեկ ամիս անց, ԱՄՆ-ի փոխ-հյուպատոս Հ.Դուլիթլը Փարիզի կոնֆերանսում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ֆ.Պոլկին ու պետքարտուղար Ռ.Լանսինգին հաղորդում է իր փոխ-հյուպատոս Ջ.Ռենդելի՝ Հայաստանով մեկ կատարված տեսչական շրջագայության մասին։ Հ.Դուլիթլի ենթական գրել է, որ «թուրքերը, անկասկած, մտադիր են ամբողջովին ոչնչացնել հայ ազգը։ Թուրք գործակալները խթանում են Ադրբեջանի ռազմատենչությունը և խռովում Շուշիի թաթարներին»5։ Գնահատելով այդ ժամանակաշրջանը՝ Ջ.Ռիան հավելեց, որ Խ.Սուլթանովը «հավանություն տվեց հայերի բնաջնջման քաղաքականությունը և հայկական գյուղերի վրա թաթարական գրոհներ թույլատրվում, գուցե և խրախուսվում էին նահանգապետի կողմից։ Բրիտանացիների թույլտվությամբ Խ.Սուլթանովը ձեռնարկեց հայերին հարկադրանքով հնազանդեցնելու իր իշխանությանը՝ հայկական երկրամասը ենթարկելով պարենային շրջափակման, ինչն էլ հանգեցրեց բազմաթիվ հայերի սովամահության։ Եվ 1919թ. հունիսի 4-ին Շուշի քաղաքում մարտ բռնկվեց»6։ Նախորդի նման Մ.Բրիստոլն էլ, Ռ.Լանսինգին 1920թ. հունվարի 19-ին հղած իր նամակում հատկապես նահանգապետին է անվանել կոտորածի մեղսարար7։ //-62
Չիայած, որ օգոստոսյան համաձայնագրի 16-րդ ու 19-րդ կետերով արգելվում էր կատարել որևէ զորաշարժ առանց տեղական խորհրդի համաձայնության կամ իրականացնել հայերի զինաթափում, ինչպես նաև պահանջվում էր սպասել հաղթանակած դաշինքի կողմից հրավիրված Հաշտության կոնֆերանսի վերջնական վճիռը, այնուամենայնիվ, Բաքվում և Ելիզավետպոլում օգոստոսի վերջից անգամ սկսեցին հետևողական կերպով նախապատրաստվել երկրամասի լիակատար գրավմանն ու այնտեղից հայկական բնակչության վտարմանը։ 1919թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ղարաբաղն օգտագործում էին Զանգեզուրը գրոհելու նպատակով, ընդ որում՝ Շուշիից պարբերաբար հաղորդում էին ադրբեջանական զորքի տեղաշարժերի մասին։ Այն ամրագրվել է կապիտան Վ.Մուրադյանի և լեյտենանտ Մ.Դոդոխյանի՝ Թիֆլիս՝ գնդապետ Ջ.Ռիային հղված զեկուցագրում8։ Նրանց ձեռք բերած տվյալները ճշգրտվում ու լրացվում էին Թիֆլիսում՝ Լ.Եվանգուլյանի՝ Բաքվի անցքերին վերաբերող ճեպագրերով։ Այնուհետև տվյալները գնում էին Ջ.Ռիայից Կ.Պոլիս՝ ԱՄՆ-ի Գերագույն կոմիսար Մ.Բրիստոլին, ու փոխանցվում Ամերիկա, պետքարտուղար Ռ.Լանսինգին։
Նշենք, որ թեև ինքը՝ Մ.Բրիստոլը, չէր առանձնանում հայերի նկատմամբ բարյացակամությամբ, այնուամենայնիվ, և՛ Վ.Հասկելն, և՛ Ջ.Ռիան Ղարաբաղը դիտարկում էին որպես ՀՀ բնականոն մաս ու նրանց տեսակետը շատ ավելի ընդունելի էր, քան անգլիացիներինը։ Այդ երկու սպաների նման, Մ.Բրիստոլն էլ փաստում է հայկական հետախուզության ու վարչապետ Ա.Խատիսյանի ներկայացրած տվյալների արժանահավատությունը, քանի որ կառավարության ղեկավարը մեջբերում էր Շուշիի նահանգապետ Խ.Սուլթանովի արձակած ու Երևանում վերծանած հ.8397 հրամանի տեքստը։ Հրամանը տրվել է նոյեմբերի 14-ին9, դա վերաբերվում էր Նախիջևանի հանդեպ ցուցաբերված թուրք-ադրբեջանական զավթողականությանը։
1919թ. աշնանը ծավալված Զանգեզուրը գրավելու մուսավաթականների ճիգերն ապարդյուն անցան, ինչն էլ դարձավ նրանց կողմից նոյեմբերի 23-ի հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրելու միակ պատճառը։ Կնքված փաստաթուղթը պարտավորեցնում էր կողմերին կար-գավորել բոլոր վեճերը առանց զենքի կիրառման և ճանաչում էր Գերագույն կոմիսարի պաշտոնակատար Ջ.Ռիային որպես ամերիկյան կողմը ներկայացնող գերագույն իրավարարի։ Մ.Բրիստոլի գնահատմամբ, համաձայնագիրը պետք է «կանխեր Ղարաբաղի վրա հարձակումը, որը, անկասկած, թաթարական առաջխաղացումն էր»10։ Այնուամենայնիվ, վավերագիրը չդարձավ մարտերին վերջ դնող փաստաթուղթ, իսկ թուրքական ռազմական ներկայությունը տարածաշրջանում զորեղացավ։
Ըստ Ա.Խատիսյանի պաշտոնական հայտարարությունների, Շուշիից տեղեկություններ էին ստացվում հոկտեմբերի 16-ին այնտեղ Նուրի փաշայի և նրա անձնա-//-63 կազմի հայտնվելու մասին11։ Ավելի ուշ ԱՄՆ-ի հյուպատոս Չ.Մոզերի համար կազմված ՀՀ ԱԳՆ-ի տեղեկանքում նշվում էր, որ 1920թ. փետրվարի 8-ին Նուրին մի մեծաքանակ ստորաբաժանումով նորից ժամանել էր քաղաք12։ Նրա ավագ զինակիցը՝ Էնվերը, Բաքվում գործում էր Մուստաֆա Հաջի Կուլի և Մուստաֆա Միրզա Ալի անունների ներքո13։ Ընդ որում, թուրք սպաները բոլորովին էլ չէին քողարկում իրենց գործունեությունը։ Նրանք որ շտաբակայան են բացել Նիկոլաևսկայա փողոցում՝ խորհրդարանի հարևանությամբ։ Ամերիկացիների կարծիքով, հատկապես այդ անձինք էին վերահսկում իշխանությունը Ադրբեջանում14։ Ղարաբաղից ու դրա կենտրոն Շուշիից դեպի Զանգեզուր ու Նախիջևան զավթողականության տրամաբանությունը ղեկավարվում էր ամեն հնարավորն ու ցանկացած պատրվակով գրավելու սկզբունքի վրա։ Դրանով հանդերձ, անտեսելով օգոստոսյան համաձայնագիրը, հոկտեմբերի 1-ին, 9-ին, և 16-ին Շուշիի տարածքով անցկացնում էին մեկ հետևակային գունդ ու անկանոն հրոսակների 8 հազար անդամ, դաշնտային ու լեռնային թնդանոթներ ու հաուբիցներ, 7 հազարի հասնող հետևակներ՝ 1000 և 1200 ասկյարներով, 240 հեծյալ, ընդհանուր հաշվով՝ 12 հազար կանոնավոր զինվոր։ Քաղաքի միջով տեղափոխում էին հրացաններ, գնդացիրներ, ռազմամթերք15։
Մեկ նկատառում ևս. Զանգեզուրում հաստատվելու համար օգտագործում էին քոչը, իսկ Նախիջևանի դեպքում՝ որպես պատճառ, մեջ էին բերում միավորման ձգտումը, ելնելով միմիայն սեփական էթնիկ պահանջներից։ Զանգեզուրի դեպքում սկզբից ասում էին, թե 250 հազ. զինյալ անասնապահներին անհրաժեշտ է օգտվել նրանց չպատկանող արոտավայրերից, չընդունելով ո'չ օտար հողում վարքի կանոնները, ո'չ հատուկ առանձնացված շրջանները, ո'չ էլ արտաքին հսկողությունը։ Այնուհետև իրենց հայեցողությամբ հայտարարեցին, որ եթե Զանգեզուրի հայերը առևտուր են անում հարևանների հետ և ապրանք մատակարարում Բաքվի շուկա, ապա նրանք պիտի ընդունեն վերջինիս գերիշխանությունը։ Հակառակ տարբերակը կամ իրավահավասար հարաբերությունների հնարավորությունը չէր քննարկվում նույնիսկ տեսական առումով։ Տվյալ նպատակին հասնելու համար ոչ միայն ձեռնածություն էին անում ու խեղաթյուրում ժողովրդագրական տվյալները, այլև ռազմական գործողություններով, հրով ու սրով ձևափոխում առկա իրավիճակը։ Այսպես, Ա.Խատիսյանի 1919թ. փետրվարի 18-ին Փարիզի կոնֆերանսի քարտուղարությանը հասցեագրած հուշագրում նշվում է, որ 1914-1918թթ. Շուշիի գավառում ավերվել է 19 գյուղ՝ 1535 բնակիչներով16։ Ա.Ահարոնյանի հաջորդ՝ (ապրիլի 6-ին հղած) «Հայաստանի բնակչությունը» հուշագրում նշվում է պատերազմից առաջ Շուշի քաղաքում 23 հազար հայ բնակիչների մասին17։ //-64 Դեկտեմբերի 1-ի դրությամբ Ջ.Ռիան հաստատել է այդ թիվը Մ.Բրիստոլին (Կ.Պոլիս)՝ նշելով նաև 19.000 շիա մահմեդականներին18։ Ինչ վերաբերում է ամբողջ գավառին, ապա այնտեղ բնակվում էին 77,5 հազ. հայ և 61,6 հազ. շիա։ Վ.Հասկելի տեղակալը գրել է. եթե խոսենք ոչ թե ամբողջ՝ դաշտային տարածքը ներառող Ղարաբաղի մասին, այլ հայերի պնդած լեռնային հատվածի մասին, ապա այդ երկրամասի Ելիզավետպոլի, Ջիվանշիրի, Շուշիի և Զանգեզուրի գավառներում բնակվում են 239.043 հայեր, 8.269 ռուսներ ու 143.285 մահմեդականներ (ընդհանուր թվից 35,2 տոկոս)։ Մասնավորապես Շուշիի գավառում հիշատակվում էին 79.900 հայեր, 935 ռուսներ ու 23.132 մահմեդականներ։
Ջ.Ռիան նաև հավելել է, թե Ղարաբաղի 21 հազ. հայ փախստականները ցանկանում են և կվերադառնան իրենց տները, երբ այնտեղ վերականգվելու է կարգ ու կանոնը։ Սա կհանգեցներ հայերի բնակչության աճին 62,7-ից մինչև 64,5 տոկոս19։ Ամերիկացին զեկուցում էր, որ «թաթարներն, իրոք, պահանջում են այդ երկիրը տարվա տոթ եղանակին իրենց հոտերի և ամբոխների համար»20։ Ուշադրություն դարձնենք, որ 1917թ. տվյալների համաձայն, Լեռնային Այդ պարագային Ղարաբաղում ապրում էր 70 տոկոս հայ, որը կազմում էր 150 հազ. մարդ, և 25 տոկոս մահմեդական21։ Իսկ 1920թ. մարտի տվյալներով, որոնք Ա.Խատիսյանը ուղարկել է բրիտանացի Ջ. Ուորդրոպին, ամբողջ երկրամասում՝ ներառյալ Շուշին, Ջիվանշիրը, Կարիագինն ու Զանգեզուրը, հայերը կազմում էին բնակչության 72,75 տոկոս։ Ղազախի և Ելիզավետպոլի հետ միասին բացարձակ թիվը հասնում էր 355 հազ. մարդու22։
Անցնելով վիճակագրությունից քաղաքականությանը նշենք, որ գործող անձերից որևէ մեկի համար էլ գաղտնիք չէր, թե որքան կազմակերպված ու հետևողական էր հայկական Ղարաբաղի վրա իրականացվող հարձակումը։ Չ՞է որ 1920թ. հունվարի 19-ին հենց Խ.Սուլթանովն է պաշտոնապես գրել՝ քանի որ Փարիզի հաշտության կոնֆերանսը փակվել է, ուրեմն ոչ ոք այլևս Ղարաբաղով չի զբաղվելու, և վերջինս ամբողջովին պետք է ենթարկվի Ադրբեջանին23։ Նահանգապետը անտեսում էր այն հանգամանքը, որ համաձայնագրում խոսք էր գնում ոչ թե «Փարիզի», այլ պատերազմում հաղթող տերությունների գումարված «Հաշտության [այն] կոնֆերանսի» մասին, որտեղ հատկապես 1920թ. հունվարից հետո դաշնակիցներն անցել էին Թուրքիայի հետ պայմանագիր կազմելուն։ Այնուհետև, փետրվարի 19-ին հենց ինքը միանգամայն պաշտոնապես պահանջել է ղարաբաղցիներից լիակատար զինաթափում ու հպատակեցում։ Հատկապես այդ պահանջը վավերացնելու համար նահանգապետը պահանջել է գումարել ղարաբաղահայերի VIII համա-//-65 գումարը24։ Նա բացեիբաց խախտում էր 1919թ. առանց այդ էլ անբարենպաստ օգոստոսյան համաձայնագիրը, հետևաբար հայերի պատասխան գործողությունները միանգամայն հիմնավոր էին։ Մեր խնդիրն այն չէ, որ Ղարաբաղը հրաժարվեց ենթարկվելուց, այլ այն, որ հայերի համար արդար դիմադրության արդյունքում կործանվեց ու հրկիզվեց երկրամասի գանձն և ամբողջ Անդրկովկասում իր նշանակությամբ երրորդ քաղաքը՝ Շուշին։
Անդրադառնալով իրադարձությունների ընթացքին նշենք, որ Շուշիում Նուրի փաշայի փետրվարյան հայտնությունից անմիջապես հետո, նույն ամսի 20-ին հայկական կառավարությունը իր մտահոգությամբ լի բողոքի հեռագրեր է հղել և' Բաքու, և' Թիֆլիսում Անտանտի բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև Ա.Ահարոնյանին՝ Փարիզում տարածելու նպատակով։ Իսկ փետրվարի 29-ին Թեհրանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Հ.Արղությանը դիմեց իր ամերիկյան պաշտոնակից Ջ.Կոլդվելին՝ մատնանշելով, որ ադրբեջանական կանոնանվոր «զորքերը, թուրք գեներալների գլխավորությամբ, փորձում են զինաթափել Ղարաբաղն ու գրավել Զանգեզուրը»25։ Հարանման քայլերով նրանց իշխանությունը «ամբողջովին անտեսում է համաձայնագիրը, որը կնքվել է Ղարաբաղի հայ բնակչության հետ»26։ Առաքելով հուսալի ճշտված տեղեկություններ՝ Հ.Արղությանը խնդրում է Վաշինգտոնից «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որ հնարավոր լինի խուսափել իրադարձությունների հետագա անվիճելի ծանր զարգացումներից»27։
Փոքր-ինչ ավելի ուշ հետևեց Թիֆլիսում դաշնակիցների ներկայացուցիչներին ուղղված բողոքի նոտան՝ Աղդամում ու Վարարակնում (այնժամ անվանվում էր Խանքենդ) իրականացված կոտորածի առթիվ։ Նոտայում մասնավորապես ասվում է. «Ղարաբաղի հայ բնակչությանը ուղարկվել է վերջնագրի բնույթ ունեցող ա-ռաջարկ՝ զինաթափվել ու չխոչընդոտել ադրբեջանական զորքերի տեղաշարժերը դեպի Դիզակի, Վարանդայի և Ջերբաիլի շրջաններ, բացասական պատասխանի դեպքում սպառնում են ռազմական ուժ կիրառել։ ...Հայ բնակչությունը անկարող է օգտվել Աղդամ-Շուշի ճանապարհից, նրան հայտարարվել է տնտեսական բոյկոտ»28։ Եվ մարտի 20-ին՝ Շուշիի վրա հարձակումից երեք օր առաջ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը Զանգեզուրի Ազգային խորհրդից ստացել էր հեռագիր, որի պատճենները հանձնեցին դաշնակիցներին։ Հեռագրում ասվում էր. «Ադրբեջանը ենթարկվելու և զինաթափվելու մասին Ղարաբաղի հայ բնակչությանը վերջնագիր է ներկայացրել։ Հայերը, վերջնագիրը համարելով //-66 ... 1919թ. օգոստոսի 22-ի այն համաձայնագրի բացահայտ խախտում, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավորվել է չկատարել զորքերի տեղաշարժ և չզինաթափել բնակչությանը, նաև համարելով, որ տվյալ վերջնագիրը կանխորոշված կոտորածի նախերգանք է, մերժեցին վերջնագիրը։ Մարտի քսանի կողմերը Ադրբեջանը ձեռնամուխ եղավ հայերին ուժով զինաթափելուն։ Ղարաբաղի զանգեզուրյան բնակչությունը անցավ կատաղի պաշտպանության»29։ Իրադարձությունների ընթացքը ներկայացնում են նաև Թիֆլիսում և Երևանում հաստատված ղարաբաղահայության հայրենակցական միությունների նախագահներ ականավոր պատմաբան Լեոն ու Գ.Բալայանը. «Մարտի 20-ից սկսած՝ գեներալ Նովրուզովի բազմաթիվ զորքերն ու Խալիլ փաշայի և Խ.Սուլթանովի անթիվ հրոսակները, ուժեղ հրետանիով և գնդացիրներով հանդերձ, զինաթափման խնդիրը լուծելու համար հանկարծակի հարձակվեցին ռազմաճակատի երկայնքով մեկ առաջին գծի հայկական գյուղերի վրա և հրետանային համազարկերով երկրի երեսից ջնջեցին գյուղերի մի ամբողջ շարք, որոնք, հրի մատնվելով, կործանվեցին»30։
Մեջբերված վկայություններից բացի, բազմաթիվ այլ վավերագրեր էլ ամբողջովին հերքում են քաղաքի ոչնչացման սկիզբ հանդիսացած, իբր անառիթ 1920թ. մարտի 23-ի ապստամբությանը վերաբերող պնդումները։ Ըստ Բախշի Իշխանյանի գնահատումների և շուշեցիների կոմիտեի նախագահ Տիգրան Տեր-Գրիգորյանի տվյալների՝ զոհվել է ոչ պակաս, քան 8.988 հոգի, 1000-ը վիրավորվել է, և բնակչության գրեթե կեսը ինքնապաշտպանության փոքրաթիվ ուժերի հրաձգության ներքո կարողացել է հեռանալ քաղաքից։ Զոհվածների թվում հիշատակենք Ա.Ծատուրյանին (Ռուբենին) և Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տեր-Գրիգորյանին, բժիշկ Ն.Յարամիշյանին, բանաստեղծներ Մ.Ջանումյանին, Փիրջանյանին, ուսուցիչներ Թավրիզյանին, Տեր-Գաբրիելյանին, Էլեոնորա Տեր-Դավթյանին։ Քաղաքի հետ, որտեղ հրկիզվեցին 7.000 տներ, ավերվեցին ու հրի մատնվեցին 40 գյուղեր, այդ թվում՝ Շուշիի և Ասկերանի միջև գտնվող բոլոր գյուղերը31։
Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն պաշտոնական բողոքներ էր հղում Անտանտի բոլոր ներկայացուցիչներին, այլև իր բանակն է գործի դրել։ Այսպես, Ա.Խատիսյանի մարտի 28-ի և 30-ի հեռագրերում ասվում է, որ ադրբեջանական կանոնավոր ստորաբաժանումները՝ անկանոն հրոսակների օժանդակությամբ, հարձակվում էին ողջ Ղարաբաղի և Զանգեզուրի վրա՝ ոչնչացնելով բնակավայրերը ռազմաճակատի երկայնքով մեկ։ «Շուշիում կոտորել են ամբողջ բնակչությանը։ Այդ նախօրոք ծրագրված հարձակման նպատակը, ինչպես դա բազմիցս տեղեկացնում էր //-67 հայկական կառավարությունը, հայկական Ղարաբաղը և Զանգեզուրը զենքի ուժով ամբողջապես ենթարկեցնելն է՝ ի հեճուկս բնակչության ցանկության և Հաշտության կոնֆերանսի ցուցումների։ ...Ադրբեջանական կառավարությունը՝ մոտավորապես ապրիլի 1-ին Թիֆլիսում գումարվելիք Անդրկովկասի երեք հանրապետությունների համաժողովի շեմին, ի կատար է ածաում իր, թուրքերի կողմից թելադրված մտադրությունը՝ ոչնչացնել Ղարաբաղի և Զանգեզուրի երեքհարյուրհազարանոց հայկական բնակչությանն ու Նախիջևանի վրայով կապ հաստատաել Թուրքիայի հետ»32։
Իր հերթին, Ադրբեջանում եռանդով օգտագործում էին իր զինվորների վրա իբր թե անառիթ հարձակման մասին վարկաձը։ Այնուամենայնիվ, երբ ապրիլի 11-ին Երևանից պահանջեցին մի բազմակողմ պատվիրակություն ուղարկել Շուշի՝33 իրավիճակը պարզելու համար, ապրիլի 19-ին Թիֆլիսում իրականացվող Անդրկովկասի հանրապետությունների II համաժողովում ու մարտի 30-ին՝ Բաքվում34, մուսավաթական դահլիճը կտրականապես մերժեց ցանկացած հանձնաժողովի մուտքը կործանված քաղաք, լիներ դա երկրամասի հանրապետությունների անունից գործուղված վեցհոգանոց կազմը, թե եվրոպացիների եռակողմ խումբ։ Երևանի ռազմական միջամտությունը չհասցրեց փրկել քաղաքը, սակայն նա օգնության հասավ գավառին և Անտանիտի գործակալներից ոչ մեկն էլ չվիճարկեց ՀՀ դահլիճի առաջ քաշած մեղադրանքները։ Ավելին, եռակողմ պատվիրակությունը միանգամայն կիսեց նրա մտահոգությունը՝ վերահաս վտանգի հետ կապված։ Բացի դրանից, ՀՀ բանակի 1920թ. ապրիլին հաջողված, թեև ուշացած գործողությունները հանգեցին երկու կարևոր որոշումների։ Առաջինը դա Դիզակի և Վարանդայի հայ ազգաբնակության ներկայացուցչական ժողովի ապրիլի 18-ին կայացած վճիռն է35։ Երկրորդը՝ ղարաբաղահայերի IX համագումարի ապրիլի 25-ի որոշումն է՝ նույնպես միավորման և հանրապետության վարչակարգը ճանաչելու մասին։ Մեջբերենք ապրիլի 25-ի վճիռը.
«1. Չեղյալ հայտարարել արցախահայության VII համագումարի անունից Ադրբեջանի կառավարության հետ կնքված ժամանակավոր համաձայնությունը՝ ելնելով այն բանից, որ այն խախտվել է Ադրբեջանի //-68 զորքերի կողմից Շուշիում և գյուղերում հայ բնակչության դեմ կազմակերպված հարձակմամբ։
2. Հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը, որպես նրա անբաժան մաս»36։
Այս իրադարձության հետ կապված, հիշենք Ներքին Թաղավարդում գումարված ժողովի պատգամավորներին՝ նախագահ Արշավիր Քամալյանին, փոխանորդ Նիկոլայ Իսախանյանին, քարտուղարներ Արշավիր Մուսայելյանին և Աբրահամ Կիսիբեքյանին, մասնակիցներ Արսեն Հովհաննեսյանին, Ասլան Շահնազարյանին, Միքայել Մուրադյանին, Արցախի ժամանակավոր կառավարչության անդամներ Աստվածատուր Ավետիսյանին, Խաչատուր Մելքումյանին, Հարություն Թումյանին, Լյուդվիգ և Տիգրան Տեր-Գրիգորյաններին, Գրիգոր Ղարագյոզյանին, Արսեն Միքայելյանին37։
Մեջբերված որոշումները նոր եռանգ են հաղորդել միջազգային իրավարարության խնդրին։ Ինչպես գիտենք, 1919թ. Ղարաբաղի հայությունը փոխզիջման կարգով ընդունեց Փարիզի հաշտության կոնֆերանսի միջնորդությունն ու միաժամանակ բացառեց նրա իրավասության տարածումը Զանգեզուրի վրա։ Այնուհետև, նոյեմբերի 23-ին, Թիֆլիսում կնքելով հայ-ադրբեջանական համաձայնագիրը, կողմերը պայմանավորվեցին իրենց բոլոր հարցերում, ներառյալ սահմանայինը, ճանաչել Ջ.Ռիային որպես իրավարար, եթե իրենք չեն կարողանա կարգավորել կուտակված խնդիրները ուղղակի բանակցությունների միջոցով38։ 1920թ. փետրվարի 25-ի դրությամբ Լոնդոնի կոնֆերանսի հանձնաժողովը ցանկություն հայտնեց զբաղվել Անդրկովկասով, իսկ ՀՀ պատվիրակությունը մարտի 19-ին և ապրիլի 8-ին երկու անգամ ընդառաջեց այդ ցանկությանը նրա պաշտոնական խնդրանքներով։ Ճիշտ է, Ջ.Քերզոնի հետ ապրիլին կայացած բուռն հանդիպման ժամանակ Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը իմացան, որ այդ խնդրին անդրադառնալու են Թուրքիայի հետ հիմնական պայմանագիրը կնքելուց հետո միայն։ Այնուհետև, ապրիլի 16-ին, Փարիզում ներկա վրաց պատգամավորները դժկամությամբ կնքեցին եռակողմ համաձայնագիրը, ըստ որի՝ սահմանային բոլոր վեճերը 6 շաբաթվա ընթացքում պետք է կարգավորվեին տեղում կամ փոխանցվեին իրավարարի դատին39։ Ընդ որում, խորհրդային իշխանությունը ընդունելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ, Փ.Խան Խոյսկին ճառաբանում էր ապրիլի 19-ին և 22-ին՝ անդրկովկասյան II համաժողովում, հայերի անհուսալիության և իրավարարության ցանկալիության մասին40։
Նա լավ էր հիշում անգլիացիների դիրքորոշումը Ղարաբաղի հանդեպ։ Հասկանում էր, թե որքան նպաստավոր էին նրա համար կործանված Շուշին ու հայերի նոր ժողովրդագրական կորուստները։ Դրանով հանդերձ՝ արգելելով //-69 քննչական հանձնաժողովի մուտքը Շուշի, Ադրբեջանի արտաքին գործոց նախարարը ընդլայնում էր այդ խմբի գործունեության ոլորտը Ղազախի, Կարսի և Օրդուբադի վրա։ Իսկ երբ Ս.Մամիկոնյանը հիշեցրեց Նախիջևանի, Ելիզավետպոլի, Նուխու, Արեշի և նույնիսկ Երևանի գավառների մասին, նրա ախոյանը ակամայից բերանից թռցրեց, թե ակնկալում էր լուծման հասնել բոլորովին այլ ուղիներով41։ Որպես լրացում նա հայտարարեց, որ բանակի ուժով բնակչության ոչնչացումը պատճառ չի կարող լինել, նրա դահլիճի «հայերի հանդեպ ինքնիշխանության որևէ սահմանափակումների»42։ Նրա վարքագիրը բնորոշ է ադրբեջանական դիվանագիտության համար և խրատական է, նամանավանդ, երբ վերջինս եռանդով նախատում էր մեզ՝ հայերիս, ազատատենչության և անկախության գաղափարներին նվիրվածության բացակայության համար։
Այժմ՝ Շուշիի ողբերգության 90-րդ տարելիցին, մենք հավաքվեցինք ազատագրված ու հայկական Շուշիում, որպեսզի հիշատակենք նրանց, ովքեր զոհվեցին 1920թ. մարտի 23-ին և նրանց, ովքեր 1992թ. մայիսի 9-ին ազատագրեցին այս քաղաքը։ Մենք բոլորս կարծում ենք, որ մշակույթի կենտրոն դառձած Շուշին ու վարչա-արդյունաբերական Ստեփանակերտը լավագույնս լրացնելու են իրար, որպեսզի շենանան, բարգավաճեն, և որ նրանց ապագան մեր բոլորի գործն ու հոգսն է, այլ ոչ միայն այդ երկու քաղաքների բնակչությանը։ Շնորհակալություն։
Մեջբերումներ
1) Շուշին քաղաքակրթության օրրան։ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժոողովի նյութերը։ Ե., ՀՀ ԳԱԱ Գիտություն, 2007, էջ 150-174:
2) United States National Archives, Washington D.C., Record Group 59 General Records of the Department of State, class 860J.01/document 180/Encl.1, p.2 (այնուհետև՝ US NA, RG 59); T1192, Roll 2, Records of the Department of State Relating to Internal Affairs of Armenia, 1910-1929. The National Archives, 1975; Հայաստանի Ազգային արխիվ, միկրոժապավենների հավաքածու, № 38 (այնուհետև՝ ՀԱԱ, մհ):
3) US NA, RG 59, 860J.01/180/Encl.1, p.3.
4) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.35, թ.122: Տես նաև Մ.Թումանյանի՝ Վ.Հասսկելի համար կազմված 1919թ. օգոստոսի 26-ի հուշագիրը. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.362, թ.41; Մ.Բրիստոլի՝ Ռ.Լանսինգին հասցեագրած 1919թ. դեկտեմբերի 5-ի նամակը. US NA, RG 59, 860J.01/ 158, p.1; T1192, Roll 1:
5) US NA, RG 256 Records of the American Commission to Negotiate Peace, 184.021/126/Encl.1; M820, Roll 230, vol.204, General Records of the American Commission to Negotiate Peace, 1918-1931. American Delegation. Field Mission of the American Delegation. Harbord Military Mission to Armenia. //-70 Microfilm publications, Wash., the NA, NA and Records Service, General Services Administration, 1970.
6) US NA, RG 59, 860J.01/180/Encl.1, p.4.
7) Ibid., 760J.90c/-, p.1; T1192, Roll 2, Records of the Department of State Relating to Political Relations Between Armenia and other States, 1910-1929. The National Archives, 1975; ՀԱԱ, մհ № 35:
8) US NA, RG 59, 860J.01/180/Encl.6.
9) ՀԱԱ, ֆ.275, ց.5, գ.101, թ.98 և 98Բ։
10) US NA, RG 59, 760J.90c/-, p.2.
11) Ibid., 860J.01/180/Encl.1, p.4; Encl.3.
12) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.427, թ.236 դարձ.։ Ընդամենը 4 օր հետո այդ մասին գրվել է հայկական մամուլում, տե՛ս Հարությունյան Հ.Մ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921թթ.։ Ե, ՀՀ ԳԱԱ Գիտություն, 1996, էջ 205:
13) US NA, RG 59, 860J.01/180/Encl.3, 5.
14) Ibid., 760J.90c/-, p.1.
15) Ibid., 860J.01/180/Encl.1, p.4-5; Encl.5, p.2. Տես նաև. Հարությունյան Հ.Մ., նշվ.աշխ., էջ 203:
16) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.199, թ.125։
17) Նույն տեղում, գ.193, թ.336։
18) US NA, RG 59, 860J.01/180/Encl.1, p.3.
19) Ibid.
20) Ibid.
21) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.128, թ.245; Шахатунянъ А., Административный передђлъ Закавказскаго края. Тифлисъ, Ашхатаворъ, 1918, с.71,108, 141; Hovannisian R., Republic of Armenia, in 4 vols. Berkeley & Los Angeles, University of California, 1971, vol.I, p.79, 81; Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов. Под ред. В.А.Микаеляна. Ереван, АН Армении, 1992, с.334; Հարությունյան Հ.Մ., նշվ.աշխ., էջ 33:
22) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.556, թ.62:
23) Աբրահամյան Հ.Բ., Մարտնչող Արցախը, Գիրք Ա, 1917-1923։ Ե., Զանգակ-97, 2003, էջ 170-171:
24) Տես VIII համագումարի բողոք-հուշագիրը, որն ուղարկվել է Թիֆլիս, դաշնակիցների և Անդրկովկազի հանրապետությունների ներկայացոււցիչներին, ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.563, թ.48-50 դարձ.; Աբրահամյան Հ.Բ., նշվ.աշխ., էջ 173:
25) US NA, RG 59, 760J.90c/2/Encl.
26) Ibid. //-71
27) Ibid.
28) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.427, թ.237 դարձ.:
29) Նույն տեղում, թ.238-238 դարձ.։
30) Նույն տեղում, գ.563, թ.3 և գ.427, թ.238 դարձ.; հրապարակվել է՝ Нагорный Карабах в 1918-1923 гг., с.396: Հեռագիրը կազմվել է ռւսերեն այն հայերեն է շարադրել սույն տողերիս հեղինակը։ Տե՛ս նաև. Հարությունյան Հ.Մ., նշվ.աշխ., էջ 212, 218:
31) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.516, թ.5, 11; գ.563, թ.69 դարձ.; գ.576, թ.6; Աբրահամյան Հ.Բ., նշվ.աշխ., էջ 184-186; Հարությունյան Հ.Մ., նշվ.աշխ., էջ 219:
32) Նույն տեղում, գ.486, թ.143:
33) Նույն տեղում, գ.427, թ.253-254:
34) Նույն տեղում, գ.576, թ.11 դարձ.; գ.427, թ.254; Հարությունյան Հ.Մ., նշվ.աշխ., էջ 227-228:
35) ՀԱԱ, ֆ.4033, ց.3, գ.401, թ.994-94 դարձ.; և ց.5, գ.461, թ.94։ Որոշումը թարգմանվել է ռուսերեն և փոքր վրիպումներով հրատարակվել է. Нагорный Карабах в 1918-1923 гг., с.425-427:
36) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.581, թ.98; հրապարակվել է. Աբրահամյան Հ.Բ., նշվ.աշխ., էջ 196:
37) Տես. Нагорный Карабах в 1918-1923 гг., с.425-427; Աբրահամյան Հ.Բ., նշվ.աշխ., էջ 194, 197; Հարությունյան Հ.Մ., նշվ.աշխ., էջ 231-233:
38) ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.282, թ.35:
39) Նույն տեղում, ց.2, գ.130, թ.2:
40) Նույն տեղում, ց.1, գ.576, թ.15, 20-20 դարձ.:
41) Նույն տեղում, թ.15:
42) Նույն տեղում, թ.6: //-72