1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության

քաղաքականության առանձնահատկությունները

 

 

1918-1920թթ. ինչպես և այսօր, Հայոց երկրի անկախությունը նախ և առաջ հարուցում է ռազմական պաշտպանության խնդիրն ու այն լուծելու անհրաժեշտությունը։ Ինքնիշխան պետության գոյությունը երևան է բերում հին ու քարացած հակասութուններ, որոնք մշտապես հղի են զինված ընդհարումներով։ Ոչ միայն 1918-1920թթ., այլև նախորդ դարերի ընթացքում հայ ժողովրդի Հայրենիքը չէր ամփոփվում իր իսկ այգային պետական միավորների սահմաններում։ Մեր բնօրրանը մշտապես բաժանված է եղել երկու կամ ավելի կայսրությունների միջև։ XX դարասկզբին դրանք էին Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը։ 1918-1920 թվականներին իրավիճակը բարդացել էր կտրուկ և աղետալի արագությամբ։ Այժմ խոսքն օսմանյան ու քեմալական Թուրքիայի, Դենիկինի ու բոլշևիկյան Ռուսաստանի, Պարսկաստանի, (1918թ. դեկտեմբերի 12-ից) Շուշիից ու (1919թ. հունվարի 12-ից) Կարսից (ն.թ. հունվարի 26-ից) Նախիջևանն ու (փետրվարի 7-ից) Երևանը տարածված անգլիական ռազմակալման, ինչպես և ֆրանսիական զորքերի՝ (1918թ. դեկտեմբերի 20-ին Ադանա դամանած) Հայկական լեգեոնի ու 412-րդ հետևակային գունդի մասին էր։

Դրանց ավելանում էր ամերիկյան մարդասիրական և քաղաքական ներկայությունը (ի դեմս 1919թ. հուլիսի 11-ին Երևանում բացած Ամերիկյան նպաստամատույց վարչության գրասենյակի պետ մայոր Ս.Ֆորբսի), ինչպես և պատերազմական գործողություններն ու հակասությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Ըստ երևույթին, 1918-1920թթ. Ըստ երևույթին, Հանրապետությունն ապրում էր լիակատար շրջափակման պայմաններում, իսկ երկաթուղային Բաթում - Թիֆլիս - Ալեքսանդրապոլ - Կարս - Սարիղամիշ, Ալեքսանդրապոլ - Երևան - Նախիջևան - Ջուլֆա ճանապարհներն ու Թիֆլիս - Շամխոր - Գանձակ - Բաքու ճյուղը շահագործվում էր միայն բրիտանական 27-րդ դիվիզիայի զինված հսկողության ներքո։

Հիրավի, պետության կայունությունը գնահատվում է հստակ գծված սահմաններում նրա բնակիչներին պաշտպանելու ունակությամբ։ Նման հնարավորությունը քիչ թե շատ իրական էր ՀՀ պաշտոնապես ճանաչված եզրերում, այն է՝ Արևելյան Հայաստանի մեծ մասում։ Սակայն որևէ պաշտպանության իրականացումը բոլորովին անիրական էր ավերված և ամայացած Արևմտյան Հայաստանի նահանգներում։ Ամերիկյան մանդատն այդ երկրամասի նկատմամբ ու արտաքին զինված պաշտպանությունը պարտադիր պայման էին բնակիչների հայրենադարձության ու նրանց պարզ գոյատևման համար։ Փարիզի հաշտության կոնֆերանսը գործուղված Պողոս Նուբարն և 1919թ. փետրվարի 4-ին այնտեղ ժամանած Ա.Ահարոնյանը1 իրենց աշխատանքի սկզբին՝ նույն ամսին 12-ին, վեհաժողովի քարտուղարությանը ներկայացրին առավելագույն պահանջներով ու Կիլիկիան ընգրկող սահմաններով մի հուշագիր2։

Ընդ որում, առավելագույն պահանջները ներկայացնում էր Ազգային պատվիրակության նախագահը՝ դրանով նա հնարավորություն էր ընձեռում Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջնորդներին անկաշկանդ կիսել ու փոխանակել Արևելքի լայնարձակ տարածքները։ Ինչ վերաբերում է ազգային պետության պատվիրակ Ա.Ահարոնյանին, ապա նա պնդում էր ավելի իրական պահանջների վրա։ Հետագայում, հատկապես 1919թերկրորդ կեսին - 1920թ., նրանք՝ ինչպես և Վաշինգտոնում ՀՀ դեսպանորդ Գ.Փաստրմաճյանըիրենց հավանություն էին հայտնում ցանկացած արտաքին խնամակալության և բոլոր այն եզրերին, որոնք նրանց առաջարկում էին Արևմտյան Հայաստանում։ «Ազատ ձեռքերի» նման թողտվությունը շարունակվեց մինչև 1922թ., սակայն դա չհանգեցրեց դրական արդյունքների։ Այնինչ, այսօր մենք պետք է պնդենք ցանկացած պետության կողմից նրա ազդեցության գոտին ինքնուրույն որոշելու անհրաժեշտությունը։  Եվ, անկասկած,  բոլոր պահանջները հարկավոր է առաջ քաշել միմիայն սեփական ուժերի բավական լինելու պարագայում։

Քաղաքական, միջպետական հարաբերությունների ոլորտում ապարդյուն են սկզբունքային, առավելագույն պահանջները, երբ նրանց չեն ապահովվում ուժով։ Միանգամայն վտանգավոր և անօգուտ է պաշտպանել ազգային շահը տեսականորեն, առանց հաշվի առնելու շահագրգռված ուժերի հարաբերակցությունը։ Տեսության, ավելի ստույգ՝ անցյալի իրադարձությունների վրա հիմնվելը, պատմության և նրանով զբաղվող պետական հաստատությունների իրավասությունն է։ Մենք պետք է հստակ տարբերենք գիտության և քաղաքականության բնագավառները։ Դիվանագետները կարող են ու պետք է հիմնվեն պատմական տվյալների վրա այն ժամանակ, երս իրենց առաջ քաշած խնդիրներն ապահովվում են պետության բոլոր հնարավորություններով։ Միանգամայն արդյունավետ է ներգրավել պատմության տվյալներն, երբ խոսքը Հայաստանի Հանրապետության ներկա տարածքի, Արցախի, Նախիջևանի, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների մասին է։ Սակայն քիչ օգտավետ է քաղաքականությունը, երբ այն ելնում է ոչ թե իր հասարակության զորությունից կամ տնտեսական շահերից, այլ անցյալի անցուդարձերից։ Այսպես, Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ոլորտում անցյալը պետական որակավորում ստացած պատմաբանների, գրականության և արվեստի գործիչների, լրագրողների, ողջ հասարակության և նրա կազմակերպությունների արտոնությունն է։ Ինչպես ցույց է տալիս իրականությունը, Թուրքիան ոչ միայն անտեսել է, այլ կոպտորեն աղավաղել և աղավաղում է պատմության ամենացայտուն փաստերն անգամ, այդ թվում՝ օսմանյան և քեմալական բանակների 1918-1920 թվականներին իրագործած Եղեռնը։ Նման նենգ գործելակերպը բնորոշ էր նրա Առաջին Հանրապետության հետ ձևավորված հարաբերություններին և շարունակվում է առայսօր։

Հաշվի առնելով ցեղասպատության բոլոր հետևանքները, հարկադրված ենք հասկանալ, որ պետական ու Հայրենիքի սահմանների միջև առկա տարբերությունը խթացնում է ներքին հակասություններ։ Հայ ժողովրդի բոլոր մայր ցամաքներում բնակվելու իրողությունը, անկասկած, բարդացնում է Սփյուռքի հետ տարվող մեր աշխատանքն ու բազմատեսակ ազդեցություն է գործում մեր ազգային խնդիրների վրա։ Ամեն մի պետություն, երբ օժանդակում է Հայաստանին, այնուամենայնիվ, մտապահում է սեփական շահերը։ Ու միշտ չէ, որ մեզ հաջողվում է ձևավորել խնդիրների և նպատակների ընդհանրություն։

Հետևաբար, մեր ներկայիս պետության համար շատ ցանկալի է սևեռվել արտաքին երկկողմ հարաբերությունների վրա՝ հարգելով, բայց չխաբվելով այլ երկրների քաղաքական միջամտության հարցերում։ Մեզանից է կախված, արդյոք կկարողանա՞նք օգուտ քաղել նման միջամտություններից։ Ի՞նչ է առաջացնում արտաքին օգտությունը։ - Մեծ մասամբ՝ մեր նվաճումները, իսկ 1918-1920թթ.՝ մեր պետության հեռանկարային աճն՝ իր ապագայում հասանելի հարստություններով և ընդերքով հանդերձ։ Բազմաթիվ հզոր պետությունները այսօր էլ աջակից կլինելու, սակայն երբեք չեն կարգավորի մեր փոխարեն մեր հիմնախնդիրը։ Նրանք երբևիցե գործիք չեն դառնա, նկատի ունենալով մարդկային ու նյութական պաշարների այն հսկայական անհավասարությունը, որը գոյությու ունի մեր ու նրանց միջև։ Այդ առումով, 1918-1920թթ. Հայաստանի անկախ պետությունից սկսած, այսօրվա մեր հանրապետության համար չափազանց կարևոր են երկարատև աշխատանքի և փորձի կուտակման հանգամանքները։ Չէ, որ մենք հայտնվել ենք երկարատև քաղաքականության հունում, որը պահանջում է հետևողականություն ու ժառանգորդություն՝ իշխանությունների պարբերաբար փոխելիությամբ հանդերձ։ Նման գործելաոճը վաղուց հաստատվել է եվրոպական բոլոր երկրներում, որոշ շեղումներով այն իրականացվել է նաև 1918-1920թթ. ու միանգամայն ընդունելի որակով կենսագործվում է մեր արդի հասարակության կոցմից։

Որպես ժողովուրդ՝ ամբողջությամբ վերցրած, Հայրենիքում և Սփյուռքում պետք է ընդունենք, որ այսօր Արցախը պաշտպանում է Հայաստանը Նախիջևանին նմանեցվելու վտանգից։ Ներկայիս Արցախը մեր անվտանգությունն է, մեր մտահոգությունն է, մեր արտաքին քաղաքական խնդիրն է, մեր մեղադրանքը։ Այս հարցում խտացել են ցեղասպանությանն ու տարածքներին վերաբերող վեճերը, մեր պատմական պահանջներն ու միջազգային իրավունքը, Կարսի, Վանի, Սասունի, Խարբերդի կամ Կիլիկիայի մեր կարոտը. այն մեր երկարակեցության, ինքնագիտակցության ու համախմբման գրավականն է։ Նա մեր ազգային առաջնությունն է և, որպես այդպիսին, պահանջում է այսօրվա Հայաստանի Հանրապետության հնարավորինս հուսալի ամրացումն ու բազմակողմանի զարգացումը։

1918-1920 ու 1988-2018թթարտաքին քաղաքական իրավիճակների նմանությունն ու տարբերությունը ընկալելու համար մեջբերեմ մեկ հուշագիր։ Այն կազմել է 1919թսեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 15-ը Ադանայից Երևան լայնարձակ տարածաշրջանն այցելած Ջ.Հարբորդի ամերիկյան առաքելության տնտեսական հարցերով խորհրդական, պրոֆեսոր Վ.Քամբերլենդը։ Վերլուծելով Անդրկովկասում Ամերիկայի հաստատվելու հեռանկարը, ն.թ. հոկտեմբերի 13-ին նա գրեց, որ Օսմանյան կայսրության եզրերում բրիտանական բանակի հետպատերազմյան զորեհացումը կամ Անդրկովկասի անկախության կայուն վիճակը անմիջապես բերելու են Գերմանիայի ճնշում՝ հանգեցնելով խորհրդա-գերմանական հնարավոր մերձեցմանը։ Վերջիններիս համագործակցությունը ցանկալի չէ Անգլիայի և ԱՄՆ-ի համար։ Անդրկովկասի ազգերը, գրեց Քամբերլենդը, գոյատևում են բարդ պայմաններում. «Չլինեին այս տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը և արտաքին միջամտության անխուսափելիությունը, ու եթե ներկայիս հանրապետություններին թույլ կտան կատարել ինքնակառավարման փորձ, ապա բոլոր հիմքեր կան հավատալու, որ Կովկասի ժողովուրդներն ունակ են իրենք իրենց կառավարել, գոցեև տերությունների մի փոքր ճնշման տակ։ Այնուամենայնիվ, առնվազն երեք ազգերը հանգիստ չեն թողնի այս հանրապետություններին»3։

Ռուսաստանը որևէ մեկին չի զիջի Գրոզնու և Բաքվի նավթի իր հսկողությունը,»- հիշեցրեց խորհրդականը։ Ու եթե ամերիկացիները նրան չվերադարձնեն այդ երկիրը «անմիջապես, երբ որ նա կվերականգնի իր քաղաքական հավասարակշռությունը, մենք միայն վտանգ կհարուցենք»4։ Հետևաբար, Միացյալ Նահանգները գերադասելու է ստանձնել իր նոր պարտականությունները միջազգային կազմակերպության անունից, լինի դա Ազգերի Լիգան կամ «ավելի լավ» հիմնարկ, ու ձգտելու է թշնամանքի փոխարեն առևտուր անել ռուսների հետ։ Պրոֆեսորը արգելք չէր համարում Խորհրդային իշխանության գոյությունն ու նրա գաղափարախոսությունը։ Արևմտյան կիսագունդը հեռու էր Մոսկվայից, ուստի 1919-1920թթ. դրությամբ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքում հաստատվելու ձգտումը չէր ընկալվում որպես նրա քաղաքական գերխնդիր։ Հետևաբար, ԱՄՆ-ը բարյացակամ էր տեղական անկախության կայացման նկատմամբ։ Սակայն ավելի մոտ գտնվող «Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ռուսաստանը վերջնականապես չեն հրաժարվի իրենց քաղաքական հավակնություններից, [ուստի] Թուրքիայի կամ Անդրկովկասի անկախությունը ընդամենը սրտաշարժ անուրջ են հանդիսանում»։ Ընդ որում, Միացյալ Նահանգները պետք է նպաստեր Թուրքիայի նորոգմանն ու հետևեր իր իսկ աշխատանքի շահավետ լինելուն։ Նկատի ունենալով, որ Անգլիան դեռ 1917թդեկտեմբերի 23-ին գծել էր իր ազդեցության գոտու եզրագիծը Կովկասի, Սև ծովի ու Բոսֆորի վրայով5, իրեն վերապահելով Ռուսաստանին հետաքրքրող Պարսկաստանի և ամերիկացիներին ձգող Միջագետքի շուկաները, ԱՄՆ-ին հարկավոր էր աստիճանաբար ամրանալ երկրորդ շուկայում ու խուսափել իր գլխավոր՝ բրիտանական մրցակցի հետ հարաբերությունների լուրջ սրումից։ ...

 

Մեջբերումներ

1. Հայաստանի Ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ), ֆ.200, ց.1, գ.193, թ.55, 59 դառձ.:

2.  Նույն տեղում, գ.557 հատ.1, թ.394-408, ֆ.1021, ց.2, գ.1005, թ.1-10, 6։

3. Unites States Vational Archives, Washington D.C., Record Group 256 Records of the American Commission to Negotiate Peace, class FW 184.021/document 329 (այսուհետև՝ US NA, RG) պահվում է՝ ՀԱԱ, M820 General Records of the American Commission to Negotiate Peace, 1918-1931, American Delegation, Field Mission of the American Delegation, Harbord Military Mission to Armenia/Roll 232. Microfilm Publications, Wash., National Archives and Records Service, General Services Administration, 1970, պահվում է՝ ՀԱԱ, միկրոժապավենների հավաքածու հ.4 (այսուհետև՝ ՀԱԱ, մհ)։         

4. Տե՛ս նաև Армения в документах Государственного департамента США 1917-1920 гг. Сост. и пер. с англ. Г.Г.Махмурян. Ер., 2012, с.300 (այսուհետև՝ Армения в документах):   

5. Great Britain Foreign Office Archives, Public Record Office, London, Class 371 Political/volume 3062/document 86860/file 61232/index 38/Encl. և Annex A; Documents on British Foreign Policy 1919-1939. Ed.by E.L.Woodward, R.Butler, 1st Series, in 27 vols., Lnd., 1949, vol.3, p.365, 369-370; ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.158, թ.78, 91; ֆ.1021, ց.2, գ.963, թ.90, 93: Անգլո-ֆրանսիական համաձայնության մասին և ազդեցության գոտիներ բաշխելու մասին տե՛ս W.S.Churchill, The Aftermath, The World Crisis 1918-1928, NY, 1929, p.167-168; L.Fischer, The Soviets in World Affairs, Lnd., 1930, vol.2, p.836; R.Hovannisian, Armenia on the Road to Independence, 1918, Berkeley, 1967, p.82; A.H.Arslanian, The British Decision to Intervene in Transcaucasia During World War I.- “The Armenian Review” (Boston), 1974, vol.27, № 2, p.153; Գ.Ա.Գալոյան, Հայաստանը և Մեծ Տերությունները 1917-1923թթ., Եր., 1999, էջ 20; В.Л.Мальков, Вудро Вильсон и новая Россия.- “Новая и новейшая история” (М.), 2000, № 1, с.133:        …