Գիտաժողովն ավարտվեց

 

Աշխատանքն ավարտեց Հայերի ցեղասպանությունը. պատմությունը, տեսությունը, քաղաքական պատասխանատվությունը թեմայով միջազգային գիտաժողովն, որն անց էր կացվում 1915 թվականի եղեռնի 75-ամյակի առթիվ։ Չորս օր Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում լսվում էին զեկուցումներ համաշխարհային պատմության ամենաարյունոտ ու բարբարոսական էջերից մեկի ուսումնասիրման տարբեր հարցերի շուրջ։

Ցեղասպանության թեման, որն այնպիսի ջանադրությամբ նենգափոխվում է թուրք զեղծարարների կողմից, գրավում է աշխարհի շատ երկրների գիտական մտքի ազնիվ ներկայացուցիչների սեվեռուն ուշադրությունը։ Այդ մասին վկայում էր երևանյան համաժողովին հավաքվածների բուն կազմը։ Նրան մասնակցում էին Ավստրիայից, Արգենտինայից, Արևմտյան Բեռլինից, Բելգիայից, ԳԴՀ-ից, Հոլանդիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Իտալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Ֆրանսիայից, ԳՖՀ-ից ժամանած 44 գիտնականներ։

Եզրափակիչ նիստում գիտաժողովի մասնակիցները միանշանակ դատապարտեցին հայերի ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ կատարված ծանրագույն ոճրագործություն։ Գիտաժողովը նաև նպատակահարմար համարեց դիմել Հայաստանի Գիտությունների ակադեմիային՝ առաջարկելով այստեղ ներկայացված զեկուցումները հնարավորին չափ սեղմ ժամկետում հրապարակել առանձին գրքով, ցանկալի է երկու-երեք լեզվով։

Աշխատանքի ընթացքում աշխարհի շատ երկրների հետազոտողները, որոնք զբաղվել են ցեղասպանության խնդրի քննությամբ, հանգեցին միահամուռ կարծիքի, որ անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ գործունեությունն այդ ասպարեզում։ Դա առավել ևս անհրաժեշտ է, քանի որ արխիվային, դիվանագիտական և պետական բազմաթիվ փաստաթղթեր բառացիորեն սփռված են աշխարհով մեկ։

- Ինձ թվում է, որ մենք հասանք ցանկալի նպատակի, - հարցազրույցի ժամանակ ասաց կազմկոմիտեի անդամ, հանրապետության Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Հ.Ավետիսյանը։ - Արտասահմանցի բազմահմուտ գիտնականների մասնակցությամբ անցած ժողովը մեզ համար լավ ազդակ կհանդիսանա հետագա աշխատանքի ընթացքում։

Միջազգային գիտաժողովի մասնակիցների անունից հեռագիր ուղարկվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Ա.Ի.Լուկյանովին։

 

Գրական թերթ։ Երևան, 27.04.1990, № 18 (2369), էջ 1: