Մեծ Բրիտանիան և 1918-1920թթ. Հայաստանի

Հանրապետությունը: Տարածաշրջանային քաղաքականության փորձը

համընդհանուր ճգնաժամի պայմաններում

 

Այս թեմայում ընդգրկված հարցերը ընթերցողի ուշադրությանն են ներկայացվում մի քանի պատճառով: Առաջինը. 1878-ից մինչև 1919թ. Բրիտանիան վճռական դեր էր խաղացել Հայկական հարցի պատմական ընթացքում: Փարիզի խաղաղության կոնֆերնասից սկսած, Մերձավոր Արևելքի լայնարձակ երկրամասում նրան համագործակցում ու մրցակցում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ու թեև ԱՄՆ-ի նախագահը եռանդուն մասնակցություն էր բերում հայկական մանդատի խնդրում, նրա երկիրը դեռևս երրորդական դիրք էր զբաղեցնում այդ տարածաշրջանում ու հայերի քաղաքական ճակատագրի որոշման հարցերում: Սա հասկանալի է. հատկապես Բրիտանիան էր հսկում Թուրքիա, որպես Եգիպտոսից - Հնդկաստան ռազմավարական երթուղու կարևոր օղակ:

Երկրորդ. արևմտահայերի ֆրանսիական մշակութային կողմնորոշումը չէր կարող օգտավետ լինել նրանց վիճակը բարելավելու գործում, քանի որ 1898թ. Ֆաշոդայի ճգնաժամից հետո Ֆրանսիան զուրկ էր այդ տարածաշրջանում ազդեցության էական միջոցներից: Արևմտահայերի ֆրանկո-եվրոպական դիրքորոշումը նրանց հասցրել է աղետի, որովհետև մշակութային նախապատվությունը դեռ բավական չէ ռազմաքաղաքական համագործակցության համար: Իսկ 1918թ. ոչ' արևմտահայությունը, ոչ' էլ Հայաստանի Հանրապեիությունը չեն ունեղել խաղակից լինելու համար անհրաժեշտ տնտեսական կամ քաղաքական տվյալներ: Մնում էր գաղափարախոսության ու քարոզչության ընդհանրությունը, որը նույնպես բավական չէր դաշինք ձևավորելու համար:

Երկրների համագործակցությունն ու մրցակցությունը կյանքի են կոչվում տնտեսական, ռազմաստրատեգիական և գաղափարախոսական գործոնների շնորհիվ: Երբ շահերի ընդհանրությունը ընդգրկում է թվարկված երեք ոլորտները` բոլոր կողմերը կարող են օգուտ քաղել: Այնինչ, հատկապես 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունը նոր գաղափարախոսական անդունդ էր բացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Վերջինը անտեսում էր բոլշևիզմի գերմանական՝ եվրոպական արմատներն, ուստի Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականությունը ընդունել էր գաղափարախոսական պատերազմի բնույթ: Այնուամենայնիվ, բրիտանա-ռուսական մրցակցությունը բխում էր ոչ թե գաղափարներից, այլ տնտեսական ու ռազմագիտական պատճառներից: Նոր գործոնը ուժեղացրել էր այդ մրցակցությունը, բայց ոչ ավելի: ԱՄՆ-ի պարագան ուրիշ էր: Նրա համար հնարավոր էր ռազմաստրատեգիական համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ, թեև այն չի կայացել, մեծ չափով, նոր երևան եկած լենինյան ուսմունքի շնորհիվ:

Իսկ Հայաստանի համար, Ռուսաստանի հետ նրա հարաբերություններում գաղափարախոսական վեճ ծավալելը անթույլատրելի շռայլությունն էր: Հայաստանի առաջնահերթ մտահոգությունն էր սեփական անվտանգության ապահովումը: Հաշվի առնելով, որ ՀՀ-ն գոյացել էր նախկին մետրոպոլիայի հիման վրա, որ Հանրապետությունը ձգտում էր վերամիավորել Օսմանյան կայսրության արևմտահայկական հողերը, որ նա գտնվում էր երկու քայքայվող պետությունների միջև և ինքը կրել էր 1915 թվականի վիթխարի ժողովրդագրական հարվածը՝ Հայաստանի վերաբերմունքը արտաքին աշխարհի հանդեպ պետք է լիներ շատ ճկուն: Այդպիսի ճկունություն դրսևորելու համար պետք են համապատասխան տեղեկություններ և փորձ: Ո'չ մեկը, ո'չ էլ մյուսը ՀՀ չի ունեցել: Այստեղ մանրամասն չենք անդրադառնա հայ դիվանագիտության սխալներին, որոնք առանձին շարադրանքի թեմա են։ Միայն ուշադրություն դարձնենք մեկ հանգամանքի. մենք շեշտ ենք դնում բրիտանական քաղաքականության վրա, քանի որ ՀՀ-ի երիտասարդ պետականությունը դեռևս չի դարձել միջազգային հարաբերությունների իրավազոր կողմ։ Նա ավելի շատ ենթակա էր Մեծ Տերությունների որոշումներին: Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ փաստացի կերպով չի ճանաչվել մինչև 1920թ. հունվարն, ու տեղ չի ստացել փարիզյան բանակցությունների սեղանին։ Հավասարապես, նա բազմաթիվ հուշագրեր է ներկայացրել, ունեցել է երկկողմանի առևտրայն համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, բայց միջազգային պաշտոնական փաստաթղթեր չի ստորագրել մինչև 1920թ. օգոստոսը: Պատահական չէ, որ առաջին աշխարհամարտից հետո ծավալված միջազգային հարաբերություների այդ ամբողջ ճգնաժամը անվանել են դիվանագիտության Մեծ խաղ: Եվ նույնիսկ փորձ ունեցած երկրները զգալի կորուստներ են կրել այդ խաղի արդյունքում:

Ի տարբերություն շատերի, թեև ԱՄՆ-ը զորք չի ունեցել տարածաշրջանում, նրա դիվանագիտական ազդեցությունը Մերձավոր Արևելքում անընդհատ աճում էր՝ 1918թ. հոկտեմբերից սկսած մինչև 1919թ. հունիսը: Միայն 1919թ. նոյեմբերի 19-ից հետո, երբ Միացյալ Նահանգները չի վավերացրել Վերսալյան պայմանագիրը, դրությունը կտրականապես փոխվեց: Մեծ Տերությունների հարաբերությունները գնահատելու համար, այդքան էլ կարևոր չեն նրանց ուղղակի կապերը՝ սակայն շատ ավելի կարևոր են նրանց դիրքերը երրորդ երկրներում: Ետպատերազմյան Մեծ խաղը համաշխարհային հումքի պաշարների և հաղորդակցման հիմնական ուղիների համար պայքար էր հանդիսանում: Ու եթե Բրիտանիան տանուլ էր տալիս Ռուսաստանին մի տարածաշրջանում (Կենտրոնական Ասիայում), նա ուժեղացնում էր ճնշումը երկրագնդի այլ կետերում. Թուրքիայում, Պաղեստինում:   …