Սոցիալ-տնտեսական որ բնագավառներում հետ մնալը

նպաստում էր 20-րդ դարի ցեղասպանության

գործողություններին: 1912-1915թթ. արևմտահայերի

ու արցախյան միավորման իրողությունների փորձը

 

Յուրաքանչյուր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար հարկավոր է, որ նա զարգացնի առկա ժամանակաշրջանին հատուկ և  որոշիչ հասարակական-տնտեսական գործունեության ոլորտները: Նրանց ավելանում են նաև պատմա-աշխարհագրական շարժառիթներից բխող աշխատանքի և հարաբերությունների ավանդական ձևերը: Կայուն ավանդույթներն իրենց մեջ  են պարունակում ժողովրդի ազգային կերպարը: Նրանց դժվար է արմատախիլ անել, որովհետև նրանք նշանային բնույթ են կրում, դառնում են իրական կյանքով թելադրած ինքնարժեք: Իսկ վճռորոշ ոլորտների զարգացումը ապահովում է ազգի մրցակցությունն ու կենսունակությունը: Երբ վերջի հանգամանքը չի ապահովվում, հասարակությունը սկսում է հետ մնալ, կորցնել իր հնարավորությունների և անվտանգության մասնիկը, դառնում է հոցելի և ավելի հեշտ է հպատակվում այլոց, արտաքին ուժերին: Այնուհանդերձ, շատ երկարատև հետամնացությունը կարող է վտանգին ենթարկել ազգի իսկ գոյությունը:

Ճշգրտելով բնակչության թվի կամ երկրի տարածության գործոնը, նշենք, որ XVII դարից` Նոր ժամանակից սկսած, վերընթաց նշանակություն են ստանում տեխնիկայի նվաճումներ, որոնք ի վերջո մարմնավորվում էին բանակի հանդերձանքում: Իսկ XX դարի սկզբից` Նորագույն ժամանակից, տեխնիկայի գործոններին ավելանում են գիտությունն ու քաղաքական կառուցվածքը:

Հասկանալի է, որ մեր, հայերիս խնդիրը բարդանում էր պատմական անցյալի պատճառով: Չէ՛ որ XX դարի սկզբին Արևմտյան և Արևելյան Հայաստանում ապրող ժողովուրդը բաժանված էր երկու պետությունների, այն էլ երկու կայսրությունների և բացարձակ միապետությունների միջև: Սակայն, եթե Ռուսաստանում ղեկավարում էր քաղաքացիական, բյուրոկրատական պաշտոնակազմը, ու 1864թ. ի վեր այնտեղ կար գործող, ընտրովի հաստատությունների մի համալիր, ապա Օսմանյան կայսրությունում տիրում էր աստվածպետական ռազմաավատակարգ։ Միայն 1908թ. սկսած, նրա ներսում ճգնում էին գործի դնել սահմանադրությունը: Պետական կառուցվածքների տարբերությունը արտահայտվում էր ոչ միային երկրների տնտեսական մակարդակի միջոցով, այլև արտացոլվում էր Արևելյան և Արևմտյան Հայաստանին տրված հնարավորություններում: Իսկ այն ընդհանրությունը, որը հատուկ էր երկու միահեծանությունների համար, թելադրում էր նրանց ժամանակի տրված հնարավորություններից հետ ընկնելը, ինչը հղի էր լայնածավալ ներքին ճգնաժամերով: Ռուսաստանի ճգնաժամը դրսևորվում էր հեղափոխություններով: Թուրքիայի համար, որտեղ ոչթուրք ազգերի առօրյան տնօրինում էին արտատնտեսական հարկադրման եղանակով, և որը միաժամանակ գտնվում էր Եվրոպայի ճնշման տակ, գործը մի փոքր այլ տեսք ուներ: Կայսրություն, և ինքն էլ կիսագաղութ, Թուրքիան ընդունում էր նրան պարտադրած բարենորոգումները բացառապես ռազմական բնագավառի համար:

Հիշենք, որ 1912թ. վիճակով գյուղացիությունը կազմում էր օսմանյան բնակչության 95 տոկոս, իսկ Թուրքիայի ռազմական ծախսերը կազմում էին 38 տոկոս, Ֆրանսիայի՝ 29 տոկոսի, Անգլիայի՝ 33,3 տոկոսի և Գերմանիայի՝ 36,8 տոկոսի դիմաց: Օսմանյան բյուջեյի ևս 28,6 տոկոսը  ծախսվում էր պետական պարտքերը մարելու համար: Հողայն հարցի սրության պայմաններում մշակվում էր հողագործության համար պիտանի տարածության 45 տոկոսից ոչ ավելի, ընդ որում գյուղացիներին պատկանում էր արտերի մեկ երրորդը, կամ հողային ֆոնդի 15 տոկոս1: Սա ճգնաժամներին բնորոշ վիճակ է, որովհետև հողի համար պայքարն ընթանում է իշխանության, հսկողության, հարստանալու բայց ո՛չ թե նրան մշակելու նպատակով:

Տնտեսական բարենորոգումները թելադրում էին մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, հետևաբար` ամեն ազգի հպատակների տան ու կյանքի ապահովում։ Նորն յուրացնելու համար պահանջվում էր օրենքի և դատարանի առջև անձերի հավասարություն, ինչը խախտում էր դասային արտոնությունների և նախապաշարմունքների նախկին համակարգը։ Ու վերջապես, որպես մրցակցության հիմք պահանջվում էր հարկերի կայունություն ու նրանց պաշտոնականություն: Այդ ամենին պետք է գումարվեր անցումը քաղաքացիական գաղափարախոսության` սկզբից պանիսլամիզմից դեպի պանօտտոմանիզմ, իսկ այնուհետև` երբ կայսրությունը չի կարողացել լուծել իր առջև հարուցած խնդիրներն ու սկսեց հրաժարվել լայնածավալ բարենորոգումներից, նա անցել էր թուրքական ազգայնամոլության:

Նկատի ունենանք. երբ բարենորոգումները ուղղվել են միայն բանակի արդիականացմանը, գաղափարախոսությունն ու քաղաքականությունը հանգեցրին ռազմամոլության ու թուրքական ազգայնականության: Ընդգծենք, որ հայրենասիրության ելակետը ժողովրդի զարգացման ապահովությունն է, իր իսկ աշխատանքով: Իսկ ազգայնամոլության հենարանը գերիշխումն է, երբ այլ ժողովուրդները պարտավոր են հարստացնել գերիշխող ազգին: Երբ բացակայում է ազգային շահագործում` չկա ազգայնամոլություն:

Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրության, ապա նրա պարագայում ազգայնամոլությունը ակներև էր: Մեջբերեմ 1911թ. Սելանիկում գումարված երիտթուրքերի համաժողովի որոշումները: Նրանք են. 2. Ջարդերը ազնվականությանը ցասումն է անարգ ցեղերուն դեմ, որոնք նկատված են իբրև վտանգավոր թշնամիներ:

3. Անգամ մը որ որոշված է, ջարդերու ծրագիրը պետք է գործադրել ամբողջությամբ: ...

4. Զինվորական անհրաժեշտություն մըն է ժողովուրդներու ջարդը, առանց տարիքի և սեռի խտրության:

5. Թշնամի ցեղի մը մանուկները ջարդելը կանխարգել միջոց մըն է ազգային պաշտպանության2:

Բարենորոգման խնդրների սահմանափակությունն ու ռազմամոլությունը հարցականի տակ էր դնում նրանց բարեհաջող ավարտի հնարավորությունը: Զրկվելով հասարակական հենարանից, նրանք օգտակար էին իշխանամետ շատ նեղ օղակներին ու հեշտությամբ չեզոքացվում էին տեղերում ավատական սեփականատերերի և պաշտոնյանների նենգադուլով ու կաշառակերությամբ: Ինքն իրեն, սեփականության խոշորացումը հարցեր չի լուծում, եթե չեն փոխվում հասարակական հարաբերությունները: Իսկ օսմանյան միջավայրում կապիտալիզմին հակադրվում էր ավատական աճող հարստությունը: Լուծման փոխարեն, խնդիրների սրությունը մշտապես հագեցած էր նոր կոտորածներով:

Քաղաքական-գաղափարախոսական ստորակարգությունը փոխվում է չափից դանդաղ, արգելելով ուրիշների` հատկապես քրիստոնյաների, և մասնավորապես` հայերի մուտքը զարգացման այդպիսի մեծ ոլորտներ, ինչպիսին էր, օրինակ, բանակը կամ պետական պաշտոնակազմի միջին ու վերին օղակներ: Վերհիշենք, որ համիդեական գնդերի հրամանատարների մեծամասնությունը անգրագետ էին ու կոչումներ էին ստանում ժառանգաբար, առանց ռազմական կրթության, իսկ բեդելը ուժի մեջ էր մնում մինչև 1914թ.:

Կարելի է առարկել, որ 1850-1860-ական թթ. կայսրությունում ձևավորվեց հայ պետական պաշտոնյաների. էֆենդիների դասը, որ կոմպրադորական վաճառական բուրժուազիան միջնորդ էր հանդիսանում անգլա-թուրքական առևտրում, որ սարաֆները կապող ու միջնորդ խավ էին փաշաների և Բ.Դռան համար, իսկ 1909թ. պառլամենտում կար 10 հայ պատգամավոր: Վերջապես հիշատակենք, որ 1914թ. վիճակով 6.507 օսմանյան ձեռնարկություններից 9,8 տոկոս պատկանում էր հայերին ու նրանք  պարունակում էին բոլոր արդյունաբերական ներդրումների 20 տոկոս։ Ընդ որում, թուրքերին պատկանում էր հիմնարկությունների 12 տոկոսն միայն: Ինչպես հայտնի է, հայերն առաջ էին անցել արտադրագետների և մեքենագետների, իրավաբանների, բժիշկների, բանկատերերի ու դրամատերերի թվակազմով:

Այո, հայ պաշտոնյաններ աշխատում էին մայրաքաղաքում ու Զմյուռնիայում, բայց 1871թ. ի վեր նրանք բացակայում էին Արևմտյան Հայաստանի վարչակարգում, որտեղ չէին կարող դառնալ վալի, մութասարիֆ, թե կայմակամ: Եթե պառլամենտի 226 անդամից հայերը կազմում էին 3,8 տոկոս, իսկ քրիստոնյանները ամբողջությամբ՝ 17 տոկոս, ապա 220 մուսուլման պատգամավորներից 80 տոկոս պարզապես անգրագետ էին: Նկատի առնենք, որ անգրագիտությունը բոլորովին չէր վերաբերվում քրիստոնյան օրենսդիրներին, իսկ հայ պատգամավորներից հինգը ուներ համալսարանական կրթություն3: Այո, միջնորդական վաճառականները հաստատվում էին Մանչեստրում, նրանք ներդրումներ էին կատարում Եգիպտոսում: Սակային, Տրապիզոնից մինչև Վանա լիճ տանող ճանապարհը ապրանքը հատում էր 40-50 օրերում, իսկ մարդը, լավագույն պարագայում, տեղ էր հասնում 15-17 օրերում: Սարաֆները իրոք ավելի լավ էին հարքեր հավաքում, սակայն, միևնույն հասույթից հայը վճարում էր եռապատիկ: Ու վերջապես, ստեղծելով նյութական բարիք, հայերը իրականում հնարավորություն չեն ունեցել այն պաշտպանելու:

Հասկանալի է, որ օսմանցիների բևեռացումն ու հետամնացությունը իր հետք թողեց նվաճած բոլոր ժողովուրդների կյանքում: Եթե XX դարի սկզբին քաղաքաբնակ արևմտա-, և արևելահայության կշիռը կազմում էր 10 տոկոս, ապա վերին ու միջին դասը կազմում էին համապատասխանաբար 20 ու 54,7 տոկոս: Ընդ որում, 30 տարիների ժամանակամիջոցում, Վան քաղաքի այդ դասը պակասել է կրկնակի չափով: 1912-1914թթ. օսմանյան մարզերում լույս էր տեսնում հայ մամուլի 29 տոկոս, իսկ մայրաքաղաքում՝ 63 տոկոս: Եթե Կ.Պոլսում կար 180 պարբերական, Թիֆլիիսում նրանց թիվը հասնում էր մոտ 200-ի4:

400 տարվա աննպաստ պայմանների հետևանքով Կ.Պոլսի մեծ ճեղք էր ձևավորվել ամիրաների և արևմտահայ գյուղացու միջև, հումանիտար մտավորականության ու դարաշրջանի գործարանային արտադրության միջև, Մարսելում, Ժնևում ու Թիֆլիսում հիմնադրվող կուսակցությունների քաղաքական մտքի, և տարածաշրջանի իրական ուժերի փոխազդեցության միջև: Հետընթացը դրսևորվում էր մշակույթի և բարեկեցության անկման միջողով, հետամնաց արտադրաեղանակներում, ինքնապաշտպանության առկա հնարավորություների, և հարձակման ու վտանգի սրության անհամաչափության մեջ: Ի վերջո, որպես հանրագումար` նա ի հայտ էր գալիս ժողովրդագրական աննպաստ վերափոխումներում: Պետականության բաղադրիչների բացակայությունը արևմտահայությանը դարձնում էր անկերպարան ու կտրականապես նվազեցնում էր նրա կազմակերպվելու հնարավորությունը: Այնինչ, համախմբվելու արագությունն և ունակությունը դառնում էին XX դարի վճռական գործոն: Հասկանալի է, որ Հայ առաքելական եկեղեցուց բացի համազգային հաստատությունների բացակայությունը եղել էր օսմանյան պետության գիտակցված, երկարակյաց քաղաքականություն:

Ժամանակը պահանջում էր գործի դնել թեթևարդյունաբերական ու ռազմամթերքի գործարաններ, երկաթուղիներ, հեռագրային ցանցեր, տրեստներ, դրամատներ, զբաղվել դրամագլուխների արտահանությամբ: Ընկերային ոլորտում հարկավոր էին զանգվածային գրագիտություն, արտադրագետներ, բժիշկներ, գիտնականներ, պետական պաշտոնյաններ: Պաշտպանության ասպարեզում պետք էր զանգվածային բանակը, որն ի զորու լիներ մղել համապարփակ պատերազմ, հենվելով հասարակության ողջ տնտեսական ու գաղափարախոսական կարողության վրա: Օսմանյան կայսրությունը հիվանդագին էր արձագանքում իր պետության ներսում հայերի, հույների, հրեաների բարձր մրցունակությանը: Այնինչ, թուրքական ու քրդական վերնախավը դարեր շարունակ դաստիարակվում էր ռազմական գերազանցության ու զենքի, որպես իշխանության ելակետի, ոգով: Նստակյաց աշխանանքն ու հմտությանը նվաստացվում էին: Ու հիմա դրամագլխի հենք էին համարում ո՛չ թե բարիքների ստեղծում, այլ զավթումը, ո՛չ թե մշակում, այլ շահագործումը: Կապիտալիզմից հատում էին ամեն առաջադիմականը, թողնելով լոկ նրա ժառանգորդությունը նախորդ ժամանակաշրջանից: Պարզ է, որ նման ընտրությունը վերակենդանացնում էր միջնադարյան բռնության սարսափները, բազմապատկելով դրանց նոր կազմակերպական հնարավորություններով:

1894-1896թթ. ջարդերից հետո հայ առևտրական բուրժուայի տեղը արագորեն բռնում էր թուրքը: Լուդիզմի գործողություններով հանդերձ, Ադանայի ջարդերից հետո պետությունը անցել է պանթյուրքիզմի: 1909թ. այդ կոտորածն ու վայրագությունները իշխանության պատասխանն էին հանդիսանում իր իսկ կողմից պաշտոնապես հռչակված հնարավորություններին, իսկ ազատության բանակի մասնակցությունը այդ զանգվածային սպանություններում կասկած չէր թողնում, որ ժխտողական վերաբերմունքը գալիս է փոփոխություններից հրաժարվող պետության կողմից5: Հարստությունների խտացում ինքն իրեն լավ արդյունք չէր տալիս, քանի որ ոչ հայ խոշոր տերերի օգտին հողերի խլումը ամրապնդում էր ավատական սեփականություն: Այդ, նոր հարաբերությունների բացակայության պարագայում ներքին հակասությունները միայն սրվում էին: Դրամագլխի կենտրոնացումը հյուծում էր միջին դասն, ու բարենորոգումները կորցնում էին նրանց ընկերային խարիսխը: Աջակցությունից զուրկ պետությունը պարտություններ էր կրում պատերազմներում ու կորցնում էր բարենորոգումներ անցկանցնելու վերջի խթանները: Չափից նեղ սահմանված խնդիրը ինքն իսկ նախադրյալ էր ապագա ձախորդության:

1912թ. հոկտեմբերից 1913թ. օգոստոս ծավալած Բալկանյան պատերազմում 412-հազարանոց թուրք բանակի պարտությունը կասկածի տեղ չէր թողնում, որ բարենորոգումները չեն տալիս նրանցից ակնկալվող միակ արդյունքը: Սա իշխանության գլուխ է բերել իթթիհադի այն կենտրոնամետներին, որոնք մեղմացրին պարտության արգասիքը, բայց չէին կարող վերացրել դրա երևույթը: Այնինչ, խոսքի և գործի միջև ունեցած խզումը առաջացնում էր ճնշված ազգերի եռանդը, ինչը մարմնավորվում էր Կ.Պոլսի Հայաոց Ազգային ժողովի և Գևորգ V-ի եվրոպական պատվիրակության գործունեությունում6: Մեր պատմագիտությունը, ի դեմս Լեոի, պատշաճ կերպով վերլուծել է Պողոս Նուբարի ծավալած աշխատանքը: Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել երկու հանգամանք: Առաջին. հայերն, ինչպես գիտենք, անկախություն չէին պահանջում: Սա ազատում է արևմտահայությանը հրահրիչ վարմունքի կամ անհավատարմության մեղադրանքից: Զերծ մնալով գնահատանքներից` որքանով ճի՞շտ էր նման վարքագիծը, նշեմ միային, որ նա արտացոլում էր ազգի քաղաքական զարգացման իրական մակարդակը: Թեև կարևոր է երկրորդը. 1912-1914թթ. պատվիրակության կատարած քայլերը անշուշտ նախերգանք են հանդիսացել Եռյակ համաձայնության Արևելյան համագործակցությանը: Եվ արդեն Մեծ Տերությունները, որոնց շարքում իր տեղը զբաղեցրեց Թուրքիայի վաղեմի դաշնակից` Սեծ Բրիտանիան, կնքելով 1915-1916թթ. համաձայնագրերը դատավճիռ կայացրին Օսմանյան կայսրությանը: Փարիզի հաշտության կոնֆերանսը խմբագրեց այդ գաղտնի համաձայնագրերը, բայց այնուամենայնիվ, Օսմանյան կայսրությանը վերջ տրվեց:

Անցնելով արդի ժամանակներին ուզում եմ վերլուծության ենթարկել այն ամենը, ինչը տեղի չի ունեցել: Եվ բացատրել` ինչու՞ հատկապես չի ունեցել: Եթե կապիտալիստական նախնական կուտակումը կարիք ուներ աղքատությամբ պարուրված ազատությանը, երբ անձը կարող էր նախաձեռնություն ցուցաբերել ու ստիպված էր վաճառել նրա աշխատանքը, ապա 1980-ական թթ. ի վեր առկա իրավիճակը բոլորովին այլ էր: Գերկենտրոնացած կառավարման պարագայում հարկավոր է դրամագլուխների սփռում: Այժմ պետք է ավելի լավ աշխատելու ունակ, միջին դասին պատկանող սեփականատերը, որը կարող է հենարան հանդիսանալ պետական մեծաքաղաքականության համար, և ո՛չ թե լինել խնդիր, քաղաքական, կամ այլ ասպարեզում: Այնինչ, ավելորդ ռազմա-արդյունաբերական համալիրի վերափոխադրման հետ կապված բարենորոգումները բավականաչափ զինված չեն եղել գաղափարական առումով: Ու հենց որ ապակենտրոնացումը վեր հանեց գոյություն ունեցող հարցերը, այդ թվում և ազգայինը, հետևեց նրանց հետ մղումը: Որը կատարեցին ոչ պատրաստ բարձրագույն իշխանությունն ու հետընթաց տեղական ավատատերերը: Հենց ավատատերերը, քանի որ նրանք հակազդում էին այն ջարդերով, որոնք մինչ նրանց կատարման պահը աներևակայելի էին հասարակական գիտակցության համար:

Բախվեցին մի կողմից ազգային խնդրի արդիական լուծումն, երբ արցախահայությունը խոսում էր ողջ աշխարհին հասկանալի քաղաքական լեզվով ու կիրառում էր խաղաղ, օրինավոր, պետական ատյաններ աշխատացնող մեթոդներն, և արժեքները մսխող, պատերազմի վտանգից երկյուղի հաշվին ապրող, իր աշխատաեղանակին համաձայն բարիքներ չստեղծող, հումքի առկայությամբ երես տված, երկիրը 80 տարով հետ շպռտելու պատրաստ, կառավարման ամենահետամնաց պատասխանը: Չմոլորվենք. եղեռնագործության համար բազմաթիվ շարքային կատարողներ գտնվեցին։ Նրանց վարժեցրին այն մտքին, որ հնարավոր է ապրել նրանց, չգիտես թե ինչու պարտական հայերի հաշվին: Հնարավոր է շահագործել ազգային նախապաշարմունքն ու քաղաքային ապրելակերպին, որակյալ աշխատանքին ձգտող հայերի ավելի բարձր մրցունակությունը: Հնարավոր է պակասեցնել դժգոհությունը, թույլ տալով սեփական պաուպերին հարստանալ և իշխանություն դառնալ ավազակության միջոցով: Սա էլ է միավորվելու ձևը7:

Սակայն, հայ պետականության տարբեր ձևեր պարունակող 70 տարիներ իզուր չեն անցել: Ի տարբերություն 1915թ., ազգը ունեցել է պաշտոնակազմ, ժողովրդապետության անհրաժեշտ մարմիններ ու ներքին կազմակերպվածություն: Նրա կարգադրության տակ էին զինվորներ, բժիշկներ, ռազմական արդյունաբերություն ու գիտությունը: Նա դրսևորեց քաղաքական մտածողության զարմանալի բարձր մակարդակը: Ունեցել է փոխադրական զարգացած ցանց ու զանգվածային լրատվության միջոցներ, ինչն էլ թույլ չի տվել իրագործել տեղեկատվային շրջափակում: Եվ ամենակարևորը. ազգը ինքը լուծում էր սեփական խնդիրները, ու չէր մուրում արտաքին խնամակալություն: Նա ի վիճակի էր քայլել ժամանակին համընթաց, և արդիական խոսքի ու ռազմունակության զուգադրումը տվեց իր արդյունքը. աշխարհը հասցրեց նրա օգնությունն ու կարեկցանքը մեր ամենածանր պահերին: Նույնիսկ այժմ, երբ պետության խնդիրները էապես բարդացան, երբ հարկ է լինում շփվել լավագույն պատրաստականություն ստացած մասնագետների հետ, մենք ճիշտ է, միջազգային հարաբերություններում շատին չենք հասել, բայց այնուամենայնիվ, ոչ մի բան էլ չենք հանձնել:

Այսօր մեր կենսունակությունը ապացուցվում է տնտեսության միջոցով: Չես ուզում կորցնել հողը, անրացրու միջին դասը: Չես ուզում ժամանակից հետ մնալ. պահպանիր հին, ու գտիր նոր շուկաներ, ինքդ սահմանիր քո քաղաքականությունը, հետևիր բարձր արտադրաեղանակներին, գովազդին, կապի միջոցներին, ամրացրու դպրոցը: Պատրաստիր ֆերմերներին, դրամատերերին, սպասարկման ոլորտի կազմը, քաղաքագետներին, մաթեմատիկոսներին ու զինվորներին, խորացրու հարկային վերլուծությունն, նվազեցրիր տուրքերը: Բարենորոգումների անհաջողության առաջին հատկանիշն է լինում հարկերի նախորդ ծավալի պահպանումն և աճը, քանի որ առաջադիմությունը արտահայտվում է առանձին, սովորական մարդու տրամադրության տակ ունեցած նյութական բարիքների աճով: XX դարի եվրոպացի սպիտակ օձիքների բարօրությունը չես համեմատի XVII կամ XVIII դարի միապետերի հարմարավետ կենցաղի հետ: Ընդ որում, խոսքը ոչ թե հասարակության ճարպակալման, այլ նրա կյանքի որակի մասին է:

 

Մեջբերումներ

 1) Խանճյան: Աշխարհագրություն, Օսմանյան պետություն: Կ.Պոլիս, 1912, էջ 179; Горцев. Младотурки и рабочий вопрос, Современник, 1912, кн.IV, с.252; Саркисян Е.К. Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв. Ереван, АН АРмССР, 1972, с.246; Инджикян О.Г. Буржуазия Османской империи. Ереван, АН АрмССР, 1977, с.57-58; Համբարյան Ա.Ս. Երիտթուրքերի ազգային և հողային քաղաքականությունը և ազգային շարժումներն Արևմտյան Հայաստանում: Երևան, 1979, էջ 67; Հայ ժողովրդի պատմություն, 8 հատորով: Հ.6 Հայաստանը 1870-1917 թթ.: Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1981, էջ 468; Պողոսյան Հ.Մ. Սասունի պատմություն, Երևան, Հայաստան, 1985, էջ 282: Գիտական գրականության էջերում մշակված հողի չափաբաժինը տատանվում է 5-7-ից, մինչը 30-40 տոկոս: Զեկուցման համար ընտրվում էին առավել բարենպաստ տվյալները:

2) Գևորգյան Կարո: Ամենայն տարեցույցը: Պեյրութ-Լիբանան, 1965, էջ 178-179; Պողոսյան Հ.Մ. Սասունի պատմություն, էջ 291-292: Տես նաև. Петросян Ю.А. К изучению идеологии младотурецкого движения. Тюркологический сборник, 1966. М., 1966, с.22; Кочар М. Армяно-турецкие общественно-политические отношения и Армянский вопрос в конце XIX - начале XX веков. Ереван, 1988, с.21:

3) Փափազեան Վ. Իմ յուշեր, հ.Բ: Պեյրութ, 1952, էջ51, 91; Саркисян Е.К., ук.соч., с.251; Инджикян О.Г., ук.соч., с.166-168, 213-214; Պողոսյան Հ.Մ. Սասունի պատմություն, էջ 280; Պողոսյան Հ.Մ. Վասպուրականի պատմությունից (1850-1900): Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1988, էջ 280-281:

4) Адонц М.А. Экономическое развитие Восточной Армении в XIX веке. Ереван, 1957, с.520; Инджикян О.Г., ук.соч., с.20; Հայ ժողովրդի պատմություն, հ.6, էջ 85, 92:

5) Լեփսիուս Ե. Հայաստանի ջարդերը: Կ.Պոլիս, 1919, էջ 258: Իրադարձությունների իմ վերլուծությունը տես. Махмурян Г.Г. К теории и терминологии геноцида. Доклад на I Международной конференции Геноцид армян - история, теория, политическая ответственность, Ереван, 17-21 апреля 1990 г. Вестник общественных наук НАН РА, Ереван, 1998, № 1, с.76-89:

6) Հայաստանի Ազգային արխիվ, ֆ.57, ց.5, գ.23, թ.1-2; գ.27, թ.9-27; գ.33, թ.1-22; գ.43, թ.1-9; գ.57, թ.8, 10, 16, 26-26Ա; գ.62, թ.1; Լէօ: Թյւրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը, 2 հատորով, հ.Բ: Փարիզ, Պահրի, 1935; Վրացյան Ս. Հայաստանի Հանրապետություն: Երևան, Հայաստան, 1993, էջ 620-625:

7) ϳ, ۳ dzٳ, - 복 ѳ ѻ, ϳ ߻. Нагорный Карабах. Историческая справка. Ереван, АН АрмССР, 1988; Правда о Нагорном Карабахе. Материалы и документы. Ереван, ЕГУ, 1989; Барсегян Х. Истина дороже... К проблеме Нагорного Карабаха. Ереван, АН АрмССР, 1989; Сумгаит... Геноцид... Гласность? Ереван, Знание, 1990; Арутюнян В.Б. События в Нагорном Карабахе. Ереван, АН АрмССР, 1990; Majmourian G. Procesos de modernizacion en Armenia. El socialismo en el umbral del siglo XXI, coord.A.Anguiano. Mexico, Axcapotzalco, 1991, p.226-238; Махмурян Г.Г., ук.соч., с.80-81: