Հասարակական ճգնաժամ, արտաքին քաղաքականության

երկընտրանքներ ու ցեղասպանության սպառնալիք։

(Հայաստանն ու Բրիտանիան 1918-1920թթ.)

 

Ամփոփում

Նորագույն պատմությունը սկսվում է 1915թ. եղեռնն ու 1917թ. ռուսական հեղափոխություններ ընդգրկող հասարակական կարգերի լայնածավալ ճգնաժամով։ Այդ ճգնաժամը անհրաժեշտ է դարձրել 1918-1920թթ. Հայաստանի անկախ Հանրապետության ստեղծումն, որտեղ ժողովուրդը ձգտել է դիմակայել թուրքական արշավանքին, պահպանվել ոչնչացումից ու պաշտպանել իր տարածքի գոնե նվազ մասը։ Պայմանների անորոշությունը թելադրում էր մի քանի ծրագրերի ձևավորում, որոնք իրականացվում էին զուգահեռաբար ու տևականորեն, մինչև որ չէր ապացուցվում նրանցից մեկի առավելությունը։

Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում այդ երկակիությունը արտացոլվել է ՀՀ և Ազգային պատվիրակությունների գործունեությունում։ Նրանք մարմնավորում էին արևմտահայերի հակասոցիալիստական և դաշնակցության սոցիալ-դեմոկրատական դիրքերը, Արևմտյան Եվրոպայի կամ Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Թուրքիայի, բոլշևիկների կամ Ա.Դենիկինի հանդեպ կողմնորոշումը, ինչպես և Կիլիկիայով հանդերձ ընդարձակ սահմանների, կամ ՀՀ-ի շուրջ համախմբված, ամփոփ պետության պահաանջները։

Այդ՝ արտաքին քաղաքականության, ամենաթույլ կողմերից էր 1918թ. սին հույսեր կապելը կովկասյան իր հարևանների հետ և ոչ արագ ու եռանդուն բանակաշինությունը, Արևմտյան տերությունների հանդեպ ինքնուրույնության պակասն ու զիջող կեցվածքը՝ 1919թ. ապրիլ-մայիս ամիսներին Կարսից ռազմամթերք դուրսբերելու պայմաններում, Թուրքիայի հետ շփման բացակայությունը Մուդրոսից հետո, 1920թ. ապրիլին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման փաստի անտեսումն ու Սևրի պայմանագրից բխող պատերազմին ոչ պատրաստ լինելը։ Ինչպես և այն, որ Հանրապետությունը ստիպված էր երկու ճակատներում կռիվ տանել ու մինչև նոյեմբերի վերջը հայցում էր Անգլիայի ռազմական միջամտությունը։ Փարիզի վեհաժողովում անհրաժեշտ քայլեր չեն արվել, եղեռնագործներին միջազգային դատարան բերելու համար. այդ հնարավորությունը մնաց չօգտագործված։