Միջազգային գիտաժողով՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հռչակման հարյուրամյակին

 

1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը դարակազմիկ նշանակություն ունեցավ. ցեղասպանության հետևանքով բնօրրանի մեծ մասը կորցրած հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերում դրսևորած միասնության և անծնուրած պայքարի շնորհիվ իր հայրենիքի մի փոքր հողակտորի վրա հռչակեց հայոց անկախ հանրապետության ծնունդը՝ այդպիսով վերականգնելով ազգային պետականությունը։

Նորագույն ժամանակներում հայոց պետականության զարգացման բազմաշերտ պատմությունը համակողմանիորեն ներկայացնելու և վերաարժևորելու նպատակով համազգային հոբալյանին համահունչ՝ 2018 թ. մայիսի 25-26-ին Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ Հայաստանի Հանրապետություն - 100 խորագրով։ Այն կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Գիտությունների ազգային Ակադեմիան (ԳԱԱ) և Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)5 Իսկ ԳԱԱ Պատմության ինստիտուտն (ՊԻ) իր նշանակալի ներդրումն ունեցավ այդ կարևոր գիտական միջոցառման կազմակերպման գործում: Գիտաժողովին մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայ և օտարազգի գիտնականներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանը և Արցախի Հանրապետությունը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ռուսաստանը, Վրաստանն ու Լիբանանը։

Գիտաժողովը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում։ Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա շեշտեց մայիսյան հաղթական հերոսամարտերի կարևորությունը հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը խափանելու և հայոց անկախ պետականությունը վերականգնելու գործում։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ I-ը գիտաժողովի մասնակիցներին հղել էին շնորհավորական ուղերձներն, որոնք փոխանցեցին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքը ներկայացրեց նախարարության Հայրենադարձյության և հետազոտությունների վարչության պետ, պ.գ.թ. Գրիգոր Արշակյանը։ //-294

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի դիտարկմամբ, մեր պետականության մի քանի հազարամյա հոլովույթում Հայաստանի առաջին Հանրապետության  երկուսուկես տարին կարող է չափազանց կարճ թվալ, սակայն այդ ժամանակահատվածը վիթխարի նշանակություն ունեցավ. այն հիմք դարձավ հայոց պետականության շարունակականության համար։ Նաև կարևոր էր նորաստեղծ պետության որակական կողմը. պառլամենտական հանրապետությունում գործում էին օրենսդիր, գործադիր, ինքնուրույն դատական և տեղական ինքնակառավարման համակարգեր, մեծ ուշադրություն էր դարձվում ներդրումների ներգրավմանը, տնտեսության բոլոր ճյուղերի, ինչպես նաև կրթության զարգացմանը, որի վառ վկայությունը համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։

ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի համոզմամբ, պետականության վերականգնման հարյուրամյակը նշելով մտովի անդրադառնում ենք մեր ամբողջ պատմության ընթացքին։ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունն ուսանելի շատ դասեր է տալիս, որոնք այսօր առավել կարևոր են աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում գտնվող Հայաստանի քաղաքական ուժերի և իշխանությունների համար։

Վրաստանի Թբիլիսիի Պետական համալսարանի անկախ գիտահետազոտական միավոր Իվ.Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին կարևորեց անցյալի դասերը հաշվի առնելու անհրաժեշտությունը հայ ու վրացի ժողովուրդների ապագան կերտելու ճանապարհին։ 1918թ. Անդրկովկասում անկախ հանրապետությունների ստեղծումը պատմական ընտրություն էր։ Այսօրվա Հայաստանն ու Վրաստանը այդ առաջին հանրապետությունների ժառանգորդներն են։ Հայ և վրացի ժողովուրդները ցույց տվեցին քաղաքակիրթ աշխարհին, որ փոքր ազգերն էլ կարող են նպաստել մարդկության առաջընթացին,- ասած նա։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև նույն ինստիտուտի գիտաշխատող Գիորգի Մամարդաշվիլին։

Գիտաժողովն ուներ հագեցած օրակարգ։ Լիագումար երկու նիստերում լսեցին ինը զեկուցում։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության պատմության ուսումնասիրության գիտաճանաչողական նշանակությունը վերնագրով զեկուցման մեջ մատնանշեց խնդրո առարկա ժամանակաշրջանին վերաբերող և, իր համոզմամբ, դեռևս հիմնավոր հետազոտության կարոտ հիմնախնդիրները։ Ուշագրավ էր ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի Զանգեզուրի գոյամարտը՝ 1918-1921թթ. պայքար պետականության պահպանման համար թեմայով զեկուցումը։ Ընդգծվեց, որ Զանգեզուրի գոյապայքարը լավագույն ապացույցն է թե՛ հայ ժողովրդի կենսունակութ-//--295  յան, և թե՛ վկայությունը նրա իմաստության. մեր ժողովուրդն անձնուրաց պայքարի գնով պահեց հայրենի հողի պատառիկը՝ թույլ չտալով, որ այն դուրս մնա հայկական պետականության սահմաններից։ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Հայոց պետականության վերականգնում. դարակազմիկ իրադարձություն վերնագրով զեկուցման մեջ շեշտեց, որ հայ ժողովուրդն իր անկախությունը ձեռք բերեց ազատագրական պայքարի՝ մայիսյան հերոսամարտերի գնով։ Դրանով արմատապես հերքվում է այն թյուր կարծիքը, թե Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով հայ ժողովուրդը դատապարտվեց անկախության, իսկ պետականության վերականգնումը տեղի ունեցավ թուրքական կողմի բարյացակամ վերաբերմունքի հենևանքով։ Կարևորվեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության հենքի վրա ստեղծվեց նոր հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը, որն էլ հող նախապատրաստեց Երրորդ՝ անկախ հանրապետության ձևավորման համար։ Հայկական երեք հանրապետությունների կյանքում պետականության շարունակականությունը 1918թ. մայիսյան հերոսամարտերի ու Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման պատմական խորհուրդն է։ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը զեկուցեց Հայաստանի Հանրապետության ծագումնաբանությունը. աշխարհաքաղաքական մարտահրավերները թեմայով։ Նա վերլուծեց Հայաստանի առաջին Հանրապետության, որպես աշխարհաքաղաքական առանձին միավորի, փոխհարաբերություններն արտաքին միջավայրի հետ, ներկայացրեց դրանց աշխարհաքաղաքական մարտահրավերները։ Դյուսելդորֆի Գասպար Սվեերտի անվան կաթոլիկ ակադեմիայի դասախոս Միխայել Հայզեմանի զեկուցումը վերնագրված էր Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը, Վատիկանը և Հայաստանի Հանրապետությունը։ Բոստոնի համալսարանի ժամանակակից պատմության և գրականության ամբյոնի ղեկավար, պրոֆ. Սիմոն Փայասլյանը զեկուցեց Ուրվագիծ հայրենիքի անկախության գաղափարի մտապատկերացման՝ ըստ ԱՄՆ-ի հայկական մամուլի (XIX դարավերջ - XX դարասկիզբ) թեմայով։ Նրա դիտարկմամբ՝ նշված ժամանակահատվածում ամերիկահայության շրջանում դեռևս չկար ձևավորված քաղաքական միտք, քանի որ գաղութաբնակների մեծ մասն աղքատ գաղթականներ էին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի հայկական մամուլի լոկ մի մասն է լուսաբանել և արժևորել 1918թ. ազգային պետականության վերականգնումը։ Պյատիգորսկի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան բարձրագույն կրթության Դաշնային պետական ինքնավար հաստատության (մասնաճյուղ) Սերվիսի, զբոսաշրջության և դիզայնի ինստիտուտի գիտական աշխատանքների ու նորարարական գործունեության գծով տնօրենի տեղակալ, ք.գ.դ., պրոֆ. Առուշան Վարդումյանի (ՌԴ) զեկուցման թեման էր Ա.Ի.Դենիկինը և Հայաստանի Հանրապետությունը. հարաբերությունների, քաղաքական համակրանքների և հիասթափությունների պատմություն։ Պյատիգորսկի Պետական լեզվաբանական համալսարանի դոցենտ, //-296  նույն քաղաքի Կրթության, գիտության և զբոսաշրջության ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի պրոֆեսոր, Գիտության և արվեստների պետրովյան ակադեմիայի թղթակից անդամ, պ.գ.թ. Վիկտոր Հակոբյանը զեկուցեց Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների զարգացման ուղիների ընտրությունը 1918-1921թթ. թեմայով։ Իսկ վրաց պատրիարքարանի կից քրիստոնեական հետոազոտությունների միջազգային կենտրոնի փոխնախագահ, պատմության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդրե Դաուշվիլին ներկայացրեց Անդրկովկասի անկախությունը և Մոսկվայի բոլշևիկյան մամուլը 1918թ. թեմայով զեկուցումը։

Գիտաժողովի օրակարգում ընդգրկված մյուս զեկուցումները խմբավորվել էին ըստ հիմնախնդիրների և ներկայացվեցին վեց բաժանմունքների նիստերում։

Հայաստանի Հանրապետության հռչակման պատմաքաղաքական նախադրյալները։ Մայիսյան հերոսամարտերը (նախագահող՝ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյան) խորագրով նիստում ելույթ ունեցան՝ բ.գ.թ. Արծվի Բախչինյանը՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից և տարեգիր Ալեքսանդր Շնեուր [համահեղինակ՝ պ.գ.թ. Վարդան Մատթեոսյան (ԱՄՆ)], պ.գ.թ., դոց.Մհեր Հովհաննիսյանը՝ Հայոց պետականության վերականգնման խնդիրը 1917-1918թթ. - ՌՍԴԲ(բ)Կ հարաբերությունների համատեքստում, պ.գ.դ. Վալերի Թունյանը՝ Անդրկովկասում դաշնային պետության կազմավորման և տրոհման գործընթացը (1917-1918թթ.), Ս.-Դ. Հնչակյան կուսակցության կենտկոմի անդամ, դոկտոր Եղիկ Ճերեճյանը (Լիբանան)՝ Պանդուխտի դերը Սարդարապատի ճակատամարտում, պ.գ.թ., դոց.Արմեն Մարուքյանը՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի նշանակությունը Մայիսյան հերոսամարտերի շարքում, պ.գ.դ. Ռուբեն Սահակյանը՝ Հայկական բանակի կայացումը և գեներալ Թովմաս Նազարբեկյանը, պ.գ.թ., դոց.Արմեն Ասրյանը՝ Արամ Մանուկյանի դերը Հայաստանի Հանրապետության հիմնադրման գործում, ԵՊՀ ասպիրանտ Գևորգ Նազարյանը (ԱՄՆ)՝ Թուրքական բանակի 1918թ. Հայաստանի վրա հարծակումը ըստ բրիտանական զեկուցագրերի զեկուցումներով։

Հայաստանի առաջին  Հանրապետության պետաիրավական կառուցվածքը և ներքին դրությունը (նախագահողներ՝ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ, ի.գ.դ., պրոֆ.Գառնիկ Սաֆարյան, ՊԻ առաջատար գիտաշխատող, պ.գ.դ., դոց.Սուրեն Սարգսյան) խորագրով բաժանմունքի նիստում ելույթ ունեցան՝ ի.գ.դ., պրոֆ.Արթուր Վաղարշյանը՝ Հայաստանի առաջին  Հանրապետության իրավական դասերը, Գառնիկ Սաֆարյանը՝ Հայաստանի առաջին  Հանրապետության պետաիրավական համակարգի ձևավորման և զարգացման հիմնական տեսակետները, պ.գ.դ., պրոֆ.Արարատ Հակոբյանը՝ Հայաստանի  Հանրապետության պե-//-297  տաիրավական կառուցվածքը, ք.գ.դ., պրոֆ.Լևոն Շիրինյանը՝ Հայ հասարակության վերակազմությունը Հայաստանի առաջին  Հանրապետության շրջանում, պ.գ.դ., պրոֆ.Վանիկ Վիրաբյանը՝  Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ստեղծման գործընթացը (1918-1920թթ.), պ.գ.դ., պրոֆ.Վահրամ Բալայանը (Արցախի Հանրապետություն)՝ Պետական մարմինների կազմավորման գործընթացը Արցախում (1917թ. դեկտեմբեր - 1918թ. սեպտեմբեր), պ.գ.դ. Ամատունի Վիրաբյանը՝ Հայաստանի Հանրապետության ներքին կյանքը 1918թ. հունիս - սեպտեմբեր ամիսներին, պ.գ.դ., պրոֆ.Գեվորգ Ստեփանյանը՝ Համազասպ Սրվանձտյանի գործունեությունը Հայաստանի  Հանրապետության տարիներին, ք.գ.թ., դոց.Հայկ Սուքիասյանը՝ Առաջին  Հանրապետության քաղաքական կազմակերպման հարցի շուրջ, պ.գ.թԿարեն Հայրապետյանը՝ Գաղթականության հիմնահարցը Հայաստանի առաջին Հանրապետության օրերին, ԵՊՀ հայցորդ Վանիկ Բաբաջանյանը՝ Միջկուսակցական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920թթ., Սուրեն Սարգսյանը՝ Հայ ռամկավարների գործունեությունը Հայաստանում 1918-1920թթ., երկրաբ. գիտ. թեկն. Հայկ Մելիք-Ադամյանը՝  Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը հանքահումքային ռեսուրսների նկատմամբ (համահեղինակներ՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետազոտող-քարտեզագետ Տիգրան Բաբայան, ՊԻ հայցորդ, Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության կենտրոնի գիտաշխատող Արմեն Ասատրյան) զեկուցումներով։

ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Սևրի դաշնագիրը (նախագահողներ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆ.Էդիկ Մինասյան, ՊԻ առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Գայանե Մախմուրյան) բաժանմունքի նիստում պ.գ.թ., դոց.Լիլիթ Հովհաննիսյանը զեկուցեց Սևրի պայմանագրում Հայաստանին ու հայերին վերաբերող հոդվածների պատմական և իրավական նախադրյալները թեմայով։ Ընդգծվեց, որ Սևրի պայմանագիրն առաջին և առայժմ միակ բազմակողմ պայմանագիրն է, որում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա համարժեք պատասխան է տրված ցեղասպանության հանցագործություն կատարելու արդյունքում ծագող բոլոր հարցերին։ Նրա վավերացված չլինելը քաղաքական գործոնների ազդեցության հետևանք է և որևէ կերպ չի թուլացնում հայերի ցեղասպանության համար Թուրքիայի քաղաքական ու նյութական պատասխանատվության հիմքերը։ Պ.գ.թ., դոց.Արմենուհի Համբարյանը Հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանի անկախության հռչակումից մենչև Վերսալ վերնագրով զեկուցման մեջ շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությանը նյութական օգնություն տրամադրելու հարցում ԱՄՆ դրսևորել է գնահատելի մարդասիրություն, իսկ քաղաքական հարցերում՝ իրատեսություն և ճկունություն։ Սևրի պայմանագրի և Հա-//-298  յաստանի Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի վաարած քաղաքականության ժամանակագրական վերլուծությունը շարունակեց պ.գ.դ. Գայանե Մախմուրյանը՝ Սևրի դաշնագիրը և ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի  Հանրապետության նկատմամբ 1919-1920թթ. զեկուցմամբ։ Ընդգծվեց, որ Վ.Վիլսոնի իրավարար վճիռը հնարավոր չեղավ իրագործել, քանի որ Թուրքիայի քեմալալան կառավարությունն արդյունավետ օգտագործեց Սևրի պայմանագրի կնքումից հետո ունեցած ժամանակը՝ 1920թ. սեպտեմբերին պատերազմ սանձազերծելով Հայաստանի Հանրապետության դեմ։ Այն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, տարածքային և դիվանագիտական ծանր կորուստներով ու հետևանքներով։ Թեև Հայաստանի առաջին Հանրապետությունը որևէ գործնական արդյունք չստացավ Սևրի պայմանագրից, այդուհանդերձ, միջազգային-իրավական այդ փաստաթուղթն ունի դիվանագիտական դրական փորձ. նրանում տրված է տեխնիկական այն բոլոր հարցերի պատասխանը, որոնց հիման վրա իրագործվելու էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծումը։ Պ.գ.դ., պրոֆ.Էդիկ Մինասյանը զեկուցեց Լևոն Շանթի գլխովորած պատվիրակության գործունեությունը Մոսկվայում թեմայով։ Քանի որ նշված ժամանակաշրջանում Հայաստանի կառավարությունը երկրի արտաքին քաղաքական նպատակների իրագործումը և Հայկական հարցի լուծումը կապում էր Սևրի պայմանագրի հետ, թերագնահատելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում, հայ-ռուսական բանակցությունները չդարձան Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդման քաղաքական հարթակ։ Ընդհակառակը, օրեցօր ամրապնդվեց քեմալա-բոլշևիկյան գործակցությունը Հայաստանի դեմ։

Նիստում երկու զեկուցում էլ նվիրված էր 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության և նրա անմիջական հարևան թշնամի պետությունների՝ Օսմանյան Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերություններին։ Պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը բնութագրեց հայ-օսմանական հարաբերությունների հիմնական ուղղությունները, իսկ պ.գ.թ., դոց.Յուրիկ Ղուլյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները, որոնց առանցքը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հայկական երկրամասերի նկատմամբ Բաքվի իշխանությունների զավթողական նկրտումներն էին։ Օգտտվելով իր տնտեսական և աշխարհաքաղաքական առավելություններից, միաժամանակ, հենարան ունենալով նախ՝ թուրքերին, ապա՝ անգլիացիներին, իսկ 1920 թ. մայիսից՝ նաև Խորհրդային Ռուսաստանին՝ Ադրբեջանը Հայաստանի հետ ունեցած բոլլոր խնդիրների լուծման համար ընտրեց ուժային ճանապարհը՝ բացառելով զիջոմների տարբերակը։ Նշվեց, որ Հայաստանը հարկադրված էր հնարավոր ամեն ինչ անել՝ իր իրավունքներն ու տարածքներն Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու համար, թեև դա նրան ոչ բոլոր դեպքերում է հաջողվել։ //-299

1920թ. թուրք-հայկական պատերազմը և Հայաստանի առաջին Հանրապետության անկման հանգամնքները (նախագահողներ՝ ՊԻ փոխտնօրեն պ.գ.դ., պրոֆ.Կարեն Խաչատրյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան) բաժանմունքի նիստը ևս անցավ հագեցած մթնոլորտում։ Զեկուցումներով հանդես եկան՝ ք.գ.թ., դոց.Էմիլ Օրդուխանյանը՝ Քաղաքական մշակույթի ձևավորման նախադրյալները Հայաստանի առաջին Հանրապետությունում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող Ռուբինա Փիրումյանը՝ ՅՉԴ - բոլշևիկ հարաբերությունները՝ վճռահատող ազդակ անկախ Հայաստանի կյանքում, պ.գ.դ., պրոֆ.Հրանտ Աբրահամյանը՝ Արցաքի խորհրդայնացման գործընթացը (1920թապրիլ - մայիս), Կարեն Խաչատրյանը՝ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը և անկախության հիմնահարցը, պ.գ.թ., դոց.Խաչատուր Ստեփանյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկման հանգամանքները վտարանդի գործիչների գնահատմամբ, պ.գ.դ., դոց.Արման Եղիազարյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը և Սփյուռքը, Արմեն Ասատրյանը՝ Գեներալ Դանիել բեկ Փիրումյանի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարիներին, պ.գ.դ. Ստեբան Ստեփբանյանցը՝ Հայ եկեղեցու գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարիներին։

Կրթական կյանքը և գեղարվեստական գրականությունը Հայաստանի Հանրապետությունում (նախագահողներ՝ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյան) բաժանմունքի նիստում զեկուցեցին՝ պ.գ.թ., դոցենտներ Գուրգեն Վարդանյանը՝ Կրթական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920թթ. և Համո Սուքիասյանը՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը մամուլի նկատմամբ (1918-1920թթ.), բ.գ.թ. Մարիամ Հովսեփյանը՝ Գաղթականների և որբերի նկատմամբ  Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքականության լուսաբանումը Կ.Պոլսի Ճակատամարտ օրաթերթի էջերում, պ.գ. թեկնածուներ Սեդա Օհանյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի կին պատգամավորների գործունեությունը 1918-1920թթ. և Անի Ֆիշենկճյանը՝ Հայաստանի Հանրապետության անկումից հետո վտարանդի մտավորականների գործունեությունը Սիրիայում, բ.գ.դ., պրոֆ.Սամվել Մուրադյանը՝ Հայ գրականությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը՝ Հայկական հարցը և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ֆրանսիացի հայագետների հետազոտություններում, Սուսաննա Հովհաննիսյանը՝ Հովհաննես Թումանյանի գրական-հասարակական գործունեությունը 1918-1920թթ., բ.գ.թ., դոց.Հրաչիկ Բայրամյանը՝  Հովհաննես Թումանյանը հայ-վրացական հարաբերությունների ջահակիր, բ.գ.թ. //-300  Լուսինե Վարդանյանը՝ Հայ գրահրատարակչությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին թեմայով։

Հայաստանի առաջին Հանրապետությունը արվեստի ստեղծագործություններում բաժանմունքում (նախագահողներ՝ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյան, ՀԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյան) ելույթ ունեցան՝ արվ. դ., պրոֆ.Աննա Ասատրյանը՝ Մեկ ստեղծագործության պատմություն. Էդգար Հովհաննիսյանի և Պարույր Սևակի Սարդարապատը, ճարտ. դ., պրոֆ.Դավիթ Քերթմենջյանը՝ Մայիսյան հերոսամարտին նվիրված հուշարձանները, արվ. թեկնածուներ Արթուր Ավագյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության գեղարվեստական կյանքը, Լիլիթ Արտեմյանը՝ Երաժիշտները Սարդարապատի հերոսամարտում. Վահան Տեր-Առաքելյան, Արսեն Համբարձումյանը՝ Երկու աշխարհների բախումը Սարոյան եղբայրներ գեղարվեստական ֆիլմում, բ.գ.թ. Ռուզան Սարյանը՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից Մովսես Գյուլնազարյանի սարյանական դիմանկարը զեկուցումներով։

Բաժանմունքների նիստերում զեկուցումները լսելուց հետո, ծավալվում էին քննարկումներն, որոնց ընթացքում վեր էին հանվում մասնակիցներին հուզող հարցերը, պարզաբանումներ տրվում պատմական նորահայտ փաստերի ու դրանց մեկնաբանությունների վերաբերյալ։

Մայիսի 26-ին՝ բաժանմունքների նիստերն ավարտելուց հետո, գիտաժողովի աշխատանքը շարունակվեց ԵՊՀ-ում, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակին նվիրված Արամ Մանուկեան, Նամականի փաստաթղթերի ու նյութերի ժողովածուի շնորհանդեսը։ Ստվարածավալ ժողովածուն Բոստոնի ՀՅ Դաշնակցության արխիվներում պահպանված հայ ազգային-ազատագրական շարժման անվանի գործիչ Արամ Մանուկյանի (1879-1919) նամակների հիման վրա կազմել, խմբագրել ու ծանոթագրել է ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ ու նշված արխիվների գիտակ Երվանդ Փամբուկյանը (ԼիբանանԱշխատությունը հրատարակության է երաշխավորել ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդը։ Շնորհանդեսին Ա.Մանուկյանի կյանքի և գործունեության 1904-1915թթ. ընդգրկող ժամանակահատվածը լուսաբանող նամականու վերաբերյալ ծավալուն զեկուցմամբ հանդես եկավ Երվանդ Փամբուկյանը։

Գիտաժողովն իր աշխատանքներն ամփոփեց լիագումար նիստով (նախագահողներ՝ Յուրի Սուվարյան և Արամ Սիմոնյան), որի ընթացքում լսվեցին բաժանմունքների ղեկավարների՝ Էդիկ Սիմոնյանի, Արարատ Աղասյանի և Կարեն Խաչատրյանի հաղորդումները նիստերում հնչած զեկուցումների, դրանց քննարկումների արդյունքների վերաբերյալ։ Եզրնփակիչ խոսքով հանդես եկավ ԳԱԱ //-301  Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յու. Սուվարյանը։

Գիտաժողովը ոչ միայն ամբողջացրեց Հայաստանի Հանրապետության հարյուրամյակին նվիրված մի շարք գիտական միջոցառումները, այլև շահեկանորեն առանձնացավ դրանց շարքում թե' մասնակիցների մեծ թվով, և թե' քննարկված հիմնախնդիրների շրջանակով ու շեշտադրումների արդիականությամբ։ Հեղինակավոր գիտական, կրթական և մշակութային հաստատություններ ներկայացնող Հայաստանի և արտասահմանյան մտավորականների մասնակցությամբ գիտաժողովը դարձավ մասնագիտական փորձի, տեսակետների և կարծիքների արտահայտման ու փոխանակման օգտակար հարթակ։

Լիլիթ Հովհաննիսյան  //-302

 

Պատմաբանասիրական հանդես, Երևան, 2018, № 2 (208), էջ 294-302: