Հայերի ցեղասպանության հարցը արդի փուլում

 

Մենք պետք է հստակ հասկանանք XXI դարում ապրելու և գործելու համար՝ մենք ենք լուծում դարի հարցերը, կամ դարն է լուծում մեր հարցերը: Իսկ մենք չենք կարողանա առաջ շարժվել, եթե չպարզենք մեր հնարավորություններն ու սփյուռք - հայրենիք - պետություն հարաբերությունները:

Այս երեքի շահերն ընդհանուր են, բայց նույնը չեն, ու պետությունն միայն այսօր է  մշակում իր վերաբերմունքը ազգային հարցերի հանդեպ: Ու քանի որ պետության և հայրենիքի շահերը կատարելապես նույնական չեն, մեր արդի ազգային հարցերի շուրջ առկա հակասությունը կրում է առարկայական բնույթ: Առայժմ հայկական պետությունը գերապատվություն է տալիս իր ամրացման և այլ սեփական շահերին: Չնայած ակնհայտ է, որ, եթե պետությունը նախապատվություն չի տալիս հասարակության ու իր ազգի շահերին, նա չի կարող դառնալ ուժեղ ու երկարակյաց:

Տվյալ պայմաններում, երբ պետության, հայրենիքի և սփյուռքի շահերը ընդհանուր են, բայց նույնը չեն, գագաթնահայաց բուրգային վարչական համակարգերը չեն կարող լավ գործել: Նման դեպքերում անհրաժեշտ են ճկուն, հորիզոնական կապեր: Ելնելով Դ.Մերսերի, Ռ.Շուկի, Ֆ.Ռոջերսի և այլ մասնագետների կարծիքից, որոնք մշակել են IBM կորպորացիայի ղեկավարման եղանակը, գտնում  ենք, որ արդի հարցերը լուծելու համար մեզ անհրաժեշտ է կազմել ռազմավարական խնդիրներ լուծելու նպատակաուղղված հատուկ խմբեր: Իսկ պետություն ու գիտության այն մարմինները, որ գործակցում են կամ գործակցելու են սփյուռքի հետ, պետք է նմուշօրինակ ծառայեն իրենց աշխատանքով:

Իհարկե, սեփական շահերից խոսելու անհրաժեշտությունը պարունակում է որոշ դժվարություններ: Գուցե դրանք արտահայտելու ժամանակ մենք պակաս համակրելի տեսք կունենանք իրար համար, բայց կազատվենք ածականներից ու մեր հարաբերությունները կունենան հստակ, իրական հիմք: Սփյուռքը չի կարող դուրս մնալ ազգային քաղաքական գործունեությունից երկու պատճառով։ Առաջինը՝ քանի որ ունի սեփական շահեր, և երկրորդը՝ քանի որ նրա գործունեությունը օգտակար է մեզ՝ հայաստանաբնակ հայերիս: Ուստի մեզ բոլորիս անհրաժեշտ է պարզել՝ ա) սփյուռքի ո՞ր մարմիններն և ինչպե՞ս կարող են ձեռք բերել ներկայացուցչական դերակատարություն, բ) պետության, հայրենիքի և սփյուռքի գործարության բաշխման ոլորտները, գ) իրավունքներ պատգամելու ձևը: Պետք է հստակեցնենք, թե որպես ամբողջական համակարգ ո՞վ, ե՞րբ, որչա՞փ ու հատկապես ի՞նչ պետք է ասի ցեղասպանության ու Հայ դատի մասին:

Հայ Դատը հանդիսանում էր արտաքին քաղաքականության այդպիսի մի հարց, որը վերաբերվում էր պետություն չունեցող ազգին: Ցեղասպանությունը եղել է Հայ Դատի եզրափակիչ փուլն, ու որքան էլ աղետալի էր մեզ համար, բայց այն եղել է քաղաքական հանցավոր միջոց, մեր ազգային կարիքները կասեցնելու համար: Աղետալի լուծման պատճառներից մեկը այն էր, մեծ քաղաքականության առարկա էինք, բայց ոչ համագործակից: Իսկ երբ հարցդ լուծում են քո փոխարեն ու քո բացակայությամբ, վերջ ի վերջո, անպայման կլուծեն ի վնաս քեզ և նույնիսկ քո հաշվին:

Այսօր դժվար չէ հասկանալ, ինչու մեր պետությունը, պատմության փորձին տիրապետելով, զգուշանում է առնչվել Հայ դատի հետ: Միաժամանակ արձանագրենք, որ նա դեռևս չի մշակել ազգային հիմնահարցերին արձագանքելու այնպիսի ծրագիր, որը հնարավոր կլիներ համարել համոզիչ ու հերկային համապատասխան: Այնինչ, խնդիրները չեն սպասում, և Լյուիս Քերոլի արտահայտությամբ՝ հնարավոր չէ սպանել ժամանակը, այդ նա է սպանում:

Ցեղասպանությունը որպես բռնի մրցակցություն՝ իշխանության, հողի և սեփականության համար պայքարում, դժբախտաբար, գործում է և այսօր։ Այդ երևույթը մեզ համար նույնիսկ ավելի արդիական է դարձել, քան 20 - 30 տարի առաջ: Եթե ուզում ենք խուսափել նման իրողությունից, մեզ հարկավոր է պատկեր կազմել, թե ինչ չափով և հատկապես ինչ դերը պետք է ստանձնեն պետությունը, գիտությունը, սփյուռքը, առկա սպառնալիքը կանխելու համար:

Իմ պատկերացմամբ պետության համար նախ կարևոր է արտաքին քաղաքականության ասպարեզը, որը համապատասխանաբար ունի միջպետա- կան հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների ոլորտներ: Սրանք երկուսն էլ մասնագետների կարիք ունեն, իսկ բանիմաց աշխատողները սակավ են: Մյուս ասպարեզը միջազգային իրավունքի տեսությունն է, այստեղ առայժմ մեր խոսքն ասել չենք կարող:

Սփյուռքը նշված տեսակետից ավելի լավ վիճակում է գտնվում և ունի հայերի ցեղասպանության ներկայացման կարիքը, ինչին մենք ավելի ենք պատրաստ, քան արտերկրի հայությունը: Գիտության ոլորտը իր ձեռքի տակ պետք է պահի հետազոտության ամբողջ ասպարեզը (սրա հիմնական ուղղությունները չեմ թվարկում՝ դրանք լավ ուսումնասիրված են և դժվարություն չեն ներկայացնում, իսկ կազմակերպչական և իրականացման գործերը դեռ հետ են մնում) և նախազգուշացման ցանցի ստեղցումը, որին կարող են մասնակցել արտասահմանում ապրող անձինք։ Մենք նրանց հետ առնչվում ենք ու գիտենք նրանց ներուժը։ Մասնակիցների թվում ակնկալվում է սփյուռքը, սփյուռքի մամուլը, լրատվական միջոցների ողջ համակարգը՝ աշխարհով մեկ: Այդ՝ այժմ իսկ հարկավոր ցանցը, մեզ մոտ գոյություն չունի:

Այսօր մամուլի, լրատվության ուղղությամբ մտածված ձևով չեն զբաղվում մեր պետությունը կամ մեր գիտությունը: Եթե XXI դարը լինելու է լրատվության դար, ապա մեր վերաբերմունքը այդ խնդրին անլուրջ է: Բացի զուտ քաղաքական քարոզչությունից, որտեղ ուշադրության կենտրոնում են մնում Արցախի և Եղեռնի ներկայացման հարցը, գոյություն ունի նաև մշակութային քարոզչություն: Դարասկզբից ի վեր, աշխարհը մեզ դիտում է որպես արտաքին վճիռներին ենթակա կողմ: Հետևաբար չզարմանանք, որ առայսօր մեր նկատմամբ գործադրվող քայլերը բացառապես ուժային ճնշման բնույթ են կրում: Ընդունված է, որ հայը կարող է ապրել ցանկացած իշխանության, ցանկացած պետության մեջ։ Նա կարողանում է հարմարվել, սակայն հաճախակի կարծում են, թե իբր փոքրամասնությունները ի վիճակի չեն ապրել և բարգավաճել հայկական պետության մեջ: Աշխարհը  դեռ չի ընկալում, որ մենք ունաք ենք ղեկավարելու և ոչ միայն հպատակվել մեկ ուրիշին: Նման աննպաստ դրվածքը, որը կայացել է հարյուրավոր տարիների ընթացքում, կարող է ավելի ուժեղ զենք լինել, քան ինքը՝ զենքը: Այդ ստերեոտիպը կոտրելու համար, մեծ հանրաթյունը պետք է վարժվի այն իրողությանը, որ մինչև XI դարը, մինչև սելջուկների արշավանքը հայը պետականություն է ունեցել, ապրել, ստեղծագործել, աշխատել է և եթե հանկարծ հայտնվել է քավության նոխազի դերում, ապա միևնույն է, ցանկացած հարցում չի զիջում բոլոր ազգերի ներկայացուցիչներին:

Չորրոդ հարցը վերաբերվում է առաջին երեք ոլորտների սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությանը։ Նման վերլուծությունը կատարվում է սոցիալ-հոգեբանական առարկայական հետազոտությունների արդյունքները ստանալուց հետո միայն: Ներկայումս ազգը գտնվում է այդպիսի ծանր վիճակում, որ նրա սոցիալ-հոգեբանական վիճակի ուսումնասիրությունը կտևի 20-30 տարի, մի բան, որ գիտության գործն է:

Բոլորիս հասկանալի է, ինչ ռազմավարական նշանակություն ունի Արցախի հարցով տարվող աշխատանքը, կամ ազգային անվտանգության ու եղեռնագործության կանխման համակարգների ձևավորումը: Գիտաժողովի ընթացքում ահազանգ լսեցինք Կուբանի մարզի հայերի վիճակի մասին: Թվում է, գիտաժողովը կարող է առաջարկել նախազգուշական հնարավոր միջոցներն, որոնք են՝

ա) Տնտեսական հատուկ պայմանագրեր ու կապեր: Եթե մարզի իշխանությունը գտնում է, որ շահագրգռված չէ համայնքի տնտեսական գործունեության խնդրում, պետք է շահագրգռված լինի գոնե Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական կապերի գործում։ Ապրանքափոխանակային կապերը կարող են բարվոքել վիճակը, մանավանդ՝ սպառողական ապրանքների ներկայիս սղության պայմաններում:

բ) Հատուկ քաղաքականություն վարել բոլոր հայաբնակ պետությունների և տարածքաշրջանների հանդեպ: Պետությունը պատասխանատու է նման տարածքների հետ փոխվստահության միջոցներ մշակելու գործում, այլապես նրա ազգային քաղաքականությունը թերի կլինի:

գ) Հնարավոր են և այլ՝ զուտ քաղաքական միջոցներ, որոնք խիստ արդյունավետ են կիրառվելու դեպքում, նույնիսկ, երբ մեծ հասարակական արձագանք չեն ունենում:

դ) Եթե վերոհիշյալ բոլոր ձևերը չեն բերում ցանկալի արդյունք, ապա վտանգի մասին շուտափույթ տեղեկություն պետք է տարածվի մարզ - պետություն - գիտություն - սփյուռք - զանգվածային լրատվական միջոցներ գծով: Սոցիալ-քաղաքական իրավիճակին վերաբերող հստակ վերլուծական տեղեկությունը հզորագույն զենք է դառնում, և որակյալ տեղեկությունների սփռման ուժը չի կարելի աչքաթող անել:

Մեր համակարգի կարևորագույն գործոններից է նաև հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Լավ է, երբ Ռուսաստանի պետքարտուղար Գ.Բուրբուլիսը մայիսի 11-ին Հայաստանում հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական առաջխաղացումը բացառվում է: Նրա ելույթի կողքին, այս՝ մեզ խորապես հուզող խնդրում, երևի իր դերն ունի նաև ԱՄՆ-ը։ Յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգները քիչ գումարներ չի ծախսում Թուրքիայի վրա, հետևաբար, Անկարային դժվար կլիներ անտեսել ամերիկյան գործոնի ազդեցությունը:

Ամփոփելով, ուզում եմ հույս հայտնել, որ երբ մտնենք XXI դարն, իսկ մենք անպայման կմտնենք XXI դարը, կգտնենք մեր այսօր ձևակերպած հարցերի բավարար պատասխանները: Ցանկացած ծրագիր արժեք չի ունենա, եթե մնա միայն որպես խսոսք: Իսկ XXI դարը մեզ կմատուցի նոր խնդիրներ, որոնք նույնպես անհետաձգելի են լինելու: