Արևմտահայ դիվիզիան և ԱՄՆ-ի քաղաքականությունը 1917-1918թթ.

 

1917թ. սկզբին ռուսական Կովկասյան բանակը 170 կմ առաջ էր անցել 1914թ. սահմանից՝ ներառելով Մուշն ու Դատվանը: Սակայն Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդները հետամուտ էին անհապաղ հաշտություն կնքել թշնամու հետ ու Օսմանյան կայսրությանը վերադարձնելու նրա լծից ազատագրված բոլոր տարածքները: Իրենց հերթին, Թիֆլիսում կենտրոնացված քաղաքական ուժերը հայտարարում էին Ռուսական Հանրապետության մաս լինելու մասին, բայց չէին ենթարկվում բոլշևիկյան կառավարությանը: Ընդ որում, Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը կատարեց բոլշևիկների Բրեստ-Լիտովսկից արձակած պահանջն ու 1917թ. դեկտեմբերի 18-ին (5-ին) Երզնկայում կնքվեց զինադադար:

Մինչհեղափոխական 880-650-հազարանոց ռուսական զորքերը քիչ թե շատ կայուն վիճակ էին պահպանում մինչև 1917թ. նոյեմբերի 8-ին բոլշևիկյան «Խաղաղության մասին» հռչակագրի ընդունումը: Վերջինը խթանեց 965 կմ ձգվող դիրքերից զանգվածային դասալքությունն ու 500-250 հազարի հասած բանակային կառույցի քայքայմանը: Վիճակը էլ ավելի ծանր էր, քանի որ այդ ամբողջ համակազմից խրամատներում կար մոտավորապես 60 հազ. մարդ1: Ա.Օզանյանի վկայությամբ 1918թ. փետրվարի 28-ին (15-ին) նրա 2-հազարանոց դիվիզիայի Սարիղամիշ հասնելու օրը, ռուսական վերջին կառախումբը հեռացել էր դիրքերից: Նման իրավիճակը հղի էր լայնածավալ թուրքական //-49  առաջխաղացմամբ, հետևաբար կործանման եզրին էր ոչ միայն արևմտահայ հատվածը, այլև մեր ամբողջ ժողովուրդն անխտիր:

Բուն Արևմտյան Հայաստանում գործում էր գեներալ-լեյտենանտ Պ.Ավերյանովի ու Հ.Զավրյանի Գեներալ-կոմիսարիատի փոքրաթիվ վարչակազմը՝ Վանի նահանգապետ (սեպտեմբերի 22/9-ից՝ կոմիսար) Կոստի Համբարձումյանի գլխավորոթյամբ: «Երզնկայէ Էրզրում մինչեւ Վան 12-15 հազար թրքահայ զինուած ժողովուրդ շատ դիւրութեամբ կրցան այդ ճակատները պաշտպապնել երեքուկէս ամիս և խոշոր վտանգի ժամանակ, դէպի Կովկաս փոխադրել հարիւր հազար գաղթական»2: Այդ թվում՝ «Քէլքիտի կողմը 950 հոգի, Էրզրումի մէջ 251 զինուոր և 53 սպայ, …4-րդ գունդը Էրզրումի Թէքքէ-Տէրէսի մէջ ունէր 450 զինուոր, Խնուսի 2-րդ գունդը, 5-րդը Վանէն դէպի վար Հայոց Ձորի մէջ 500 հոգի»3: Խնուս-Մուշի շրջանում գործող Մանուկի, Մուշեղի և Չոլոյի (Հարություն Աբրահամյանի) ջոկատը ուներ 300 զինվոր, որ մինչ հեղափոխական ժամանակահատվածում եղել էր 1.500-հոգանոց Սասունի գունդը: Գումարած Ալաշկերտում առկա Սմբատի, Բաբերդում՝ Սեպուհի, Վանում՝ Գրիգոր Բուլղարացու, Լ.Շադոյանի, Տ.Բաղդասարյանի, Երզնկայում՝ Սեբաստացի (Խրիմյան) Մուրադի ուժերը:

Կոմիսարիատը գտնում էր, որ առաջին հերթին պետք էր պաշտպանել Վանը, Խնուսն ու Կարինը4: Ն,թ, դեկտեմբերի 12-ին (նոյեմբերի 29-ին) կազմակերպվող Հայկական կորպուսի հրամանատար Թ.Նազարբեկյանը Հայոց Ազգային խորհրդում առաջարկեց թուրքահայերից զորամասեր կազմել ու ընդառաջել Անտանտի՝ թուրքահայ ստորաբաժանումներ հավաքելու առաջարկին5: Հաջորդ օրը ՀԱԽ-ում ունկնդրեցին Պողոս Նուբարի հեռագիրը: Նա նույնպես առաջարկում էր բանակաշինություն ու համաձայնության դեպքում պատրաստ էր բանակցելու «անգլիա-//-50  կան ու ֆրանսիական կառավարությունների հետ, դրամական և այլ կարգի» օժանդակության մասին6: Հետաքրքրական է, որ վերոնշյալ դիվանագիտական նախաձեռնությունն, ինչպես և 1917թ. դեկտեմբերի 14/1-ին ռուսական հրամանատարության կողմից ՀԱԽ-ի նիստում կատարված հաղորդումը՝ Ալաշկերտն ու Խնուսը ընդգրկող Հայաստանի «ինքնորոշվող երկիր» դառնալու մասին, կատարվել են բոլշևիկների «Ռուսաստանի ու Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին դիմումի» միջոցով գաղտնի համաձայնագրեր չեղյալ հայտարարելուց հետո ու նրանց «Թուրքահայաստանի» մասին հռչակագրից համարյա մեկ ամիս առաջ7:  //-51 …

 

Մեջբերումներ

1) Հայաստանի Ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ) ֆ.222, ց.1, գ.141, թ.50 շրջ., 54; Gibbons H.A., Armenia in the World War, NY, American Committee opposed to the Lausanne Treaty, 1926, p.13. //-49

2) Միհրանեան Ա., Ինչպէ՞ս պէտք է գրաւել Թրքահայաստանը (Զօր. Անդրանիկի կարծիքը), Կ.Պոլիս, 1921, էջ 9, ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.50 շրջ.:

3) Նույն տեղում, էջ 8:

4) ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.79 շրջ.-80:

5) Նույն տեղում, թ.51: //-50

6) Նույն տեղում, թ.52 շրջ.:

7) Նույն տեղում, թ.55: //-51    ...