Անգլիական ռազմական վարչակարգը Անդրկովկասում

և Հայաստանի կառավարությունը

(1918թ. դեկտեմբեր - 1919թ. օգոստոս)

 

Ինչպես բոլոր կայսերական կառուցվածքներում, ռազմատենչությունը եղել  է  մինչպատերազմական Մեծ Բրիտանիայի  պետական համակարգի էական բաղադրամաս։ Չէ՛, որ բանակի հարկադրական ուժը հակակշռում էր գաղութների հետ հաստատված  տնտեսական կապերի տկարությունը կամ քիչ շահավետությունը: Ռազմական ուժերի հատկապես տիրական, և ոչ թե պաշտպանական դերն էլ անվանում են միլիտարիզմ, այն է՝ ռազմատենչություն: Դասական կայսրության տեր՝ Անգլիան, իր տան մեջ վայլեում էր ներկայացուցչական պետություն, սակայն գաղութների համար հարկավոր էր մշտապես աշխատացնել ծովակալությունը, ռազմական և Հնդկաստանի գործերի նախարարությունները: Հասկանալի է, որ պատերազմի տարիներին զորավարական կազմն ամրապնդել էր իր դիրքերը: Ու թեև Մուդրոսի և Կոմպյենի զինադադարներից հետո, երբ դեռևս վճռվում էր ռազմաավարների ու աշխարհի ճակատագիրը, զինվորականները հաջողությամբ մրցում էին ֆորին օֆիսի հետ՝ պետական քաղաքականությունը ձևավորելու ասպարեզում, ի վերջո Դ.Լլոյդ Ջորջը ընդունեց քաղաքացիական իշխանությունների տեսակետը*:

Նշենք, որ երեք վերոհիշյալ գերատեսչություներն էլ պահպանողական էին, ի տարբերություն ազատախոհ վարչապետի: Միջագետքի ճակատում տեղակայված բրիտանական ուժերն, այդ թվում՝ բազմաթիվ հնդկական գնդեր, ձգտում էին հսկել Բաղդադն ու և Բաքվի նավթը: Այս զորքերը ներկայացնում էին գեներալ-մայոր Լ.Չ.Դանստերվիլն, այնուհետև 82-րդ բրիգադի 39-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայորի դերակատար Վ.Մ.Թոմսոնը և գեներալ Դ.Ի.Շատլվորթը: Իսկ Սալոնիկյան ճակատում գործում էին անգլոսաքսոնական զորամասեր ու նավատորմը, որոնց առավել հետաքրքրում էին տարածքների գործոնն ու ռազմածովային կայաններ ունենալու հնարավորությունը: Դրանք գեներալ Ջ.Ֆ.Միլնի 80-րդ և 81-րդ բրիգադների միավորումներ էին, հատկապես առաջինի՝ գեներալ-մայոր Ջ.Տ.Ֆորեստյե-Ուոկերի 27-րդ դիվիզիան, ինչպես և փոխծովակալ Ս.Գաֆ-Քելթորպի նավախումբը Միջերկրական ծովում ու դերծովակալ Մ.Կալմ-Սեյմուրի սևծովյան նավախումբը1:

Մեզ հետաքրքրող ժամանակամիջոցում, մինչև 1919թ. օգոստոս, ռազ- //-62  մական նախարարութունը ոչ միայն հակազդում էր Արևելյան հարցերում ավելի լայնախոհ Ֆորին օֆիսին, այլև բանակի դաշտային բարձրագույն հրամանատարության շարքերում բացեիբաց մրցակցում էին «հնդկական» ու «սալոնիկյան» ուղղությունները: Սա անդրադառնում էր Անդրկովկասում տեղակայված բրիտանական զորամիավորումների գործունեության վրա։ Այսպես, Վ.Թոմսոնի զորամասերը ձգտում էին Բաքվի նավթին, իսկ Ջ.Միլնի գումարտակները հսկողության տակ էին առնում երկրամասի համար կենսական նշանակություն ունեցող կենտրոնները: Ընդ որում, խոսքը մեր տարածաշրջանում բրիտանական վարչակարգի ստեղծման մասին էր։ Տեղաբնակ իշխանութան ցանկություններից անկախ, անկայուն, վիճելի կամ կենսական կարևորություն ունեցող շրջաններում (օրինակ՝ Բաթումի մարզում) ստեղծվում էր բանակին ենթակա վարչակարգ։ Նման վայրերում կազմակերպվում էին ռազմական գեներալ նահանգապետություններ, որոնք ունեին հստակ սահմաններ և ստորադասության համակարգ, բրիտանացի պետերի իրավասությունների ծավալը կախված էր զինված ուժերի առկայությունից, իսկ բնակիչներից պահանջվում էր բացարձակ հնազանդություն և անգլիացիների հետ համագործակցություն։ Սկզբից տեղական կառավարությունները չէին ճանաչվում ընդհանրապես, այնուհետև Անդրկովակսի հանրապետությունների փաստացի ճանաչումը տեղի էր ունեցել միայն 1920թ. հունվարին՝ Բաթումի բացառությամբ, ողջ երկրամասից բրիտանական զորքի հեռանալուն զուգահեռ: Ի դեպ, «հնդկական քաղաքականություն» ու «հնդկական ձգտումներ» հասկացությունները կիրառել էր նաև կապիտան Գ.Կալմանյանցը 1918թ. նոյեմբերի 25-ին` արտգործնխարար Ս.Տիգրանյանին հասցեագրած զեկուցման մեջ։ Նա կոչ էր անում Վաշինգտոնին սատարել հայերին, որովհետև ԱՄՆ-ին «ցանկալի չէ անգլիացիների ծավալվելը Արևելքում»2:

Գրանցենք, որ բրիտանական  թափանցումը տարածաշրջան կատարվում էր Պատերազմական դահլիճի 1917թ. դեկտեմբերի 23-ին կայացած  վճռով, ըստ որի ռուսական հարավը բաժանվում էր անգլիական ու ֆրանսիական ազդեցության ոլորտների: Ամբողջ Անդրկովկասը պետք է ենթարկվեր Մեծ Բրիտանիային: Մեկ տարի ավելի ուշ՝ 1918թ. նոյեմբերի 13-ին, ռազմական նախարարության նիստում առաջարկվեց կայսերական կառավարման տակ վերցնել Անդրկովկասը՝ Դոնի տարածաշրջանի հետ միասին։ Ֆորին օֆիսի վճռով այդ ամենին ավելացվել է Թուրքեստանը:

Կայսերական գլխավոր շտաբի պետ Հ.Ուիլսոնի մշակված հրամանը ներառել էր այն կենսական նշանակություն ունեցող կենտրոնները, որոնք ապահովում էին երկաթուղու և Բաթում-Բաքու խողովակաշարի շահագործում: 1918թ. նոյեմբերի 21-ին արձակած կառավարական որոշումը թույլատրեց բանակին գործին անցնել ու հանձնարարեց ռազմական գործողությունների պետ Պ.Պ.Ռեդկլիֆին` հրամայել Ջ.Միլնին, որպեսզի վերջինս պատրաստի բրիտանական դիվիզիայի ծովային փոխադրումը՝ Բաթում: Իր հերթին, նույն նախարարության դեկտեմբերի 11-ի հրամանը ծանուցում էր, որ Մեծ Բրիտանիայի նպատակն է հսկողություն սահմանել թուրքերի հանդեպ և ստիպել նրանց կատարել զինադադարի պայմանները Կովկասում։ Սև ու Կասպից ծովի միջև երկաթուղու և խողովակաշարի հսկողությունը, Բաքվի, Բաթումի, և, հավանաբար, Թիֆլիսի զավթակալումն ընդգրկող ծրագրերում Երևանը, Կարսը Ալեքսանդրապոլը կամ ողջ Հայաստանը տեղ չեն գտել: Սալոնիկյան բանակի մի մասը` 80, 81, 82-րդ բրիգադի կազմով, նոյեմբերի կեսերին տեղաշարժվեց Կ.Պոլիս, հիմնելով այնտեղ գեներալ Ջ.Միլնի //-63  սևծովյան բանակի շտաբակայանը: Իսկ Է.Ալենբիի ռազմարշավային կորպուսի մի մասը տեղափոխվեց Բաքու՝ ստեղծելով Վ.Մ.Թոմսոնի շտաբակայանը: Միջագետքի բանակը, որը պատերազմից առաջ  հսկում էր Հնդկաստանը, այժմ էլ սերտ կապեր էր պահպանում Է.Մոնտեգյուի գերատեսչության հետ:

1918թ. դեկտեմբերի 15-ից 1919թ. հունվարի 8-ը Բաթումում ափ էր իջել 80-րդ բրիգադի 27-րդ դիվիզիան: Հիմնական ուժերը նավերից իջել են դեկտեմբերի 22-23-ին՝ ամսի 24-ին հիմնելով բրիգադային գեներալի դերակատար Վ.Ջ.Քուկ-Կոլլիսի շտաբակայանը։ Հաջորդ օրը, հաղթահարելով Ն.Ժորդանիայի դիմադրությունը, Թիֆլիս են ուղարկվել Ջ.Ֆորեստյե-Ուոկերի ջոկատները: Սրանից ավելի շուտ, 1918թ. նոյեմբերի 17-ին, Վ.Թոմսոնի զորամասերը մտան Բաքու: Այսպիսով, երկրամասը բաժանվեց Արևմտյան և Արևելյան մասերի: Հունվարի 22-ին գեներալ-մայոր Գ.Ղորղանյանը գաղտնի զեկուցումով հայտնում էր Ս.Տիգրանյանին, որ «անգլիացիները ժամանել են Կովկաս՝ Դաշնակիցների ընդհանուր ծրագրի համաձայն: ...Ընդ որում, Անդրկովկասն ընկել էր անգլիական զորքերի համար նախորոշված հատվածը: Ռուսաստանի հարավը, այն է՝ Հյուսիսային Կովկասն ու վերը, վիճակվել են ֆրանսիացիներին»: Դրանից քիչ առաջ, Կամավորական բանակին կից գործող ՀՀ-ի դիվանագիտական ներկայացուցիչ Հ.Սաղաթելյանը համանման տեղեկություններ էր տալիս նրա ղեկավարին Եկատերինոդարից3:

 

Մեջբերումներ

* Զեկուցվել է 1998թ. մայիսի 20-ին, Երևանում, 1915թ. մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 80-ամյակին նվիրված ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում։ 

1) Ուումնասիրման համար շատ օգտակար են եղել Ֆորին օֆիբի վավերագրերը, Lloyd George D. Mémoires de Guerre, 2 vols. Paris, A.Fayard, 1934, 1935; Nassibian A. Britain and the Armenian Question 1915-1923. Lnd., Croom Helm, 1984; Hovannisian R. The Republic of Armenia, 4 vols. Berkeley & L.A., 1971-1996, հատկապես դրա առաջին երկու հատորները; Խատիսեան Ա.: Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը: 2-րդ տպագր.: Պէյրութ, Համազգային, 1968; Վրացյան Ս. Հայաստանի Հանրապետություն։ Երևան, Հայաստան, 1993: Հետայսու Հայաստանի Ազգային արխիվը նշվելու է որպես ՀԱԱ: Նկատենք, որ տարբեր գործերում պահվող վավերագրերը հաճախակի ունենում են բովանդակային տարբերություններ, ուստի դրանց տվյալները նշվում են ամբողջությամբ, թվարկելով մի քանի արխիվային գործեր: Documents on British Foreign Policy 1919-1939. Ed.by E.L.Woodward, R.Butler. 1st series. Lnd., HMSO, 1947-1963 մեջբերվելու են որպես British Documents, իսկ Great Britain Foreign Office Archives, Public Record Offfice որպես FO:

2) Տես օրինակ. ՀԱԱ ֆ.199, ց.1, գ.12, թ.107-108Ա, 173; գ.32, թ.9-12; ֆ.200, ց.1, գ.16, թ.17Ա-19Ա; գ.158, թ.7-10; ց.2, գ.3, թ.1; գ.24, թ.1; ֆ.4033, ց.2, գ.962, թ.49; գ.963, թ.70-76; գ.964, թ.133-135; գ.978, թ.1-7; Nassibian A., op.cit., p.154։

3) Great Britain, Cabinet Office Archives, Public Record Office, Lnd. Cab. 23/8, War Cabinet Minutes 495 (5), 502 (Appendix), 505 (3), 27/24, E.C. 2392, 27/38, E.C. 2709; British Documents, vol.3, p.365-373; ՀԱԱ ֆ.200, ց.1, գ.158, թ.91-92; ց.2, գ.65, թ.1-4; ֆ.4033, ց.2, գ.963, թ.88-95; Fischer L. The Soviets in world affairs. Lnd., 1930, vol.II, p.836; Ullman R.H. Anglo-Soviet relations, 1917-1921. Vol.II: Britain and the Russian civil war, November 1918 - February 1920. Princeton, 1968, p.45; Nassibian A., op.cit., p.94-103, 107, 114, 117, 125-127, 145-146, 151; Hovannisian R., op.cit., vol.I, p.61, 170:    ...