1915թ. ապրիլի 26-ի Լոնդոնի պայմանագիրը Փարիզի

Վեհաժողովում (1919թ. ապրիլ - մայիս ամիսներին)

         

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դաշնակիցները ստորագրել են Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ չորս պայմանագիր: Սրանք են 1915թ. ապրիլի 26-ի Լոնդոնի, 1916թ. փետրվարի 14-ի անգլո-ամերիկյան «անորսալիե, նույն 1916թ. մայիսի 16-ի Սայքս-Պիկոյի և 1917թ. ապրիլի 19-21-ի  Սեն-Ժան-դը-Մորյենի համաձայնագրերը: Առաջինը նախատեսում էր Իտալիայի մասնակցությունը մեծ պատերազմում ու սահմանում էր նրա բաժինը Փոքր Ասիայում: Հոդված 9-ում ասվում է. «Եթե Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը պատերազմի ընթացքում ռազմագրավեն Թուրքական Ասիայում [գտնվող] տարածքները, ապա Ադալիայի նահանգին սահմանակից Միջերկրական շրջանը պահվելու է որպես Իտալիայի պաշար, որն էլ լիազորված կլինի ռազմագրավել այն»: Պայմանագրի մեջ օսմանյան ասիական հողերի ընդհանրացած բնութագրումը թելադրել է նոր՝ անգլո-ամերիկյան երկկողմանի  փաստաթղթի մշակում, ու հանդիսացել է ևս մեկ՝ ավելի մանրամասն Սայքս-Պիկոյի համաձայնության կայացման, որն կազմվել ու կնքվել է առանց Իտալիայի: Իսկ վերջինի պնդմամբ իրականացվել է Սեն-Ժան-դը-Մորյենի եռակողմ դաշնագիրն, այս անգամ՝ առանց Ռուսաստանի: Փաստաթութը իտալացիներին էր հատկացնում Կոնիայի նահանգի մի մասը, և այդ տարածքից դեպի հյուսիս սփռված հողերը դառնում էին իտալական ազդեցության ոլորտ1:

Նշենք, որ 1919թ. ծավազված փարիզյան բանակցություններում Մեծ Տերությունները քիչ էին հղում Սայքս-Պիկոյի համաձայնագիրը (մարտի 20-ի հանդիպման բացառությամբ), թեև բազմիցս էին օգտագործում Լոնդոնի պայմանագիրը: Այդ հանգամանքը չես բացատրի 1917թ. հեղափոխության իրողությամբ, քանի որ լոնդոնյան փաստաթղթի տակ էլ կար Ռուսաստանի ստորագրությունը: Իրականում, Սայքս-Պիկոն ապահովում էր վերջինի ավարը, իսկ Լոնդոնի վերացական ձևակերպումը հնարավորություն էր տալիս ազատ խմբագրել ցանկացած քարտեզը: Եվ երկրորդ հանգամանքը՝ 1917թ. ապրիլից սկսած ԱՄՆ-ը դարձել է պատերազմի մասնակից: 1918թ. նոյեմբերի վիճակով Վ.Վիլսոնը ի զորու է եղել ստիպել նրա զինակիցներին զինադադար կազմել նրա «14 կետերի» հիման վրա։ Նախագահն ոչ միայն ազատ էր վերոնշյալ պարտավորություններից, այլև ինքը թելադրեց աշխարհի բաժանման նոր սկզբունքները: Սրանք էին՝ ազատ, անարգել առևտուրը, գաղութային տարածքների հսկողություն միջազգային կազմակերպության ուժերով ու նոր իշխանությունների լիազորությունները օրինական էին դառնում միայն հպատակ ժողովուրդների համաձայնության դեպքում:

Վ.Վիլսոնի գործունեության հետևանքով, 1918թ. նոյեմբերի 9-ին Անգլիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ նրանց գլխավոր նպատակն է. «վերջնականապես ազատել թուրքերի կողմից այդքան վաղուց ճնշված ժողովուրդներին, հաստատել այդպիսի ազգային կառավարություններ ու վարչակարգեր, որոնց իշխանությունը բխում է ազգաբնակչության նախաձեռնությունից և ազատ ընտրությունից»: Սա վերաբերում էր «նաև այն հողերին, որոնց նրանք պատրաստվում են ազատել» մոտ ապագայում: Տերությունները «համաձայնվել են ճանաչել նման կառավարությունները, հենց որ նրանք հիմնադրվեն արդյունավետ կերպով»: Դաշնակիցների առաջնորդները խոստացան լայն աջակցություն, անկողմնակալ ու հավասար արդարացիություն, օժանդակություն տեղի բնակչության զարգացմանը, ու շատ այլ բաներ: Չհարտված հակասությունները հաղթահարելու համար 1918թ. դեկտեմբերին Ժ.Կլեմանսոն մեկնեց Լոնդոն, որտեղ նա հաստատել է Ֆրանսիայի իրավունքը Սիրիայի և Կիլիկիայի նկատմամբ: Ի պատասխան, Անգլիան իրենն է հայտարարել Մոսուլն ու Պաղեստինը:2

Թեև Փարիզի նիստերի ժամանակ Վ.Վիլսոնը ինքն է հետաքրքրություն ցուցաբերեց Սիրիայի, Կիլիկիայի և Ֆիումե (այժմ՝ Ռիեկա) քաղաքի հանդեպ։ Առաջի հանգամանքը դժգոհացրեց Ֆրանսիային, իսկ Ֆիումե քաղաքը՝ Լոնդոնի պայմանագրից դուրս, հրապուրում էր Իտալիայի վարչապետ Ս.Սոննինոին։ Բացի դրանից, Դաշնակիցները Հունաստանին են լիազորել գրավել Զմյուռնիայի այն շրջանը, որը խոստացել էին Իտալիայի կառավարությանը: Նման վիճակում բոլորից լավ դիրքեր զբաղեցնում էր Դ.Լլոյդ Ջորջը՝ Ս.Սոննինոն միայն ձգտում էր «ռազմագրավման հետևանքով տիրույթի» հաստատմանը, իսկ բրիտանական վարչապետը արդեն ուներ Կովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում տեղակայված 0,9-1 մլն. զինվոր:3

Վ.Վիլսոն-Ս.Սոննինո հակասությունը և ԱՄՆ-ի հավակնությունը Կիլիկիայի նկատմամբ ստիպեցին Ֆրանսիայի վարչապետ Ժ.Կլեմանսոյին պնդել Լոնդոնի պայմանագրի իրավասությունը: Ֆրանսիացին պահանջում էր համապատասխանեցնել ավարներն ու պատերազմի ժամանակ թափված ռազմական ջանքերը: Մի կողմից՝ սա Լոնդոնի պայմանագրում հաստատված սկզբունքն էր, մյուս կողմից՝ նրա մոտեցումը նվազեցնում էր Իտալիայի սպասելիքը։ Վերջինը ընդամենը 2.000 զինվոր էր ռազմադաշտ հանել օսմանյան ուժերի դեմ: ԱՄՆ-ի նախագահն էլ այնտեղ զորք չուներ, սակայն Վ.Վիլսոնը կարող էր մեջբերել Եվրոպայի դրամական պարտքերը։ Ինքը շատ էր հարկավոր որպես պարենի, օգնության ու հետագա ներդրումների աղբյուր: Այդ առումով, բոլոր եվրոպացիներից լավագույն վիճակում էր գտնվում Մեծ Բրիտանիան, որը ռազմական գործողություններ չի տարել սեփական հողի վրա ու հետևաբար` չի ունեցել ավերածություններ: ԱՄՆ-ի մասնակցության դիմաց, Դ.Լլոյդ Ջորջը Վ.Վիլսոնին առաջարկեց Կ.Պոլիսն ու Արևմտյան Հայաստանը, որին հեշտությամբ ավելացվում էր և Արևելյան երկրամասը, թեև երկուսն ել պահանջում էին մեծ ծախսեր ու բանակի տեղավորում: Կ.Պոլիսը, առանձին վերցված, չէր կարող հատուցել այդքան խոշոր գումարներն կարիքը: Նման պայմաններում Կովկասն ևս դարձել էր իտալա-ամերիկյան մրցակցության առարկա: Զարգացումների այդ համատեքստում Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան բռնեցին ԱՄՆ-ի կողմը, քանի որ Ռուսաստանի սահմաններում հաստատվելու համար հարկավոր էր բավականին մեծ ուժ: Ամբողջ խաղը բոլրովին միանշանակ չէր: Նույնիսկ 1919թ. գարնան ամիսներին, երբ Դ.Լլոյդ Ջորջը ամենայն լրջությամբ ընդունում էր ամերիկյան մանդատը Օսմանյան կայսրության հանդեպ, երբ ինքը ստիպում էր պարզաբանել մյուս կողմի մտադրությունը, հենց նույն բրիտանացին չեզոքացնում էր ԱՄՆ-ի նախագահի՝ ամբողջ կայսրության կամ «համեղ պատառների» հանդեպ մանդատ ստանալու ճիգերը։ Մինչդեռ, առանց նման պատառների, ԱՄՆ-ի Ծերակույտը չէր հաշտվում Հայաստանի հովանավորություն ստանձնելու հեռանկարի հետ: Սա հավասարապես վերաբերվում էր նաև Անատոլիային:   ...