Տպագրության է երաշխավորել

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի

գիտական խորհուրդը

 

 


НАЦИОНАЛЬНАЯ  АКАДЕМИЯ  НАУК

РЕСПУБЛИКИ  АРМЕНИЯ

Институт  истории

 

 

          Г.Г.Махмурян

 

                                                  

 

ÏПОЛИТИКА  ВЕЛИКОБРИТАНИИ  В

АРМЕНИИ  И  ЗАКАВКАЗЬЯ

В  1918-1920 гг.

БРЕМЯ  БЕЛОГО  ЧЕЛОВЕКА

                                                                    

                                                                                         

                                                    G.G.Makhmourian

 

 

THE  POLICY  OF  GREAT  BRITAIN

IN  ARMENIA AND TRANSCAUCASIA

IN  1918-1920

WHITE  MAN'S BURDEN

 

 

ЕРЕВАН   “э-КНИГА”   2002

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱԶԳԱՅԻՆ  ԱԿԱԴԵՄԻԱ

Պատմության  ինստիտուտ

 

 

 

                                                    Գ.Գ.Մախմուրյան

 

 

 

 

ՄԵԾ  ԲՐԻՏԱՆԻԱՅԻ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԵՎ  ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

1918-1920 թթ.

ՃԵՐՄԱԿԱՄՈՐԹ  ՄԱՐԴՈՒ  ԲԵՌԸ

 

 

 

ԵՐԵՎԱՆ   «հ-ԳԻՐՔ»   2002

 

          ԳՄԴ 63.3 (2Հ)+63.3(4Բր)

           Մ 364

 

Գրախոսներ՝ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության

                        դոկտոր Ա.Նասիբյան-Էքմեքճյան (Կիպրոս),

                        պատմ. գիտ. դոկտոր Ա.Մ.Հակոբյան,

                        պատմ. գիտ. թեկնածու Վ.Հ.Մելիքյան

Խմբագիր`      պատմ. գիտ. դոկտոր Ս.Ս.Ստեփանյան

  

 

 

Մախմուրյան Գ.Գ.

Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայաստանում և Անդրկովկասում 1918-1920 թթ.։/Հայաստանի ԳԱԱ Պատմության ին-տ։ Երևան, հ-Գիրք, 2002, 325 էջ:

Առատ, թեև կարևորության տարբեր աստիճաններ ունեցող անգլերեն, հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն լեզուններով արխիվային փաստաթղթերի օգնությամբ, գրքում հետազոտվում են Անդրկովկասում ու հատկապես Հայաստանի Հանրապետությունում իրականացած բրիտանական կայսերական կառավարման ու քաղաքականության գործելաձևերն. ինչպես նրանք ներկայացան ու պատկերվում էին այս աշխատանքի հեղինակին։

Մենագրությունը ստեղծվում էր ինձ ի հաճույս, ուստի կարող է օգուտ բերել մտածող ընթերցողների լայն հասարակությանը։ Այդ խմբին ի պաշտոնե ներգրավվում են հասարակագետ-դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ինչպես և իրական, առավելապես արտաքին քաղաքականությամբ զբաղվող անձինք։

Ներկա աշխատության ռուսերեն բնագիրը լույս է տեսել նույն 2002թ.։ Հայերեն այս տարբերակն ունի փոքր, բայց հարկավոր ճշգրտումներ։

 

                                         ԳՄԴ  947.925“1918-1920”+942.0

 

     0503000000

Ք ----------------- 2002 թ.

    0150(01)2002

 

ISBN 99930-892-7-3

© Գ.Գ.Մախմուրյան, 2002

 

Մի քանի խոսք Բրիտանական կայսրության

պետական ապարատի մասին

 

Если джентльмен не умеет

танцевать черкесский танец, так

нечего ему и соваться, другим

мешать.                Р.Киплинг.

                                                                                            

Իր գոյության առաջին իսկ օրերից 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը գտնվել է գլխավոր եվրոպական տերությունների թեժ ռազմական առճակատման բոցում։ Համաշխարհային պատերազմի և ռուսաստանյան երկու հեղափոխությունների հետևանքով հայերը և ամբողջ Անդրկովկասը դեմ են առել թուրքական ներխուժմանն, իսկ հետո` բրիտանական վարչության իրականությանը։ Երկրորդն, իհարկե, առաջինի հետ չես համեմատի։ Թեև երկրամասում գործելու իր ժամանակամիջոցում Անգլիան բոլորովին էլ չէր ձգտում աջակցել նոր հանրապետությունների ազատությանը։ Խոսքը միշտ տանում էին այն մասին, թե ո՞վ է այն մեկը, եթե կա այդպիսին, որ փոխարինելու է հողի նախորդ տիրակալներին` Ռուսական կայսրությանը։

Ուզում եմ հրավիրել ընթերցողի ուշադրությունը այն հանգամանքին, որ անկախությունը ենթադրում է հիմնական գործերի կարգավորումը հենց ինքնուրույն ճիգերով։ Ռուսականի, ֆրանսիականի, անգլիականի, ամերիկյանի փոխարեն, ՀՀ-ի քաղաքագետներից պահանջվում էր հայկական կողմնորոշում, ինչին այն օրրերի իշխանությունը լիարժեքորեն պատրաստ չէր։ Իսկ մի արտաքին կառավարչին մեկ ուրիշով փոխարինելը կարող է մահաբեր դառնալ։ Հատկապես, եթե նոր ղեկավարի անունը որոշում ես ոչ թե դու ինքդ, այլ ուրիշները։ Այդ «ուրիշների» դերը 1918թ. աշնանը ստանձնել էին անգլիացիներ։ Ու քանի որ հայ-անգլիական բարդ փոխգործության դասերը, անկասկած, կարևոր են ու պիտանի, քանի որ այժմյան անկախության իրականությունը մտավոր ջանք է պահանջում՝ մեր քաղաքական պատմությունը ուսումնասիրելու համար, իմաստուն ու տեղին կլինի վերլուծել ու խորանալ XX դարի ասկզբներում գործող դասական մի կայսերության ապարատի առանձնահատկություններում։

Հայտնի է, որ այդ դարի շեմին Բրիտանական կայսրության բարօրությունը խարիսխվում էր Արևելքի նյութական հարստությունների վրա։ Ընդ որում, իշխանությունը դավանում էր երեք հիմնական սկզբունք. ծովային գերիշխում, սահմանների պաշտպանում ու Հնդկաստան տանող ճանապարհների ազատ լինելն, ինչպես և ուժերի հավասարություն Եվրոպայում։ Մեկ կամ երկու սկզբունքների թուլացումը դեռ ընդունում էին, ինչպես եղել է 1907թ. անգլո-ռուսական պայմանագիր կապելու պահին, կամ Բաղդադի երկաթուղու արտոնագիրը Գերմանիային զիջելու ժամանակ, սակայն բոլոր երեք սկզբունքներին սպառնալիքի տակ հայտնվելը թելադրում էր պատերազմ արձակել։ 1914թ. Գերմանիան իսկապես խախտել էր այդ բոլոր գլխավոր կետերը։

Հայտարարված սկզբունքներից բացի, Ալբիոնին անհրաժեշտ էր ունենալ էական արդյունաբերական ու տեխնաբանական առավելություն, ինչպես և ընտրողների համաձայնություն։ Վերջինը վկայում էր, որ կայսերական նպատակներին համեմատ, նրա ուժերը սահմանափակ էին։ Ուստի կայսրությունը գործի է դրել հետևյալ մեթոդներ. չմիջամտել, եթե միջամտությունը վճորոշ չի լինելու։ Չխոստանալ անիրագործելին։ Չմտահոգվել ուրիշների կարծիքով, բայց լինել վստահ, որ նրանք ճիշտ են հասկանամ Անգլիայի մտադրությունը։ Ներշնչել ժողովրդներին, որ նրանց հնազանդեցումը անաչառ է և անխուսափելի։ Չվիրավորել հպատակներին, որպեսզի նրանք չընդվզեն1։ Այս մեթոդները նպաստում էին խնդիրների լուծմանը, մինչև որ աշխարհում չամրացավ մեկ այլ աժդահա. ԱՄՆ-ը, որը զբաղեցրեց ճակատի նույն կողմը և արդեն թույլ չէր տալիս Բրիտանիային ազատորեն տնօրինել մոլորակի հարստություններն ու մարդկանց։

Ընդ որում, պետության կայսերական կառուցվածքը ենթադրում էր բազմաճյուղ բյուրակրատական ապարատի և ռազմամոլության առկայությունը։ Բազմաբյուր պաշտոնյաններ ունենալու պայմաններում պետությունը տառապում է հափշտակումներից, քանի որ հենց շորթումներն են արտացոլում պաշտոնյայի իրական ուժը։ Իսկ երբ իշխանության հիմք են ծառայում զինված ուժերն ու նրանց ներկայությամբ ապահովված սեփականության իրավունքը, հաստատվում է ռազմամոլություն։ Արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում սա արտահայտվում է այլ ազգիների բնաջնջմամբ, ինչը, երևի, մեծ վիրավորանք չէր համարվում։ Ադրենածին բնակչության ոչնչացումը կատարվել է ոչ միայն ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, այլ նաև Իռլանդիայում, Ուելսում։ Թեև այն դեպքում, երբ անգլիական բանակին դեմ էին առնում Հնդկաստանի կամ Մերձավոր Արևելքի անսպառ մարդկային զանգվածները, բնաջնջումը դադարում էր համամիջոց լինելուց։ Նույնիսկ տեխնիկական հսկայական առավելության պարագայում։

Նման պայմաններում պետությունը դավանելը է ղեկավարման երկակի համակարգ։ Աշխարհի ամենազարգացած պառլամենտարիզմը ներքին կյանքի համար, և «բաժանիր ու տիրիր» սկզբունքը նրանց համար, ում ոչնչացնել հնարավոր չէ։ Անգլիացիք հորինեցին աշխարհաքաղաքականություն որպես ուսմունք, բայց որոշ ժամանակ անց կղզիների սահմանափակ հնարավորությունները հակասությամ մեջ են ընկնել ողջ մոլորակը հսկելու նրա ցանկության հետ։ Միջոցների սակավությունը ստիպում էր կատարելագործել վարչաձևերը, ուստի կայսրության փորձն առայսօր էլ հետաքրքրություն է գրգռում։ Այդ կառույցի մասնակից էին լինում գաղութների և առևտրի նախարարությունները, առևտրական ու ռազմական նավատորմը, Ծովակալությունն ու ռազմական նախարարությունը, ԱԳՆ-ը, Հնդկաստանի գործերի նախարարությունը, թագավորական ընտանիքը, իշխող կուսակցություններն ու եկեղեցին, մամուլն ու Պառլամենտը։ Եվ անշուշտ բանկերն ու արդյունաբերությունը, որին ապահովում էին գաղութային հումքով, ի շնորհիվ ինչի նա սնանկացնում էր հնդիկ արհեստավորներին Անգլիայից հասցրած էժան արտադրանքով։

Միջազգային հարաբերությունները միշտ սիրելի հաղալիք են եղել գերագույն տիրակալների ձեռքին, և այդ ասպարեզում բրիտանացիք մշտապես հաղթում էին Ռուսաստանին։ Ինչու՞։ Առաջին` Մերձավոր Արևելքը կենսականորեն անհրաժեշտ էր անգլիացիներին։ Ռուսաստանը, ի տարբերություն կղզիների, ունեցել է անսպառ հումքային պաշառներ, որոնց դեռ պետք էր ի մի բերել որպես քաղաքական-տնտեսական ամբողջություն։ Թերզարգացած ինֆրակազմության պայմաններում վերջինին չափից հաճախ չէին հերիքում և΄ զգաստ ուժեր, և΄ կանխիկ դրամը։ Այմ հանգամանքից բխում է արտաքին փոխառությունների, պարտապանության ու թնդանոթի մսով վճարելու մշտական ախտը։ Երկրորդ` Ռուսաստանը ունեցել է դարերին հերիքող, իրականում խոպան թողած Կենտրոնական Ասիա, երկու Սիբիր ու Հեռավոր Արևելքը։ Երրորդ` Ռուսաստանի միապետությունը նշանակալի կախում ուներ թագավորի անձնական հատկություններից և նրա հակումներից։

1905թ. հոկտեմբերի 17-ի հռչակագիրը  չէր հասցրել պտուղ տալ, իսկ նրբաբարո վերնախավից դժվար էր պահանջել առօրյա, ծանր ու մանրակրկիտ աշխատանք։ Մերձարևելյան քաղաքականությունը բարդագույն ոլորտ է հանդիսանում, այն ընդգրկում է բազմազան մշակութա-ազգային ու քաղաքա-կրոնական միջավայր, ուստի անհրաժեշտ է լեզուներ իմանալ և ընկալել բազմաթիվ երանգներ։ Իսկ Բրիտանիայում Գեորգ V թագավորին և նրա ընտանիքին պահում էին քաղաքականությունից որոշ հեռավորության վրա, իսկ պաշտոնակազմը աշխատանքին էր մղվում նաև Պառլամենտում ծավալվող մրցակցության շնորհիվ։ Որակավորումից էլ էր կախված, թե ով է իշխելու։

Այստեղից էլ բխում էին մեծաթիվ հետևանքներ։ Չէ΄ որ սպառողների հակումներն ունեցող կալվածատերը տնտեսական պաշտպանություն իրականացնող քաղաքականության կարիք չունի, իսկ Ռուսաստանը, ի տարբերություն իր մրցակցից, խիստ հողագործական երկիր էր։ Թեև Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը միայն ռազմական ուժի օգնությամբ կարողանում էր ապահովել նրա տնտեսության կարիքների մեծ մասը։ Ծովերի վրա գերիշխումը պահանջում էր համապատասխան դաստիարակություն. փոքրաթիվ ուժերով գերազանցելու, արտերկրներ բնակեցնելու, օտար միջավայրում կառավարիչ դառնալ պատրաստականությունը։ Սա հնարավոր էր լինում առավել զարգացած տեխնիկայի և հմուտ կանոնակարգման շնորհիվ։ Հմտությունը դարձել է հաջողության հիմնական գրավական։ Սեփական սովորույթներ` ավանդույթ ու պաշտամունք։ Ազգային բնավորության մեջ ձևավորվում էր գերազանցության գաղափարաբանությունը։

Բնական է, որ կղզիներում ապրող հասարակական-տնտեսական խմբերը տարբեր վերաբերմունք են ունեցել Արևելքի հնարավորությունների հանդեպ։ Սա արտացոլվում էր պառլամենտի հիմնական կուսակցությունների վարքում։ Պահպանողականների թիկունքում կանգնած էին խոշոր հողատերերն, արքունիքն, եկեղեցին, բանակը։ Այդ ուժերի համար կարևոր չէր գաղութների սպառողական տարողությունը։ Նրանց պետք էր հարստության ուղիղ դուրս բերում, քանակաճ շահագործում, բնաջնջում ու մայր երկրի աղքատացած բնակչության զանգվածային տարագրություն։ Գաղութները նպաստում էին տոհմերի կրտսեր անդամների հարստացմանը, բանակը անցնում էր ֆինանսական ինքնաապահովման, իսկ սեփական երկրում առկա հողային հարցը կարելի էր լուծել առանց հողատիրության կամ նրա օգտագործման ձևերի նվազագույն փոփոխությունների։ Ազնվականությունը աղքատացման ու բանկերից կախված լինելու միտում ուներ` Արևելքը հնարավորություն էր տալիս պահպանել սեփական բարեկեցությունն ու դիրքերը։ Այդ վերնախավը ձգտում էր յուրացնել ուրիշի հողն և անվերջ տարածել սեփական բարքը։ Թեպետև կղզիները չէին կարողանում վերահսկել չափից մեծ պատառներն, որոնց հեռավոր լինելը ազդում էր իշխելու հնարավորության վրա. համակարգը կորցնում էր իր միասնությունը։ Գանձերի հորդումը չէր նպաստում տեխնիկայի հետագա առաջադիմությանը. առանց դրան էլ տիրում էր լիություն։ 1918-1920թթ. նման մտածելակերպը մարմնավորում էր Ջորջ Նաթանիել Քերզոնի Արևելյան քաղաքականությունն ու հայկական կուրսը։ Հայաստանի հանդեպ ձևավորված այդ գիծը առավել ընդունելի էր, չնայած որ նա երբեք վճռական դեր չի կատարել։

Այս ծրագրի կենսագործման ժամկետը բավականին կարճ էր. այն տևել է 1918թ. նոյեմբերից մինչև 1919թ. մարտ ամիսը։ Ջ.Ն.Քերզոնի ուղղությունը հասնում էր պաշտոնական որոշումների ընդունման, թեպետ ԱՄՆ-ի նախագահի խուսափողական պատասխաններն ու զորքի փակասը բրիտանական վարչապետին ստիպեցին փոխել նրա սկզբնական մտադրությունը։ Ընդ որում, անցումը կատարվեց աստիճանաբար և իրական դարցավ 1919թ. հոկտեմբերից ոչ շուտ։ Միայն 1920թ. ապրիլին անգլիացիք վերջնականապես լվացրին ձեռքերը, թեև ռազմա-քաղաքական հետևանքներն իրենց զգացնել են տվել լոկ ն.թ. սեպտեմբերին։ Նկատի ունենանք, որ Հայկական հարցի դիվանագիտական խոշորագույն հաջողության պահը համընկավ ու ծնունդ տվեց ՀՀ-ի գոյությանը սպառնող ամենամեծ վտանգին` 1920թ. օգոստոսի  10-ի Սևրի պայմանագրին սեպտեմբերին հետևել է թուրք-հայկական պատերազմը։

Ինչ վերաբերում է Դէվիդ Լլոյդ Ջորջի ազատախոհներին` նրանց աջակցում էին իշխանության ղեկի մոտ կանգնած բանկային-արդյունաբերական շրջանները։ Այդ ուժերը հոգում էին առևտուրը, որն ներառնում էր ապրանքի դուրսբերում և դրամագլխի արտահանում։ Այդ խավը համադրում էր արտաքին քաղաքականոթյունը բյուջեյի հնարավորությունների, գործարանների բեռնվածության ու բանվորների պահանջների հետ։ Չմոռանանք նաև, որ անգլիացիք արարել են աշխարհի ամենազարգացած բանվորային շարժումն, որ նրանց արհմիությունները օրինապահ էին, բայց ոչ թույլ։ Հատկապես այդ հոսանքը հետևում էր Եվրոպայի արդյունաբերական զարգացմանը, պատասխանատու լինելով Ֆրանսիայի և Գերմանիայի հետ մրցունակության համար։ Նման խնդիրը ստիպում էր աշխատել հասարակական ու պետական կառույցի հետ, ձգտել նրա ձևափոխությունների, թելադրում էր ուղղություն տալ թերթերին ու ճարտարագիտական մտքին, շինել հզոր նավերն ու նոր հաստոցները։ Ինչպես նաև զբաղվել ներքին ազգային հարցով, ընդհուպ մինչև վերլուծել Իռլանդիայի ինքնավարության հեռանկարը։

Բանվորական շարժման մեջ, անշուշտ, հզորանում էր նրա հարազատ լեյբորիստական կուսակցությունը։ Այս կազմակերպության պառլամենտի անդամները պատրաստական էին կարեկցել պատերազմի զոհերին, նրանց թվում` հայերին, թեև իրական իշխանությանը նրանք դեռևս չէին հասել։ Ընդհանուր առմամբ, բրիտանական պառլամենտը ընդգրկում էր երկու խոշոր թև. դա պահպանողական Լորդերի պալատն էր և ազատախոհ Համայնքների պալատը։ Նման երկակիությունը բնորոշ է ճգնաժամային պայմաններում գործող  կառավարման շատ մարմինների համար։ Մի քանի ծրագրերի միաժամանակ կատարումը հնարավոր էր դարձնում ժամանակ շահել։ Եվ միայն վերջին պահին ընտրվում էր ծրագրերից առավել հարմարը։ Լուրջ ճգնաժամի պայմաններում հավասարակշռության ու հակազդման համակարգը ավելի բարդ է դառնում, այլապես պետությունը կարող և է չդիմանալ գերլառման ու անընդհատ առաջացող բազում անհայտների։

Իր կազմով փոփոխվող և մոլեգին Համայնքների պալատին լրացնում էր անփոփոխ Լորդերի պալատը։ Առաջինը ձևավորում էր Դահլիճը, թեև ընտրովի վարչապետին ու նրա թիմակից նախարարներին լրացնում էր ռազմական նախարարության, ԱԳՆ-ի, առևտրի նախարարության ու Ծովակալության պաշտոնակազմը։ Առաջին երկու ատյաններում գերիշխում էին պահպանողականները։ Ու եթե ազատախոհ վարչապետը Ա.Բալֆուրի փոխարեն ԱԳՆ-ի նախարար կարող էր նշանակել Ջ.Ն.Քերզոնին, ապա նա ձգտում էր հավասարակշռել ռազմական գերատեսչությունում կատարած կադրային նախորդ քայլը, որտեղ Ու.Չերչիլը փոխարինեց Ա.Սիլներին։

1914 թվականից, երբ հավաք (կոալիցիոն) Դահլիճի ղեկավար Հ.Ասքվիթը զիջեց իր տեղը Դ.Լլոյդ Ջորջին, վերջինը մշտապես ուժեղացնում էր պետական կառավարումը: Արդյունաբերությունն աճեցնում էր իր ռազմական ոլորտը, այն ներառնում էր ռազմամթերքի արտադրումն ու նավաշինությունը։ Դ.Լլոյդ Ջորջի պատերազմական հուշերը պարունակում են պետական պլանավորման աննախադեպ միջոցների շարք, որոնց թվում են գործարաններին հումք մատակարարելն ու սահմանված վարձատրությամբ արկերի գնում, երբ հաստատվում էր բանվորների ռոճիկն և աշխատաժամերի քանակը, իսկ որակյալ արհեստավորներն ազատվում էին զինծառայությունից։ Առանց նման միջոցառումների Բրիտանիան ի վիճակի չէր հաղթել համաշխարհային պատերազմում։

Եվս երկու առանձնահատկություն։ Գիտական գրականության բազմաթիվ էջերում լուսաբանվել են պատերազմի տարիներին կազմված գաղտնի համաձայնագրերն, ինչպես և Կ.Պոլսի պատրիարքին կից գործող Հայ ազգային խորհուրդն ու կաթողիկոս Գևորգ Ե-ի եվրոպական պատվիրակությունը։ Լեոն ընթերցողին ապահովեց Պողոս Նուբարի գործունեության լավ վերլուծությունը։ Իսկ ես ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը այն հանգամանքի, որ Պոողոս Նուբարի պատվիրակության նախապատերազմյան ճիգերը դարձել էին Եռյակ համաձայնության եերկրների արևելյան համագործակցության յուրահատուկ նախերգանքը։ Որքան խոսվում էր, որ եվրոպական Կոնցերտը պետք է հասնի փոխըմբռնմանը հայերին օգնելու համար, այնքան իզուր էին դառնում բարեհաջող ելքի բոլոր հնարավոր սպասումները։ Իսկ երբ 8 առաջատար տերությունները բաժանվել են երկու ճամբարի` աճեց սահմանափակ թվով պետությունների իրար հասկանալու հավանականությունը։

Մեզ հարկավոր է գիտակցել, որ ամբողջ Հայկական հարցը պարունակում է մեկ, գլխավոր հարց. հնարարվո՞ր էր արդյոք արևմտահայության կենդանի մնալը այն պայմաններում, երբ նրանք դարձել էին համաշխարհային կայսրուժերի և նրանց հակասությունների առարկա։ Ինչին գումարվեց օսմանյան ռազմամոլի բռնակալության հետևողական, կազմակերպված հալածանքը։ Եթե ոչ` սա մեկ, ողբերգական պատասխանն  է, լուսաբանման ու գնահատման մեկ պարագա։

Եթե կենդանի մնալու հնարավորությունը, թեկուզ չնչին, բայց կար` որտե՞ղ էր նա թակնվում. նրանց միջավայրի նե՞րսում, թե դու՞րսը։ Ինչու՞մ էր իրենից ներկայացնում ներքին միջոցը։ Ինչո՞վ էր նա դառնում ավելի ուժեղ։ Ո՞վ կարող էր նրան կիրառել։

Այն պարագայում, երբ մենք ուսումնասիրելու ենք արտաքին գործոնները, մեզ հարկավոր է առանձնացնել տարածքի գլխավոր տերություններին և այն կացությունը, երբ նրանք դիմում են մերձեցմանը։ Ա.Թոյնբին կարծում էր, թե Կոնցերտը գործում էր մինչև 1914թ.։ Սա անստույգ է։ Երկրորդ դաշինքի ձևավորումը ավարտվել էր Անտանտայի անգլո-ռուսական (1907թ.) բաղադրիչի կայացման հետ միասին։ Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակը եղել էր ոչ միայն առաջատար դիրքերի պահպանում, այլև մեծ պատերազմին պատրաստվաց լինելը։ Գերմանիայի և ԱՄՆ-ի նավատորմի ուժեղացման, Օսմանյան կայսրությունում գերմանացիների զորացման հետ միասին, անգլիացիները դիմեցին Ռուսաստանին ու ձեռք են բերել մի կարևոր պայմանավորվածությունը։ Հայ ժողովրդի համար 1878-1914թթ. ծավալված բանակցությունները պարունակում էին չորս արհավիրք. սկզբից կողմերը հասնում էին փոխըմբռնմանը հատկապես Հայկական հարցի միջոցով, իսկ եթե դա չէր հաջողվում` բանակցությունների միայն առարկա հանդիսացող մեր հայրենակիցներին թողնում էին իրենց արյունոտ ճակատագրին։ Բոլոր հարցերը լուծում էին առանց հայերի իմացության և մասնակցության, ընդ որում համագործակցության էին հասնում միայն մեծ պատերազմի շեմին, իսկ երբ ռազմական գործողությունները հանգում էին, անմիջապես ավարտվում էին երկրների համատեղ ջանքերը։ Եվ, իհարկե, բանակցությունների հիմնական մասնակից` Օսմանյան կայսրությունը, չէր ձգտում բարելավել իր հպատակ արևմտահայերի կյանքը նրանց իսկ Հայրենիքում։ Խնդիրների նոր լուծման գլխավոր գրավականն էր դառձել հենց անգլո-ռուսական երկխոսությունը։

Ոչ թե Թուրքիայի վաղեմի հակառակորդ Ռուսաստան, այլ հենց Անգլիան դատավճիռ է կայացրել Օսմանյան կայսրությունը։ Ու երկրորդ` 1915-1916թթ. համաձայնությունները ձեռք էին բերում փոխադարձ զիջումների միջոցով։ 1915թ. փետրվար 19-ի/մարտ 3-ի թվակիր Ս.Դ.Սազոնովի հուշագրում առաջարկվել էր ստեղծել անկախ մահմեդական իշխանությունն Արաբիայում ու չեզոք գոտին՝ Պարսկաստանում։ Մարտի 18-ի կայացած Կ.Պոլսի համաձայնագիրը ճանաչեց Ռուսաստանի շահերը քաղաքում ու Նեղուցների գոտում։ Ապրիլի 26-ին կնքված  Լոնդոնի պայմանագիրն ընդունեց նաև կողմերի շահերը Կիլիկիայում/Փոքր Ասիայում։ Նույն փաստաթղթում վերապահվեց` Ֆրանսիային հատկացնելու են Սիրիա, Բրիտանիային` Միջագետքն, Իտալիային` Ադալիա (այժմ Անթալիա)։ Վերջապես, 1916թ. մայիսի 16-ին ձևավորված Սայքս-Պիկոյի համաձայնագիրը Ռուսաստանին հանձնեց Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգները։

Այդ փաստաթղթերը, 1917թ. ապրիլի 17-ի Սեն-Ժան-դը-Մորյենի համաձայնագրի հետ միասին, հիմք էին ծառայում Փարիզի կոնֆերանսի համար։ Եվ, իհարկե, չպիտի մոռանանք, որ գաղտնի պայմանագրերը ընդամենը սահմանում էին կողմերի ճշգրիտ հնարավորություններն, որոնք անհրաժեշտ էր իրականացնել սեփական ուժերով։ Նրանց կնքումը «բազում փորձանքներով լի փուլ է հանդիսանում ինքնիշխան պետությունների հարաբերություններում»։ Եվ «մենք պատրաստ ենք մոռանալ, որ ֆրանս-ռուսական դաշինքը կամ Եռյակ դաշնության հստակ դրույթներն և ազդեցությունը հայտնի չէին այն ժողովուրդներին, ում այդ գործիքները մատնում էին պատվո նվաստացման, կամ պատերազմի»2։

Աշխարհամարտը սոսկալի դաժան ստուգում էր բոլոր պետությունների, այդ թվում և Մեծ Բրիտանիայի համար, որտեղ կտրուկ աճեց բանակի ղեկավարության դերը, նկատի առնելով մայր ցամաքում կռվող հետևակի և նոր ռազմակայաններին ձգտող Ծովակալության շահերի միջև առկա տարբերությունը։ Ինչպես հաջախ ընդունում են պատմաբաններն ու վկայում են Ու.Չերչիլի հուշերը՝ ի տարբերություն Ալեքսանդրետի մոտ չկայացած գործողությունների, 1915թ. Գալիպոլիում ծավալված թեժ մարտերը նախատեսվում էին ոչ թե օսմանյան մայրաքաղաքը գրավելու համար, այլ որպես թշնամուն շեղելու բախում։ Բրիտանացիք պետք է հարձակվեին, բայց ոչ ավելին։

Պատերազմի օրոք և նրա վերջանալուց հետո, հետախուզական ծառայությունների առավել արմատական և ընդհանուր առմամբ հայանպաստ դիրքերն էապես տարբերվում էին համապատասխան նախարարությունների հայացքներից, իսկ վերջինները չէին համընկնում ռազմաճակատի զորավարության փափագների հետ։ Ռազմական գործողությունների տնօրեն գեներալ-լեյտենանտ Պ.Ռեդկլիֆը, գլխավոր շտաբի պետ Հ.Ուիլսոնը, ռազմական հետախուզության պետ Վ.Թվեյտսը, բարձրագույն հրամանատարությունը Կ.Պոլսում, ի դեմս Ջ.Ֆ.Միլնի, զորավարներ Ջ.Տ.Ֆորեստյե-Ուոկերն ու Վ.Թոմսոնը Կովկասում, Ք.Մ.Դէվին Երևանում շատ տարբեր ձևով էին գնահատում զորացրումը, Թուրքիայի հետ հարաբերություններն ու Հայաստանի ապագան կամ նրա սահմանագիծը։

ԱԳՆ-ում, նմանապես, մշակվել են Ա.Բալֆուրի և Ջ.Ն.Քերզոնի ուղղություններն։ Այդ անձինք, հակառակ նրանց միջև առկա անբարյացակամության, պարտավոր էին ապահովել իրենց վարչապետի անկախ գործելակերպն։ Ընդ որում, 1918թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ջ.Ն.Քերզոնը առաջարկեց Անդրկովկասի մշտական ռազմագրավում, երկրամասը մտցնելով կայսրության պաշտպանության ռազմավարական բնագծերի ներս։ Սա հնարավորություն էր ընձեռում պաշտպանել Պարսկաստանի հյուսիս-արևմուտքը, չեզոքացնում էր ֆրանսիացիներին, ու կանխում ամերիկացիների անցանկալի քայլերը։ Անտեսելով գլխավոր շտաբի հեգնանքը, թե Հնդկաստանի հեռավոր մատույցները շարունակ ընդլայնվում ու տեղափոխվում են արևմուտք, ազատախոհներն ու վարչապետը հանգիստ էին ընդունում նման երևույթը։

Իր հերթին, Սեսիլների տոհմից սերված Ա.Բալֆուրը արդեն 1902թ. գաղութային նախարար Ջ.Չեմբեռլենի հետ միասին մշակում էր սկզբունքորեն մի նոր հնարք։ Նա կողմնորոշվեց դեպի խոշոր դրամագլուխ ու հրեությունն՝ որպես «համաշխարհային քաղաքականության մեջ մեծ պահպանողական ուժը»։ Ազգային կրոնով զինված աստվածպետության ստեղծումը՝ ժողովրդի վտարման հազարավոր տարիներ անց, իրոք որ խոր պահպանողականություն էր պահանջում։ Երկրորդ` նման մոտեցումը կրկնում էր օսմանյան միլլեթ համակարգն։ Երրորդ` պատվար էր տրամադրում Միջերկրականում, պատժելով ընդվզած Թուրքական կայսրությանը։ Եվ չորրորդ` հրապուրում էր Ռուսաստանի հրեաներին, որոնք ատում էին ցարիզմի թունդ հրեատեցությունը։

 

Մեջբերումներ

1) Nicolson H. Curzon: the last phase 1919-1925. A study in post-war diplomacy. Boston & NY, Houghton Mifflin, 1934, p.49-53£

2) Տես օրինակ. Հայաստանի Ազգային արխիվ (այնուհետև. ՀԱԱ), ֆ.57, ց.5, գ.23, թ.1-2; գ.27, թ.9-27; գ.33, թ.1-22; գ.43, թ.1-9; գ.57, թ.8, 10, 16, 26-26Ա; գ.62, թ.1; Լէօ: Թյւրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը, 2 հատորով, հ.Բ: Փարիզ, Պահրի, 1935; Վրացյան Ս. Հայաստանի Հանրապետություն: Երևան, Հայաստան, 1993, էջ 620-625; A history of the Peace conference of Paris. Ed.by H.W.V.Temperley, in 6 vols., vol.6. Lnd., H.Frowde, Hodder & Stoughton, 1924, p.5-9, 16-17; Nicolson H., op.cit., p.40; Toynbee A. The world after the Peace conference. Being an epilogue to the “History of the Peace conference of Paris” and a prologue to the “Survey of international affairs, 1920-1923.” Lnd., H.Milford; Oxford University Press, 1925, p.26։   ...