«Շուշին՝ հայոց քաղաքակրթության օրրան»

Հերթական գիտաժողովն Արցախում

 

Աստիճանաբար ամրապնդվում է Արցախում պատմամշակութաբանական տարբեր թեմաների շուրջ գիտաժողովների անցկացումը, որին մասնակցում են Արցախի, Հայաստսնի այլ վայրերի և Սփյուռքի գիտության և մշակույթի բազմաթիվ գործիչներ։ Իբրև համագործակցության գիտագործնական դրսևորում՝ նման միջոցառումներն արժևորվում են ոչ միայն համահայկական, այլև միջազգային փոխշփումների համատեքստում։ Հաջողված փորձն, անշուշտ, շարունակություն էր ենթադրում, և այն չուշացավ։

Հունիսի 21-ին Շուշիի Դ.Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում մեկնարկեց Արցախի վարչական, գիտակրթական ու հագևոր-մշակութային վաղեմի կենտրոն Շուշի քաղաքի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովը։ Ներկայացուցչական այս միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ԼՂՀ Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգայի ակադեմիայի, ԵՊՀ և ԱրՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանի ու Համլետ Գրիգորյանի համատեղ ջանքերով։ Լիագումար նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արարատ Դանիելյանը, ՔՂՀ Կրթության, մշակույթի և սպորտի նախարար Կամո Աթայանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արցախի թեմի առաջնորդի օրհնությունից և բարեմաղթանքներից հետո Կրթության, մշակույթի և սպորտի (ԿՄՍ) նախարար Կ.Աթայանը ներկայացրեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին։ Կարևորելով նման միջոցառումների պատմագիտական և իրավաքաղաքական նշանակությունը՝ ուղերձում մասնավորապես ասվում է. «Դա առավել քան հրատապ է դառնում այսօր, ակնհայտ պատմական իրողությունների այն շահարկումների և աղավաղումների համապատկերում, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորվամ հարցում շարունակաբար շրջանառվում են մեր ընդդիմախոսների կողմից»։ Ներկաների ողջունեց նաև ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հույս հայտնելով, որ Շուշի բերդաքաղաքի ազատագրման 15-ամյակին նվիրված գիտաժողովը կդառնա ևս մեկ հիշարժան իրողություն հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ այդ անգնահատելի իրադարձությանը նվիրված միջոցառումների շարքում։ ԼՂՀ ԿՄՍ նախարար Կ.Աթայանի ողջույնի խոսքից հետո հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը` նշելով, որ Արցախում գիտաժողովների կազմակերպումն արդեն ավանդույթ է դառնում. «Սա թվով չորրորդն գիտաժողովն է, այնինչ սկզբում թերահավատները կարծում էին, թե այս նախաձեռնությունը երկար կյանք չի ունենա։ Արցախում պատշաճ մակարդակով և մասնակիցների իսկապես ընդգրկուն կազմով են անցկացրել նախորդ՝ «Շուշիի ռեալականի հիմնադրման 120-ամյակին նվիրված», «Հայոց գրերի գյուտին» և «ԼՂՀ հռչակման 15-ամյակին» նվիրված գիտաժողովները։ Սույն գիտոժողովը կրկին անգամ հավաստում է, որ ճիշտ ուղու վրա ենք»։ Շուշիի անցյալի հերոսական դրվագներից հետո ներկա զարգացումներին անդրադարձավ ԱրՊՀ ռեկտոր Հ.Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ ինչպես 15 տարի առաջ, այսօր էլ արցախահայությունն ամուր է իր իրավունքների պաշտպանության մեջ։

Գիտաժողովի մասնակիցներին իրենց խոսքով դիմեցին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը և Կալիֆոռնիայի համալսարանից` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը։ «Շուշին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում 1917-1921թթ.» զեկուցման մեջ վերջինս հրապարակեց արցախահայության պահանջատիրության արդարացիությունը հավաստող մի շարք փաստաթղթեր, որոնք պահվում են Հայաստանի և Անգլիայի արխիվներում և առաջնահերթ համարելով արխիվային նյութերի և Ղարաբաղի Ազգային խորհրդի գործունեության ուսումնասիրությունը՝ վստահեցրեց, որ պատմության դասերից ամենաուսանելին «ի վերջո, բռունցքն է, որ հաղթում է»։ Հայոց բռունցքված բանակի, նրա դերի արժեվորմամբ հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության նախարար և պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ զեկուցելով Շուշիի ազատագրման ռազմական գործողության ու բանակաշինության արդի ձեռքբերումների մասին։

Գիտաժողովի առաջին լիագումար նիստն ավարտվեց Դ.Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի սաների պատրաստած համերգային ծրագրով։ Երկրորդ լիագումար նիստն ու մասնախմբային աշխատանքները շարունակվեցին ևս երկու օր՝ Արցախի պետական համալսարանի համապատասխան լսարաններում։ Այստեղ առաջին՝ Արա Սանջյանի զեկուցումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղին՝ 1923-1987թթ. (ԱՄՆ, Միչիգանի համալսարան), իսկ երկրորդը՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի՝ ղարաբաղյան զարգացումների մասին մանրարմասնող «Շուշիի ազատագրումը և Թուրքիան» զեկուցումն էր, որը լսվեց ակնառու հետաքրքրությամբ։

Հունիսի 22-23-ը գիտական նստաշրջանն իր աշխատանքը ծավալեց չորս մասնախմբերում՝ ա) պատմության, բ) հայ ազգային-ազատագրական պայքարի և բանակաշինության XIX-XX դարերում. հայկական բանակ, գ) հնագիտության և ազգագրության, դ) արվեստի և գրականության։ Գիտաժողովում ընդգրկված 49 զեկուցումները վերաբերում էին Շուշի քաղաքի պատմաժողովրդագիտական, մշակութաբանական, ազգային-ազատագրական և հարակից այլ հարցերի լուսաբանմանը։ Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկակյում է բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին։ Պատմության մասնախմբի չորս նիստերում (համանախագահներ՝ Բաբկեն Հարությունյան, Ռիչարդ Հովհաննիսյան, Աշոտ Մելքոնյան, Պավել Չոբանյան, Արա Սանջյան, Էդուարդ Դանիելյան, Ռուբեն Սաֆրաստյան, Ալիկ Ղարիբյան) առաջինը Հենրիկ Սվազյանի (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ) զեկուցումն էր «Խորենացիական ավանդազրույցը Սիսակ-Առանյան ճյուղի մասին և նրա պատմական ատաղձը» թեմայով, որտեղ վիպական և պատմական աղբյուրների միջոցով հիմնավորվում էին առաջադրված հարցերը։ «Հայոց Արևելից կողմանց վարչական բաժանումն ըստ «Աշխարհացույցի» զեկուցման մեջ հանգամանալից խոսքով հանդես եկավ անվանի պատմաբան Բաբկեն Հարությունյանը (ԵՊՀ)։ «Աշխարհացույցի» հիման վրա Կենտրոնական Արցախի Հարջլանք և Պիանք գավառների տեղադրության հարցին էր նվիրված Ալեքսան Հակոբյանի զեկուցումը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ)։

Նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազատ Բոզոյանը ներկայացրեց «Աղվանից աթոռը Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգում (ըստ Ժ դարի վավերագրերի)» զեկուցումը։ Փարիզի Բյուզանդագիտական ինստիտուտի գիտաշխատող Կոստանդին Ցուկերմանի (Քոլեջ դը Ֆրանսի) «Խազարների արշավանքները VIII դարում դեպի Արցախ» զեկուցման մեջ արծարծվեցին տվյալ ժամանակաշրջանում Արցախի պատմության հետ առնչվող մի շարք կարևոր հարցեր։ «Պատմագիր Հակոբ Զաքարյանի տեղեկությունները Շուշիի մասին» բանախոսության մեջ Արտակ Մաղալյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ) Հ.Զաքարյանի 1853թ. գրած «Պատմութիւն գաւառին Արցախու» աշխատության հիման վրա (որի բնագիրը անցյալ տարի հրատարակվել է Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» հայագիտական ուսումնաթերթում, զեկուցողի առաջաբանով ու ծանոթագրություններով), ներկայացրեց պատմագրի հաղորդած տեղեկությունները Շուշի քաղաքի մասին։ Էդուարդ Լ.Դանիելյանի (ՀՀ ԳԱԱ ՊԻ) «Հայ առաքելական լուսավորչական եկեղեցու դիմագրավումը բողոքական քարոզչությանը Շուշիում (1827-1835թթ.)» զեկուցումը, ինչպես հուշում է վերնագիրը, նվիրված էր վերոհիշյալ տարիների Շուշիում, եկեղեցու կողմից բողոքական քարոզչությանն դեմ ուղղված միջոցառումներին, իսկ նույն ինստիտուտի գիտաշխատակից Հովհաննես Ալեքսանյանի «Շուշիի և Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը 1916-1926թթզեկուցման մեջ հեղինակը ներկայացնում է մինչև 1917թ. հեղափոխությունը Շուշի քաղաքի, գավառի և Լեռնային Ղարաբաղի հայության թիվն ըստ ցարական, անգլիական և հայկական տվյալների։ Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում (1916-1926թթ.) պատուհասվում և կոտորվում է Շուշիի և համանուն շրջանի հայությունը։

Վահան Մելիքյանի (ՀՀ ԳԱԱ ՊԻ) «Ղարաբաղը 1917թ. միապետության տապալումից հետո (1917թ. մարտ-հոկտեմբեր)», Տիգրան Սարուխանյանի (Բրիտանական գրադարան) «Մեծ Բրիտանիան և Ղարաբաղի հարցը (1918-1920թթ.)», Ալիկ Ղարիբյանի (ԵՊՀ) «Շուշիի 1920թ. կոտորածը» զեկույցներում քննվեցին 1917-1920թթ. Անդրկովկասում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունների հետևանքները, անգլիական հրամանատարության ազատարար առաքելության վերաբերյալ ղարաբաղցիների հավատի խարխլումը։ Նստաշրջանում մեջ ուշադրության արժանացավ արխիվային փաստաթղթերով հագեցած Գայանէ Մախմուրյանի (ՀՀ ԳԱԱ ՊԻ) վերոհիշյալ թեմային առնչվող «Ղարաբաղ-Զանգեզուր նահանգապետությունը և բրիտանական քաղաքականությունը (1918-1920թթ.)» զեկուցումը, որում հեղինակը ներկայացրեց ոչ միայն Ղարաբաղի հանդեպ բրիտանական կոշտ վարքագիծը՝ նրան Ադրբեջանին ստորադրելու և Բաքվին ենթակա ընդարձակ գեներալ-նահանգապետություն ստեղծելու նպատակով, այլև վերլուծեց նման դիրքորոշման պատճառները՝ պայմանավորված ՀՀ-ի արտաքին վտանգին ինքնուրույնորեն դիմակայելու անհնարինությամբ, պահի հրամայական ծավալով Ղարաբաղին օգնելու անկարողությամբ, նավթով ու նորաստեղծ Հանրապետության դեպի Արևմտյան Հայաստան խոստացած ընդլայնմամբ, որոնք նույնպես ազդել են երկրամասը Հայաստանի անջատելու որոշման վրա։

Պատմության մասնախմբի չորրորդ և վերջին նիստում ընդգրկված Պավել Չոբանյանի (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ) «Արցախի ինքնորոշման իրավունքի պատմամշակութային նախադրյալները» զեկուցման մեջ բանախոսը հանգամանորեն վերլուծեց քննության առարկա այս հիմնախնդրին առնչվող իրական հիմքերը, իսկ Մխիթար Գաբրիելյանի (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Վերաբնակությունը որպես հասարակական-մշակութային գործընթաց. Շուշի քաղաքի օրինակով» զեկուցումը նվիրված էր 1996-2002թթ. Շուշիում գրառված ազգագրական նյութերի հիման վրա վերաբնակեցման ընթացքում դրսևորվող սոցիալ-հոգեբանական ու մշակութային առանձնահատկություններին։

Գիտաժողովի երկրորդ մասնախմբի առաջին նիստում լսվեցին Հայկազ Հովհաննիսյանի (ԵՊՀ) «Շուշեցի  գեներալ-ադյուտանտը. Հովհաննես Լազարյան», Թամարա ՎարդանյանիՆորավանք» կենտրոն) «1905-1906թթ. ընդհարումներն Անդրկովկասում. Շուշիի հերոսական կռիվները», Հրանտ Աբրահամյանի (ՀՀ ԳԱԱ ՊԻ) «Երեք դրվագ Շուշիի պատմական ճակատագրից (XX դարզեկուցումները։ «Շուշին հայ ազգային-ազատագրական շարժման մեջ (XIX դարի վերջ - XX դարի սկիզբհաղորդման մեջ Էմմա Կոստանդյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ) քննարկեց զինատար խմբերի մեջ Շուշիի ռեալական և թեմական դպրոցների աշակերտների՝ մասնավորապես դաշնակցական Արամ Մանուկյանի և սոցիալ-դեմոկրատ Աշոտ Հովհաննիսյանի ունեցած ներդրումը հայ այգային-ազատագրական շարժման մեջ։

Ռազմական գործի երախտավորներին ու բանակաշինության գործընթացներին էր նվիրված Կլիմենտ Հարությունյանի (ՀՀ ԳԱԱ ՊԻ) «Ավիացիայի մարշալը. Արմենակ Խանփերյանցը», Հայկ Դեմոյանի (ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ) «Ղարաբաղյան պատերազմը նեոպանթուրքիզմի դեմ (1991-2003թթ.)», Էդիկ Մինասյանի (ԵՊՀ) «Հայաստանի Երրորդ Հանրապետության ազգային բանակի կազմակերպման և բանակաշինության առանձնահատկությունները», Մհեր ՀարությունյանիԿաճառ» գիտական կենտրոն) «Շուշիի ազատագրումը և ԼՂՀ զինված ուժերի կազմավորումը» զեկուցումները։ XIX դարում ծավալված համընդհանուր առաջադիմական շարժման մեջ Շուշիի նշանակալից դերին նվիրված Մելանյա Բալայանի (ԱրՊՀ) «Շուշիի վերածումը Ղարաբաղի հոգևոր կենտրոնի», Վահրամ Բալայանի (ԱրՊՀ) «Հայագիտությունը Շուշիում XIX դարում և նրա զարգացման միտումները» զեկուցումները։ Արտակ Դաբաղյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) «Շուշիի հասարակական կյանքն ըստ «Կովկասյան տարեգրքի» զեկուցումը ներկայացնում էր 1850-1916թթ. Կովկասի փոխարքայի գրասենյակի կողմից հրատարակված պաշտոնական տեղեկությունները Շուշի քաղաքի հասարակական կյանքի, քաղաքային վարչության, արտադրական ձեռնարկությունների, բնակչության էթնիկական կառուցվածքի մասին, որոնք ամբողջությամբ վերցրած հարստացնում են Շուշիի՝ որպես Անդրկովկասի խոշորագույն քաղաքային կենտրոնի վերաբերյալ մեր գիտելիքները։

Աղասի Թադևոսյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) «Հումանիտար մշակույթի էթնիկական առանձնահատկությունները Շուշվա գավառում XIX դարի վերջին» թեմայով ելույթում քննվում է Շուշիում գրահրատարակչական, գիտակրթական, մշակութային կյանքի զարգացման մեջ տարբեր էթնիկական խմբերի մասնակցության խնդիրը. ցույց է տրվում, որ այդ գործընթացներում գլխավոր ու հիմնական դերակատարությունն իրականացրել է հայ հանրությունը։ Էսթեր Խեմչայնի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) «Ժողովրդագիտական նյութերի հավաքման ու հրատարակման պատկերը Շուշի քաղաքում (XIX դարի 60-ական թվականներից մինչև XX դարի 60-ական թվականներըզեկուցման մեջ հետազոտողի դիտարկումները վկայում են, որ մեր հարյուրամյակի ընթացքում նվիրյալ հայ մտավորականների մի խումբ (Առաքել, Գրիգոր և Ալեքսանդր Բահատրյան եղբայրներ, Երվանդ Լալայան, Խաչիկ Դադյան, Կ.Մելիք-Շահնազարյան, Մարգարիտ Գրիգորյան-Սպանդարյան), Շուշի քաղաքից հավաքել ու կուտակել է ժողովրդագիտական ինքնատիպ ու արժեքավոր նյութեր, որոնց գիտական հետազոտությունը դեռևս ըստ արժանվույն կատարված չէ։

Սվետլանա Վարդանյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) «Բանահյուսական նյութերի կենցաղավարումը Շուշիի շրջանում (ըստ 1970թ. գրառված նյութերիզեկուցումը տարածաշրջանի կյանք ու կենցաղի, ժողովրդական խոսք ու զրույցի, բառ ու բանի պահպանման, ժամանակի և տարածության ներազդեցությամբ դրանցում իրականացված տեղաշարժերի բնաականոն գործընթացների մասին էր։ Բանահյուսական տարաբնույթ սյուժեների և մոտիվների համեմատական վերլուծությամբ ցույց էր տրվում, որ դրանք տեղական յուրահատկություններով հանդերձ՝ համահայկական ու միջազգային զուգահեռական տարբերակներում իրենց ուրույն տեղն են գրավում։ Արցախյան ազատամարտում շիրակցիների մասնակցությանն էր նվիրված Ա.Վ. և Վ.Ա.Մաթևոսյանների (Գյումրիի Պետական մանկավարժական ինստիտուտ) համազեկուցումը։ Ժակ Մանուկյանը (ԵՊՀ) անդրադառձավ «ՀՀ-ՎՈւԱՄ փոխհարաբերությունների և ԼՂ հիմնախնդրին», իսկ Կարինե Սահակյանը (ՀՀ ԳԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոն) ազգային հոգեկերտվածքի համատեքստում է քննարկում Շուշիի ազատագրման իրողությունը։

Հնագիտության և ազգագրության մասնախմբի զեկուցումների մի շարք նվիրված էր Շուշիի հնագիտական պեղումներին։ Աշոտ Հարությունյանի (Պատմաերկրագիտական թանգարան) «Շուշիի հնագիտական գոտու նորահայտ խաչքարերը», Արտակ Գնունու (ԵՊՀ) «Քաշաթաղի Կերեն գյուղի պեղումների արդյունքները», Հակոբ Սիմոնյան, Հովհաննես Սանամյան համազեկուցողների «Արցախի և ազատագրված տարածքների 1990-2001թթ. պեղումների արդյունքները» ճառերը հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում վերոհիշյալ վայրերի հնագիտական հետազոտությունների մասին։ Նորա Ենգիբարյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) և Մանուշակ Տիտանյանի (Ստեփանակերտի քաղաքապետարան) «Շուշիի հնագույն մշակույթն ըստ հնագիտական պեղումների» զեկուցման մեջ համահեղինակները ներկայացրին Շուշիի երկաթեդարյան երկու դամբարանների պեղումների արդյունքները։

Առաջինից (թիվ 61), որը գտնվում է Շուշիին հյուսիսից հարող դամբարանադաշտում, հայտնաբերվել են բազմաթիվ խեցանոթներ, որոնց մի մասը օժտված են կենդանակերպ  ծորակներով, երկրորդ դամբարանի սակավաթիվ նյութերի մեջ առանձնանում է իշխանություն խորհրդանշող գավազանի բրոնզե զարդարուն գլխադիրը։ Առանձնակի հետաքրքրությամբ լսվեց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի և Վարդգես Սաֆարյանի (ԱրՊՀ) «Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական հետազոտությունների» զեկուցումը, որտեղ ներկայացվեցին Հայ-հունական ու Հին հանգստարանների հետախուզական պեղումների, Կարկառի ամրոցի, Շուշվա սղնախի հայտնաբերման ու պեղումների արդյունքները։ Հին հանգստարանի 1771 թվականը կրող տապանաքարը ցայսօր Շուշիի պարիսպների մեջ առնված ամենահին հայերեն արձանագրությունն է։ Արտակ Ղուլյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) զեկուցեց «Շուշիի մելիքական ապարանքների», իսկ Արմեն Սարգսյանը՝ (ԱրՊՀ) անկախության տարիներին Շուշիում մշակույթի զարգացման մասին։

Արվեստի և գրականության մասնաճյուղում լսվեց 11 զեկուցում։ «Շուշի Ղազանչեցոց ս.Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետությունը» զեկուցման հեղինակ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հաղորդեց, որ թեև Շուշիի ս.Ամենափրկիչ եկեղեցին նախագծվել է՝ կրկնելով Էջմիածնի մայր տաճարի ծավալատարածական հորինվածքը, սակայն այն ունի էական տարբերություն։ Ըստ հետազոտողի՝ Շուշիում արևմտյան, հյուսիսային և հարավային խաչաթևերը աղոթասրահի հետ օրգանական ամբողջություն չեն կազմում, այլ հաղորդակցվում են դռնով։ Տարբեր է նաև ավագ խորանի ձևը՝ այն դրսից ոչ թե բազմանիստ է, այլ՝ կիսաշրջանաձև։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը «Նկարիչ Ստեփանոս Ներսիսյանը Շուշիում» զեկուցման մեջ անդրադարձավ հասարակական ու մանկավարժական աշխատանքով ծանրաբեռնված արվեստագետի՝ Շուշիում ստեղծած դիմանկարներին և ավետարանական թեմաներով գործերինԼեռնցի» կամ «Տղամարդը ծխամորճով», գեներալ Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկի դիմանկարը և Հիսուս Քրիստոսի պատկերը

Նույն ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանի «Դանիել Ղազարյանը՝ հայրենի Շուշիում» զեկուցումը նվիրված էր կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Դ.Ղազարյանի կյանքի և գործունեության՝ Շուշիի հետ կապված ժամանակաշրջաններին։ Գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանի (Մատենադարան) «Շուշիի մատենական ժառանգությունը» ճառը նվիրված էր Շուշիում ծաղկեցված նկարազարդ մատյանների արվեստին, որոնցից առավել ուշագրավը 1868թ. կազմված Մատ. N 10107 ժողովածուն է, որի գրիչն ու ծաղկողը բնիկ շուշեցի Անդրեաս Մուսաելյանն էր, որը միջնադարյան մատենական նկարչության ավանդույթները համատեղել է XIX դարի նոր արվեստի և տեղական ազգագրական նախասիրությունների հետ։

Թամար Հայրապետյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) «Թաթերական կյանքը Շուշիում (XIX դարի երկրորդ կես և XX դարի առաջին տասնամյակներզեկուցման մեջ ներկայացվում էր Շուշիի մշակութային միջավայրը, որտեղ թատրոն հաճախելը եղել է «անհրաժեշտ սոցիալական վարքագիծ», իսկ Գրիգոր Օրդոյանի (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) «Շուշիի Խանդամիրյան թատրոնը» ելույթում արժևորվում է 1891թ. հիմնադրված և 16 տարի շարունակ ազգային թատրոնի ավանդույթները պահպանած Շուշիի Խանդամիրյան թատրոնը՝ իբրև արևելահայ թատերական նշանավոր կենտրոններից մեկը, որը, ցավոք, հրո ճարակ դարձավ 1905թ. հայ բնակչության կոտորածների և քաղաքի հրդեղման ժամանակ։ «Երկու մեծ շուշեցիներ. Մուրացան և Արսեն Տերտերյան». այսպիսի վերնագիր ուներ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի զեկուցումը, որում բանասերը ամենևին էլ չանտեսելով մյուս երևելի շուշեցիների վաստակը, Մուրացանի և Արսեն Տերտերյանի մեծությանը համարժեք ներկայացրեց նրանց պատկառելի մշակութային ժառանգությունը։ Պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի «Հրկիզված Շուշի (1920) քաղաքը Օսիպ Մանդելշտամի պոեզիայում» հաղորդման մեջ հեղինակը բանաստեղծական հախուռն ներշնչանքով ու պատմաճանաչողական զուգադիր համեմատություններով ներկայացրեց 1920թ. հրկիզված Շուշիի սահմռկեցուցիչ տեսարանները։

ՀՀ ԳԱԱ Շիրակի ՀՀ կենտրոնի գիտաշխատողներ Կարինե Բազեյանի և Հասմիկ Հարությունյանի զեկուցումներից առաջինը նվիրված էր Շուշիի ասեղնագործական դպրոցին, իսկ երկրորդը՝ Ալեքսանդրապոլ-Շուշի երաժըշտական աղերսներին։ Նստաշրջանի եզրափակիչ՝ երրորդ նիստի վերջին զեկուցումը ամերիկահայ գիտնական Գևորգ Բարդակչյանի մտորումներն էին՝ խորհրդային շրջանի արցախյան գրականության վերաբերյալ։ Նստաշրջանում ներկայացված զեկուցումները լայնորեն քննարկվեցին հարցերի, մտքերի փոխանակության կարգով։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը հատկապես կանգ առավ Կ.Ցուկերմանի ելույթի վրա՝ զարմանք հայտնելով, թե նա որքան է խորացել Արցախի և մասնավորապես Աղվանից պատմության դժվարին հարցերում։

Հունիսի 23-ին Արցախի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի եզրափակիչ լիագումար նիստը։ Մասնախմբերի ղեկավարները հաղորդեցին քննարկումների մասին։ Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Սիմոնյանն այն համոզմունքը հայտնեց, որ գիտաժողովի նիստերում հնչաց զեկուցումները կարևոր կռվաններ են Արցախի հայ հանրության ազգային հայրենիքի պատմության վերահաստատման գործում։

Գիտաժողովի շրջանակներում իրականացվեցին պատմաճանաչողական այցեր (Գանձասար, ՏիգրանակերտՀՀ ԳԱԱ ՀԱԻ Արցախի արշավախմբի ղեկավար, պ.գ.դ.Համլետ Պետրոսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց հայոց արքա Տիգրան Մեծի (95-55թթ. մ.թ.ա.) իր իսկ անունով Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի՝ պեղումների արդյունքում բացված միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրն ու ժայռափոր ջրանցքը։

 Հերթական` չորրորդ գիտաժողովն իր աշխատանքն ավարտեց բազմաթիվ մասնագիտական տվյալների և կարծիքների փոխանակման ջերմ մթնոլորտում։ 

պ.գ.թ.Թամար Հայրապետյանի հաղորդումը, փոքր լրացումներով։

«Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2007, հ.2, էջ 326-332։

Տե՛ս Շուշին հայոց քաղաքակրթության օրրան։ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութերը։ ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, ԼՂՀ Կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Պետական համալսարան։ Երևան, Գիտություն, 2007, 370 էջ։