Ավետիս Ահարոնյանի նամակները Սևրի պայմանագրի

ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին

                    

Սևրի դաշնագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին (Փարիզի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող արվարձանում) Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հունաստան և այլք) միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա.Ահարոնյանը։ Փաստաթղթի «Հայաստան» բաժինը ընդգրկում է 88-93-րդ հոդվածները։ Ըստ այդ՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես անկախ պետություն, կողմերը համաձայն էին իրենց միջև կատարվելիք սահմանազատման հարցը թողնել ԱՄՆ-ի որոշման։

Հայ պատմությունը գնահատում է Սևրի դաշնագիրը միանգամայն հակադիր տեսակետներից. նրան գովաբանոմ են կամ ամբողջովին թերագնահատում։ Համապատասխանաբար, Անտանտի անդամ երկրների որոշումը՝ արևմտահայ չորս նահանգները Հայաստանի մաս հռչակելու հարցում, գնահատվում է դրական, կամ այդ երկրները մեղադրվում են հայ ազգային շահերի դավաճանության, մշտապես նենգ ու հայադավան քաղաքականություն վարելու համար։ Իրականությունը, սակայն, ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Հայաստանը դառնում էր միջազգային կարևոր պայմանագրի կողմերից մեկը և դա ստիպում էր սփյուռքին և հանրապետության բնակիչներին հստակեցնել յուրաքանչյուր գործող կազմակերպության, հատկապես՝ Ազգային պատվիրակության ու նրա ղեկավարների դերն ու կարգավիճակը։ Եվ, ամենից առաջ, շատ ավելի մեծ ուշադրություն ու հարգանք էր պահանջվում սեփական պետության կառույցների նկատմամբ։ Այնինչ, Ազգային պատվիրակության առաջնորդները չէին թաքցնում իրենց ցածր կարծիքը ՀՀ կենսունակության ու նրա պաշտոնյանների վարչական հմտությունների մասին։ Երևանյան հանրապետությունը էլ ավելի մեծ սատարման կարիք ուներ, քանի որ մեր ժողովուրդը, ինչպես դիպուկ է նկատել Ն.Ադոնցը, ստացել էր շատ յուրահատուկ պայմանագիր. այն խաղաղություն էր բերում ու հռչակում էր նոր երկրի ստեղծումը՝ սակայն առանց վերջինիս սահմանները նշելու*։ Վերոհիշյալ հանգամանքը բացառապես հայրեին էր վերաբերում։ Օսմանյան կայսրության այլ շրջաններում առաջացած բոլոր երկրների սահմանները նշվում էին շատ հստակ։ Այնինչ, Հայաստանի սահմանազատման հարցի անորոշությունը շատ վտանգավոր էր, քանի որ մեր հանրապետությունը չուներ այն պահին բավական թվով զորք, որպեսզի իր ուժերով հաստատվեր նրան հատկացված արևմտահայ չորս նահանգներում։

Արդեն Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ (18-26.04.1920թ.) Դաշնակիցները չէին թաքցնում, որ իրավապես ճանաչելու են նոր, ընդլայնված Հայաստանը, սակայն զորք չեն ուղարկի վերջինիս կայացման դժվարություններն հաղթահարելու համար և ապահովելու նրա անվտանգությունը։ Հետայսու, Հայաստանի ղեկավարությունը ինքն էր ստանձնում թշնամու հետ նոր բախման պատասխանատվությունը։ Մինչդեռ, թշնամու հետ սպասվեիք պատերազմը անխուսափելի էր և ակնառու։ 1920թ. հունիսի 20-ին սկսված հունական բանակի հարձակումը (այդ իրադարձությունների մասին մանրամասն տե'ս սույն հավաքածուի երրորդ փաստաթուղթը) նպատակ ուներ ստիպել Կ.Պոլսի իշխանություներին ընդունել Սևրի պահանջներն ու ստորագրել նրանց թելադրված պայմանագիրը։ Նկատենք, որ ինքը՝ դաշնագրի տեքստը, Դաշնակիցները ամփոփել են մայիսի 11-//-60  ին, սակայն առանց հունական բանակի լայնածավալ առաջխաղացմանը հնարավոր չէր լինում հաղթահարել հակառակորդի առարկություններն ու քաշքշուկը։

1920թ. ամռանը Անտանտի երկրները բաժանվեցին երկու ճամբարի. Անգլիան և Հունաստանը պնդում էին Թուրքիան նրան ներկայացված պայմանագիրը ստորագրելու վրա, իսկ Ֆրանսիան և Իտալիան չէին բացառում Թուրքիայի օգտին լրացուցիչ զիջումների կարելիությունը։

Ընդ որում, Իտալիայի արտգործնախարարը պար նշում էր, որ հետագա զարգացումների հետ առնչվող բանակցությունները անհրաժեշտ է անցկացնել ոչ թե Կ.Պոլսում առկա Թուրքիայի հին իշխանությունների, այլ նրա նոր ուժի՝ քեմալականների հետ։ Այս և այլ հարցեր քննարկելու համար Դաշնակիցները անցկացրեցին երեք հանդիպում։ Առաջինը. 1920թ. մայիսին, Բրյուսելում գումարված միջազգային ֆինանսական համաժողովն էր, որին, Բելգիայի ԱԳՆ-ի հրավերով, դիտորդի կարգավիճակով մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը։ Այդ համաժողովին հետևեցին Դաշնակիցների Գերագույն խորհրդի նիստը Բուլոնում (1920թ. հունիսի 21-ին) և Սպայում (ն. թ. հուլիսի 7-ին)։

Հրապարակվող հավաքածուի երրորդ փաստաթղթից երևում է, որ Ա.Ահարոնյանը «միավորել» է Բրյուսելի և Բուլոնի հանդիպումները, քանզի նա չի պատմում ֆինանսական համաժողովում վերհանված խնդիրների մասին, փոխարենը ներկայացնելով բուլոնյան բանակցությունների ընթացքում մշակված քաղաքական հարցերը։

Ցանկանում ենք փաստել այն հանգամանքը, որ Սպայում քննարկվել է Թուրքիայի մեծ վեզիր Դամադ Ֆերիդի պատասխանը, որում նա 1914թ. ռուս-թուրքական միջպետական սահմանն ընդունելի էր համարում որպես ապագա հայ-թուրքական միջպետական բաժանագիծ։ Հունաստանի վարչապետը դեմ էր Թուրքիային նոր զիջումներ անելուն, քանի որ նար երկրի բանակը սրընթաց առաջ էր շարժվում փոքրասիական թատերաբեմում։ Միաժամանակ, հայերիս համար խիստ կարևոր էր տարածքային այն մեծ տարբերությունը, որը առկա էր Թուրքիայի կողմից ընդունելի 1914թ. սահմանների և արևմտահայ չորս վիլայեթներ ընդգրկող՝ Անտանտի կողմից հաստատված Հայաստանի նոր բնագծերի միջև։ Հայ-թուրքական վիճելի հողային զանգվածի ահռելի չափերը, ապագա միջպետական հստակ սահմանագծման բացակայությունը (անորոշ էր նույնիսկ այն ներկայացնելու ժամկետը), հայ-թուրքական միջպետական սահմանագծման խնդրին քաջածանոթ եվրոպացի դիվանագետների ու փորձագետների կողմից այդ խնդրի անտեղի վերահասցեավորումը ԱՄՆ նախագահին բարդ կացության առջև էր դնում ՀՀ դիվանագետներին, քանի որ հայերին հատկացվելիք պետական նոր եզրերը ձևավորվում էին ոչ թե հայ ժողովրդի ջանքերով ու ներուժով կամ տվյալ երկրամասում (վերոհիշյալ չորս նահանգներում) հայ բնակչության ներկայությամբ, այլ եվրոպական երկրների նվիրատվությամբ։ Վերջինները՝ ԱՄՆ-ի հետ միասին, արդարացիորեն նշում էին, որ արևմտահայերի բնաջնջումը իրենց իսկ բնօրրանում արդյունքն է Օսմանյան կայսրության հանցավոր քաղաքականությանը։ Դաշնակիցները՝ երկու կողմերի սահմանազատման հարցերը լուծելիս, հայերի ազգաբնակչության կորուստները չէին դիտում որպես հիմնախնդիր, նրանք սպանվածների իրավունքներն ու ձայները հավասարեցնում էին կենդանի մնացածերին։ Անտանտի ղեկավարները հիմք էին ընդունում նախապատերազմյան ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները, մինչդեռ թուրքական կողմը լիովին օգտվում էր իր ճիգերով ստեղծված դրությունից՝ Արևմտյան Հայաստանի ամայի և Արևելյան Հայաստանի արյունաքամ լինելու վիճակից։ Հենց վերոնշյալ նպատակի համար էր Թուրքիան մտել համաշխարհային պատերազմի մեջ։

Հետևաբար, 1920թ. ամառը ոչ թե դիվանագիտական քննարկումներն ու վեճերը, այլ հունական բանակի հաջող կերպ ընթացող հարձակումը ստիպել էր թուրքերին կնքել Սևրի դաշնագիրը։

Ինչպես երևում է հավաքածուում հրապարակվող չորրորդ փաստաթղթից, հայ-հունական ռազմական համագործակցության հարցը ոչ միայն քննարկվել է, այլև մերժվել է Ա.Ահարոնյանի, Գ.Ղորղանյանի և Ա.Խատիսյանի կողմից, քանզի //-61 Սևրի պայմանագրի համապատասխան՝ Հայաստանին վերաբերող բաժինը դեռևս հստակեցված չէր և ՀՀ բանակն էլ անհրաժեշտ թվով ուժեր չուներ օսմանյան բանակի դեմ պատերազմելու համար։ Հունաստանի վարչապետը ռազմական հաջողություններ էր պահանջում հայկական զորքից և այս հանգամանքը լրջագույն եզրահանգումների առիթ էր տալիս։ Չէ՛ որ ՀՀ անկարող էր իր ռազմական ուժով տեր կանգնել Սևրի դաշնագրում դրոշմված նրա ազգային իրավունքներին, հետևաբար. պայմանագիրը պետք էր անհապաղ բանակցությունների առարկա դարձնել ինչպես խորհրդային, այնպես էլ թուրքական իշխանությունների հետ։ Առավել ևս, երբ հայ պետական գործիչները լավատեղյակ էին այդ երկու կողմերի դիվանագիտական շփումների մասին։

Հրապարակվող առաջին փաստաթղթում մատնանշված է նաև Ա.Ահարոնյանի բացասական վերաբերմունքը Կարսում և Ալեքսանդրապոլում ծավալված 1920թ. մայիսյան զինված ելութների նկատմամբ։ Հնարավոր է, որ դրանք իրոք հանգարում էին ՀՀ պատվիրակությանը կնքել Սևրի դրույթները, այնուամենայնիվ, մայիսյան իրադարձությունները լրջորեն վկայում էին հանրապետությունում առկա ներքաղաքական ծանր խնդիրների մասին։ Առավել ևս, քանի որ նրանք արձագանք էին հանդիսանում Ադրբեջանի՝ արագ ու խաղաղ ճանապարհով իրականացված խորհրդայնացմանը։ Իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, իսկապես ուներ ռազմական դաշնակից՝ հանձին Թուրքիայի, ու Բաքվի պարագլուխները անմիջապես ենթարկվել էին թուրքական հրամանատարության նրանց տված հանձնարարությանը։ Նրանք անհապաղ կերպով ընդունել նոր իրավիճակը, այն է՝ խորհրդայնացումը։

ՀՀ ղեկավարությունը, մերժելով Կարսում և Ալեքսանդրապոլում առաջարկված քաղաքական կուրսը, չստացավ Թուրքիայի վրա ճնշում գործելու լրացուցիչ լծակ, և, միաժամանակ, չգնաց հունական բանակի հետ համատեղ գործողությունների իրականացմանը։ Արդյունքում քեմալականները, հերթականությամբ, երկու կողմերին էլ մատնեցին ծանր պարտության, ընդ որում, առաջին պարտվողը՝ Սևրի պայմանագրի ստորագրումից ընդամենը մեկուկես ամիս անց, դարձել էր Հայաստանի Հանրապետությունը։ Ու նշված ժամանակահատվածում չեն նշմարվում որևէ քայլեր, որպեսզի պայմանագիրը դառնար հետագա դիվանագիտական առևտրի առարկա, տարածաշրջանում երկու հիմնական՝ խորհրդային ու թուրքական քաղաքական ուղղությունների վրա։

Հարկադրված ենք ընդունել Ա.Նասիբյանի գնահատականի իրավացիությունը**, թե Սևրի դաշնագիրը որպես Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական կարևոր ձեռքբերում, ամբողջովին վերցրած, դրսևորում է կարևոր մի օրինաչափություն, համաձայն որի՝ քաղաքական յուրաքանչյուր հեռանկարը հղի է և իր մեջ է պարփակում նրան համարժեք վտանգ։ Առավել ևս, երբ այդ հեռանկարը ապահովված է ոչ թե սեփական ուժերով, այլ արտաքին գործոններով։  //-62  ...

* Ադոնց Ն., Հայկական հարց, Երևան, 1996, Հայկական հարցը Սեւրում, էջ 122:  //-60

** Nassibian A., Britain and the Armenian Question. 1915-1923, Lnd., 1984, p.188-189.  //-62