Ավետիս Ահարոնյանի 1920թ. մարտի 19-ի և 23-ի

նամակները Լոնդոնից

                    

1920թ. փետրվարի 12-ից ապրիլի 10-ը Լոնդոնում տեղի է ունեցել դաշնակիցների վարչապետների և արտաքին գործոց նախարարների կոնֆերանսը, որին մասնակցել են Անգլիայի վարչապետ Դ.Լլոյդ Ջորջը, նախարար Ջ.Քերզոնը, Ֆրանսիայի վարչապետ Ա.Միլյերանը, ԱԳՆ-ի գլխավոր քարտուղար Ֆ.Բերթելոն և դեսպան Ժ.Կամբոնը, Իտալիայի վարչապետ Ֆ.Նիտտին, նախարար Վ.Սկյալոջան և դեսպան Գ.Իմպերիալին, Ճապոնիայի դեսպան Ս.Շինդան։ Կոնֆերանսը անցել է Թուրքիայի հետ պայմանագրի ձևավորմանն ու փետրվարի 16-ից ի վեր մանրամասն քննարկել է Հայաստանի նորաստեղծ պետության ապագան ու հնարավոր սահմանները։ Վերջին հարցը մշակելու համար, փետրվարի 17-ին ստեղծվեց հայկական սահմանների հանձնաժողով, որում ընդգրկվել են ֆրանսիացիներ Ա.Կամմերերը՝ նախագահ, և Է.դը Ֆլերիոն, ավելի ուշ գնդապետ Պ.-Օ.Շարդինյին, Անգլիայից՝ Ռ.Վանսիտարտը և փոխ-գնդապետ Ու.Գրիբբոնը, Իտալիայից՝ Կ.Գալլին ու գնդապետ Կաստոլդին (ներկա է նաև Նոգարայի անունը), Ճապոնիայից՝ Ի.Յոշիդան և 2-րդ նավակարգի կապիտան Կ.Աննոն։ Փետրվարի 21-ին, 26-ին ու մարտի 16-ին այստեղ հրավիրել են Հայաստանի Հանրապետության ու Ազգային պատվիրակությունների ղեկավարներին՝ իրենց կարծիքն արտահայտելու համար։ Առաջին հանդիպմանը մասնակցել են Ա.Ահարոնյանը, Պողոս Նուբարն ու Գ.Ղորղանյանը։ Ամսի 26-ից ի վեր Գ.Ղորղանյանին փոխարինել է Կ.Պոլսի հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը1։

Փետրվարի 27-ին հանձնաժողովը ներկայացրել է իր առաջին զեկուցումը, պահանջելով 15-20 հազարանոց բանակը՝ երեք տարվա օժանդակության համար, և նույն այդ օրը կոնֆերանսում որոշվել է, որ հայկական կողմը ստորագրելու է ապագա պայմանագիրը։ Նոր երկրի ռազմա-տնտեսական հովանավորությունը հանձնում են Ազգերի լիգային։ Իրենց հերթին, մարտի 3-ին Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը ներկայացրել են հուշագիրը հայերի 19,1 միլիարդ ֆրանկ կազմող նյութական կորուստների և նրանց փոխհատուցման անհրաժեշտության մասին։ Ու թեև մարտի 4-ին կոնֆերանսը աջակցել է նրանց պահանջին, ֆինանսական հանձնաժողովը իր մարտի 3-ի և 27-ի զեկուցումներով պնդել է, որ պայմանագիրը փախհատուցման խնդիր չպետք է պարունակի։

Դեռևս կոնֆերանսի բացման նախօրյակին, դաշնակիցների աշխատանքին հակազդելու համար, հունվարի 21-ից փետրվարի 11-ը Մուստաֆա Քեմալի ազգայնական հրոսակները հարձակվել են Մարաշի վրա, հրկիզել քաղաքն, կոտորել բնակիչներին, փախուստի մատնել ֆրանսիացիների ստորաբաժանումներին ու մազապուրծ հայերին2։ Այդ հարձակման ու եռօրյա հուսահատ փախու-//-109 ստի զոհ է դարձել 18.000 մարդ1։ Մարաշի կոտորածի վերջի օրերին և դիվանագետների գործունեությանը զուգահեռ, նույնանման հարձակումը ուղղվել է փետրվարի 9-ից ապրիլի 11-ը Ուրֆայի դեմ, իսկ ապրիլի 1-ին սկսվել է Այնթապի ոգորումը2։ Որպես արդյունք՝ դաշնակիցները հրաժարվել են Կիլիկիայի սահմաններում նոր հայկական պետության ստեղծելու իրենց մտադրությունից, թեև նրանք օգտագործել են այդ առիթը մարտի 16-ին Կ.Պոլիսն գրավելու համար։

Այդ նույն օրը Գ.Ղորղանյանը հայտագիր է ներկայացրել հայկական «Նահանգների ռազմագրավման մասին»£ Նա հայտնել է դաշնակիցներին, որ ՀՀ բանակը ի վիճակի չէր դուրս մղել թուրքական զորքերն Արևմտյան Հայաստանի շրջաններից£ Լոնդոնում արդեն բացվել էր Ազգերի լիգայի թեման, ու կոնֆերանսի պահանջով Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը 1920թ. մարտի 20-ին հանձնել են այդ կազմակերպության հետ համագործակցելու մասին հուշագիրը£

Ռազմական հանցագործությունների դատապարտման Ժ.Կամբոնի գլխավորած կոմիտեն մարտի 22-ին ներկայացրեց իր որոշումը՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայերի կոտորած իրականացրած թուրքական կառավարությունը ենթակա է դաշնակիցների ռազմական տրիբունալին£ Եվ, ի վերջո, մարտի 25-ին, հիմք ունենալով սահմանային հանձնաժողովի ամսի 24-ի երկրորդ զեկուցումն ու հետևելով Սայքս-Պիկոյի հիմնադրույթներին, կոնֆերանսը Հայաստանին է նախատեսել Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի նահանգների մեծ մասն ու Բաթումի մարզի վրայով ազատ տարանցման հնարավորությունը£

Ներկայացվող փաստաթղթերը հանդիսանում են ՀՀ պատվիրակության նախագահ Ա.Ահարոնյանի զեկուցումները կոնֆերանսի ընթացքի մասին, որոնք հասցեագրած են հանրապետության վարչապետ Ա.Խատիսյանին։ Վավերագրերում տեղ են գտել քառակուսի փակագծերում ներառված դարձվածքներ։ Սրանք այն բառերն են, որոնք վստահաբար վերականգնվում են, ելնելով տվյալ ուղերձի բովանդակությունից ու Ա.Ահարոնյանի այլ նամակներում ընդունված արտահայտություններից, ինչպես նաև անունների սկզբնատառերը։ Փաստաթղթերում մեր կողմից կատարվել են կրճատումներ, որոնք չեն աղճատում դրանց բովանդակությունը։

1. Ավելի մանրամասն տես. Ահարոնյան Ա., Սարդարապատից մինչև Սեվր եվ Լոզան։ Քաղաքական օրագիր 1919-1927։ Եր., ԵՊՀ, 2001, էջ 54-86; Զաւեն արքեպիսկոպոս (Տէր Եղիայեան)։ Պատրիարքական յուշերս։ Վաւերագիրներ եւ վկայութիւններ։ Գահիրե, Նոր աստղ, 1947, էջ 330-340, 344-348; Marashlian L., The London and San Remo Conferences and the Armenian Settlement; the Belated Decisions, February-April, 1920. "Armenian Review," Boston, 1977, vol.30, Autumn, p.230-235, 240-250; Махмурян Г.., Политика Великобритании в Армении и Закавказье в 1918-1920 гг. Время белого человека. Ер., Лусакн, 2002, с.186-201; ն.ի., Дипломатия Республики Армения в январе-апреле 1920 г., «Պատմա-բանասիրական հանդես», Եր., 2007, N 2, էջ 88-95; Ованнисян Р., Международные отношения Республики Армения 1918-1920 гг. Ер., Тигран Мец, 2007, с.425-484; նույնը անգլերեն. Hovannisian R., The Republic of Armenia, vol.III From London to Sèvres, February - August 1920. Berkeley & Los Angeles, University of California Press, 1996, p.20-70:

2. Ականատեսների վկայություններ. Brռmond E., La Cilicie en 1919-1920. Paris, Imprimerie Nationale, 1921; Materne Muré R.P., Le massacre de Marache (février 1920). Un épisode de la tragédie arménienne. Bruxelles, Flambeau, 1921 & Cambridge, SAS, 1987; Thibault C., Historique du 412e régiment d'infantռrie. Pt.2 Opéռrations en Asie Mineur. Paris, Charles-Lavauzelle, 1923; Normand R., Colonnes dans le Levant. Paris, Charles-Lavauzelle, 1924; du Véou P., La passion de la Cilicie 1919-1922. 2nde ed. Paris, Paul Geuthner, 1954; Kerr S.E., the Lions of Marash. Personal Experience with American Near East Relief, 1919-1922. Albany, State University of New York Press, 1973; նաև. Սահակյան Ռ.Գ., Թուրք-Ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921թթ.։ Եր., ՀՍՍՀ ԳԱ, 1970, էջ 136-141, 148-153, 159-162:

1. Նույն թիվը 8.03.1920-ին Պառլամենտի Համայնքների պալատում բերել է Թ.Պ.Օ'Քոննորը, Դ.Լլոյդ Ջորջը այն իջեցրել է 15.000-ի՝ The Parliamentary Debates, Official Report, House of Commons, 5th series, vol.126, col.894: Հայկական հարց, Հանրագիտարան, խմբ.Կ.Խուդավերդյան, Եր., Հայկական հանրագիտարան, 1996, էջ 185-ում հիշատակվում են 11.000 զոհեր, առանց փախուստի ժամանակ կրած 3.500 հոգու կորուստի։

2. Mandelstan A.-N., La Société des Nations et les Puissances devant le Probléme Arménien. 2ème ed. Liban, Hamaskaine, 1970, p.396; Kerr S., Op.cit., p.193, 195, 214:                               

  

N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐ Ա.ԽԱՏԻՍՅԱՆԻՆ՝ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 մարտի 1920թ.

Լոնդոն

«Այս ամսի 9-ին Անգլիայի... [Ֆորին օֆիսի] միջոցով Ձեզ շտապով գրեցի քանի մի տեղեկություններ մեր հարցի վիճակի մասին։ Այժմ ուղարկում եմ Ձեզ հատուկ թղթատար բժ.[Տ.]Չալյանին1 և պիտի փորձեմ լիակատար պատկեր տալ մեր աշխատանքների և ձեռք բերած արդյունքի... Լոնդոնից ձեզ հեռագրել եմ փետրվար 21-ին երկու անգամ, այնուհետև փետրվար 23-ին, մարտի 8-ին և 12-ին։ //-110 Մեկից բացի, որ ղրկել եմ պ. Ֆ.Թախթաճյանին2 Ձեզ հասցնելու համար, մնացած բոլոր հեռագրերը հանձնել եմ հունական տեղիս դեսպանին, որ շատ սիրահոժար ձևով ընդունել է և Ձեզ ուղարկել շիֆրով...

Ինչպես գիտեք Հռոմից Լոնդոն եկա փետրվարի 17-ին, հետևապես ուղիղ մի ամիս է, ինչ այստեղ եմ։ Ըստ անգլիական կառավարության ցանկությանը, Խաղաղության հերթական համաժողովը գումարվեց Լոնդոնում։ Այդտեղ պետք է կարգավորեին Արևելյան կնճիռն ու մնացած առկախ խնդիրները։ Առաջնահերթ տեղ է զբաղեցրել մեր հարցը։ Լոնդոնում էր գտնվում Պողոս փաշան, որը տեղ է հասել երկու շաբաթ ավելի շուտ, ինչպես և Կ.Պոլսի հայոց պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը։ Իմ քարտուղարներից  բացի, ինձ հետ են գեներալ [Գ.]Ղորղանյան3, Օհաննես խան Մասեհյան4։ Փարիզում թողեցի մեր ընդհանուր քարտուղար պ.Սիմոն Հակոբյանին5, որ ստանում է ընթացիք գրությունները և ինձ հաղորդում կարգադրության համար, իսկ մեր տնտեսական ու ֆինանսական խնդիրները Փարիզում հանձնել եմ պ.պ.Մ.Աճեմյանին6 և Ա.Խանեմյանին7։ Մի շաբաթ ի վեր Մ.Աճեմյան նույնպես Լոնդոն եկավ և մեծապես նպաստեց ինձ մեր բոլոր խորհրդակցությունների ժամանակ։

Խաղաղության համագումարը. - Այս անգամ այսպես կոչված [Կոնսեյ Սյուբրեմի8]  անդամներն են Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջին նախարարները, Դ.Լլոյդ Ջորջ, Ա.Միլյերան և Ֆ.Նիտտի։ Երկու շաբաթ առաջ Ա.Միլյերան ու Ֆ.Նիտտի մեեկնեցին, համագումարը շարունակում է սակայն իր նիստերը արտաքին գործոց նախարարների մասնակցությամբ, այսպիսով այդ ժամանակից ի վեր... [Կոնսեյ Սյուբրեմի] անդամներն են լորդ Ջ.Քերզոն, Ֆ.Բերթելո, Վ.Սկյալոջա, նախագահությամբ Դ.Լլոյդ Ջորջի... Հայաստանի սահմանները որոշող միջազգային հանձնաժողովը կազմված է Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի երկուսական ներկայացուցիչներից։ Ահա այս հանձնաժողովն էր, որ մինչև այժմ երեք անգամ մեզ հրավիրել է նիստերին խորհրդակցության ու բացատրությունների համար...

Պետությունների դիրքը մեր հարցի հանդեպ. - Բարեբախտություն եղավ մեզ համար Խաղաղության համագումարի Լոնդոն փոխադրվելը։ Սկզբից ևեթ այստեղ մեզ համար շատ նպաստավոր մթնոլորտ գտանք։ Անգլիական հասարակաց կարծիքը բացորոշ կերպով հակաթուրք, Հայաստանի շահերի պաշտպան հանդիսացավ։ Բոլոր թերթերը... գլուխ ունենալով [«Թայմս»ը - ԳՄ] շատ բուռն ձևով են գրում թուրքերի դեմ և միշտ հօգուտ հայերի ու Հայաստանի... Ղրկեցի ձեզ վերջին մի քանի շաբաթների թերթի կտորներ, որոնք ձեզ լիուլի ծանոթություն կտան անգլիական հասարակաց կարծիքի և առհասարակ այս երկրի քաղաքական տրամադրությունների մասին։

Դրա փոխարեն ֆրանսիական հասարակաց կարծիքն ու մամուլը վճռապես ձեռք առավ թուրքերի պաշտպանությունը բուռն եռանդով... Այսպիսով Լա Մանշի երկու կողմերում, նախկին ընդհանուր լեզուն ու տրամադրությունն դարձան բացարձակ հակամարտություն երկու ժողովուրդների մեջ։ Բնականապես երկու կառավարությունների քաղաքականություն ևս համապատասխան ընթացք ստացավ։ Մինչդեռ Անգլիան հետապնդում է օրինակելի դատի տալ թուրքերին և լուրջ երաշխիքներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, զսպելու համար նրա բարբարոս և արյունալի *, Ֆրանսիան նրա հակառակ աշխատում է որչափ կարելի է սակավ զրկանքով ազատել Թուրքիան այս կրիզիսից և նրան ապահովել հետագայում կարևոր հողամասեր և քաղաքական այնպիսի վիճակ, որպեսզի բաժան բաժան լինելուց ազատվի... Կ.Պոլսի խնդրում Իտալիան հարեց Ֆրանսիայի հայեցակետին, մինչդեռ Հայաստանի վերաբերյալ խնդիրներում նրա համակրությունն ու աջակցությունը մեզ հետ եղավ, Անգլիայի քաղաքականության համաձայն։ Ճապոնիան շատ գործոն դեր չունի, բայց բոլոր առիթներին, ինչպես հավաստիացնում են մեզ, ավելի շուտ Անգլիայի կողմնակից է։ Ամերիկան պաշտոնապես չի մասնակցում»։ ...

* Գոյականը բացակայում է։ //-111