Ավետիս Ահարոնյանի 1919թ. հուլիսի 28-ի և 30-ի

նամակները Փարիզից

                    

1918թ. դեկտեմբերի 8-ին Շուշի է գալիս առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած Անտանտի ներկայացուցիչ անգլիական առաքելությունը։

Առաքելության առաջին խնդիրը եղավ Ղարաբաղի սահմաններից զորավար Անդրանիկի հարվածային ջոկատի հեռացնելը։ Հինավուրց այդ երկրամասի հայությունը, որը լավատեսական ակնկալիքներ էր կապում Դաշնակից պետությունների և նրանց ներկայացուցիչ Անգլիայի հետ, շուտով համոզվեց անգլիացիների թշնամական, Ղարաբաղը ՀՀ-ին միավորվելու հանդեպ թշնամական քաղաքականության մեջ։

Բաքվում տեղակայված անգլիական հրամանատարությունը իր մոտեցումները էր մշակում ելնելով 1918թ. նոյեմբերի 21-ին Ֆորին օֆիսում կազմված առաջարկների և քարտեզի, որոնք դեկտեմբերի 2-ին հաստատվել են Ռազմական դահլիճի Արևելյան կոմիտեի նիստում։ Ընդունված որոշումը ամրապնդվել է 1919թ. փետրվարի 2-ի թվակիր կառավարական հուշագրով։ Ելնելով իր իսկ կայսերական շահերից, նավթի ազատ արտահանմամբ հետաքրքրված տեղի ռազմական իշխանություններն անշեղորեն կիրառում էին Լոնդոնի հրահանգը։ Մուսավաթական ղեկավարության հետ միակամ նրանք բացահայտ ու քողարկված քայլերի էին դիմում Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու համար, նկատի ունենալով, որ իրենց կողմից նախատեսված պրոտեկտորատը ծրագրվում էր հատկապես Վրաստանի և Ադրբեջանի սահմաններում։ Հայաստանն ի սկզբանե դիտվում էր որպես ամերիկյան մանդատի տարածք։

Հայ պետական, քաղաքական գործիչները աշխատում էին պաատմա-աշխարհագրական, տնտեսական ու կարևորը՝ ազգային-ազգագրական փաստարկներով ապացուցել Ղարաբաղի հայկական լինելը։ Սակայն խնդիրը լուծվել էր ոչ թե տեղում կամ Դաշնակիցների բանակցային կենտրոն Փարիզում, այլ Լոնդոնում։ Ի դեպ, 1919թ. ամռանը, երբ բրիտանական զորքերը թողնում էին Անդրկովկասը և այլևս այդքան շահագրգռված չէին Ադրբեջանի հետ լավ հարաբերություններով, Լոնդոնում՝ հատկապես ռազմական նախարար Ու.Չերչիլի գնահատականներում, հնչել են նոր, ոչ այդքան միանշանակ երանգներ։ Թեև Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ կոշտ ու անզիջում ճնշումը շարունակվում էր։

Ղարաբաղի հարցում Մեծ Բրիտանիայի քաղաքականության հայերի շահերին թշնամական լինելու և սեփական օգուտը հաշվի ունենալու հանգամանքը, այլ փաստարկների կողքին, ապացուցում են Հայաստանի Ազգային արխիվում պահվող բազմաթիվ վավերագրեր։ Նրանց շարքում նշենք ՀՀ պատվիրակության անդամ, Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Մ.Պապաջանյանի և Արևելյան Անդրկովկասում բրիտանական զորքերի հրամանատար Վ.Թոմսոնի 1919թ. հունվարի 10-ին Բաքվում կայացած զրույցի գրառումը (ՀԱԱ ֆ.200, ց.1, գ.243, թ.94-115), իսկ Բրիտանական կայսրության մասին այստեղ բերվող փաստաթղթերը ավելի հավաստի է դարձնում մեր եզրակացությունը։

Ինչպես առաջին, այնպես էր երկրորդ նամակները հագեցված պատկեր են տալիս Փարիզի վեհաժողովի և նրանում ՀՀ պատվիրակների գործունեության մասին, ներկայացնում են նրանց ճիգերը Ղարաբաղի խնդիրը խաղաղ ու հայանպաստ եղանակով լուծելու ուղղությամբ, պարունակում են հետաքրքիր հանգամանքներ լոնդոնյան գործընթացների մասին։ Վերջինը, հատկապես ռազմական նախարար Ու.Չերչիլի մասնակցությունն ու գնահատականները, գիտական նորություն է պարունակում։ Ա.Ահարոնյանի արված մեջբերումը առայժմ ստուգվել է Հայաստանի արխիվների նյութերով, որտեղ գտել ենք Երևանից, արտգործնախարարության գլխավոր քարտուղար Ա.Տեր-Հակոբյանի Թիֆլիսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Լ.Եվանգուլյանին ուղղված 1919թ. սեպտեմբերի 16-ի նամակը (ՀԱԱ ֆ.275, ց.5, գ.101, թ.80-81 դարձ, հրապարակվել է նաև. Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов. Под ред.В.А.Микаеляна. Ереван, АН Армении, 1992, с.341-342)։ Վերջինս պարունակում է ինչպես բրիտանական պառլամենտի անդամ Ա.Ուիլյամսի հունիսի 23-ի նամակին Ու.Չերչիլի տված պատասխանի հայերեն թարգմանությանը, այնպես էլ Լոնդոնի անցուդարձի և այնտեղ մշակված քաղաքականության արդարացի գնահատականները։ ...