Օսմանյան կառավարության՝ 1918 թ. Բաթումի պայմանագրից հրաժարվելու մասին
Ամփոփում
1918 թ. հունիսի 4–ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի Հանրապետությանը պարտադրեց Բաթումի պայմանագրի ծանր լուծը։ Դրանով նա դրժեց իր պարտավորությունները Քառյակ դաշինքի այլ անդամների նկատմամբ ու արժանացավ Գերմանիայի կատաղի դիմադրությանը, որին եռանդով սատարում էին Ավստրո-Հունգարիան ու Բուլղարիան։ ՀՀ պատվիրակությունը հաշվենկատ բանակցություններ էր վարում Կ.Պոլսում (18.06–1.11.1918), Բեռլինում (22.04-15.11.1918) ու Վիեննայում (4-16.09.1918)՝ անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելով օտար դիվանագետներին ու նպաստելով տխրահռչակ տեքստի չկայացմանը։ Հաջողությունը ձեռք է բերվել ա) գործընկերների համախմբված ճնշման, բ) օգոստոսի 27–ին ՌԽԴՍՀ–ի և Գերմանիայի միջև հավելյան պայմանագրի ստորագրման ու նրա կողմից Բրեստի պայմանագիրը չեղարկվելու մասին սեպտեմբերի 20–ին հայտագրի, ինչպես նաև գ) Ա.Ջամալյանի, Գ.Մելիք-Ղարագյոզյանի, Լ.Նազարյանցի, դոկտ. Ջ.Գրինֆիլդի, Ա.Ահարոնյանի, Ա.Խատիսյանի, Մ.Պապաջանյանի, Գ.Ղորղանյանի, Հ.Օհանջանյանի և Ա.Զուրաբյանի աշխատանքի հետևանքով։ Կատարված տքնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ 1918թ. հոկտեմբերի 25-ին Օսմանյան կայսրության արտգործնախարար Մեհմեդ Նաբի բեյը տեղեկացրեց ՀՀ պատվիրակության նախագահին ու վերջինի միջոցով՝ վարչապետ Հ.Քաջազնունուն, որ իր կառավարությունը որոշեց անշեղորեն հետևել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի դրույթներին ու թուրքական բանակը հետ քաշել մինչև այդ փաստաթղթով նշված սահմանագիծը։ Ընդ որում, նշվեց, որ խոսքը հատկապես Կարսի, Բաթումի և Արդահանի շրջանների մասին է։ Ն.թ. հոկտեմբերի 29-ին մեծ վեզիր Ահմեդ Իզզեթը հաստատեց իր նախարարի հաղորդագրությունը։ Մուդրոսի զինադադարից հետո, նոյեմբերի 2-ին Թիֆլիսում գործող օսմանյան առաքելության պետ Աբդուլ Քերիմը հաստատեց, որ իր կառավարության հրամանը այլևս վերաբերում է 1914թ. ռուս-թուրքական սահմանին։
Բանալի բառեր` Հայաստանի Հանրապետություն, Օսմանյան կայսրություն, 1918թ. Բաթումի պայմանագիր, Կոստանդնուպոլիս, Մեհմեդ Նաբի բեյ, Ահմեդ Իզզեթ փաշա, Գերմանիա: //-24