Ստեփան Հասան-Ջալալյանի կոմպիլիացիաները,

որպես գիտական աշխատանքի նմանակում

 

2021 թ. զուգահեռաբար հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով լույս ընծայվեց հեղինակի՝ Ստեփան Հասան-Ջալալայանի կողմից լայնորեն գովազդված «Ադրբեջանա-արցախյան հակամարտության գենեզիսը և դրա կարգավորման ուղիները» (Երևան, հեղինակային հրատարակություն, 228 էջ) գրքույկը: Գրքույկի կազմից դատելով՝ հեղինակը ներկայանում է որպես քաղաքագիտության մագիստրոս, որի աշխատավայրը չի նշվել:

Գրախոսվող աշխատանքի թեման արդիական է, նույնիսկ հրատապ քանի որ հայագիտության գնահատականներն ու նվաճումները լայնատարած քարոզի կարիք ունեն, մանավանդ որ մեր հետազոտությունները սովորաբար միայն հայերեն  են հրատարակվում, իսկ փոքր տպաքանակն ու պետական ատյանների  և ԶԼՄ-ների կողմից նպատակամղված քարոզչական աշխատանքի բացակայության հետևանքով դրանք հասարակությանը քիչ հասանելի են մնում:

Քանի որ գրքույկի անոտացիայից սկսած Ս. Հասան-Ջալալյանը շեշտվում է, թե «գաղտնազերծված, նորահայտ, ինչպես նաև պատմաքաղաքագիտական գրականության հիման վրա առաջին անգամ ամբողջական ձևով ցույց է տրված հակամարտության ծագումն ու դրա կարգավորման հնարավոր ուղիները» (հայերեն տեքստի էջ 2, ռուսերեն էջ 82, անգլերեն էջ 157) ստիպված ենք փաստել, որ վերոհիշյալ անձը՝ փորձելով ռահվիրայի դեր կատարել, ընթերցողին, մեղմ ասած գցում է թյուրըմբռնման մեջ: Այդ իսկ պատճառով հայերեն 75, ռուսերեն 70 և անգլերեն 70 էջերից բաղկացած գրքույկի վերլուծությունը սկսենք պատմագրությունից, որը փաստորեն բացակայում է ընթերցողին ներկայացված տեքստում: Գրքույկում հանդիպում ենք միայն երկու մենագրության (Շ.Ավագյանի և Ա.Մանասյանի), արխիվային փաստաթղթերի մի  ժողովածուի և պատմական իրադարձությունների եռանդուն մասնակիցների հուշերի երկու հատորների (Հ.Թումյանի և Ե.Իշխանյանի): Եվ սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր գիտական աշխատանք պետք է սկսել այն հեղինակների հիշատակումից, որոնք նկատելի ավանդ են ներդրել 1917-1920 թթ. արցախահայության՝ Հայրենիքի հետ վերամիավորման պայքարի լուսաբանմանը: Դրանք են Բ.Ուլուբաբյանի «Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» (Երևան, 1994, 378 էջ), «Արցախյան գոյապայքարը» (Ե., 1994, 300 էջ) և Վ.Բալայանի «Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը» (Ե., 2002, 408 էջ), «Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի և պետականակերտման պատմության (1813-2007 թթ.)» (Ստեփանակերտ, 2012, 416 էջ), Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ականավոր հայագետ Ռ.Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետությունը» քառահատորյակի (Լոս-Աջելես 1971, 1996 անգլերեն և  Ե., 2005, 2015 հայերեն), Գ.Մ.Հարությունյանի «Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ.» (Ե., 1996, 299 էջ), Հ.Աբրահամյանի ծանրակշիռ հատորյակները՝  «Մարտնչող Արցախը 1917-2000» (գիրք Ա 1917-1921, Ե., 2003, 340 էջ, գիրք Գ 1985-2000, Ստեփանակերտ, 2007, 744 էջ), Շ.Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի (1920-1988 թթ.) իրականացրած ցեղասպանության անատոմիան» (Ստեփանակերտ, 2003, 238 էջ), Մ.Չալյանի «Освещение арцахского движения в армянской англоязычной прессе США» (Ե., 2006, 251 էջ), Ա.Գ.Արեշևի «Нагорный Карабах в региональной и мировой политике» (Մ., 2006, 128 էջ) աշխատությունները, Ս.Շահմուրադյանի, Վ.Միքայելյանի «Нагорный Карабах в 1918-1923 гг.» (Ե., 1992, 754 էջ), Յու.Գ.Բարսեղովի երկու հատորները “Нагорный Карабах в международном праве и мировой политике» (Մ., 2008-2009, 944 և 480 էջ) արխիվային փաստաթղթերի ժողովածուներ, պ.գ.թ.Ա.Մաղալյանի խմբագրությամբ «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» (Ե., 2007, 370 էջ) և պ.գ.թ.Մ.Հարությունյանի խմբագրած «Ադրբեջանի պետական ահաբեկչության և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ» (Շուշի 2010,  348 էջ), «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» (Ե., 2021, 584 էջ), «Գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու), Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր» (Ստեփանակերտ, 2018, 534 էջ) միջազգային գիտաժողովների նյութեր։ Որպես ընդհանրացում այդ պայքարը իր բաժինն է կազմել «Հայոց պատմություն (հատ. IV, գիրք Ա, Նորագույն պատմություն (1918-1945 թթ.)», (Ե., 2010, էջ 191-202) ակադեմիական հրատարակության էջերում:

Միայն Արցախի էլեկտրոնային գրադարանում կարելի է գտնել Արցախի պատմության վերաբերյալ 354 գիրք ու հոդված: Սրանց կարելի է գումարել Մ.Մալխասյանի ուսումնասիրությունը (Դետրոյտ, 1996), Լ.Չորբաջյանի ժողովածուն (Նյու Յորք, 2001),  Թ.դե Վաալի գիրքը: Հեղինակին որպես պատմագրական ակնարկ օգտակար կլիներ նաև պ.գ.դ.Գ.Գ.Մախմուրյանի «Трагедия города Шуши 23-26 марта 1920 г. в отечественной и зарубежной историографии» («Պատմաբանասիրական հանդես», 2021, հ.2) հոդվածը:

Գիտական հետազոտությունների այս ազդու ցանկի ամբողջական անտեսումը մեզ հիմք են տալիս որակել Ս.Հասան-Ջալալյանի շարադրած տեքստը որպես սիրողական և հեղինակային իրավունքի տեսանկյունից ոչ բարեկիրթ հրապարակախոսություն: Հավաստի ու բազմիցս հրատարակված փաստերի օգնությամբ հեղինակը փառազերծ է անում ադրբեջանական բազմաթիվ և անկաշկանդ խարդախումները։ Եթե մենք ի վերջո հասկացանք, որ անհնարին է լուռ մնալ հայ-ադրբեջանական գաղափարական ու քարոզչական կռվում, այլ հարկավոր է գործի դնել Հայաստանում ու արտերկրում հրատարակված գիտական մշակումների մեր կուտակված ծավալը, ապա գրախոսվող գրքույկը ընթերցողին ճիշտ տվյալներ է բերում իր Հայրենիքի անկակտելի մաս հանդիսացող Արխացի պատմության մասին։

Այդ հանգամանքով հանդերձ, պատմական փաստերի ճշգրիտ լինելն ու նրա բանավեճի հակաադրբեջանական տեղին ուղղվածությունը ուղեկցվում է խիստ բացասական հանգամանքով՝ սա  վաղուց վերլուծված արխիվային փաստաթղթերի ծայրահեղ սակավությունն է: Փաստորեն տեքստի հիմքում միայն 1999 և 2008 թթ. հրատարակված Արցախի ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանի և երկրամասի ռազմական գործերի կառավարիչ Հարություն Թումյանի հուշերն են: Թեև հնարավոր էր ընդգրկել տեղական Խորհրդի քարտուղար Աբրահամ Կիսիբեկյանի «Հուշեր, 2 հատորով»  (Ե., 2011, 519 և 606 էջ), միջազգային որակի մասնագետ Յու.Բարսեղովի արխիվային փաստաթղթերի և նրանց վերլությույանը նվիրված երկհատորյակը։ Նշենք, որ գրքույի հեղինակը նույնիսկ չի նշում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ.Միքայելյանի անունը:

 

Եթե Ս.Հասան-Ջալալյանը՝ մանրամասն լուսաբանելով երկրամասում 1918-1920 թթ. գումարված համագումարները, վերապատմում է Հ.Աբրահամյանի «1918-1920 թթ. արցախահայության համագումարների ժողովրդավարությունը» տիտղոսով հոդվածը, ապա հղումներում այդ չի նշում: Որևէ աշխատության յուրացման նման փորձը չես կարող գնահատել այլ կերպ, քան բացահայտ գրագողություն: Ուշադիր որոնման արդյունքում մենք գտնում ենք այդ հոդվածը գրականության ցանկում, սակայն այդտեղ բացակայում են նույն հեղինակի քննարկվող թեմային վերաբերող գրքերը կամ ևս մեկ հոդված համագումարների մասին:

Քանի որ վերոհիշյալ համագումարները մանրամասն նկարագրված են 1971 թվականից, Ս.Հասան-Ջալալյանը պետք է ներգրավեր ակադեմիկոս Ռ.Հովհաննիսյանի «The Armeno-Azerbaijani Conflict Over Mountainous Karabagh, 1918-1919» և 1993 թ. լույս ընծայած «Mountainous Karabagh in 1920: an Unresolved Conflict» ծավալուն հոդվածները։

Ս.Հասան-Ջալալյանը լայնորեն կիրառել է ուրիշների աշխատությունները վերաշարադրելու և բանաքաղելու անընդունելի գործելաոճը, երբ նա փորձում էր իրեն վերագրել հին իշխանական տոհմին պատկանելությունը (տես այդ տոհմի ներկայացուցիչ Ժասմեն Ասրյանի 2021թ. մայիսի 21-ին «Ազգ» թերթի № 19, էջ 8-9-ում  հրատարակած «Ինքնակոչ «Հասանի» ծակ մաշիկները» հոդվածը), արտագրում ու կեղծում  Հասան-Ջալայանների տոհմի   պատմությունը կամ «մեկնաբանում» Արցախի միջնանդարյան անցյալը: Ավելի վաղ և մանրամասն այդ ասպարեզում նրա գործած կոմպիլյացիաներն ու սխալները վեր են հանել պատմական գիտությունների թեկնածուներ Արտակ Մաղալյանն ու Լեռնիկ Մկրտումյանը՝ «Պայմանական» Ջալալի նոր արտագրությունները» հոդվածում (2017թ. սեպտեմբերի 15-ին լույս տեսած «Ազգ»ի № 34, էջ 8-9-ում)։

Անդրադառնալով վերոհիշյալ բանաքաղումներին «Ազգ»-ն արդեն երկու անգամ ի ցույց է դրել, որ գիտական նյութի վատ տիրապետումը և աղբյուրների հետ աշխատանքի բացակայությունը նսեմացնում են ոչ միայն գրքույկի հեղինակին, այլև ողջ հայագիտության՝ որպես գիտության ճյուղի հեղինակությունը:

Ընթերցողի  ընկալումը հեշտացնելու և սեփական տեքստն ավելի համոզիչ դարձնելու նպատակով մեր կողմից քննարկվող գրքույկի էջերում ներկայացվում են մասնագետների մոտ կասկած չհարուցող  արխիվային փաստաթղթերի ֆոտոպատճեներ: Թեև փաստաթղթերի բոլոր ֆոտոպատճեները վերցված են Տիգրան Քոթանջյանի համացանցում զետեղված «Нагорно-Карабахский конфликт в начале 20 века» (https://bit.ly/2W6z6tg) հրապարակումից: Այս պարագայում մեր մագիստրոս քաղաքագետը հստակ նշում է իր կատարած հղումը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե՞ ինչում է կայանում գրախոսվող աշխատանքի նորույթը: Ինչու՞մ է հանդիսանում նրա առաջնությունը։    

Ի դեպ, այլ ֆոտոպատճենների թվում Ս.Հասան-Ջալալյանը ներկայացնում է 1920 թ.  փետրվարի 12-ից ապրիլի 10-ին Լոնդոնում գումարված համաժողովի Հայաստանի հարցերով հանձնաժողովի զեկույցի լուսապատճենը (հայերեն էջ 20-21, ռուսերեն էջ 98-99 և անգլերեն էջ 173-174): Լուսանկարում ներկայացված է  այդ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույցի տիտղոսաթերթը, ուր չկա ո՛չ կնիք-մակագրություն, ո՛չ արխիվային դասիչ կամ ստորագրություն, այսինքն ոչ մի բան, որը թույլ կտար բնութագրել սույն մեքենագիր թերթը որպես փաստաթուղթ: Այդպիսի դրոշմանկարը չի կարելի անվանել արխիվային նյութի գիտական հրապարակում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ գրքույկի հեղինակը որևէ պատկերացում չունի սկզբնաղբյուրների հրապարակման գործի մասին: Հարկ է նկա­տել, որ 1920 թ. փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջ.Քերզոնը կարդացել է սույն զեկույցը իր գործընկերներին, իսկ նրանց նիստերի սղագրու­թյուն­ները կազմել են  «Documents on British Foreign Policy 1919-1939», 1st series, in 27 vols. (vol. VII 1920, ed. by R.Butler and J.P.T.Bury. Lnd., HMSO, 1958, 744 р.) պաշտոնական կառավարական հրատարակության յոթերորդ հատորը: Գրքույկի հեղինակը անտեղյակ է, որ վերոհիշյալ փաս­տա­թուղթը պահանջեցին վերափոխել և մարտի 24-ին միայն հանձնաժո­ղովն ավարտեց հայ-թուրքական սահմանի նկարագրումը, որն էլ ամսի 25-ին ստացավ համաժողովի հա­վա­­նու­թյունը (p. 642-649): Այսպիսով, հեղինակը ներկայացնում է միջան­կյալ մի տեքստ, որի վերջնական տարբերակը չի մտել Ս.Հասան-Ջա­լալ­­յանի շա­րա­դրան­քի մեջ:

Հավելենք, որ 1920 թ. փետրվարի  16-ին և 27-ին խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման մասին՝ Քերզոնը երկու անգամ Ղարաբաղը վիճելի  բնութագրեց, իսկ այդ տարածքը՝ գերազանցապես հայկական: Մարտի 25-ին Անդրկովկասի հանրապետություններին կես տարի հատկացրին բոլոր հիմնահարցերը լուծելու համար, իսկ հաղթող տերությունների ներկայացուցիչ սպաները տեղում ճշտելու էին սահմանագիծը. հակառակ դեպքում գլխավոր դաշնակից տերությունները իրենք էին կայացնելու իրավարար որոշում և գծելու էին սահման: Շեշտենք, որ Ղարաբաղի սահմանի վիճելիության մասին եզրույթը արժեզրկում էր 1919 թ. օգոստոսի 22-ի համաձայնությունը դեռ մինչ Խ.Սուլթանովի կողմից դրանից գրավոր հրաժարումը, ինչպես նաև Ղարաբաղում ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումն ու  1920 թ. ապրիլի 29-ին արցախահայերի IX համագումարի կողմից տխրահռչակ համաձայնագրի բեկանումը: Ի դեպ, փետրվարի 27-ին Լոնդոնում Քերզոնը Ղարաբաղը բնորոշեց որպես վիճելի՝ ելնելով սահմանային հանձնաժողովի զեկույցում տեղադրված բացատրություններից։ Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակությունը մարտի 31-ին տարածքային հավակնություններ ներկայացրեց համաժողովին Բաթումի և Կարսի նկատմամբ: Սակայն Լոնդոնում գտնվող դիվանագետները որոշեցին սպասել Ազգերի լիգայի գնահատականին: //-8

Անդրադառնալով Ս.Հասան-Ջալայանին այդքան հետաքրքրած առաջին միջազգային կազմակերպությանը, լրացնենք, թե Յու.Բարսեղովը Ղարաբաղին վերաբերող իր աշխատության առաջին հատորում տեղադրել է կարևոր մի փաստաթուղթ, ըստ որի 1920թ. փետրվարի  27-ի դրությամբ ադրբեջանական պատվիրակությունը ինքն էր ընդունում տարածքի վիճելի լինելու փաստը՝ Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ իր հուշագրի էջ 43-44-ում համաձայնելով հիմնահարցի կարգավորմանը կազմակերպության միջամտության հեռանկարի հետ: Այդ առումով տրամաբանական կլիներ հիշատակել նաև պ.գ.թ.Է.Գզոյանի «Հայաստանի առաջին Հանրապետությունը եվ Ազգերի Լիգան» (Ե., 2013) մենագրությունը, առավել ևս, որ նրանում ներկայացվում է կազմակերպության առաջին Ասամբլեայի նախագահ Պ.Գիմանսին 1920թ. դեկտեմբերի 7-ի նամակում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի խոստովանությունը Արցախի վիճելի լինելու վերաբերյալ: Վերոհիշյալ նամակով ադրբեջանական կողմը ոչ միայն ընդունում էր Արցախի վիճելի լինելու փաստը, այլև պատրաստ էր հիմնահարցի խաղաղ կարգավորրման նպատակով դիմել Ազգերի լիգայի օգնությանը: Այսքանը գոյապայքարի և Արցախում ծավալված 1917-1920թթ. հայ-ադրբեջանական պատերազմի մասին:

*  *  *

Այժմ անդրադառնանք արդի իրականությանը: Ս.Հասան-Ջալալայանն իր գրքույկի անոտացիայում բարձրագոչ խոստացել է մեզ առաջինն ի ցույց դնել ներկա հիմնահարցեր կարգավորման նոր հնարավորությունները: Սա շատ կարևոր է և ամեն ինչ նորմալ է, քանի դեռ նա անդրադառնում է մեր բարվոք ոչ հեռու անցյալին վերաբերող վաստաթղթերին: Այսպես, հեղինակը շատ տեղին քննադատում է 1991թ. օգոստոսի 30-ի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագիրը» և ն.թ. հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին Սահմանադրական ակտը»: Այդ երկու փաստաթղթերով անբողջովին մերժվում է նրանց քաղաքական պատմության խորհրդային ժամանակաշրջանը: Ներկայիս պետությունն իրեն հայտարարելով 1918թ. մայիսի 28-ից 1920թ. ապրիլի 28-ին գոյություն ունեցած կազմավորման ժառանգորդ, մի կողմ նետեց 1921թ. կազմակերպված և իր համար այդքան ձեռնտու Մոսկվայի պայմանագիրը, Արցախը նրան հանձնելու ՌԿ(բ)Կ Կովկայսան բյուրոյի որոշումը և Կարսի պայմանագիրը: Անօրինական են դառնում և՛ Ադրբեջանի կազմում ինքնավարության ստեղծումը, և՛ խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված հայ-ադրբեջանական սահմանները:

Փաստորեն, Բաքվի համար միակ կռվան է մնում արցախահայերի VII համագումարի կողմից ստորագրված 1919թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը և 1920թ. հունվարի 10-ին  Փարիզի համաժողովի կողմից  Ադրբեջանի կառավարության փաստացի ճանաչումը: Առաջին փաստաթուղթը գրանցում էր մուսավաթական իշխանություններին Արցախի ենթարկվելու ժամանակավոր բնույթը և հարցի վերջնական լուծումը վերապահում էր միջազգային Խաղաղության համաժողովին։ Ժամանակավոր համաձայնագիրն օրինական էր ճանաչում արցախահայերի ձեռքում զենքի պահպանումը և Արցախում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ցանկացած տեղաշարժի համար պահանջում էր երկրամասի Ազգային խորհրդի անդամների 2/3-ի համաձայնությունը: Ինչպես հայտնի է, նահանգապետի դերակատարում ստանձնած Խ.Սուլթանովն ինքը 1920թ. փետրվարի 19-ին գրավոր մերժեց այդ փաստաթուղթը՝ պահանջելով  Արցախի անվերապահ հնազանդություն: Մերժում ստանալուց հետո, մարտի 22-ին հետևեց Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որը թիրախավորում էր Զանգեզուրը:  Մարտի 23-ից 26-ին Արցախի կենտրոն Շուշիի հայկական մասի հրկիզումը դարձավ երկրամասը գրավելու և իրենց Հայրենիքից հայերի վտարման նպատակով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասը: Չնայած հայերի խոշոր մշակութային կենտրոն և Անդրկովկասի մեծությամբ չորրորդ քաղաք Շուշիի ոչնչացմանը, ադրբեջանական բանակը հաջողությամբ ետ մղվեց, Դ.Կանայանի (Դրոյի) ազատարար էքսպեդիցիոն զորամիավորումը մուտք գործեց Արցախ և 1920թ. ապրիլի 29-ին արցախահայերի IX համագումարը վերստին հաստատեց Արցախի վերամիավորումը ողջ Հայաստանի հետ: Համագումարը օրենսդրորեն հաստատեց, որ սպանությունների և ահաբեկչության երկարատև հայատյաց քաղաքականությունը և օգոստոսի 22-ի փաստաթղթի մշտական խախտումներն ու դրանից միակողմանի հրաժարումը, այնուհետև Ադրբեջանի կանոնավոր բանակի հարձակումը իրավական ուժը կորցրած են դարձրել այդ փաստաթուղթը:

Այսպիսով, այսօր Ադրբեջանը չի կարող վկայակոչել որևէ բան, բացի Թուրքիայի հետ համատեղ ռազմական գործողություններից և օկուպացիոն բանակի կողմից խաղաղ բնակչության ազգային հատկանիշով իրագործած ցեղասպան ոչնչացումներից:

Խորամուխ լինելով արդի իրականության մեջ, անդրադառնանք Ս.Հասան-Ջալալյանի գրքույկի հայերեն վերնագրում ի հայտ եկած, գրախոսի համար բացարձակապես անընդունելի «ադրբեջանարցախյան» հակամարտություն եզրույթին: Ռուսերեն և անգլերեն ձևակերպումներում հեղինակը միանգամայն ճիշտ տեղադրում է գծիկը՝ հակադրելով կիրառված երկու հասկացությունները: Եվ իրոք, երեք լեզուններով էլ գծիկը հակադրում է հիմնային տարրերը, իսկ գծիկի բացակայությունը ձևավորում է ընդհանուր, համադրական իմաստային միասնություն: Այսպես, ադրբեջանա-արցախյան հակամարտությունը նշանակում է պայքար Ադրբեջանի և արցախահայության միջև: Իսկ հեղինակի ներկայացված տարբերակը կարող է նշանակել Արցախ տեղափոխված ադրբեջանցիների պայքար տեղացի հայերի և Հայաստանի դեմ: Այդպիսին կարող են լինել գծիկին առնչվող պատմությունները։

Ինչ վերաբերում է ներկայիս պայմաններին, ապա մեր քարոզչական համակարգին անհրա­ժեշտ է հիշեցնել, որ միջազգային քաղաքականությունն և իրավունքը չեն առանձ­նացնում յուրաքանչյուր պետության իրավունքը նրա պարտականություններից: Տարածքային ամբողջականությունն կամ ինքնիշխանությունը գոյություն չունեն անձնական անվտանգության և օրենքի առաջ հավասարության  մարդու հիմնարար իրավունքից զատ: Մարդը կամայականության ձայնազուրկ զոհ չէ և կյանքի, կացարանի, ունեցվածքի և պատվի պաշտպանության անբեկանելի իրավունք ունի: Ինքնիշխանությունը թույլ չի տալիս ջարդեր, էթնիկական զտումներ, կամ ազգային խտրականություն իրականացնող գաղութատիրական քաղաքականություն: Հատկապես այդ հանցավոր երևույթների դեմ պայքարելու համար, առանձնապես պետական ինքնավարություն ունեցող հասարակություններում, գոյություն ունի ինքնորոշման իրավունքը: Քանի որ արդի ժողովրդավարության գլխավոր սկզբունքն եղել և անում է Հասարակական պայմանագիրը։

*  *  *

Հայաստանի Հանրապետության և Արցախի հետագա գործողությունների վերաբերյալ Ս.Հասան-Ջալալյանի առաջարկություններին անդրադառնալիս, պետք է նկատել, որ դրանք նրա առաջնության հայտի ամենաթույլ կողմն են հանդիսանում. զգացվում է փորձի և մասնագիտական հմտության իսպառ բացակայությունը: Հեղինակը մեզ առաջարկում է այսօր, 2020թ. ողբերգական պատերազմից հետո անհեռանկարային տարածաշրջանային անկախության  ուղին: Մինչդեռ ժողովրդի անվտանգության ապահովման ցանկացած գործելակերպը օգտակար է, քանի դեռ այն ինքնանպատակ չի դարձել: Եվ քաղաքական յուրաքանչյուր վերլուծություն պահպանում է իր արժեքը, երբ կենտրոնացած է ընթացիկ խնդիրների լուծման եղանակների վրա: Իսկ ընդհանուր նպատակները՝ բարեկեցությունը, անվտանգությունը, հասարակության զարգացումը ընդհանուր առմամբ նույնական են բոլոր ժողովուրդների և պետությունների համար: Ինչու՞մ է տարածաշրջանային անկախության թեզի հիմնական թերությունը: Դրանում, որ պետությունից պահանջվում է ոչ թե միջազգային ճանաչում, այլ տարածքի ռազմա-վարչական կառավարման ունակություն, այսինքն իր բնակչության անվտանգության ապահովում: Արդեն 1988թ. պաշտոնական Բաքվի ջարդարար վարքից պարզ էր, որ չափերով փոքր Արցախը անկարող է այդպիսի անվտանգություն ապահովել: Ուստի Միացումի կարգախոսը ո՛չ միայն ամբողջ ազգի միավորման ձգտումն էր. այն կա և մնում է երկրամասի հայության իրենց Հայրենիքում ֆիզիկական գոյատևման միակ ողջամիտ մոտեցումը: Ամբողջ աշխարհը շատ լավ հասկանում էր, և այսօր էլ հասկանում է, որ միայնակ Արցախը նույնիսկ երկու շաբաթ չի պահպանի իր հազարամյա ազգային կերպարը:  Միայն Հայաստանի Հանրապետության առկայությունն ու լիարժեք աջակցությունը ապահովեցին նրա գոյության երեսուն տարիները: Ահա թե ինչու միջազգային շրջանակները բանակցում էին Հայաստանի հետ: Դրանցում Արցախի մասնակցությունը ճիշտ էր, բայց ոչ թե առանձին մասնակցի կարգավիճակով, այլ որպես հայկական կողմի՝ ուղղակի հարձակման ենթարկված բաղադրիչ: Մեզ բոլորիս անհրաժեշտ է գիտակցել, որ Արցախը կյանք չունի առանց Հայաստանի: Արդյո՞ք բոլորս միասին ապահովում ենք մեր ֆիզիկական անվտանգությունը: Շատ տեղին հարցադրում է: Բայց այն, որ միասին մենք շատ ավելի կենսունակ ենք կասկած չի հարուցում: Միացումը ոչ միայն հինավուրց ժողովրդի, որի մի մասին ենթարկում էին բնաջնջման, հուզական պատասխանն էր։ Այն եղել և մնում է բոլորիս համար ընդհանուր միջավայրում մեր միացյալ գոյատևումն ապահովող առավել արդյունավետ մեթոդը:

Մարդկանց կյանքի պահպանության միակ և համընդգրկուն գործոն դարձած խաղաղապահների հայտնվելը ձևավորեց տարածաշրջանի անծայրածիր կախվածությունը նրանց ներկայության հանգամանքից: Խոսել այսօր արցախահայերի ինքնուրույնության մասին` նշանակում է դեմ գնալ առողջ դատողությանը: Երկրամասը ամբողջովին կախված է խաղաղապահներից և նրանց ղեկավարության քաղաքական մտադրություններից։ Այնինչ, ժամանած զինված ուժերը տեղական բնակչության առջև որևէ պատասխանատվություն չեն կրում: Ավելին, նրանց պետությունը պաշտոնապես և անթաքույց հրավիրել ու նախաձեռնել է Թուրքիայի՝ մեր բոլորի համար կործանարար ռազմական ներկայությունն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերջինիս համընդգրկուն մասնակցությունը:

Այն, որ 2008 թվականից ի վեր Հայաստանը երբևիցէ  չի առարկել կամ արձագանքել նման զարգացումներին, աններելի է մեր քաղաքականության համար:

Ի սկզբանէ էլ պարզ էր, որ Արցախի ինտեգրումը Ռուսաստանի հետ անհնարին է աշխարհագրական հեռավորության պատճառով: Ռուսաստանից որևէ մատակարարում և կապի ապահովում անհնարին է երկրամասի՝ ամբողջ Հայաստանից մեկուսացման դեպքում: Պատրանքներ չտածենք՝ մեր առանձնացումը կորստաբեր է Արցախի համար: Այո, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ի վիճակի չէ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն առանց արտաքին ռազմական ուժեղացմանը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ Արցախի համագործակցության անհրաժեշտ ընդլայնումը պահանջում է Հայաստանի հավասար մասնակցություն: Նա պարզապես առանձին ճանապարհ չունի: Ապագան կախված է 1988թ. համաշխարհային քաղաքականությունը ցնցած և ամբողջ աշխարհի համակրանքն ու օգնությունը հարուցած Միացումի հունով մեր միասնական գործողություններից: Հատկապես այդ պահանջը որպես գաղափարախոսություն, քարոզչություն և քաղաքական գործընթաց բերել է այն հաջողություններին, որոնք ապահովեցին անցած երեսուն տարվա կյանքը: Անկախության գաղափարի չափազանցված քարոզը, նրա ինքնանպատակ դառնալը և այնպիսի  մակարդակի հասցնելը, երբ այն  միայն սաստկացնում է վտանգը, ավելի սթափ գնահատական է պահանջում: Ահա ինչ եզրակացությունների ու դատողությունների մեզ բերեց Ս.Հասան-Ջալալյանի շարադրանքը: Հուսանք, որ դրանք նպաստելու են ընթերցողին նույն ուղղությամբ մտածելու: //-9