Ռուսաստան  և  Հայաստան.  ընդհանուր  ուղի

տարբեր  խոչընդոտներով

 

Սկսած 1985-ից ու հատկապես 1988-ից մենք ներառվեցինք ճգնաժամի ու ռեֆորմների ավելի ու ավելի ահագնացող հոսանքի մեջ, որի պատճառներն ու նպատակները մեզ համար չպարզեցինք կամ պարզեցինք լոկ առաջին մոտեցմամբ: Հոսանքը մեզ տարել ու տանում է իր տրամաբանության համապատասխան, իսկ մենք փորձ արեցինք օգտագործել նրա ուժն ու խոստումները՝ մեր չափազանց կարևոր հիմնախնդիրները լուծելու համար:

Ելակետ ընդունենք այն օբյեկտիվ իրողությունը, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի շահերի, ձեռքբերումների և բարդությունների ոլորտում, որ այս երկու երկրները ներքաշված են ընդհանուր ճգնաժամի մեջ ու կանգնած են այն հաղթահարելու անհրաժեշտության առաջ: Ընդսմին, փորձենք նաև հասկանալ, որ այդ ընդհանուր ուղու վրա մեր երկու ժողովուրդները ու երկու պետությունները հաղթահարում են, այնուամենայնիվ, տարբեր, որակապես տարբեր խոչընդոտներ:

Երբ մենք չենք ընդունել ուղու ընդհանրությունը, նրա օբյեկտիվությունը հաճախ ու ցավագին կերպով է մեզ հիշեցրել իր մասին: Իսկ երբ հաշվի չենք առնում ծառացած խոչընդոտների տարբերությունը, ապա ռուսաստանյան քայլերի չիմաստավորված կրկնությունը մեր գործունեությունը վերածում է կապկային աշխատանքի: Այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Համաշխարհային համակարգի մեջ խելամտորեն ինտեգրված ազգային արդյունավետ շուկայի ստեղծումը սկզբունքորեն տարբեր բան է հսկայական ու հզոր, պետական ավանդույթներով, հումքով ու մարդկային ռեսուրսներով հարուստ տերության ու փոքր, երիտասարդ հանրապետության համար, որը չունի բաց դռներ դեպի արտաքին աշխարհ, արդյունավետ ռազմական ինքնապաշտպանություն, էներգիայի աղբյուրների ավելցուկ ու քաղաքական, հատկապես արտաքին քաղաքական գործունեության փորձ:

Այսօր երկրի մեծ չափերը միշտ չէ, որ առավելություն են: Գլխավոր հար- ցերը վճռում են արագ ներզարգացման ունակությունն ու հավասարակշռվածությունը: Ռուսաստանյան մեծ պետությունը դեռևս չի ավարտել իր ազգային համախմբումը, իսկ նրա չափերը սաստկացնում ու մեծացնում են եղած հակասությունները: Ռուսաստանի գլխավոր հիմնախնդիրները նրա կառուցվածքի ներսում են, բայց արտաքին աշխարհի հետ կապի համար այն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ ծով, հմուտ աշխատակիցներ, բանակ, աշխարհաքաղաքական դիրք: Ընդ որում, Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության պարզապես օբյեկտ չէ, այլ դրա իրավազոր մասնակից ու համահեղինակ է, իսկ դա պետական կյանքին բոլորովին ուրիշ որակ է հաղորդում:

Իսկ մենք միանգամայն համախմբված ազգ ենք՝ նախկին խորհրդային ստանդարտներով վերցված՝ ճանապարհների շատ լավ համակարգով, իրապես ընդհանուր սպառողական շուկայով: Մեր փոքր չափերը թույլ են տալիս մոդելավորել սեփական զարգացումը, սակայն Հայաստանը որպես պետություն առայժմ զրկված է արտաքին պաշտպանական թաղանթից: Մենք չունենք ուղղակի տնտեսական կապեր աշխարհի հետ, արտաքին քաղաքական ու ռազմական մշակված ուսմունք (դոկտրինա), ազգային շահերի հստաակ դրվածք, բավարար միջոցներ մեր անվտանգությունը ինքնուրույն ապահովելու համար:

 Սկսենք ճանապարհներից: Միասնական մարմին ստեղծելիս, ԱՄՆ-ը, օրինակ, սկսեց երկաթուղուց, որի համար չափսոսեց ոչ դրամ, ոչ տարածք: 1860-1870-ական թվականներին երկաթուղիների համար այնտեղ տրամադրվեց ավելի շատ հող, քան Գերմանիայի և Ֆրանսիայի մակերեսն է միասին վերցված: Գծերը իրականում կառուցում էին երկիր ներբերված բանվորները (իռլանդացի, չինացի): Գնում էին իրենց ժամանակի նորագույն արտադրաեղանակն ու չէին վախենում, որ այդ կապիտալ ներդրումների՝ սկզբում կեսը, այնուհետև մեկ երրորդը կատարում էին արտասահմանցիները:

Ռուսաստանի վատ ճանապարհները ասացվածքների նյութ են դարձել: Իսկ դա նշանակում է, որ ապրանքների ամենուր հասցնելու փոխարեն, նա պետք է հենվի այլ համախմբող գործոնների վրա: Նման փոխհատուցումը ընդամենը հենակ է և չի փոխարինում լիարժեք միասնական համակարգ: Նման փոխարինումը վաղ թե ուշ իրեն զգացնել կտա, և որքան շատ լինի հետ ընկնելը ժամանակի համար վճռորոշ բնագավառներում, այնքան ծանր կլինի բախումը առաջ անցած իրականության հետ:

Երկաթուղային և ավտոմայրուղիներ զարգացնելը այսօր քիչ է: Համակարգչային, հեռախոսային ու հեռատիպային լավ կապ է անհրաժեշտ: Արդի ծեռնարկչության համար պարտադիր է տեղեկատվության փոխանակումը, իսկ դա թելադրում է որոշակի սոցիալական ու մշակութային քաղաքականություն:

Շուկան ընդհանուր է դառնում, իսկ պետությունը՝ միասնական, երբ նրանում գոյություն ունեն ընդհանուր գներ: Եթե սիբիրցին ազատորեն գնում է Պովոլժիեի արտադրանքը, իսկ Կուբանի բնակիչը՝ Ուրալում թողարկած ապրանքը, ուրեմն նրանք իրոք ապրում են մեկ երկրում: Իր ճանապարհների շնորհիվ միայն տասը տարվա ընթացքում՝ 1820-1830-ական թվականներին, ԱՄՆ-ը կարողացավ մսի գնի տարբերությունը նվազեցնել 7,5-ից մինչև 2,5 դոլլարի: Միացյալ Նահանգները ձգտում էր տեղափոխել և արտահանել ապրանքները և ոչ թե դրամը:

Նկատենք, որ ներկա պայմաններում ևս գները ամենից քիչ աճեցին հենց շահույթին վարժված քաղաքային շուկաներում, իսկ ամենից շատ՝ պետական հատվածում՝ չնայած վերջինի տեխնոլոգիական առավելություններին: Եթե պետությունը զարգացած առևտուր չունի, ուրեմն նրանում կարգին չէ աշխատանքի բաժանման դրվածքը, և այն, ապրանքների փոխարեն, կսկսի տեղաշարժել իր աշխատող ուժերը, զինծառայողներին և ուժային այլ գործոններ:

Կապիտալիզմի պայմաններում աշխատանքի տնտեսապես արդարացված լինելը ստուգվում է եկամտով: Դա ցույց է տալիս, թե ինչպիսի աշխատանքով արժե զբաղղվել և ինչպիսի հումք վերամշակել: Հայաստանի համար, կամա-ակամա, տնտեսության գլխավոր հումքը դարձել է մարդը, իսկ աշխատանքի վրա շեշտ դնելը, էներգետիկ և այլ ռեսուրսների խնայողաբար ծախսման դեպքում. համաշխարհային զարգացման ժամանակակից միտումն է: Ռուսաստանի համար որպես գլխավոր հումք դեռևս մնում են օգտակար հանածոները. և դժվար է ընտելանալ մշտական խիստ խնայողության՝ այդ երկրի չափերի և հարստությունների պայմաններում:

Այնուամենայնիվ, ճգնաժամը անում է իր գործը, և մենք՝ մեծ ու փոքր կազմավորումների բոլոր բնակիչներս, այսօր ապրում ենք սոցիալական, տնտեսական ու հոգեբանական անհարմարավետություն:

Տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրները միշտ չէ, որ առանձնանում են մեկը մյուսից. բայց հոգեբանական անբարեհարմարությունը հնարավոր է և անհրաժեշտ է մեղմել: Եկեք հաշվի առնենք, որ ճգնաժամի պայմաններում ամենից շատ տուժում են արդյունաբերության ծանր (Ռուսաստանի դեպքում) և առաջավոր (Հայաստանի դեպքում) ճյուղերը: Մենք ունեինք առաջավոր արդյունաբերություն՝ խորհրդային չափանիշներով: Ճգնաժամից հետո այն նորից կզարգանա: Բայց ճգնաժամի պայաններում մենք կրում ենք նաև այդ բեռը:

Հաճախ եմ տալիս այն հարցը, թե Ռուսաստանը իսկապե՞ս մեծ տերություն է: Չէ՞ որ ազգի խելամտությունը, ի վերջո, արտահայտվում է նաև այն բանով, թե ինչպես է նա ապրում: 1803թ. Եվրոպան լուռ խուճապի մեջ էր. Վենետիկ մտան ռուսական էժան ու գերազանց ցորենով բեռնված առաջին նավերը: Ինչպես հայտնի է, 1917թ. հետո Ռուսաստանը դադարեց արտահանել ամենառազմավարական արտադրանքը՝ հացը, և այլ սննդամթերքներ: Ինձ համար Ռուսաստանը նորից մեծ տերություն կդառնա ոչ թե այն ժամանակ, երբ նոր, գերհզոր զենք ստեղծի, այլ՝ երբ վերականգնի հացի արտահանումն ու կարողանա դրանով ապահովել ինքն իրեն:

Իսկ մեզ համար գյուղատնտեսական արտադրանքով ինքնաապահովման հարցը բաց է մնում: Հայաստանը հազիվ թե հրաժարվի հացահատիկի ներմուծումից, բայց մի շարք ապրանքների արտահանումը նրա համար իրական է:

Գյուղատնտեսությունը պարզապես տնտեսության բնագավառ չէ: Դա ազգային պաշտպանության հիմքն է: Այսօր ազգին պաշտպանում է ոչ թե սոսկ բանակը, նրա անվտանգությունը ապահովում է տնտեսության ամբողջ համալիրը՝ սկսած առևտրից ու ծառայութունների ոլորտից, վերջացրած քարոզչությամբ ու բարոյական հիմքերով:

Այս ամենով հանդերձ, Հայաստանի և Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրները բացարձակապես տարբեր բաներ են: Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրը գերհզոր ու չափազանց է և խժռում է տնտեսությունը: Երկիրը պարզապես չի դիմանում այդ բեռին: Այսպես որ, ավելի հեշտ կլինի թուլացնել ռուսաստանյան անվտանգությունը ոչ թե նրա ռազմական ծախսերը պակասացնելով, այլ ավելացնելով: Իսկ մեզ մոտ այսօր անհնար է անվտանգություն ապահովել միայն սեփական ու զուտ ռազմական միջոցներով: Երբ ամբողջ աշխարհը խոսում է զինաթափման մասին, մենք կանգնած ենք բանակ ստեղծելու անհրաժեշտության առաջ: Եվ չնայած միայն նրա ռազմական ուժը հանրապետության համար անբավարար կլինի, այն անպայման անհրաժեշտ է ստեղծել:

Ռուսաստանի համար՝ նրա սահմանների պարագծով տեղավորված բանակը համախմբող գործոն է հանդիսանում: Այն հաղում է նույն դերը, որը պետք է կատարեր զարգացած առևտուրը: Իսկ մեզ մոտ հակառակն է՝ առևտուր կա, բանակի հարցն է վատ: Ռուսաստանյան միասնության նկատմամբ արտաքին սպառնալիքի հետևանքով ծնված բանակը ոչ միայն պաշտպանում էր պետությունը, այլև սկսեց կարծրացնել ռազմական ճամբարի դրությունը: Հայաստանում իրավիճակը այլ կերպ դասավորվեց. մեզ համախմբում են արտաքին ճնշումն և ընդհանուր ողբերգությունները, սակայն բանակի՝ որպես միասնության գործոնի, ազդեցությունը գործնականում բացակայում է:

Այս զանազանությունը ծնում է հոգեբանության և ազգի ստեղծած կարծրատիպների տարբերություն: Ռուսաստանը գովերգում է ռոմանտիկական ազատությունը (գնչուներ), ազնվական միլիտարիզմը (հուսարներ), ու նահապետական ավանդապահությունը (գյուղացի մուժիկ): Իսկ իրականում ռազմա-տենչությունը այսօր մտածական է (ռազմաարդյունաբերական համալիր) ու լուրջ վերաբերմունք է պահանջում իր նկատմամբ, ազատությունը պետք է ձեռներեց  լինի (գործարար մարդ), իսկ ավանդույթները՝ ժամանակակից, այսինքն՝ ընթացիկ պահի հետ շաղկապված: Մեկ կարծրատիպ մի այլի փոխակերպելը ամենեվին հեշտ չէ, իսկ հոգեբանական նոր գծերը ձեռք են բերվում մեծ դժվարությամբ ու ցավագին կերպով:

Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, մեր հոգեբանության մեջ զոհ լինելու զգացման չափազանցվածություն կա. հին (այսինքն՝ կուլտուրական), քրիստոնյա (բարի) բժողովուրդ, որին հետապնդում է դաժան շրջապատը: Զոհա լինելու զգացումի չափազանցվածությունը, անշուշտ, ընդհանուր անպաշտպանվածության հետևանքն է: Զոհաբերությունը ընդհանրության պահպանության հիանալի միջոց է, //-1 սակայն դա ենթադրում է արժեքների փոխանցում միայն մեկ ուղղությամբ: Մինչդեռ, ընդհանրությունը պահպանելու այլ միջոց էլ գոյություն ունի. դա նվերն է:

Նվերը փոխանակության պրոցես է, այսինքն՝ առևտուր: Աղքատը և անպաշտպանը զոհաբերում են, հարուստը և առատածեռնը՝ նվիրում: Մենք հաստատում ենք մեր քաղաքակրթությունը, որպեսզի փոխհատուցենք մեր խզումը ժամանակից: Մենք ավանդականության կողմնակից ենք՝ համընդհանուր փոփոխումներից պաշտպանվելու համար: Հեղինակը խորապես հարգում է ավանդույթների դերն ու իմաստը, բայց, ըստ երևույթին, գլխավորը դրանց էությունը գիտակցելն է և ոչ թե ձևերի կարծր պահելը:

Մեր պատմության պրոբլեմը այն է, որ նոր ժամանակների ողջ ընթացքում մենք չկարողացանք զարգացնել հասարակական կյանքի վճռորոշ բնագավառները: Աշխարհը կառուցում էր ֆաբրիկաներ, կապի համակարգեր, ստեղծում էր տեխնիկական մտավորականություն, բանկեր, գաղութներ, ռազմական արդյունաբերություն: Զբաղվում էր ճշգրիտ գիտություններով, քաղաքականությամբ, բանակով: Մեզ համար այդ բնագավարները անհասանելի էին, ու մենք փոխհատուցում էինք  գրականությամբ, արվեստով, հասարակական մտքով, առևտրով: Առաջատար երկները ավելի ու ավելի հեռուն էին գնում, իսկ մենք նույնիսկ տեղյակ չէինք, թե ինչ կարող են նրանք և ինչի են ձգտում: Ճեղքվածքը վերածվեց անդունդի, և մի օր մենք բախվեցինք իրողությունը՝ մեր խնդիրները լուծելիս: Այս բախումը մեզ համար աղետալի եղավ:

Այնուհանդերձ. ռուսաստանյան ազդեցության գոտի մեր ներգրավելը նաև  հանգեցրեց մեր պետական ապարատի ստեղծումը: Բյուրոկրատական և ոչ ճկուն, արտաքին քաղաքական գործունեությունից զուրկ, բայց, միևնույն է, պետության: 1918թ. Հայաստանի Հանրապետությունը 1917թ. Ռուսաստանյան հեղափոխության արդյունքն էր: Այդ տարիներից մինչև ներկա ժամանակները այն հաջողությամբ կրում է ռուսաստանյան բյուրոկրատիայի ավանդույթները:

«Բյուրոկրատ» բառը հայհոյանք չէ, այլ՝ քաղաքագիտական եզրույթ: Բյուրոկրատը նշանակովի, վճարվող աշխատողն է, որի համար աշխատավարձը եկամտի գլխավոր ու հիմնական աղբյուրն է: Մնացածը հաշիվ չէ, կամ օրենքից դուրս է: Հսկայական ռուսաստանյան  պետությունը միշտ կարիք ուներ զարգացացած և ուժեղ կառավարչական մեքենայի: Եվ դրա կարիքը կունենա այնքան ժամանակ, մինչև ուժի գործոնները չփոխադրվեն շուկայական փոխանակության արագ ու ճկուն գործողությունների մեջ: Սակայն երբ այդ նույն չափանիշները տարածվում են փոքր ու հավաք Հայաստանի վրա, արդյունքները զավեշտաողբերգական են դառնում:

Ավելացնենք, որ եթե նոր Ռուսաստանը համարձակորեն հենվում  է հին կադրերի վրա՝ իրենց բացասական, բայց նաև դրական հատկություններով հանդերձ, ապա մենք Հայաստանում կադրային քաղաքականությունը կառուցում ենք բոլշևիկորեն: Ճիշտ է, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ կարմիր հրամանատարները պարտության էին մատնում ցարական կադրային սպաներին: Բայց ճիշտ է նաև այն, որ դրանից առաջ սրանք համաշխարհային պատերազմում չորս տարի կռվել էին վերջինների հրամանատարության ներքո՝ գիտեին նրանց ուժեղ ու թույլ կողմերը,  ինքնուրույն մարտական փորձ ունեին:

Ցանկացած երկրի բյուրոկրատը սիրում է աղմուկ ու քարոզչական արարողություններ: Նրա հաջողությունը կախված է կատարվող գործերի կարևորությունն ու բարդությունը ընդգծելու կարողությունից. գործեր, որոնք չունեն գնահատականի օբյեկտիվ չափանիշներ (շահույթ, պայթյունի ուժ, նոր նյութի արտակարգ հատկանիշներ, կինոնկարը դիտած հանդիսատեսների քանակ): Իսկ ձեռներեցը, որպես կանոն, աղմուկ չի սիրում: Նա արտադրում է, բերում, իրացնում՝ հաջողությունը ստուգելով բանկային հաշվով: Ավելորդ աղմուկն ու հասարակության ուշադրությունը կհանգեցնեն ավելորդ հարկեր մուծելուն: Պետությանը: Որի հետ հարաբերություններում ավելի լավ է տարածություն պահպանել:

Այդ պատճառով կարելի է ասել, որ Ռուսաստանում գերակայում է պետական մարդու հոգեբանությունը, Հայաստանում՝ ձեռներեցի: Երկու պետություններնն էլ այսօրվա փոփոխությունների ընթացքում բյուրոկրատիայի կողքին ստեղծեցին ընտրովի կառավարչական համակարգ: Դրանցից առաջինը լիովին կախված է գործատուից, պետք է նրան դուր գա անձնապես և ավելորդ համարձակություն՝ այսինքն նախաձեռնություն, չի սիրում: Իր կողմից՝ ընտրովի վարչական աշխատողը (նույն ինքը՝ քաղաքագետը) պետք է դուր գա լայն հասարակությանը, ընտրություններից հետո նա անկախ է իր լիազորությունների ժամկետի ընթացքում, բայց լավ աշխատելու առանձնակի խթաններ էլ չունի: 5-6 տարով ընտրված մարդը ծրագրեր է մշակում՝ ելնելով այդ ժամկետից: Բայց ինչ-որ մեկը պետք է զբաղվի նաև երկարաժամկետ ծրագրերով: Միակ բանը, որ մինչև հիմա գտնված է աշխարհում. պետության աշխատանքում մրցակցության սկզբունք մտցնելն է, ինչն էլ կոչվում է ժողովրդավարություն:

Այս ամենով հանդերձ, ռուսաստանյան պետությունը, ինչպես էլ փոխվի, ունի ներքին և արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքներ: Իսկ մենք այդ սկզբունքները նոր-նոր ենք մշակում: Ընտրելով ժողովրադավարական վարչական ձևը, Ռուսաստանը ելակետ ուներ այն, որ նախագահը երկրին պետք է որպես համախմբման գործոն և ազգային միասնության խորհրդանիշ: Հայաստանը լիիրավ կերպով կարող էր դառնալ պառլամենտական հանրապետություն՝ 1918-1920 թթ. փորձին համապատասխան, սակայն այսօր հազիվ թե մեզ թույլ տանք ռուսաստանյան ձևերից կտրուկ տարբերվող կառավարման ձևեր:

Առօրյա կյանքում Ռուսաստանի բնակիչը ընտելացել է գրավոր ցուցումների. որոնք, ըստ էության, հրամաններ են: Այդ հրամանները չունեն ժողովրդավարական ձևով ընդունված օրենքի բարոյական ուժն, որովհետև հրամանը մեկն է տալիս, իսկ օրենքը ընդունվում է բոլորի անունից: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, մարդն ընտել է պետության խորթ լինելու իրողությունը, ինչին վերաբերվում է անաչառ ու սառնավուն քննադատությամբ:

Ներկա ճգնաժամն ու բարեփոխումների գործընթացը Հայաստանի և Ռուսաստանի առջև դրեցին ազգային հիմնախնդիրներ: Ռուսաստանի համար դա բարդ ազգագրական պատկերն է՝ ազգային քաղաքականության առկայությամբ հանդերձ: Հայաստանի համար սա ազգային հակասությունները լուծելու փորձերն են. որոնք սրվել են ընդհուպ մինչև պատերազմի աստիճան: Մեր բարդությունները ոչ թե ներսում, այլ հանրապետության սահմաններից դուրս են:

Եվ, ընդ որում, հայկական կյանքի ուժն ու բարդությունը սփյուռքի առկայությունն է: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, օրինակ, իրենց սփյուռքից 40 պատգամավոր է նշանակվում ազգային Ժողովի կազմում: Գուցե մենք դեռ պատրաստ չենք արտասահմանում ընտրովի պատգամավորներ ունենալու, բայց հանրապետությունում սփյուռքի գծով նախարար ունենալը տրամաբանական կլիներ: Ընդսմին, նախարարը՝ ինքը կարող էր ներկայացնել հեռավոր արտասահմանը, իսկ նրա առաջին տեղակալը՝ մերձավոր, ռուսաստանյան հայկական համաինքը՝ իր հսկայական արդյունաբերական, մտավոր ներուժով:

Իհարկե, Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեն գրավոր օրենքի՝ Սահմանադրության: Ռուսաստանն ընտել է վարքի գրավոր դրույթներին, բայց իշխանության բաշխման նրա գլխավոր դերակատարները շատ ավելի հզոր են, ու նրանց միջև եղած հակասությունները շատ ավելի մեծ քաղաքական հետևանքներ ունեն։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, իշխանության կրողները, ընդգծված քաղաքացիական են, առանց բանակի մասնակցության: Մեր պայմաններում բանակային գործոնը էական ազդեցություն չի գործում ներքաղաքական պարտականությունների բաժանման վրա:

Հայաստանի Սահմանադրությունը առանձնահատուկ թեմա է, բայց մի քանի հանգամանք, այնուամենայնիվ, պետք է նշել: Իշխանությունների դասական բաժանումը  երեք ճյուղ է ընդունում. օրենսդրական, գործադիր և դատական: Դրանց կավելացնեի նաև ֆինանսական (Ազգային բանկ) ու գիտա-տեղեկատվական (Գիտության ֆոնդ՝ համանուն Ակադեմիայով հանդերձ) բնագավառները: Նախ այն պատճառով, որ ժամանակակից կառավարումը առավել բարդ ու բազմաբևեռ կազմվածքներ է ստեղծում: Երկրորդ՝ այն պատճառով, որ փողը՝ որպես իրական սոցիալ-տնտեսական ուժ, հեշտորեն մերվում է համաշխարհային կառույցների մեջ: Արդյունաբերական արտադրանքը և ապրանքները դեռ պետք է ապացուցեն իրենց բարձր որակն ու տեխնաբանական համադրելիությունը. իսկ դրամի արջև նման բարդություններ չկան: Նա միանալու, և ազգային քաղաքականության իրական և ունակ գործիք է:

Գիտության ֆոնդը նույնպես առանձնահատուկ ոլորտ է: Հայաստանը քիչ հումք, տարածություն և էներգապաշարներ ունի. իսկ ամբողջ աշխարհում ամենաթանկ և եկամտաբեր արտադրանք է դարձել գիտական տեղեկատվությունը: Գիտնականների ուղեղը իրական հումք է և մեր հանրապետության գոյատևման գործիք: Համաշխարհային զարգացման առաջավոր ոլորտում չկորցնել մեր տեղը՝ նշանակում է ուժեղացնել հաջող ապագայի հնարավորությունները: Գիտելիքը ուժ է՝ տնտեսական, քաղաքական, ռազմական: XXI դարը իմացության դար է, և փաստերի հեղեղից գլուխ հանելը այնքան էլ հեշտ չի լինի:

Իշխանության հինգ բևեռների փոխհարաբերություն՝ ահա թե ինչը պետք է կարգավորի մեր Սահմանադրությունը: Այդ բևեռներն են ազգային խորհրդարանը, օգտապաշտ նախագահը, վարժ դատարանը, շրջանառությամբ մտահոգ բանկն ու հարաշարժ գիտությունը:

Բայց Սահմանադրության շրջանակներից դուրս կան նաև գաղափարախոսական և տեղեկատու այլ գործոններ: Դրանցից առաջինը արժեքների համակարգն է և պետության գաղափարախոսական գերակայությունները: Հայկական հասարակության արժեքների համակարգում դիտարկվում են հետևյալ աստիճանակարգումները՝ երեխա-ընտանիք-ժողովուրդ-պետություն (առաջին խումբ), բարոյականություն-օրենք-ուժ (երկրորդ խումբ), հող-աշխատանք-գիտելիք ու հարստություն-իշխանություն (երրորդ խումբ): Ճիշտ է, արժեքների այս համակարգում բացակայում է առանձին մարդը, բայց, ախր, շուկան հոգում է մարդու մասին՝ որպես իր հիմնական հաճախորդի ու գնողի:

Շուկային, անշուշտ, անհրաժեշտ է ոչ թե  մարդը՝ ինքը, այլ արտադրելու և գնելու նրա ունակությունը: Այստեղից՝ կարևոր է, որպեսզի աշխատավորը վերականգնի իր ուժերը ծառայությունների ոլորտի շնորհիվ ու գնի գովազդի օգնությամբ: Գովազդը դառնում է մարդկային վարքի անուղղակի կառավարման հատուկ ձև և նպաստում է միջնորդավորված ներգործության մյուս ձևերին: Այդ ձևերի, տեղեկատվային հոսքի և մասնագիտացման շնորհիվ, մենք հանգեցինք այն իրավիճակին, երբ յուրաքանչյուրը ինչ-որ կարևոր մի բան գիտի, որի մասին միայն քչերին է հայտնի, և  կենսականորեն կարևոր շատ բան չգիտի իր, ու նրան շրջապատող առարկաների մասին:

Գիտելիքների հոսքը ստեղծում է մի իրավիճակ, երբ ամեն ինչ հայտնի է, պետք է միայն գտնել, թե որտեղ է անհրաժեշտ փաստը, ու հատկապես ով կարող է օգնել տվյալ հարցում: Կյանքը դառնում է մշտական ընտրության արվեստ, քաղաքականության արվեստ: Այդ արվեստն ու գիտությունը մենք պետք է յուրացնենք ինչպես անհատական, այնպես էլ ողջ ժողովրդի մակարդակով: //-2