Ամերիկացի քարոզիչները արևմտահայերին օգնելու

և նրանց հայրենադարձության խնդիրների մասին

(1919-1922թթ. արխիվային փաստաթղթերի հիման վրա)

                    

1915թ. սեպտեմբերի 16-ից 1922թ. մարտի 4-ը ԱՄՆ-ի քարոզիչները սատարում էին արևմտահայերին՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեում կենտրոնացվող մասնավոր նվիրատվությունների և Ամերիկյան նպաստամատույց վարչության պետական հատկացումների միջոցով։ Նրանք խորհուրդներ էին տրամադրում գաղթականների հայրենադարձության վերաբերյալ՝ ներառելով մանդատների, զորքի քանակության, ժամկետների և իրենց տները վերադարձողներին արտաքին պաշտպանության համար անհրաժեշտ ծախսերի հարցերը։ Մանդատների երեք հիմնական տեսակները մշակվում էին անկախ կամ ինքնավար Արևմտյան Հայաստանի համար՝ չբացառելով նրա միացումը արդեն ձևավորված Հայաստանի Հանրապետությանը և ընդգծելով 30-հազարանոց հանրապետության բանակը զինելու և նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը։

1919-1922թթ. քարոզիչներն աշխատում էին Արևմտյան Հայաստանում ու Հայաստանի Հանրապետության սահմաններում՝ օժանդակելով արևմտա- և արևելահայ գաղթականությանը, ՀՀ-ի սովյալ բնակչությանը։ 1919-1920թթ. նոր պետության սահմաններում կենսատու սնունդ էին ստանում 789 հազ. մարդ, այն է՝ նրա հայության 62 տոկոսը, իսկ տնանկ ու հյուծված փախստականների մահացությունը հասավ 23 տոկոսի։ Արտասահմանյան առաքելությունների հանձնակատարների ամերիկյան վարչության անդամների բացառիկ մարդասիրական դերը, ինչպես և նրանց ներդրման նշանակությունը մեծապես գերազանցում էին այդ հաստատության աշխատակիցների անհաջողություններին՝ պաշտոնական, պետական քաղաքականության ոլորտում։