1918-1920թթ. Հայաստանի անկախությունը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի
և ԱՄՆ-ի քաղաքական գործիչների գնահատմամբ
ՄՈՒՏՔ
Հոդվածում վերլուծվում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական գործիչների գնահատականների և վերաբերմունքի փոփոխությունը անկախ Հայաստանի Հանրապետության կերտման, Արևմտյան Հայաստանի օսմանյան լծից ազատագրման և այդ երկու մասերից միացյալ պետության ստեղծման հեռանկարների հանդեպ։ Դաշնակից տերությունների կարծիքը ՀՀ-ի մասին մեծապես ձևավորում էր նրանց վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ, ուստի նրանց հետ արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է արտաքին գործընկերների հայացքների խորը ուսումնասիրություն։ Արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքը հաճախ կախման մեջ է եղել նրանց հետապնդած շահ-նպատակներից, այնուամենայնիվ, այն մշակվում էր՝ ելնելով առկա իրադարձություններից ու հայկական իշխանությունների աշխատանքից։ Կիրառելով երեք տերությունների գործունեության համեմատական վերլուծություն ու ժամանակագրական զուգադրություն, ինչպես նաև նոր արխիվային նյութի և թեմային վերաբերող արդի հրապարակումների միաձուլում՝ հոդվածը քննարկում է, թե որքանով է հայկական անկախության ընկալումը արտացոլվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ընթացիկ ու հետագա քաղաքականության մեջ։ Փաստացի նյութի զգալի մասը, հոդվածի բուն թեման ու առաջարկվող եզրակացությունները առաջին անգամ են ներկայացվում ընթերցողին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ՝ 1917Թ. ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
1917 թ. բոլշևիկյան հեղափոխությունը դրդեց օսմանյան բանակին իր նախորդ նահանջներից ու պաշտպանությունից անցնել լայնածավալ հարձակման՝ Կովկասյան ամբողջ ճակատով։ Սա հանգեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը և ամբողջ տարածքի պաշտպանելու անհրաժեշտության։ Հայաստանի անկախությունը առավել արդյունավետ գործիքն էր, այդ խնդիրը լուծելու համար։
Երբ 1917 թ. նոյեմբերի 23-ին հայոց ռազմական հանձնակատարի ժամա- //-147 նակավոր պաշտոնակատար, ավագ զորավար Լևոն Թաթեոսի Տիգրանեանը (Լեոնիդ Թադդեի Տիգրանով), դոկտոր Հ.Զավրյանն ու փոխգնդապետ Նիկողայոս Մելիք-Փարսադանյանը (Նիկոլայ Ալեքսանդրի Մելիք-Պարսադանով) Պետրոգրադում Ֆրանսիայ դեսպան Ժ.Նուլանսի հետ հանդիպման քննարկել են ֆրանսիացու առաջադրած հարցը՝ Կովկասյան ճակատի համար հայկական զորամիավորումներ կազմավորելու մասին։ Դեսպանը «այդքան անհուսալի» էր համարում Ռուսաստանի վիճակը, որ հայերին խորհուրդ էր տալիս հենվել միայն սեփական ուժերի վրա և զբաղվել ազգային բանակաշինությամբ, «այլապես հայերին սպառնում էր վերջնական կործանում»։
Ֆրանսիան պատրաստ էր սատարել այդ գործին, քանի որ «անկախ Հայաստանի կերտումը մտնում էր նրա ցանկությունների շրջանակի մեջ»։ Դեսպանը խոստացել էր բարոյական ու նյութական օգնություն, իսկ հայերը «պետք է կազմակերպեին որևէ պատասխանատու մարմին, որը կվայելեր ազգի վստահությունը և կկարողանար գործել իբրև կառավարություն»[1]։ Ի պատասխան՝ խոսակիցները Նուլանսին պատմել են Հայոց Ազգային ժողովի և Փարիզում նրա ներկայացուցիչ Պողոս Նուբարի մասին[2]։ Նորությունը ողջունելի էր, քանի որ դեսպանը Նուբարի մտերիմներից էր։
Ֆրանսիացին հյուրերին առաջարկեց կապեր հաստատել նաև բրիտանացիների և ամերիկացիների հետ, և ավելի մանրամասն զրուցել Պետրոգրադում ֆրանսիական ռազմական առաքելության պետ, զորավար Ա.Նիսսելի հետ։ Վերջինս հաստատեց Ֆրանսիայի՝ հայերին փող, հրահանգիչներ ու հանդերձանք տրամադրելու պատրաստակամությունը։ Նիսսելը նաև նշեց Թիֆլիսում գործող Ֆրանսիայի ռազմական գործակալ, փոխգնդապետ Պ.-Օ.Շարդինյիի կարծիքն իմանալու անհրաժեշտությունը։ Զորավարը զգուշացրեց Ռուսաստանում հեղափոխության և անիշխանության խորացման վտանգի մասին. այն դժվարացնելու էր բանակաշինությունն ու հանգեցնելու էր հայերի մեկուսացմանը։ Նա խնդրեց մշտական կապ պահպանել իր, բրիտանացի և ամերիկացի ռազմական կցորդների հետ։
Այդ հարցի առնչությամբ, 1917 թ. նոյեմբերի 24-ին Բրիտանիայի ռազմական կցորդ, զորավար Ա.Նոքսը հայտարարեց, թե Լոնդոնին շաբաթներ են հարկավոր խնդիրը վերլուծելու համար։ Ըստ Տիգրանյանի, Զավրյանի և Մելիք-Փարսադանյանի, Նոքսը «թերագնահատեց նրանց առաջարկից բխող Դաշնակիցների շահը»։ Բրիտանացին ցածր էր գնահատում հայերի կազմակերպվածությունը, չէր ցանկանում մեծ գումարներ //-148 տրամադրել և հայերին խորհուրդ տվեց համագործակցել կազակների հետ։ Նման միտք արտահայտեց նաև նրա ամերիկացի պաշտոնակից զորավար Ջադսոնը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի կառավարությունը, «անկասկած, կգա հայերին օգնությանը՝ Ռուսաստանում որոշ կարգ ու կանոն հաստատվելուց հետո»[3]։ Այժմ նա առաջարկում էր հանդարտ սպասել, մինչև իրադարձությունները իրենք իրենց կարգավորվեն։ Այնինչ, լայնածավալ ճգնաժամի և քաղաքական միայնության պայմաններում Հայաստանին՝ բոլոր երկյուղներով հանդերձ, հարկավոր էր ոչ թե հետաձգել, այլ արագացնել անկախության ընդունումը։ Հասկանալի է, որ որքան լուրջ է վտանգը, այնքան շատ պետք է լինի այդ հասարակության ազատությունը, ինքնուրույնությունն ու նախաձեռնությունը։ Սրանք ցանկացած ինքնապահպանման կենսական միջոցներն են։
ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ 1918Թ. ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Երեք պետություններից Ֆրանսիան էր բոլորից ավելի սատարում Հայաստանի անկախությանը։ Անկախությունը դիտվում էր որպես ազգի ինքնակազմակերպման և ազգապահպանման միակ միջոց։ 1917թ. դեկտեմբերի 9-ին Շարդինյին տեղեկացրեց Նուլանսին, որ ռուսա և թրքահայերը միանգամայն ունակ են միասնական պետություն ստեղծելու։ Հաղթանակից հետո Դաշնակիցները կարող են ձևավորել նման միավոր՝ միջազգային համաժողովի անունից։ Քանի որ Նուլենսը սերտորեն առնչվում էր Հայոց Ազգային խորհրդի նախագահի, Կ.Պոլսում ՀՀ պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ, Շարդինյին թելադրում էր սատարել ինքնապաշտպանության եռանդուն կազմակերպիչ Ա.Թորգոմին (Արշակ Երվանդյան) և օգնել նրան նոր գումարտակներ կազմակերպելու խնդրում։ Չէ˜ որ հայերը իրենց բանակ էին հրավիրում բրիտանացի և ֆրանսիացի հրահանգիչներ ու հսկիչներ։ Այնինչ, ռուսական բանակը՝ նրան տրամադրված հսկա գումարներով հանդերձ, գտնվում էր անհուսալի վիճակում[4]։
Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյին 1918 թ. հուլիսի 12-ին հղած նամակում Պողոս Նուբարը նշել է Ֆորին օֆիսի ղեկավար Ա.Բալֆուրի ամսի 11-ին Համայնքների պալատում արտասանած ճառը։ Վերջինս պնդում էր հայերի բավարար չափով զարգացած լինելը, որպեսզի Դաշնակիցները կարգավորեն նրանց ճակատագիրը ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Նամակի հեղինակը մտահոգ էր, որ Պոլսում գումարվելիք Քառյակի խորհրդաժողովը ՀՀ-ին չպարտադրեր Բաթումի պայմանագրի վավերա- //-149 ցումը։ Սա կստիպեր Երևանին «համաձայնվել փոքր, իրեն անկախ անվանող, բայց հետագայում Գերմանիայի վասալ դարձած [Բաթումի պայմանագրի սահմաններով գծած Հայաստանի] Հանրապետության հետ»։ Այնինչ, 25 հազ. հայ, որոնք քաջաբար կռվում էին Կովկասյան ճակատում, բարոյանյութական աջակցության սուր կարիք ունեին։ Ուստի Ֆրանսիան պետք է մերժի Պոլսի բանակցությունները։ Նուբարը պահանջում էր Կլեմանսոյի կառավարությունից «արդարություն դրսևորել հաղթանակի օրը հայերի ու նրանց ազգային իղձերի կատարման նկատմամբ»[5]։
1918 թ. օգոստոսի 4-ին և սեպտեմբերի 6-ին Գերմանիայում ՀՀ կառավարության ներկայացուցիչներ Համո Օհանջանյանն և Արշակ Զուրաբյանը տեղեկացնում են Բեռլինում ՌԽԴՍՀ լիազոր ներկայացուցիչ Ա.Իոֆֆեի[6] հետ ունեցած իրենց բանակցությունների մասին։ Վերջինս կտրականապես մերժում էր նախ ամբողջ Անդրկովկասի, այնուհետև՝ հայերի անկախությունը։ Գերմանիան «վերին աստիճանի թանկ էր համարում» բոլշևիկների հետ հաստատված լավ հարաբերություններն, իսկ Ավստրո-Հունգարիայի հետ բանակցելիս Մոսկվան միայն Վրաստանն էր զիջում։ Գերմանիային տրամադրվելիք նավթի դիմաց Բաքուն վերադարձնում էին Ռուսաստանին, և Բեռլինը խոստացավ զերծ մնալ քաղաքական մեքենայություններից[7]։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ
Դաշնակիցների հաղթանակից հետո ՀՀ կառավարությունը 1918 թ. դեկտեմբերի 7-ին հաստատեց Հրահանգ՝ Համաձայնության պետություններ ուղարկվող պատվիրակության համար: Այն նախատեսում էր.-
Հայաստանի ներքին ինքնավարություն և քաղաքական ու ռազմական օրենքների ինքնուրույն ստեղծում։ Արտաքին քաղաքականության առումով Հայաստանի անկախությունը սահմանափակվելու է այնչափ միայն, որչափ դա անհրաժեշտ կլինի ապահովություն, հովանավորություն և աջակցություն ձեռք բերելու համար։
Հայաստանի մշտական չեզոքությունը ապահովվելու է միջազգային երաշխիքներով։
Հայաստանի անկախության ապահովումը պետք է որոնել մեկ կամ մի քանի պետությունների դիվանագիտական և ռազմական պաշտպանու- //-150 թյունում. գերադասելի է մեկ պետության հովանավորությունը։ Մեծ պետությունների շարքում նախընտրելի է այն մեկի հովանավորությունը, որն իր աշխարհագրական դիրքի և քաղաքական տենդենցիաների [միտումների] էությամբ ազատ է տերրիտորիալ [տարածքային] ձգտումներից և մեր երկրի ներքին քաղաքական կյանքին միջամտելու հակումներից։
Հայաստանը կարող է դաշնային կամ համադաշնային կապեր հաստատել հարևան պետությունների հետ։ Եթե մեծ պետություններից որևէ մեկը չմտնի համադաշնություն, չեզոքության և հովանավորության պայմանները մնում են ուժի մեջ։
Առանձին անելիքներ.- Ձգտել որ Համաձայնության պետությունները և Միացյալ Նահանգները իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկեն Երևան և ընդունեն մեր ներկայացուցչին, առանց սպասելու, որ Հայաստանի միջազգային դրությունը վերջնականապես որոշվի։ Այժմ ևեթ պարտավորեցնել Թուրքիային պարպել Անդրկովկասը մինչև 1914 թվի սահմանները՝ հանձնելով Հայաստանին իրեն պատկանող հողերը՝ բոլոր ամրություներով և ռազմամթերքներով, փոստ-հեռագրային և անշարժ ամբողջ ունեցվածքով[8]։
Նույն դեկտեմբերին Նուբարի ղեկավարած Հայ Ազգային պատվիրակությունը «Հայկական դատի մասին» վերնագրյալ հուշագիր ներկայացրեց Դաշնակից Գերագույն ռազմական խորհուրդ։ Այն հայցում էր ազատ, միացյալ, անկախ հայրենիք «Մեծ Տերությունների և Միացյալ Նահանգների պաշտպանության ներքո»։ Այդ երկրներից մեկը՝ որպես մանդատար, «պետք է տարիներ շարունակ կազմակերպի և ղեկավարի նոր պետությունը»[9]։ Նա պետք է կարգադրի Սահմանադիր ժողովի հրավերն ու «բավականին երկար» իրականացնի ժամանակավոր կառավարումը, այդ թվում՝ գաղթականների հայրենադարձն ու տնտեսական զարգացումը, «որպեսզի խնամարկյալ Հայաստանը հասունանա մինչ լիակատ քաղաքական անկախություն»։
Ազգային պատվիրակությունը չէր կասկածում, որ «նորաստեղծ հայկական Արարատյան հանրապետությունը պատրաստակամությամբ կմիանա նոր հայկական պետությանը»՝ ձևավորելով միացյալ ամբողջություն։ Այդ ինքնավար պետությունը, պատնեշ էր դառնալու «խաղաղությանն ու քաղաքակրթությանը իրապես սպառնացող» պան-թուրանական շարժման առջև[10]։ Սա էր հին, քաղաքակիրթ ժողովրդի մնացորդները փրկելու միակ լուծումը։ //-151
Շուտով՝ 1919թ. հունվարի 13-ին, Ալեքսանդրապոլում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Սիրական Տիգրանյանը տեղեկացրեց Ա.Ահարոնյանին՝ Անդրկովկասում բրիտանական զորքի հրամանատար, ավագ զորավար Ջ.Ֆորեստյե-Ուոքերի հետ իր բանակցությունների մասին։ Զորավարը պատմեց 1917թ. դեկտեմբերյան այն համաձայնագրի մասին, որն ամբողջ երկրամասը ճանաչեց բրիտանական շահերի ոլորտ։ Ըստ զորավարի, նրա կայսրությունը «շատ հավանում և աջակցում էր անկախ հանրապետությունների գոյությանը»[11]։ Ֆորեստյե-Ուոքերն հետաքրքրված էր Ռուսաստանի սահմանադրական միապետության կողմնակից, Ռուսաստանի հարավում ստեղծած Կամավորական բանակի գլխավոր հրամանատար, զորավար տեղապահ Անտոն Դենիկինի վերաբերմունքով՝ հայկական անկախության հանդեպ։ Սահմանների առնչությամբ զորավարը զատեց Բաթումը որպես բրիտանական նահանգապետություն ու հեշտությամբ Հայաստանին էր միացնում Կարսը, «երբ համոզվի, որ նման Հայաստանը (կամա-ակամա) չի միանա Ռուսաստանին»[12]։ Հակառակ դեպքում, Բրիտանիան կցանկանա տեսնել այդ երկու տարածքները Ռուսաստանից դուրս։
Այդ զրույցից հետո հրամանատարը Երևան ուղարկեց գնդապետ Ք. Տեմպերլիին։ Վերջինս խոսում էր մեկ պաշտպանող տերության ենթակա՝ Ալեքսանդրապոլից Մերսին փռված Հայաստանի մասին։ Արևելյան Հայաստանը միացվում էր Արևմտյանի հետ՝ որպես միասնական պետություն, քանի որ օսմանյան մասը «պետք է ցանկացած պարագայում ազատվեր թուրքական լծից»։ Տեմպերլին կրկնեց հունվարի 10-ին հրապարակված Դաշնակիցների հայտարարությունը, ավելացնելով, թե՝ «Մեկ ամիս առաջ այդ ամենը մեզ դեռևս պարզ չէր»[13]։ Բրիտանացին դժգոհում էր ՀՀ պատվիրակության Փարիզ ուշ ժամանելուց, իսկ նրա խոսքերը հաստատեցին Օհանջանյանը Բեռլինից ու Բաքվի Ազգային խորհրդի լիազոր Սարգիս Արարատյանի հունվարի 21-ի գաղտնի հեռագիրը՝ ՀՀ կառավարությանը։ Տեմպերլին պատմում էր Արևմտյան Հայաստանի վերջնական անջատման և «ձեր շրջանի թուրքականին հավանական միացման» մասին[14]։ Արարատյանը նշեց, որ բրիտանացիները ճանաչում են Կովկասի տեղական կառավարությունները, սատարում են Բաքվի ՀԱԽ-ին՝ Վանի, Սալմաստի, Ուրմիայի գաղթականներին պահելու գործում և օգնում տուն վերադարձնել Բաքվի 40 հազ.հայերին։ Լիազորը շեշտում էր ՀՀ Փարիզի համաժողովում ներկայացված լինելու անհրաժեշտությունը։ //-152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆ 1919Թ.
Փետրվարի 12-ին Ահարոնյանն ու Նուբարը «Հայկական հարցը Խաղաղության կոնֆերանսի առջև» վերնագրեալ հուշագիր ներկայացրեցին Փարիզի համաժողովի դիվան։ Այդ փաստաթուղթը տեղեկացրեց նրա մասնակիցներին, թե «Հայ Ազգային պատվիրակությունը՝ այն ազգի միահամուռ կամքով, որի մի մասը Կովկասում արդեն ձևավորեց անկախ հանրապետություն, հռչակեց միասնական Հայաստանի անկախությունը, ինչի մասին 1918թ. նոյեմբերի 30-ի իր հայտագրով տեղեկացրեց դաշնակից կառավարություններին»[15]։ Միացյալ պատվիրակությունը նշեց իր ժողովրդի «ինքնակամ ու բնական» մասնակցությունը աշխարհամարտի բոլոր հիմնական ճակատների մարտերին։ Դա ամենից առաջ Կովկասի ճակատն էր, որտեղ իր պետությունը կերտող ազգը 1918թ. փետրվարի 5-ից հոկտեմբերի 18-ը միայնակ դիմադրում էր օսմանյան բանակին[16]։ Այնուհետև նշվում էին Պաղեստինի ճակատը՝ Հայկական լեգեոնով, Ֆրանսիայի, Բրիտանիայի, ԱՄՆ-ի զորքերը (50 հազ. հայերով), և Արևելյան, Արևմտյան ու Կովկասի ճակատները՝ ռուսական բանակի 250 հազ. հայ զինվորներով[17]։ //-153 ...
[1] Հայաստանի Ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1267, ցուցակ 2, գործ 105, թերթ 1։
[2] Նրա մասին տե՛ս՝ Մ.Մարտիրոսյան, «Ազգային մեծ գործիչը և բարերարը. Պողոս Նուբար փաշա», Պատմաբանասիրական հանդէս, 1։2021, էջ 3-25։
[3] ՀԱԱ, ֆ.1267, ց.2, գ.105, թ.2։
[4] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.5, թ.1։
[5] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.357, թ.268–269։
[6] Ավելի մանրամասն տե՛ս՝ А.Ю.Ватлин, Л.В.Ланник, Т.Пентер, Берлинская миссия полпреда Иоффе 1928 г., Документы, (Ա.Յու.Վատլին, Լ.Վ.Լաննիկ, Տ.Պենտէր, Լիազօր ներկայացուցիչ Իոֆֆէն 1928ի Բեռլինի առաքելութիւնը. Փաստաթղթեր) Մոսկվա, Политическая энциклопедия (քաղաքական հանրագիտարան), 2023:
[7] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.80, թ.28 եւ գ.656, թ.132 դարձ.։
[8] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.183, թ.7–8; նաև՝ Ս.Ղ.Ղազարյան, «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը Հայկական Հարցում 1919–1920թթ.», Բանբեր Երևանի համալսարանի, 3։2002, էջ 177:
[9] Memorandum On the Armenian Question, Armenian National Delegation at Paris, 2nd issue, London., Waterlow Brothers & Layton Ltd., 1918, էջ 15։
[10] Memorandum On the Armenian Question, էջ 16։
[11] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.65, թ.1։
[12] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.65, թ.2–3։
[13] Մեջբերումներ ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.65, թ.3։
[14] ՀԱԱ, ֆ.370, ց.1, գ.40, թ.78։
[15] ՀԱԱ, ֆ.1021, ց.2, գ.1005, թ.1; նաեւ՝ R. Hovannisian, The Republic of Armenia, vol.I, University of California Press, Berkeley & Los Angeles, 1971, էջ 258։
[16] 1918թ. փետրվարի 5-ին օսմանյան 3-րդ բանակը հարձակում էր սկսել Բիթլիսից Տիրեբոլի վրա (Necmi Koral, Birinci Dünya Harbi Idari Faaliyetler ve Lojistik, Ankara, T.C. Genelkurmay Askeri Tarih ve Stratejik Etüt Başkanliği, 1985, էջ 492)։ Փետրվարի 12-ին նրա հրամանատար Վեհիբ փաշան հայտագիր հղեց հարձակում սկսելու մասին (Документы и матерьялы по внешней политике Закавказья и Грузiи (Փաստաթղթեր ու նյութեր Անդրկովկասի և Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ), Թիֆլիս, Типограф. Правит. Груз. Респ., 1919, էջ 48–49։ 1918 թ. հոկտեմբերի 18-ին հայկական ինքնապաշտպանության ուժերը հաղթանակ տարան Մսմնա գյուղի մոտ, կասեցնելով օսմանյան բանակի առաջխաղացումը Ղարաբաղում` ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.309, թ.204:
[17] Հայ ժողովրդի պատմություն, հտր.VI Հայաստանը 1870–1917 թվականներին, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1981, էջ 547. նաև՝ А.О.Арутюнян, Кавказский фронт 1914–1917 гг. (Ա.Հ.Հարությունյան, Կովկասի ռազմաճակատը 1914–1917թթ.), Հայաստան, Երևան, 1971, էջ 296. նաև՝ ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպան, Լորդերի պալատի անդամ, դերկոմս Ջեյմս Բրայսի՝ արտգործնախարար Ա.Բալֆուրին 1918թ. սեպտեմբերի 30-ին հասցեագրած նամակն ու հոկտեմբերի 3-ին նախարարի տեղակալ Ռ.Սեսիլի պատասխանը Բրայսին՝ ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.357, թ.270, 273–273 դարձ.։