Մայիսի 28-ը՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օր

 

Ցանկացած ազգը, որն ունի արդյունավետ աշխատանքի և կազմակերպվածության ունակություն փորձում է գնահատել իր քաղաքական կարողությունը։ Ինչպես հայտնի է, Եվրոպան ստեղծել է ազգ-պետություն հասկացություն, որն ենթադրում է, որ յուրաքանչյուր ժողովուրդը պետք է մասնակցի միջազգային հարաբերություններին նրանց ամբողջ ծավալով և անկախ պետության որակով։ Արևելքն էլ գիտի, որ բազմազգ պետություններ, որոնց հաճախակի կայսրություն են անվանել, լինում են մեծ և ուժեղ, բայց նրանց կազմում ընդգրկված ժողովուրդները միշտ չէ որ զարգանում և ապրում են խաղաղ կյանքով։ Իրականում, ազգ-պետությունն ու բազմազգ համակարգը ստեղծվում են շատ գործոնների հետևանքով և ոչ միշտ ժողովրդի ընտրությամբ։ Լավագույնն է այն վիճակը, երբ ազգը ինքն է ընտրություն կատարում և որոշում, նրան երբ և ինչ է հարմար։ Քանի որ, ինչպես միատարր, այնպես էլ բազմազգ հասարակության մեջ ապրելը կարող է պարունակել իր դրական ու բացասական հանգամանքներ։

Ընտրություն, նույնիսկ բարդ ընտրություն ունենալը առավելությունն է, իսկ պատմության ընթացքը հաճախ լինում է հրամայական։ Արտաքին թելադրանքը կարող է վճռորոշ լինել, այն էլ ոչ միայն միանալու ալև անկախանալու պարագային։ Այդպիսին էր 1918թ. վիճակը, երբ ժողովուրդը իր գոյության համար էր կռվում։ Այդպիսինն էր նաև 1991թ., երբ ԽՍՀՄ-ի կազմալուծումը իրականացվել էր իր առաջատար հանրապետությունների նախաձեռնությամբ։ Հայաստանը շահագրգռված չէր դրանում և անկախության համար չէր պայքարում, այնուամենայնիվ, անկախությունը դարձել էր հասարակության առջև դրած խնդիր, որն էլ լուծվել է ընդունելի հաջողությամբ։

1918 թվականին իրավիճակը էլ ավելի բարդ էր ու հրամայական։ Ժողովուրդը տարանջատված էր երկու փլուզվող կայսրությունների միջև, այդ կայսրությունները պատկանում էին համաշխարհային պատերազմում ընդգրկված երկու խոշոր դաշինքներին։ Ճակատամարտերի մեկ՝ թուրքական կողմը, միացել էր կռիվներին իրեն հպատակ հայերին կոտորելու և նոր հողեր գրավելու համար։ Մյուս՝ Ռուսական կայսրությունը, չի դիմացել պատերազմի գերլարմանն ու 1917թ. փլուզվել է։ Հեղափոխությամբ համակված զինվորները տուն էին գնում իրենց ընտանիքների հոգսերը հոգալու, իսկ 1918թ. փետրվարի 14-ի դրությամբ Կովկասյան ճակատի՝ Երզնկայից մինչև Վանա ծովն ձկված հատվածը պաշտպանում էր 9 հազար զինվոր։ Ապրիլ ամսին նրանց թիվը աճել է մինչև 12 հազար, թեև դրանով հնարավոր չէր պահել Էրզրումն ու Կարսը։ Ռուսաստանի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ոչ միայն ծանր էր հայերի համար, այլև չէր հարգվում թուրքական բանակի կողմից։ Վերջինը կանգ չի արել 1877թ. գծի վրա և շարունակել էր իր արյունալից արշավանքը մինչև Բաքու։

Նման պայմաններում, երբ Եղեռնի թարմ վերքերից տանջվող ժողովուրդը զուրկ էր արտաքին պաշտպանությունից, իսկ Անդրկովկասը հեռու էր միասնական լինելուց, հայ ժողովրդի հույսը մնում էր իր սեփական, խիստ սահմանափակ ուժը։ Այդ ուժը արյունաքամ ու մեջքը կոտրված ժողովուրդը հավաքել է Սարդարապատում, որտեղ՝ Երևանից 38 կմ. հեռավորության վրա, պատմական հաղթանակ է տարել ու ձեռք է բերել ապրելու ու սեփական պետության մարմիններով իր գործերն կառավարելու հնարավորությունը։ Ազգը, որն այն պահին չի ունեցել ոչ Դաշնակիցներ, ոչ հույս, ոչ անհրաժեշտ կազմակերպվածություն, ոտքի ելավ վճռորոշ ընդհարմանը ու կանգնեցրեց թշնամուն։ Հատկապես այս, հերոսական մարտերը, երկնեցին անկախ հայ պետությունը, որը կառավարության նախագահ Հ.Քաջազնունին ու Հայոց ազգային խորհրդի նախագահ Ա.Ահարոնյանը բոլոր Տերությունների առջև հայտարարեցին որպես «Հայաստանի Ժողովրդական Հանրապետություն»։

Եվ զուր էր Վեհիբ փաշայի պնդումը, թե Հայաստանը Թուրքիայից է ստացել իր անկախությունը որպես նվեր։ Իրականում, անկախությունը 1917թ. հեղափոխությունների և Սարդարապետի ճակատամարտի արդյունքն էր։ Իսկ Թուրքիայից ստացել ենք Բաթումի պայմանագիրը այն սահմաններով, որոնք ապրելու համար չափից նեղ էին, իսկ գերեզմանատան համար՝ չափից ընդարձակ։

Հասկանալի է, որ պետությունը առաջին հերթին զբաղվում է իր հասարակության անվտանգությամբ ու ընդհանուր շահերի պաշտպանությամբ։ 1878-1907 թթ. Հայկական հարցով զբաղվում էին ութ պետություններ, որոնք ավելի շատ էին մտահոգվում իրենց հակասություններով։ 1907թ. եվրոպական Կոնցերտը բաժանվել էր երկու միավորների և Համաձայնության չորս պետություններն ավելի արագ էին գալիս փոխըմբռնման։ 1918թ. մայիսի 28-ից ժողովուրդը առաջին անգամ հնարավորություն էր ունեցել լինել Հայ դատի քննարկումների ինքնուրույն կողմ ու սեփական շահերի ներկայացուցիչ։

Տարիները ծանր էին։ Կես միլիոն արևմտահայ գաղթականներից սովամահությունից փրկվել էր 285 հազարը միայն։ Սարդարապատի հերոսական կռիվների հետ միասին հայությունը հերոսական աշխատանք էր տանում հողը ցանելու, տունը շիներու, դպրոցը բանալու համար։ 1920թ. Հանրապետությունը արդեն հաղթահարել էր ամենավատ վիճակը, ուներ ընտրովի Խորհրդարան, կանոնավոր գործող նախարարություններ ու բանակ, բացեց իր Պետական բանկն ու Համալսարանը։ Քաղաքականության մեջ պայմաններ էին ստեղծվում պետական մակարդակով իր իսկ հայկական կողմնորոշում ու վարքագիծ ունենալու համար։ 1918-1920 թվականները բարդ էին, արտաքին պայմանները փոփոխվող։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ինչպես հռչակվեց արտաքին վտանգից ժողովուրդը պաշտպանելու համար, այդպես էլ ավարտվեց Խորհրդային Ռուսաստանի հետ ուշացած պայմանագրով ու Թուրքիայի կողմից նախաձեռնած նոր պատերազմի հետևանքով։ Հանրապետության անելիքն ու անցած ճանապարհը բերում են այն համոզմանը, որ մեր տարածաշրջանում անկախությունը լինում է ճգնաժամային վիճակներից դուրս գալու օգտակար միջոց։ Իսկ կայուն ու բարգավաճ պայմաններում դրա անհրաժեշտությունն ու հնարավորությունը նվազում է։ Պատմությունը ասում է նաև, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ հարկավոր է զարգանալ, կուտակել քաղաքական փորձ ու չկորցնել զգոնություն։ Վերջին հաշվով, բոլորից առաջ ու հատկապես մենք՝ Հայաստանում ու սփյուռքում ապրող հայերս, պատասխանատու ենք մեր Հայրենիքի հաջողությունների ու ապագայի համար։