Ճգնաժամ ՝ վտանգ և հնարավորություն

 

Տարիներ շարունակ մենք սովորում էինք աշխարհը տեսնել մի գույնով, շարժումը դիտել մի հարթության վրա, կյանքի և մարդու մասին դատել «կամ... կամ» սկզբունքով: Բայց աշխարհը չէր տեղավորվում այս պարզունակ շրջանակների մեջ և մեզ՝ հայերիս, անընդհատ հարվածում էր անսպասելի կետերից, չկանխատեսված հետևանքներով: «Կամ... կամ» սկզբունքի փոխարեն երբեմն առաջարկվում էր «նաև...» լավը և վատը, օգտակարն ու վտանգավորը, բարձրը և չնչինը: «Կամ... կամ» սկզբունքը մեզ վարժեցնում էր շուտ ոգևորվել և կտրուկ հիասթափվել: Այն միաժամանակ վերաբերմունք էր ծնում ապագայի հանդեպ, որի ցանկացած տարբերակը լոկ հնարավոր է, բայց՝ ոչ պարտադիր: Անտեսելով աշխարհի մշտական փոփոխականությունն ու սեփական անդադրում ջանքերի անհրաժեշտությունը, մենք հաճախ լավ ենք սկսում գործը, իսկ հետո թողնում ինքնահոսի: Մինչդեռ «մոռանալով ակունքները, կորցնում ես հոսանքի ուղղությունը»: Ավելացնենք, մեր այսօրվա ընկճվածությունը հիմնականում գալիս է մտավոր աշխատանքի և համազգային լուծումների, ոչ թե պարզապես առօրյա կայնքի և հասարակության գործունեության անբավարար վիճակից:

Եվ եթե երեկ մենք կապիտալիզմի մասին միայն վատն էինք ասում, ապա այսօր շուկայի մասին միայն լավն ենք լսում: Ֆրանսիական «Անալների» պատմական դպրոցի հիմնադիրներից Ֆեռնան Բրոդելը հիշեցնում է, որ ցանկացածդ հասարակության շուկա մուտք գործելը միանգամից երեք բարդու- թյուն է ծնում:

ա) Մեր ցանկությունից անկախ մի շարք սոցիալ-հոգեբանական կապերի ազատություն:

բ) Առավել դաժան մրցակցություն։

գ) Ընդգրկում՝ գերիշխանության դրսևորման առավել ուժգին ոլորտը:

Այս երրորդության յուրաքանչյուր տարրը իր հետ է բերում համապատասխան բարդություններ:

Շուկայի առաջին բաղադրիչը ազատությունն է, որը չի վերացվում որևէ բռնակալական միջոցով: Գործունեության ազատության ներքին կապերի թուլացումը կարող է քայքաել հասարակական համակարգը, եթե ազատությունը հավասարակշռված չէ սոցիալ-հոգեբանական գործոններով, պետական քարոզչությամբ՝ ներառյալ ազգային գաղափարախոսությունը:

Շուկա մուտք գործելիս մենք գտնվում ենք մրցակցության և արտաքին զորեղ քաղաքական ուժերի մամլիչի տակ, ու միաժամանակ ապրում ներքին փոխներգործության թուլացում: Որևէ ժողովուրդ ինչպես որ լուծում է այս հակասությունը, այդպիսի էլ տեղ է զբաղեցնում աշխարհում:

Այսպիսով, ազատությունը հավասարակշռվում է մշակույթով ու հատկապես ազգային մշակույթով՝ ելնելով ավանդույթների ձևավորված համակարգից: Մենք ոչ միայն մշակույթի, այլև քաղաքակրթության կրողն ենք, իսկ քաղաքակրթությունը մշակույթից տարբերվում է նրանով, որ ապահովում է իր հարատև զարգացումը:

Եթե նախկինում ընդունված էր, որ բարբարոսությունը առավելություն է գոյության պայքարում, ապա այժմ. «մշտական կանոնն այն է, որ քաղաքակրթությունները շահում են խաղը», իսկ նա, ով չի ապահովել սեփական մշակույթի զարգացումը, վաղ թե ուշ անպայման դառնում է շահագործման առարկա:

Ընդ որում, մշակույթը միայն արվեստը չէ՝ գիտությունն է, արտադրագիտությունը (տեխնոլոգիա), գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տեղեկատվության ողջ բարդ համակարգը, ազգի կրթությունն ու առողջապահությունը: Այս ամենը համատեղ ապահովում է արտադրությունն ու հասարակության անդորրը, ժողովրդի անվտանգությունը և զարգացումը: Այժմյան պայմաններում տեղեկատվությունը ստանում է այնպիսի ուժ, որի ավերիչ հզորության հետ ոչ մի բան չի կարող համեմատվել, եթե այն ուղղված է անձնական իշխանության և անձնական հարստացման նպատակին: Այսօր աշխարհում իշխանությունն արդեն չափվում է ոչ թե անձնական միջոցների ծավալով, այլ բանիմացությամբ ու գործընթացների ըմբռնման մակարդակով: Նման միտումը ապագայում միմիայն ուժեղանալու է: Ուստի մտավորականությունը այսօր շատ ավելի ուժեղ է, քան ինքը այդ գիտակցում է, և հետևաբար շատ ավելի բարձր է նրա պատասխանատվությունը, քան ինքը պատկերացնում է:

Հայ մտավորականությունը բաղադրիչն է այն քաղաքակրթության, որը ներկայումս չզարգանալով և անգամ անկում ապրելով, դառնում է ընդամենը մշակույթ: Այսպիսով, ի՞նչն ենք նախընտրում՝ դառնալ՝ արտադրո՞ղ, թե պատրաստի արտադրանքի գնորդ: Սա պարապ հարց չէ մի ազգի համար, որը աչքի է ընկնում առևտրական լավ հատկություններով: Մենք գոյատևելու ենք համաշխարհային շուկայի հաշվի՞ն, թե՞ պահպանվելու ենք որպես քաղաքակրթություն, որը ի զորու է ստեղծելու վերջնական արտադրանք:

Մենք սովոր չենք մշակված, պատշաճ մրցակցության: Մեր ողջ կյանքը կառուցված է մենատիրական սկզբունքի վրա: Չի բացառվում, որ սա այնքան էլ վատ չէ, քանի որ մեզ սպասում է տնտեսական շատ ավելի զորեղ մրցակցություն: Այսպիսի միջավայրում փոքր, բայց պայմանականորեն տնտեսապես չմասնատված Հայաստանի արտադրողները կկարողանան մեծացնել սեփական հաջողության հավանականությունը: Իսկ ինչ վերաբերվում է շուկայի օրենքներին, ապա «Անալների» դպրոցը վկայում է՝ շուկան անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է զարգացման և առաջընթացի համար: Նոր սոցիալ-տնտեսական հարաբերություններ կառուցելիս քաղաքականությունը էապես ավելի կարևոր է, քան բուն տնտեսական ու հասարակական գործոնները: Քաղաքականությունը վճռում է ամեն ինչ: Իսկ շուկան կարիք ունի խիստ հսկողության, որպեսզի պաշտպանված լինեն սպառողն ու մրցակցությունը:

Կապիտալիզմը, ասում է Ֆ.Բրոդելը, փոխանակություն է, իսկ փոխանակության հիմքը փոխադարձությունն է, և շարքային արտադրողի ամենօրյա պահանջարկի մեծացումը: Հետևաբար, հաջողության համար մենք պետք է սոցիալական քաղաքականության կենտրոն դարձնենք միջին դասի բոլոր հիմնական ուժերի փոխադարձ շահագրգռվածությունը: Եթե կարողանանք լուծել այս խնդիրները, կհասնենք նոր պատմական որակի և ազգային ճկուն կառուցվածքների: Եվ եկեք չմոռանանք, որ շուկայից մինչև գաղութի վերածվելը, ընդամենը մեկ քայլ է:

Հասարակությունը պետք ունի այն ամենի, ինչը նպաստում է եղած պաշարների կուտակմանը, և ոչ թե նյութական, տարածքային, հոգևոր կամ ցանկացած այլ արժեքների սնանկացմանը: Դրա պատճառով էլ ավերիչ հեղափոխությունները թանկ են նստում հասարակության վրա: Իսկ ինչ վերաբերում է հեղափոխության ստեղծած նոր վերնախավին, ապա նրա սրընթաց հարստացման ձգտումը միջին խավերի սնանկացման հաշվին չի կարող չհասցնել հասարակության վստահության  և աջակցության կորստի:

Քաղաքականության մասին խոսելիս ստիպված ենք «բարձր» տեսությունից անցնել դառը առօրեականության: Չնայած, լավ մշակված տեսությունից գործնական ոչինչ չկա:

Եվրոպական զարգացած երկրներում քիչ ճիգ չեն գործադրում՝ ինտեգրացիայի առավելությունները քարոզելու, ազգային հետամնացությունը դատապարտելու համար: Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ միջազգային իրավունքը չի գործի, եթե պետությունները չենթարկվեն ընդհանուր բարոյական չափանիշների և չհարգեն ընդհանուր գաղափարախոսական դրույթները: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում քիչ չեն մեծապետականության, ընդգծված հայրենասիրության, ազային հպարտության դաստիարակման դրսևորումներն, ինչպես ասենք ազգային դրոշի պաշտամունքը: Հավանաբար, ինչպես և միշտ այս բարդ աշխարհում, առկա է կրկնակի հաշվապահության գործոնը. մի տիպօրինակ՝ անձնական օգտագործման համար, և մեկ ուրիշը՝ արատաքին աշխարհի, որպեսզի ավելի հեշտ լինի նրա հետ գործ ունենալը: «Եվրոպան անհնար է հասկանալ առանց ստրուկների և ենթակա պետությունների»՝ սովորեցնում է ֆրանսիական դասականը:

Իհարկե, ազգայինի մեջ առկա են և' արժանիքներ, և' վտանգներ: Աշխարհում գրեթե ամեն ինչն ունի այս երկակիությունը. թե' ազատությունը, թե' կուտակումը, թե' մրցակցությունը, թե' որոնումը, և թե' իշխանությունը: Բայց մենք բոլորս, ինչպես և մնացյալ աշխարհը, ապրում ենք հանդգնություններով ու վտանգներով լի ժամանակներում: Այն մարդը, որ տարբերություն չի դնում հարազատ և օտար երկրի միջև, նման է նրան, ով տարբերություն չի տեսնում անձնական և ուրիշի սեփականության միջև: Ինչն էլ կարող է հող նախապատրաստել ուրիշինը խլելու միտման համար: Ուստի չշտապենք հրաժարվել մեր քարերից ու նրանց հետ կապված մնացած բոլոր արժեքներից: Հողին կապվածությունն այսօր նույնիսկ ավելի կարևոր է, քան երեկ էր, ու հողի գինը մշտապես աճում է ողջ աշխարհում:

Վերոհիշյալ երեք կարևոր բաղադրիչներից մեկը ազգային քաղաքականությունն է նոր աշխարհ մուտք գործելիս: Այսօրվա Եվրոպայի հեղինակություններից Ումբերտո Էկոն իմաստաբար նկատում է. «Միայն իշխանություններն են, որ միշտ ճշգրտորեն գիտեն, թե ովքեր են իրենց իսկական հակառակորդները»: Մինչդեռ արցախյան ազատագրական շարժման չորս տարիների ընտացքում մենք չենք կարողանում (ոչ էլ առանձնապես խնդիր ենք դնում) գլուխ հանել, թե ով է մեր իրական և ոչ դրածո թշնամին: Որո՞նք են այս աշխարհի հզորների շահերն, ու հատկապես ինչ են ուզում նրանք մեզանից, ի՞նչ չափով: Արդյոք հնարավո՞ր է հաշվարկել սեփական հաջողությունը՝ չթա- փանցելով այն ուժերի տրամաբանության մեջ, որոնց հետ գործ ունես:

Նորացնելով պետությունը՝ մենք իշխանություն տվեցինք մարդկանց, ովքեր զուրկ էին պետական  կառավարման փորձից, չունեին իշխանության օրենքների, ղեկավարման և ենթարկման անգամ նվազագույն իմացություն: «Նոր մարդիկ» ներկայացնում էին մեր ժամանակի բարձրագույն դպրոցը, գիտությունը, ազատ մասնագիտությունները, որոնց անհատական ազատությունն ու մինչ այդ պետական ապարատում ընդգրկված չլինելը պայմանավորված էին նրանց բարոյական հատկանիշներով, ազնվությամբ ու մաքրությամբ: Սակայն նյութական արժեքների մատչելիությունը շատ արագ մաշեց այդ մաքրությունը, որի բուն պատճառը այս հատկանիշների ամրության ստուգված չլինելն էր: Այս քիչ սոցիալիզացված շերտը իշխանությունը պատկերացնում էր որպես սեղան, հեռախոս, նյութական բարիքներ ու գեղեցիկ ճառեր արտասանելու ունակություն: Բայց իշխանությունը, որքան էլ ժողովրդավարական, երբեք չի կարող ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքը ուժ է: Ավել կամ պակաս հղկված լինելով, իշխանությունը այնուամենայնիվ ուժ է՝ կամքի, բնավորության, մտքի, առաջնորդ լինելու տվյալների, մի խոսքով, այն ամենի, ինչը չես փոխարինի փողով, քանզի նույնիսկ փող ունենալու դեպքում ոչնչությունը մնում է ոչնչություն, անիրազեկը՝ անիրազեք: Այսօր ազգը չի կարողանա լուծել սեփական խնդիրները, եթե գործի չդնի, չմաքրի, չամրապնդի պետական կազմակերպչական մեքենան: Հնարավոր չէ պատերազմ սանձահարել, ճգնաժամից դուրս գալ առանց նշանակովի, վերահսկելի և փոխարինելի գործադիր իշխանության, որն ի վիճակի լինի անել այն, ինչ անհրաժեշտ է տվյալ պահին: «Նոր ալիքի» ներկայացուցիչները ի արդարացումն իրենց, ասում են, թե իրենք անում են այն ամենը, ինչ կարող են: Ճիշտ է: Բայց խնդիրը այն է, որ նրանց կարողացածը շատ չէ:

Մեր ընտրովի իշխանությունը բաղկացած է խորհրդարանից ու նախագահից: Իրավ է, որ ժողովրդավարությունը հասարակական կյանքի ամենաարդյունավետ ձևն է, իրավ է, նյունպես, որ հենց քաղաքականությունն է որոշում տնտեսության ապագան: Սակայն այս երկու ուժերից առաջինը՝ պատգամավորների ճնշող մեծամասնությունը, ակնհայտորեն վստահ չէ իր հեղինակությանը, վստահ չէ, թե կրկին կկարողանա ձայների մեծամասնություն հավաքել: Ու սա հասկանալի է: Ընդունված օրենքներն ու նրանց ընդունման ձևը նույնիսկ թռուցիկ վերլուծման դեպքում վկայում են, որ խորհրդարանն ու նրա ղեկավարությունը չունեն օրենսդրության հետևողական ու հեռանկարային ռազմավարություն ու չեն կարողանում հասնել ինքնակազմակերպվածությանը: Օգոստոսի 17-ի նստաշրջանը թույլ է տալիս ասել, որ մեր խորհրդարանին պակասում է կամքը, նախաձեռնությունը և արագ աշխատելու ունակությունը:

Ըստ երևույթի, մեր փոքրիկ հանրապետությունը լիովին կբավարեր 50 հոգիանոց պատգամավորական կազմը (220-ի փոխարեն): Այս դեպքում դժվար կլիներ թաքնվել ուրիշների թիկունքում, խորհրդարանը կդառնար ավելի գործունակ: Վստահ եմ, որ նոր խորհրդարանի կազմում կտրուկ կկրճատվի ՀՀՇ-ի ներկայացուցիչների թիվը, իսկ Ազգային դաշինքը կկարողանա պարզորոշ սեփական գիծ տանել: Որքան որ վստահ կարելի է ասել, թե նախագահը չի կորցրել ձայների առավելությունը, նույնքան վստահ կարելի է ասել, որ անդեմ, անցյալի հիշողությամբ ապրող ՀՀՇ-ն այլևս չի վայելում ո'չ հեղինակություն, ո'չ էլ վստահություն: Հասկանալի է, որ մարդիկ հոգնած են, իսկ այժմյան պատգամավորական կազմը շահագրգռված չէ նոր ընտրությունների հարցում, քանի որ այստեղից միայն եզակիները կարող են ընտրվել: Սակայն եթե անհրաժեշտ փոփոխություններ չկատարվեն, ապա օրենքի ուժը կփոխարինվի ուժի օրենքով: Վերջինիս ամպրոպային որոտները մենք արդեն հստակ լսում ենք ոչ միայն սահմանների այն կողմից, այլև երկրի ներսում:

Իսկ առայժմ պատերազմի և ընդդիմախոս ուժի պայմաններում նպատակահարմար կլիներ ստեղծել նախագահին կից պաշտպանության խորհուրդ, որը համատեղ պատասխանատվություն կկրեր, թե' գործադիր իշխանության ձևավորման, և թե' հսկողության համար: Այսպիսի մարմինը կամ պետք է դառնա հանրապետությունում գոյություն ունեցող ուժերի գործնական համադրման տեղ, կամ այն ոչ մի իմաստ չի ունենա: Գումարելով մեր ուժերը՝ բազմապատկում ենք մեր հնարավորությունները: Եթե մեր տոկունությունը բավականացնի՝ կաճե՞նք արդյոք քաղաքական գործողությունների թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա: