Հովհաննես Թումանյանի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության

դավիանագիտական առաքելությանը Բաթումում (1918թ. հուլիսի 3-5)

 

Ներածություն

Մեր աշխատությւններում առիթ ենք ունեցել անդրադառնալու 1918թ. հունիսին Քառյակ դաշինքի փլուզմանը, վրաց-գերմանական ռազմական համագործակցությանն ու նրանց՝ թուրքական զորքերի հետ ընդհարվելու հանգամանքներին։ Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից Բրեստ-Լիտովսկի պայմանագրի խախտումը և նրա «Արևելք» զորախմբի արշավանքը դեպի Թիֆլիս ու Բաքու անտեսում էին 1916թ. սեպտեմբերի 28-ին կնքված թուրք-գերմանական համածայնագիրը, ըստ որի՝ կողմերը իրավունք չունեին փաստաթղթեր ստորագրելու առանց մյուս կողմի հավանության: Այնինչ 1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի ստորագրած Բաթումի պայմանագիրը կոպտորեն խախտում էր Բրեստ-Լիտովսկի դրույթները և ամենևին ձեռնտու չէր Գերմանիային։ Ծանրագույն տարածքային պահանջներից բացի, Բաթումում ձեռք բերված տեքստը պետք է վավերացնեին Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը Կ.Պոլսում մեկ ամսվա ընթացքում։

Արդեն 1918թ. մայիսի վերջին օրերին Գերմանիայի արտգործնախարար Ռ.ֆոն Կյուլմանը հանձնարարել է Կ.Պոլսում իր երկրի դեսպան Յ.ֆոն Բեռնստորֆին Բարձր դռանը տեղյակ պահել պաշտոնական Բեռլինի դժգոհության մասին։ Ըստ այդմ՝ Գերմանիան որոշում էր կայացրել դիմակայել թուրքական առաջխաղացմանը Անդրկովակում և պահանջում էր կանգ առնել Բրեստ-Լիտովսկի պայմանագրում ամրագրված սահման-//-17  ների վրա1: Հունիսի 8-ին գերմանական հրամանատարությունը հայտնում է Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշային, որ չի ճանաչում Բաթումի պայմանագիրը։ Հաջորդ օրը կայզերական գլխավոր շտաբի պետ, դաշտի մարաջախտ Պ.ֆոն Հինդենբուրգը հրամայում է Էնվերին դուրս բերել թուրքական զորքերը Կովկասից, բայց ապարդյուն։ Միաժամանակ, Թիֆլիսում երկրամասի երեք կառավարությունների կից Գերմանիայի հյուպատոս Ֆ.Վ.ֆոն Շուլենբուրգը տեղյակ է պահում «Արևելք» զորախմբի հրամանատար Խալիլ փաշային, որ Վրաստանն ու նրա երկաթուղին հանդիսանում են իր երկրի շահերի ոլորտ։ Բացի դրանից, հունիսի 7-ին վրացական կառավարությունն էլ նախազգուշացվել է, որ իր դաշնակցի հետ պետք է պատրաստ լինի վրաց-գերմանական և օսմանյան զորքերի հնարավոր ընդհարմանը։

Թուրք-գերմանական ռազմական բախումը և Անդրկովկասի ազդեցությունների գոտիների բաժանումը 1918թ. հունիսին 

Ըստ գերմանական և ԱՄՆ-ում հրապարակված տվյալների՝ բախումը տեղի է ունեցել հունիսի 10-ին2։ Հայկական զորաբանակի շտաբը հայտնում է հունիսի18–19-ին Քոլագերանի մոտ ծավալված ռազմական գործողությունների մասին3։ Զիջելով ավագ մարտակցին՝ Էնվերը ստիպված էր պաշտոնից ազատել 3-րդ բանակի հրամանատար Վեհիբ փաշային, որին փոխարինել էր Էսադ փաշան։ Ու քանի որ դեպի Թիֆլիս տանող ճանապարհը այլևս փակ էր, Բաքուն հաստատվեց որպես օսմանյան զորախմբի հիմնական թիրախ։

1918թ. հունիսի 17-ին Կովկասում կայզերական ռազմական առաքելության պետ Ֆ.Կրեսս ֆոն Կրեսենշտայնը ստորագրում է թուրք-գերմանական ժամանակավոր համաձայնագիր. այն Թուրքիային էր տրամադրում Երևանի, իսկ Գերմանիային՝ Թիֆլիսի նահանգը։ //-18

Նկ. 1. 1918թ. ռազմաքաղաքական զարգացումների միջավայրը

 

Տարածքային հարցի հետ, այդ տերությունները կարգավորել էին իրենց տարանցման իրավունքները Անդրկովկասի երկաթուղիներն օգտագործելիս։ Հունիսի վերջին արդեն Կովկասում կենտրոնացվել էին օսմայան երեք բանակներ, որոնք պետք է գրավեին Բաքուն4: Նրանց թվում ներառված հարվածային 3-րդ բանակը ուներ չորս դիվիզիա, որոնք հսկում էին Բաթումի պայմանագրում նշված շրջանները և իրենց ազդեցությունը պետք է տարածեին Պարսկաստանի վրա։ Այդ բանակի 5-րդ Կովկասյան դիվիզիան (հրամանատար՝ Մյուրսել փաշան) մտել էր Բաթումի պայմանագրով օսմանյան տիրապետությունից ազատ հայկական Լոռին, իսկ վրաց-գերմանական ստորաբաժանումները նահանջել էին հյուսիս՝ դեպի Կամենկա (Ձորագետ) գետի ափերին։ Վերջիններս թուրքական զորքերի առաջ  ճանապարհ էին բացում դեպի Ելիզավետպոլ ու Բաքու, իսկ Լոռին «կռվախնձոր էր դարձել Վրաստանի և Հայաստանի միջև»5:

Վրացիները ապարդյուն պնդում էին Հայոց ազգային խորհրդի (ՀԱԽ) ղեկավարների հետ հանդիպելիս, որ տնտեսական ու ռազմավարական նկատառումներից ելնելով, Լոռին ու Փամբակը հարկավոր է ներառել Վրաստանի կազմում, որպեսզի այս շրջանները խուսափեն օս-//-119  մանյան ռազմագրավումից6: Իսկ թուրքերն էլ տվյալ երկրամասն ու գավառը չէին հանձնում ՀՀ վարչական ենթակայության՝ պատճառաբանելով, թե դրանք կարող են գրավվել վրաց-գերմանական դաշինքի ուժերով։

Վրաստանի հավակնությունը Լոռու և Փամբակի նկատմամբ և հայ-թուրքական բանակցություններկ։ Հովհաննես Թումանյանի հանդիպումը Վեհիբ փաշայի հետ

Նման համատեքստում՝ երբ լրանում էր Բաթումի պայմանագիրը վավերացնելու ժամկետը, Վեհիբ փաշան նախևառաջ 8.000 տղամարդ բռնի տարավ Ղարաքիլիսայից ու հայտնեց, թե նրանք «կվերադարձվեն հաշտությունը վավերացնելուց հետո» միայն7: Այնուհետև հունիսի 21-22-ին նա ժամանել է Դսեղ ու, Հովհաննես Թումանյանի գրությանն ի պատասխան, իր մոտ է հրավիրել բանաստեղծին։ Սա միանգամայն հասկանալի է, քանի որ մեծ արվեստագետը ՀԱԽ-ի լիազոր ներկայացուցիչն էր խնդրո առարկա հայկական երկու շրջաններում։ Զրույցը այնքան կարևոր էր, որ հունիսի 23-ին բանաստեղծը շտապ մեկնում է Թիֆլիս՝ Ազգային խորհրդին իրավիճակը ներկայացնելու համար8: Հաջորդ օրը նա Խորհրդի անդամներին հայտնում է, որ Հայկական զորաբանակի հրամանատարությանն է ուղարկել Վեհիբի հուշագիրն և իր մոտ հավաքած կարևոր այլ տվյալներ9:

Հունիսի 25-ին ՀԱԽ-ի փոխնախագահ Ա.Սահակյանը տեղեկացնում է օրենսդիրներին, որ հանդիպել է Գերմանիայի հյուպատոս Ֆ.Վ.ֆոն Շուլենբուրգին ու նրանից իմացել, թե թուրք-գերմանական ռազմական դիմակայության հետ կապված բազմակողմ  «բանակցություններ են սկսվելու Բաթումում, ցանկալի է, որ հայ ներկայացուցիչները լինեն այնտեղ»10: Ա.Սահակյանը առաջարկում է պատվիրակություն կազմել, բայց խորհրդի անդամներ Ս.Մամիկոնյանը, Ս.Հարությունյանը, Ս.Տիգրանյանը, Ն.Աղբալյանը և ՀՀ վարչապետի պաշտոնում հաստատված Հ.Քաջազնունին գտնում էին, որ հայերի մասնակցությունը «գրգռիչ և վտանգավոր հանգա-//-20  մանք կարող է նկատվել Թուրքիայի նկատմամբ»11: Ուստի առաջարկվում է ուղիղ հարաբերություններ վերսկսել օսմանյան հրամանատարության հետ: Ի տարբերություն Քառյակ տերությունների գործիչների, որոնք պնդում էին Բրեստ-Լիտովսկի պայմանները, Հ.Քաջազնունին ընդգծեց Բաթումի պայմանագրի չվավերացրած լինելու հանգամանքը: Թուրքական նոր հարձակման վտանգից խուսափելու համար ՀԱԽ-ը ցանկանում էր բանակցել և քննարկման առարկա դարձնել ճանապարհների բացման խնդիրը: Նա Բաթումի պայմանագիրը չէր վավերացնում, բայց չէր էլ մերժում՝ հայերն աշխատում էին նրա ապագայի հարցը տեղափոխել Կ.Պոլիս, որտեղ գործում էր Ա.Ահարոնյանի պատվիրակությունը: Իսկ գաղթականության և ՀՀ սահմաններից թուրքական զորքերի հեռացման մասին խոսելը համարվում էր վաղաժամ: 

Այնուամենայնիվ, 1918թ. հունիսի 25-ին ՀԱԽ-ը որոշում է «բանակցություններ սկսել անմիջապես թուրք կառավարության ներկայացուցիչների հետ»12: Ընդ որում, հարկավոր էր այցելել Թիֆլիսում գտնվող Քառյակ դաշինքի պաշտոնատար անձանց «վաղն ևեթ, նախագահի միջոցով»13: Հունիսի 26-ին վարչապետ Հ.Քաջազնունին, Ա.Սահակյանն ու թարգմանիչ Մ. Թումանյանն այցելում են Ֆ.Կրեսսին14: Վերջինս խորհուրդ է տալիս մեկնել Բաթում ու բանակցել ինչպես օսմանյան 3-րդ բանակի նորանշանակ հրամանատար Էսադ փաշայի, այնպես էլ գերմանա-ավստրա-բուլղարական խմբակի ներկայացուցիչների հետ։ Այդ եռակողմ միավորումը ծրագրել էր պնդել Բրեստ-Լիտովսկում ընդունված պայմանները։ Նրանց պահանջին համաձայնելու դեպքում թուրքական բանակը պետք է երկաթուղայն ազատ տարանցում ստանար մինչև Ջուլֆա՝ առանց Ալեքսանդրապոլ մտնելու հնարավորության։ ՀՀ իշխանություններից ակնկալում էին իրենց բոլոր հնարավորություններով նպաստել Բաքվի պաշտպանության հայկական ուժերի զինաթափմանը։ Հանդիպման ժամանակ Ֆ.Ֆոն Կրեսսը հյուրերին առաջարկեց միանալ իրենց ջանքերին ու մերժել 1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրած տեքստը։

Քաջազնունին ու Սահակյանը պատասխանեցին գերմանացուն, որ Հայաստանի Հանրապետության դիմադրության թուլությունը, փախստա-//21  կանները, սովը, նոր կոտորածների վտանգը ստիպեցին իրենց ընդունել Բաթումի վերջնագիրը, «սակայն այն հավատով, թե այս կացությունը երկարատև չի լինելու»15: Այժմ էլ ՀՀ-ի «նպատակն է բոլորի հետ բարեկամ»16 մնալ: Ֆ.Ֆոն Կրեսսը անցողակի տվեց Էսադ փաշայի անունը, և կողմերը բաժանվեցին: Հունիսի 27-ին, երբ Քաջազնունին Ազգային խորհրդում պատմում էր այդ հանդիպման և հայկական կողմի կրավորական պահվածքի մասին, Հովհաննես Թումանյանը հրաժարվեց Լոռիում, Ղազախում, Շամշադինում, Փամբակում ու Բորչալուում  ՀԱԽ-ի լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Նամանավանդ, որ ՀԱԽ-ը չի դիմել Լոռվա ռազմական պաշտպանությանն ու չի պնդել այդտեղից օսմանյան ռազմուժի դուրսբերման անհրաժեշտությունը: Բանաստեղծի գնահատականով՝ «կառավարության ապիկարությունը հասնում էր ոճրագործության»17: 

ՀՀ պատվիրակության ձևավորումը՝ Բաթումում Էսադ փաշայի հետ բանակցելու համար 

Այնուհետև 1918թ. հունիսի 29-ին ՀԱԽ-ը մինչև ժամը 12.30-ը ունկնդրում է Մ. Պապաջանյանի նամակն իր Վեհիբ փաշայի հետ հանդիպման մասին18: Վերջինս մտահոգ էր վրաց-գերմանական ռազմական դաշինքով, ուստի առաջարկեց կազմավորել հայ-թուրքական խառը զինուժ ու դրանով հակակշռել վրաց-գերմանական գործոնը19: Վեհիբը հայերին հրավիրում էր Բաթում՝ զրույցելու, և խոստանում էր փոխառություն տրամադրել: Իսկ որպես Բաթումի պայմանագրի 11-րդ հոդվածի կատարում՝ ՀՀ-ի իշխանությունները պետք է պատվիրակություն ուղարկեին Բաքու, որպեսզի տեղի հայկական ուժերը զերծ մնային քաղաքի պաշտպանությունից: Բուռն քննարկումներից հետո ՀԱԽ-ը կազմեց պատվիրակություն՝ ի դեմս Սամսոն Հարությունյանի (որպես խմբի նախագահ), Հովհաննես Թումանյանի, գեներալ Իվան Բաղրամովի և քարտուղար Երվանդ Միրզոյանցի: Նրանց հանձնարարվել է պնդել Հայաստանի Հանրապետության //-22  կողմից չվավերացվող Բաթումի պայմանագրի պահանջները օսմանցիների կողմից հարգելու անհրաժեշտությունը։ Ի դեպ, հենց ամսի 29-ին ֆոն Կրեսսը տեղյակ է պահել հայերին, որ Բաթումում հունիսի 4-ին ստորագրածը վավերացնելու կամ չվավերացնելու խնդիրն ամբողջությամբ տեղափոխվել է Կ.Պոլիս20, որտեղ Բարձր դուռը միանշանակ չի հրաժարվում Բրեստ-Լիտովսկում իր համար գծված սահմաններից:

Նույն այդ օրերին ՀԱԽ-ում հնչում է հայերի խոստովանությունը, թե գերմանացիներն առաջարկում են չպաշտպանել նավթային մեծ կենտրոնը, որպեսզի Բաքուն դառնար «չեզոք, ոչ մի պետության չի պատկանի, բայց բոլորի համար ստեղծվում է ազատ հարաբերություններ, ... [և քաղաքը] ամենքին ծախի իր նավթը»21: Խորհրդի անդամները գնահատեցին, որ նման գաղափարը պարզապես միջոց է «հանգցնելու և լքելու զորքը»22: Իսկ Բաքուն չպետք է Կարսի օրն ընկներ: Ինչ վերաբերում է Թիֆլիսին, ապա քիչ ավելի ուշ Ֆ.ֆոն Կրեսսը հավելեց, որ թեև Էսադը հայցում էր նրա թույլտվությունը՝ «Վրաստանի միջոցով զորք ուղարկելու»23 համար, սակային ինքը կտրականապես մերժել է դրա հնարավորությունը:    

Պատվիրակները Բաթում են մեկնել հունիսի 30-ին (այդ օրվանից մինչև հուլիսի 5-ը նրանք չեն մասնակցել ազգային բարձրագույն իշխանության նիստերին) կամ հուլիսի 1-ին24: «Մեծ դժվարություններով» ծովափնյա քաղաք են հասել հուլիսի 2-ի25 առավոտյան և հաջորդ օրը հանդիպել են Էսադ փաշայի հետ։ Հանդիպումը կայացել է հուլիսի 3-ին, քանի որ հատկապես ամսի 3-ը նշված է ձեռագիր լրացված 3-րդ բանակի հեռագրային բլանկի վրա26: Տեքստը լրացվել է Ա.Ահարոնյանի համար ֆրանսերենով ու հանդիպումից անմիջապես հետո, քանի որ հիշատակում է նոր ճաշակած «սրտագին ընդունելության» մասին27: Նկատենք, որ այս հեռագրի ֆրանսերեն մեքենագիր օրինակը և դրա ռուսերեն թարգմանու-//-23  թյունը կրում են հուլիսի 4-ի ամսաթիվը: Միանգամայն հավանական է, որ հեռագիրն ուղարկվել է մեկ օր ավելի ուշ, թեև իրենց տեղեկագրով պատվիրակները շտապ պատասխան էին հայցում Ա.Ահարոնյանից ու մտադիր էին «հաջորդ օրվա առավոտը» թողնել բանակցությունների վայրը28: Այնուամենայնիվ, նրանք Բաթումից մեկնել են հուլիսի 5-ին (կամ 4-ի գիշերը), ամսի 5-ի երեկոյան Թիֆլիսում էին29 և հուլիսի 6-ին զեկուցեցին ՀԱԽ-ի անդամներին:

ՀՀ պատվիրակության 1918թ. հուլիսի 3-ի քննարկումը Էսադ փաշայի հետ՝ Հովհ. Թումանյանի ելույթով հանդերձ

Ինչպե՞ս էր ընթացել հուլիսի 3-ի հանդիպումը: Բաթումի պայմանագրից ելնելով30, հայերը պահանջում էին Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ դնել երկաթուղին, դուրս բերել թուրքական զորքերը Լոռուց ու Փամբակից և թույլատրել 400.000 գաղթականների տունդարձը: Այդպես է նշվել օսմանյան բանակի միջոցով ուղարկված Ս.Հարությունյանի, Հովհ.Թումանյանի, Ի.Բաղրամովի, Ե.Միրզոյանցի միանգամայն հավաստի հեռագրում31: Երեք օր հետո Թիֆլիսում ՀԱԽ-ին զեկուցելիս Ս.Հարությունյանը առանձնացրեց սահմանների և թուրք զինուժի ոչ թե դուրսբերման, այլ բռնություններին վերջ տալու հարցերը: Այդ կետը որպես ականատես Էսադին ներկայացրել էր Հովհաննես Թումանյանը32: Թուրք գեներալը պատասխանեց, թե Կարսի և Ալեքսանդրապոլի փախստականները կարող էին «այցելել» իրենց օջախները, զորքերը մնալու են վրաց-գերմանական ներխուժումը արգելելու համար, իսկ օսմանյան բանակի հեռացման և երկաթուղու հարցերի քննարկումը տեղափոխվում է Կ.Պոլիս. ինչպես Բաթումի պայմանագրի վավերացման խնդիրը, որի հետաձգման մասին հայտարարվել էր բանավոր, սակայն ՀՀ իշխանությունները դրա վերաբերյալ փաստաթուղթ չունեին՝ թեկուզ հեռագրի կամ //-24  համառոտ հուշագրի տեսքով:

Փաշան արգելում էր գաղթականների վերադարձը Ախալքալաք, հերքում էր Ղարաքիլիսայի եռօրյա կոտորածի կազմակերպված բնույթը, սակայն կշտամբում էր հայերին՝ թուրքական ստորաբաժանումներին անհանգստություն պատճառելու համար: Նրա մեղադրանքը բողոքի պարզունակ ձև չէր, այլ լայն կիրառում ստացած օսմանյան ռազմադիվանագիտական մի հնարք, որ ակնարկում էր նոր առաջխաղացման հնարավորությունը: Մանավանդ որ հանդիպումից հետո նա երրորդ կողմի միջոցով հասկացրեց այցելուներին ողջ Անդրկովկասում մեկ խնամատարություն հաստատելու իր ցանտությունը: Ի դեպ, Ս.Հարությունյանն էլ իր զեկուցման մեջ նշեց, թե Կ.Պոլիս հասցեագրած հեռագիրն ուղարկվել է հրամանատարի թույլտվությամբ33, նշանակում է՝ հանդիպումից հետո, ինչպես սովորաբար լինում է նման պարագաներում: Հանդիպումից առաջ դեռևս բան չկա հաղորդելու:

Հարկավոր է արձանագրել նաև Բաքու ուղարկված պատվիրակության մասին բանավեճը, քանի որ հայկական կողմը պնդում էր, թե անկարող է ոչ միայն ազդել տեղի իշխանությունների վրա, այլև նույնիսկ հասնել այդ քաղաքը34: Շոշափելի արդյունքների չհասնելու պայմաններում Էսադն էլ զիջումներ չէր անում: Հուլիսի 4-ից հետո Երևանի վրա հարձակում չվերսկսելու, մայրաքաղաք զորքեր չմտցնելու փաստն արդեն իսկ խոսում էր Բաթումի պայմանագրի ոչ լիարժեք լինելու մասին: Այդ առումով տրամաբանական էր մինչև ամսի 4-ը քաղաքում հայ պատվիրակների մնալը և միայն հաջորդ օրը Թիֆլիս գնալը: Ու թեև գաղթականների կամ երկաթուղիների խնդիրներում առաջընթաց չկար, բանակցություններն ապարդյուն չէին: Նրանք գրանցել էին, որ «Արևելք» զորախմբի հիմնական հարվածը շրջանցում է վրաց-գերմանական պաշտպանության տակ գտնվող Թիֆլիսն ու միայն հայերով պաշտպանվող Երևանը: Թուրքական արշավանքն ուղղվում էր Բաքու, չնայած նա այդքան հեռու էր Բրեստ-Լիտովսկի և անգամ Բաթումի պայմանագրով նախատեսված սահմաններից: Իսկ հայկական կողմը  խուսափեց հայ-թուրքական ռազմական դաշինքից և, շրջանցելով Բաթումի պայմանագրի 11-րդ հոդվածը, չմասնակցեց Բաքվի հայկական ստորաբաժանումները զինաթափելու գործին: //-25

Հայտնի է, որ 1918թ. հուլիսի 6-ին ՀԱԽ-ում տված հաշվետվությունից հետո Հովհաննես Թումանյանը չմասնակցեց ՀՀ-ի ծավալած դիվանագիտական աշխատանքներին. նա հիասթափված էր Թիֆլիսի հայ քաղաքական ուժերի կրավորական կեցվածքից: Միաժամանակ մեծ բանաստեղծը ջերմորեն պնդում էր Հայող ազգային խորհրդի Երևան տեղափոխելու և այնտեղ կառավարության՝ թուրքերին զսպողի դեր կատարելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ մեջբերենք դեռևս անտիպ հանդիսացող նրա արտահայտությունը ՀԱԽ-ի հունիսի 24-ի նիստից: Ն.Աղբալյանի բողոքին, թե «Հայաստանի կառավարությունը հարկադրական մի բան է, մի կատարյալ բանտ, սպասենք մինչև կորոշվի բանակցությունների ելքը», Հովհաննես Թումանյանը արձագանքել է. «Կառավարությունը պետք է երկրում լինի, նրա գոյության մասին ժողովուրդը ոչինչ չգիտէ: Դրությունը լուրջ է, պետք է գնալ, տեր դառնալ և կառավարել: Եթե երկիրը բանտ է, թող կառավարությունը մեր բանտում լինի: Եթե հեղինակավոր կառավարություն լինի, շատ բան կփոխվի և թերևս շատ բան այսպես չլինէր, եթե այստեղ կառավարություն լինէր»35:

Եզրակացություններ

Սրանով ամփոփվում են Հովհաննես Թումանյանի 1918 թ. դիվանագիտական առաքելության բովանդակությունն ու նրան վերաբերող մեր ունեցած հիմնական տվյալները: Մեր հանրապետության թումանյանագետները հնարավորություն ունեն խորությամբ ուսումնասիրելու և ավելի մանրամասն լուսաբանելու մեծ բանաստեղծի գործունեությունը Բաթումում 1918թ. հուլիսի 2-5-ին՝ իր ժողովրդի պատմության այդքան կարևոր ու թեժ օրերին։

Գրականություն

Աբրահամյան Վ.Մ. 2013, 1918-1921թթ. հայ-վրացական վիճելի տարածքների հարցի շուրջ. Գյումրու Մ.Նալբանդյանի անվ. Պետական մանկավարժական ինստիտուտի «Գիտական տեղեկագիր», պրակ Բ, Գյումրի, էջ 62-73։

Ասրյան Ա. 2009, Հայ-վրացական հարաբերությունների պատմությունից (1918թ.), Բանբեր Հայաստանի արխիվների, N 2, էջ 66-71:

Ավետիսյան Հ.Ա. 1997, Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, «Բարձ-//-26  րագույն դպրոց», 436 էջ։

Թումանյան Հովհ. 1999, Երկերի լիակատար ժողովածու, հ. 10 Նամակներ (1905-1922թթ.), Երևան, «Գիտություն», 772 էջ։

Կարապետյան Լ.Մ. 1992, Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը, (Դրվագներ), Երևան, Հայաստանի ԳԱ հրատ., 256 էջ:

Մախմուրյան Գ.Գ.  2014, Հովհ. Թումանյանի ելույթները Հայոց Ազգային խորհրդի և Ալեքսանդրապոլի արտակարգ խորհրդակցության նիստերում (1918թ. ապրիլ - հուլիս), Պատմաբանասիրական հանդես, N 3, Երևան, էջ 237-250:

Ջամալեան Ա. 2011, Հայ-վրացական կնճիռը, Երևան, «Լուսակն», 244 էջ:

Սուքիասյան Հ. 2020, Հայ-թուրքական բանակցությունները Բաթումում 1918թ. հուլիսին, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, Երևան, էջ 50-61:

Махмурян Г.Г. 2019, От Сардарапата до Батума: армянская эпопея и период полураспада Четверного союза (апрель - июль 1918 г.), Պատմաբանասիրական հանդես, N 3, Ереван, с.83-95.

Петросян Г.А. 2019, Закавказье в дипломатических перепитиях: становление армянской независимости (февраль 1917 - июнь 1918 гг.), Ереван, «ЕГУ», 324 с.

Туманян М.Г. 2012, Дипломатическая история Республики Армения 1918-1920 гг., Ереван, «Институт истории НАН РА», 471 с.

 Hovannisian R. 1967, Armenia on the Road to Independence, 1918, Berkeley & Los Angeles, “University of California Press”,  364 p.

Hovannisian R. 1971, The Republic of Armenia, in 4 vols., vol. I The First Year, 1918-1919, Berkeley & Los Angeles, “University of California Press”, 547 p. //-27

 

Մեջբերումներ

1. Տե՛ս, օրինակ, Հայող ազգային խորհրդում 12.06.1918-ին հնչեցրած գերմանական հատուկ առաքելության պետ գեներալ Օ.ֆոն Լոսովի հաղորդումը, կամ նույն Խորհրդում 25.06.1918-ին ստացած ՀՀ պատվիրակության անդամներ Հ.Օհանջանյանի և Ա.Զոհրաբյանի հեռագրերը. Հայաստանի ազգային արխիվ, ֆ.222, ց.1, գ.141, թ.252 դարձ., 267 (այսուհետև՝ ՀԱԱ): Ավելի մանրամասն՝ Hovannisian 1967, 202–203; Ավետիսյան 1997, 258, 263, 267:  

2. Ավետիսյան 1997, 204:

3. ՀԱԱ, ֆ.1267, ց.2, գ.971, թ.26։ Ավելի մանրամասն տե՛ս Махмурян 2019, 90: //-18

4. Hovannisian 1967, 205.

5. Hovannisian 1967, 205, Hovannisian 1971, 53: Տե՛ս նա­և Ա­բր­ահամյան­ 2013, 65-66: //-19

6. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.255 դարձ.-256: Նաև՝ Ա. Ջամալեան 2011, 32, 1918թ. դեկտեմբերին Բաքվի ՀԱԽ-ի կազմած տեղեկանքը «Армяно-грузинский конфликт по поводу границъ» ՝ Ասրյան 2009, 71:

7. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.257 դարձ.:

8. Գ. Գ. Մախմուրյան 2014, 246-247: Իմ պրպտումների ընթացքում այս թեմայով եղել են նաև այլ հրապարակումներ. տե΄ս Սուքիասյան 2020, 53-54:

9. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.120, թ.50-51 դարձ.:

10. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.267: //-20

11. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.267 դարձ.:

12. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.268:

13. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.268:

14. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.271: //-21

15. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.271 դարձ.: Համ­անմա­ն որոշու­մն՝­ «ագր­եսիվ հարաբե­րո­ւթյուն­ներ չ­ստե­ղծել, դեպ­ի Թու­րք­իան բարեկամակ­ան կապ պահպան­ելո­վ» ձևակերպմամբ, ընդո­ւնվել է ՀԱԽ-ի 1­9.­06­.1918-ի­ նիստում­ (նույն տեղո­ւմ­, ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.26­2):

16. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.271 դարձ.:

17. Տե՛ս բ­անաստեղծի 28­.06.19­18-ի նամ­ակը Գ­.Խ­ատիսյա­նին՝ Թ­ումանյ­ան 19­99, 287, հր­աժարա­կան­ը՝ 2­88:

18. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.273 դարձ.:

19. Այդ մտահղացման մասին՝ Петросян 2019, 276-277: //-22

20. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.657, թ.8: Ստույգ չէ Գ. Պետրոսյանի պնդումը, թե Բաթումի պայմանագիրն ուժի մեջ էր մտնում ստորագրման պահից (Петросян 2019, 288), քանի որ նրա հոդված 14-ում ամրագրված էր վավերացման գործընթացը:  

21. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.279 դարձ.:

22. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.280:

23. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.286:

24. Տե՛ս Կարապետյան 1992, 216:

25. Ըստ Ս. Հարությունյանի՝ Բաթում ժամանելու «հետևյալ առավոտը» պատվիրակները տեսնվեցին Էսադի հետ: Տե՛ս Մախմուրյան 2014, 248:

26. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.657, թ.37, 39-44:

27. «Une reception cordiale», ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.657, թ.40: //-23

28. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.657, թ.36:

29. ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների 2020, հ.1, 58:

30. Վերջինը ձև տվեց Օսմանյան կայսրության սահմանին միայն, իսկ Անդրկովկասիր պետությունների միջև բաժանագծերի հաստատումը իրենց ներքին գործն են համարվել: Տե ՛ս Туманян 2012, 88:

31. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.657, թ.39, 41: 4. 07.1918-ին Ս. Մամիկոնյանը հաղորդեց ՀԱԽ-ում հանրապետությունում առկա 400.000 գաղթականների մասին՝ ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.282 դարձ.:

32. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.289: //-24

33. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.289:

34. Տե՛ս Էսադի 3.07.1918-ի հեռագիրը ՀԱԽ-ի նախագահությանը՝ արդեն անկաացրած բանակցությունների մասին. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.657, թ.45: //-25

35. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.265-265 դարձ.: //-26