ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի արծարծումը

Ավետիս Ահարոնյանի Փարիզից ու Սան Ռեմոյից ուղարկված նամակներում

 

1920թ. գարնանը ՀՀ իշխանությունների առջև խոյացել էին լուծում պահանջող մի քանի կարևոր խնդիրներ, որոնցից էին. 1) ՀՀ-Խորհրդային Ռուսաստան, 2) ՀՀ-Դաշնակից երկրներ և 3) Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները։ Սույն հրապարակման նպատակն է լուսաբանել նշյալ փոխհարաբերությունների որոշ հարցերը։

Վերոնշյալ ժամանակաշրջանում էապես փոխվել էր քաղաքական իրավիճակը նախկին ռուսական կայսրության տարածքում։ 1917թ. հոկտեմբերին դառնալով կառավարող ուժ, բոլշևիկյան իշխանությունը ոչ միայն չպարտվեց քաղաքացիական պատերազմում, այլ ավելին՝ 1920թ. գարնանը ամրացավ Հյուսիսային Կովկասում։ Տվյալ փաստը չէր կարող չանհանգստացնել ՀՀ իշխանություններին։ Այդ ժամանակ էլ ՀՀ իշխող վերնախավի մոտ ձևավորվեց երկու մոտեցում Խորհրդային Ռուսաստանի նկատմամբ. առաջին՝ չափավոր գծի կողմնակիցներ Ա.Խատիսյանը, Ա.Ահարոնյանը և այլոք խելամիտ չէին համարում պայքարել Խորհրդային Ռուսաստանի առաջխաղացման դեմ և ձգտում էին բանակցությունների միջոցով հասնել վերջինիս ՀՀ-ի անկախության ճանաչմանը, իսկ ընդգծված արևմտամետ դիրքորոշում ունեցող արմատական գծի կողմնակիցներ Ռ.Տեր-Մինասյանը, Հ.Օհանջանյանը և ուրիշները, որոնց աջակցում էր Անգլիան, Խորհրդային Ռուսաստանի նկատմամբ դրսևորեցին խիստ թշնամական դիրքորոշում։ Այս գծի կողմնակիցները, տարբեր պատճառաբանություններով, արտասահման գործուղեցին չափավոր գծի ներկայացուցիչներին և որպես արդյունք, ամրապնդեցին իրենց դիրքերը ինչպես պետական կառավարման մարմիններում, այնպես էլ՝ բանակում։ Իրենց հակառուսական տրամադրություններով վերջիններս այնքան «ոգևորվեցին», որ անգամ իրենց հովանավորող Անգլիայի ներկայացուցիչները դժգոհեցին այդ քաղաքականությունից։ Ճշտենք՝ Անգլիայի անհանգստությունը բացատրվում էր արմատական գծի կողմնակիցների հակաադրբեջանական քաղաքականությամբ։ Ավելին, Անգլիան ձգտում էր հասնել Ռ.Տեր-Մինասյանի հրաժարականին։ Այնուամենայնիվ, ՀՀԴ ղեկավար արևմտամետ արմատական գործիչները, ի հակառակ 1920թ. ապրիլի 5-ին Ալեքսանդրապոլում անցկացրած խորհրդակցության կոչերին,* իրենց հավատարմությունը հայտնեցին Անտանտին։ Նպատակը մեկն էր՝ չզրկվել նրանց խոստացած Անտանտի տրամադրվելիք զենքից, Դաշնակիցների կողմից ՀՀ նոր՝ ցանկալի սահմանների ձևավորման հեռանկարից և ամերիկյան պարենային օգնությունից։

Սույն հրապարակմամբ ցանկանում ենք նաև մասնակի ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ՀՀ-Դաշնակից երկրների միջև ընթացող քննարկումները։

1920թ. գարնանը կտրուկ սրվեց Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները։ Մարտի 20-ից ի վեր, Ադրբեջանական իշխանությունները սկսեցին զինաթափել Ղարաբաղի հայ բնակչությանը, պահանջելով երրկրամասի լիակատար ենթակայություն։ Ադրբեջանի այդ քաղաքականությունը, բնականաբար, հանգեցրեց ռազմական գործողությունների վերսկսմանը, որի արդյունքում մարտի 23-ին ոչնչացվեց հայկական Շուշին։ Գրավելով քաղաքը, ադրբեջանական բանակը հրկիզեց այն և կոտորեց տեղի հայ բնակչությանը։ Ադրբեջանի կառավարությունը ռազմական գործողությունների վերսկսման ողջ մեղքը բարդեց ՀՀ ղեկավարության, հատկապես՝ արմատական գծի կողմնակիցների վրա։ Ավելին, //-56 Դաշնակից երկրների որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխաակից, Բաքվում նախկին փոխ-հյուպատոս Է.Մաք-Դոնելլը պահանջում էր հեռացնել իշխանությունից Դ.Կանայանին և Հ.Սրվանձտյանին։ Միաժամանակ, Անգլիայի ներկայացուցիչները անուշադրության էին մատնում ՀՀ իշխանությունների դիմումները՝ ձերբակալել կամ Ադրբեջանից վտարել օսմանյան բանակի նախկին հրամանատարներ Նուրի փաշային և Խալիլ բեյին։

Անկախության հռչակման առաջին իսկ օրվանից ՀՀ-ն տարածքային վիճելի խնդիրներ է ունեցել հարևանների հետ, որոնք իրենց լուծում չէին ստացել նաև 1920թԱյդ հարցերը գտնվում էին Դաշնակից երկրների ուշադրության ներքո և վերջիններս իրենց տեսակետն ունեին դրանց վերաբերյալ։ Մասնավորապես, Անգլիան Զանգեզուրը, Նախիջևանը և Կարսի մարզը ճանաչում էր որպես ՀՀ անբաժանելի մաս, սակայն Ղարաբաղի հարցում պնդում էր, որպեսզի այն ենթարկվի Ադրբեջանին։ 1920թ. մարտի 5-ին հանդես գալով Անգլիայի անունից, Ջ.Ուորդրոպը առաջարկեց տարածքային վիճելի հարցերը լուծել Դաշնակիցների իրավարարությամբ։ Ապրիլի 8-ին Ջ.Քերզոնը առաջարկեց իրենց իրավարարությունը տարածել նաև Անդրկովկասում առկա տարածքային բոլոր վիճելի հարցերի վրա։ ՀՀ ներկայացուցիչները պաշտպանեցին այդ տեսակետը։ Մինդեռ, կարճ ժամանակ անց Անգլիան հետ կանգնեց այդ տեսակետից և առաջարկեց իրավարարության հարցին անդրադառնալ Սևրի պայմանագրի կնքումից հետո։ Նշենք նաև, որ Վրաստանը և Ադրբեջանը չեն հավանել տարածքային վիճելի հարցերը իրավարարությամբ լուծելու ՀՀ մտադրությունը։ Այդ ժամանակահատվածում վիճելի տարածքների պատկանելիության հարցը քննարկման առարկա էր հանդիսանում Թիֆլիսում, Փարիզում և Սան Ռեմոյում ընթացող բանակցություններում։ Մասնավորապես, Սան Ռեմոյում ընթացող բանավեճերի ժամանակ Դաշնակից երկրների պետական այրեր կարևորեցին Հայաստանի՝ դեպի Սև ծով ազատ դուրս գալու հնարավորությունը։ Վրացական կողմը խոստացավ ապահովել երկաթուղային անարգել տարանցում ապրանքաշրջանառությունն իրականացնելու համար։ Միաժամանակ, Վրաստանի պատվիրակությունը ինչպես տարածքային առկա վիճելի հարցերի, այնպես էլ՝ պարտադրող իրավարարության հեռանկարի քննարկումը հետաձգեց, մինչև որ վերջնականապես կորոշվեր Բաթումի մարզի պատկանելիությունը։

Վավերագրերը ներկայացնում ենք արդի ուղղագրությամբ և կետադրական որոշ շտկումներով։ //-57

* 1920թ. ապրիլի 5-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ Հայաստանի 5 կուսակցությունների (դաշնակցականներ, ռամկավարներ, էսէռներ, Հայ ժողովրդական կուսակցություն և սպեցիֆիկներ) տարածքային կառույցների ներկայացուցիչների խորհրդակցություն, որի ժամանակ նրանք առաջարկեցին ՀՀ իշխանություններին բարիդրացիական հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ - Գ.Մ.։ //-56 ...