Հայկական դիվանագիտությունը 1919թ. հուլիս - օգոստոս ամիսներին։

Փարիզյան շարունակությունը Վերսալի պայմանագրից հետո

 

Ամփոփում

1919թ. հուլիս-օգոստոս ամիսներին Փարիզում գործող հայ դիվանագետները՝ Ա.Ահարոնյանի ձևակերպմամբ, զբաղվում էին 1) բանակի, 2) մթերման, գաղթականների և բերքահավաքի, 3) Կարսի, Նախիջևանի և 4) թուրքական վտանգի հետ առնչվող հարցերով։ Իրականում այս կետերին ավելացան 5) Ղարաբաղի, 6) Հայաստանից բրիտանական զորքի հեռանալու և 7) նրան որևէ այլ Դաշնակցի ռազմուժով փոխարինելու, 8) Օլթիից մինչև Նախիջևան ծավալված խռովությունների և 9) գաղթականների հատկապես տունդարձի հնարավորության խնդիրներ։

Վերոհիշյալ ժամանակամիջոցում Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը կազմել են Ա.Բալֆուրին ներկայացված հուլիսի 4-ի հուշագիրը գաղթականների մասին, հուլիսի 23-ին ու 29-ին Կ.Պոլսում Բրիտանիայի Գերագույն կոմիսար Ս.Գաֆ-Քելթորպին հասցեագրած բողոքներ, հուլիսի 28-ի և 30-ի, օգոստոտսի 6-ի թվակիր Ա.Խատիսյանին հղած հաշվետվությունները։ Նրանք ղեկավարվում էին ՀՀ մինիստր-նախագահի հուլիսի վերջին ու հատկապես օգոստոսի 6-ին ստացած հեռագրերով Հանրապետությունը Դաշնակիցների ուժերով պաշտպանելու կամ այն զինելու և հայկական բանակը մինչև 30 հազար շատացնելու  անհրաժեշտության մասին, նրա օգոստոսի 28-ին Վեհաժողովին կատարված դիմումով՝ Ղարաբաղի պատկանելությունը միջազգային իրավարարությամբ որոշելու մասին։ Երևանից եկած կարգադրություններին համաձայն, Հայաստանի և Ազգային պատվիրակության ներկայացուցիչները դիմումներ էին ուղղում Ժ.Կլեմանսոին, Վ.Վիլսոնին, Ֆ.Նիտտիին, ինչպես և աշխատանք էին տանում Է.Վենիզելոսի, Ա.Բալֆուրի, Ու.Չերչիլի, Ջ.Թիլլիի, Ա.Վիլյամսի հետ։ Հայ պատվիրակների գործունեությունը որոշ չափով արտացոլվել է Հաղաղության վեհաժողովի օգոստոսի 8-ի, 11-ի և 25-ի նիստերում, հուլիսի 8-ի Վ.Թվեյտսի «Հայերի տունդարձը» և օգոստոսի 15-16-ի Ու.Չերչիլի «Վտանգ Հայաստանի համար» հուշագրերում, նույն ամսի 23-ին Ա.Օզանյանի բրիտանական ռազմական նախարարություն այցելության ու Հայաստանի ինքնապաշտպանության հնարավորությունների շուրջ զրույցի կազմակերպման փաստում։