1918-1920ի անկախութիւնը Ֆրանսայի, Սեծ Բրտհանիայի

եւ ԱՄՆի քաղաքական գործիչների գնահատմամբ

 

ՄՈՒՏՔ

Յօդուածում վերլուծւում է Ֆրանսայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆի քաղաքական եւ ռազմական գործիչների գնահատականների եւ վերաբերմունքի փոփոխութիւնը անկախ Հայաստանի Հանրապետութեան կերտման, Արեւմտեան Հայաստանի օսմանեան լծից ազատագրման եւ այդ երկու մասերից միացեալ պետութեան ստեղծման հեռանկարների հանդէպ։ Դաշնակից տէրութիւնների կարծիքը ՀՀի մասին մեծապէս ձեւաւորում էր նրանց վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ, ուստի նրանց հետ արդիւնաւէտ աշխատելու համար անհրաժեշտ է արտաքին գործընկերների հայեացքների խորը ուսումնասիրութիւն։ Արեւմտեան քաղաքական գործիչների վերաբերմունքը յաճախ կախման մեջ է եղել նրանց հետապնդած շահ-նպատակներից, այնուամենայնիւ, այն մշակւում էր՝ ելնելով առկայ իրադարձութիւններից ու հայկական իշխանությունների աշխատանքից։     Կիրառելով երեք տէրութիւնների գործունէութեան համեմատական վերլուծութիւն ու ժամանակագրական զուգադրութիւն, ինչպէս նաեւ նոր արխիւային նիւթի եւ թեմային վերաբերող արդի հրապարակումների միաձուլում՝ յօդվածը քննարկում է, թէ որքանով է հայկական անկախութեան ընկալումը արտացոլուել Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Բրիտանիայի, Ֆրանսայի եւ ԱՄՆի ընթացիկ ու յետագայ քաղաքականութեան մեջ։ Փաստացի նիւթի զգալի մասը, յօդուածի բուն թեման ու առաջարկուող եզրակացութիւնները առաջին անգամ են ներկայացւում ընթերցողին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ՝ 1917Ի ՌՈՒՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

1917ի բոլշեւիկեան յեղափոխութիւնը դրդեց օսմանեան բանակին իւր նախորդ նահանջներից ու պաշտպանութիւնից անցնել լայնածաւալ յարձակման՝ Կովկասեան ամբողջ ճակատով։ Սա յանգեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյութնւնը եւ ամբողջ տարածքի պաշտպանելու անհրաժեշտութեան։ Հայաստանի անկախութիւնը առաւել արդիւնաւէտ գործիքն էր, այդ խնդիրը լուծելու համար։

Երբ 1917 Նոյեմբերի 23ին հայոց ռազմական յանձնակատարի ժամա- //-147  նակաւոր պաշտօնակատար, աւագ զօրավար Լեւոն Թադէոսի  Տիգրանեանը (ԼԷոնիդ Թադդէի  Տիգրանով), դոկտոր Հ.Զաւրեանն ու փոխգնդապետ Նիկողայոս Մելիք-Փարսադանեանը (Նիկոլայ Ալեքսանդրի Մելիք-Պարսադանով) Պետրոգրադում Ֆրանսայի դեսպան Ժ. Նուլանսի հետ հանդիպման քննարկել են ֆրանսացու առաջադրած հարցը՝ Կովկասեան ճակատի համար հայկական զօրամիաւորումներ կազմաւորելու մասին։ Դեսպանը «այդքան անյուսալի» էր համարում Ռուսաստանի վիճակը, որ հայերին խորհուրդ էր տալիս յենուել միայն սեփական ուժերի վրայ եւ զբաղուել ազգային բանակաշինութեամբ, «այլապէս հայերին սպառնում էր վերջնական կործանում»։

Ֆրանսան պատրաստ էր սատարել այդ գործին, քանի որ «անկախ Հայաստանի կերտումը մտնում էր նրա ցանկութիւնների շրջանակի մեջ»։ Դեսպանը խոստացել էր բարոյական ու նիւթական օգնութիւն, իսկ հայերը «պէտք է կազմակերպեին որեւէ պատասխանատու մարմին, որը կը վայելէր ազգի վստահութիւնը եւ կը կարողանար գործել իբրեւ կառավարութիւն»[1]։ Ի պատասխան՝ խօսակիցները Նուլանսին պատմել են Հայոց Ազգային ժողովի եւ Փարիզում նրա ներկայացուցիչ Պօղոս Նուբարի մասին[2]։ Նորութիւնը ողջունելի էր, քանի որ դեսպանը Նուբարի մտերիմներից էր։

Ֆրանսիացին հիւրերին առաջարկեց կապեր հաստատել նաեւ բրիտանացիների եւ ամերիկացիների հետ, եւ աւելի մանրամասն զրուցել Պետրոգրադում ֆրանսական ռազմական առաքելութեան պետ, զօրավար Ա.Նիսսէլի հետ։ Վերջինս հաստատեց Ֆրանսայի՝ հայերին փող, հրահանգիչներ ու հանդերձանք տրամադրելու պատրաստակամութիւնը։ Նիսսէլը նաեւ նշեց Թիֆլիսում գործող Ֆրանսայի ռազմական գործակալ, փոխգնդապետ Պ.-Օ.Շարդինյիի կարծիքն իմանալու անհրաժեշտութիւնը։ Զօրավարը զգուշացրեց Ռուսաստանում յեղափոխութեան եւ անիշխանութեան խորացման վտանգի մասին. այն դժուարացնելու էր բանակաշինութիւնն ու յանգեցնելու էր հայերի մեկուսացմանը։ Նա խնդրեց մշտական կապ պահպանել իր, բրիտանացի եւ ամերիկացի ռազմական կցորդների հետ։

Այդ հարցի առնչությամբ, 1917ի Նոյեմբերի 24ին Բրիտանիայի ռազմական կցորդ, զօրավար Ա.Նոքսը յայտարարեց, թէ Լոնդոնին շաբաթներ են հարկաւոր խնդիրը վերլուծելու համար։ Ըստ Տիգրանեանի, Զաւրեանի եւ Մելիք-Փարսադանեանի, Նոքսը «թերագնահատեց նրանց առաջարկից բխող Դաշնակիցների շահը»։ Բրիտանացին ցածր էր գնահատում հայերի կազմակերպուածութիւնը, չէր ցանկանում մեծ գումարներ //-148  տրամադրել եւ հայերին խորհուրդ տուեց համագործակցել կազակների հետ։ Նման միտք արտայայտեց նաեւ նրա ամերիկացի պաշտօնակից զորավար Ջադսոնը։ Ըստ նրա՝ ԱՄՆի կառավարութիւնը, «անկասկած, կը գայ հայերին օգնութեանը՝ Ռուսաստանում որոշ կարգ ու կանոն հաստատուելուց յետոյ»[3]։ Այժմ նա առաջարկում էր հանդարտ սպասել, մինչեւ իրադարձութիւնները իրենք իրենց կարգաւորուեն։ Այնինչ, լայնածաւալ ճգնաժամի եւ քաղաքական միայնութեան պայմաններում Հայաստանին՝ բոլոր երկիւղներով հանդերձ, հարկաւոր էր ոչ թէ յետաձգել, այլ արագացնել անկախութեան ընդունումը։ Հասկանալի է, որ որքան լուրջ է վտանգը, այնքան շատ պէտք է լինի այդ հասարակութեան ազատութիւնը, ինքնուրույնութիւնն ու նախաձեռնութիւնը։ Սրանք ցանկացած ինքնապահպանման կենսական միջոցներն են։

 

ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ 1918ԻՆ ԿՈՎԿԱՍԵԱՆ ՃԱԿԱՏԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ՝ ՈՐՊԷՍ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԴՐԵԱԼ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ   

Երեք պետութիւններից Ֆրանսան էր բոլորից աւելի սատարում Հայաստանի անկախութեանը։ Անկախութիւնը դիտւում էր որպէս ազգի ինքնակազմակերպման եւ ազգապահպանման միակ միջոց։ 1917ի Դեկտեմբերի 9ին Շարդինյին տեղեկացրեց Նուլանսին, որ ռուսա եւ թրքահայերը միանգամայն ունակ են միասնական պետութիւն ստեղծելու։ Յաղթանակից յետոյ Դաշնակիցները կարող են ձեւաւորել նման միաւոր՝ միջազգային համաժողովի անունից։ Քանի որ Նուլենսը սերտօրէն առնչւում էր Հայոց Ազգային խորհրդի նախագահի, Կ.Պոլսում ՀՀ պատուիրակութեան ղեկավար Աւետիս Ահարոնեանի հետ, Շարդինյին թելադրում էր սատարել ինքնապաշտպանութեան եռանդուն կազմակերպիչ Ա.Թորգոմին (Արշակ Երվանդեան) եւ օգնել նրան նոր գումարտակներ կազմակերպելու խնդրում։ Չէ˜ որ հայերը իրենց բանակ էին հրաւիրում բրիտանացի եւ ֆրանսացի հրահանգիչներ ու հսկիչներ։ Այնինչ, ռուսական բանակը՝ նրան տրամադրուած հսկա գումարներով հանդերձ, գտնւում էր անյուսալի վիճակում[4]։ 

Ֆրանսայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյին 1918ի Յուլիսի 12ին յղած նամակում Պօղոս Նուբարը նշել է Ֆորէյն օֆիսի ղեկավար Ա.Բալֆուրի ամսի 11ին համայնքների պալատում արտասանած ճառը։ Վերջինս պնդում էր հայերի բաւարար չափով զարգացած լինելը, որպէսզի Դաշնակիցները կարգաւորեն նրանց ճակատագիրը ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Նամակի հեղինակը մտահոգ էր, որ Պոլսում գումարուելիք Քառեակի խորհրդաժողովը ՀՀին չպարտադրէր Բաթումի պայմանագրի վաւերա- //-149  ցումը։ Սա կը ստիպէր Երեւանին «համաձայնուել փոքր, իրեն անկախ անուանող, բայց յետագայում Գերմանիայի վասալ դարձած [Բաթումի պայմանագրի սահմաններով գծած Հայաստանի] Հանրապետութեան հետ»։ Այնինչ, 25 հազ. հայ, որոնք քաջաբար կռւում էին Կովկասեան ճակատում, բարոյանիւթական աջակցության սուր կարիք ունէին։ Ուստի Ֆրանսան պէտք է մերժի Պոլսի բանակցութիւնները։ Նուբարը պահանջում էր Կլեմանսոյի կառավարութիւնից «արդարութիւն դրսեւորել յաղթանակի օրը հայերի ու նրանց ազգային իղձերի կատարման նկատմամբ»[5]։

1918 Օգոստոսի 4ին եւ Սեպտեմբերի 6ին Գերմանիայում ՀՀ կառավարութեան ներկայացուցիչներ Համօ Օհանջանեանն եւ Արշակ Զուրաբեանը տեղեկացնում են Բեռլինում ՌԽԴՍՀ լիազօր ներկայացուցիչ Ա.Իոֆֆէի[6] հետ ունեցած իրենց բանակցութիւնների մասին։ Վերջինս կտրականապէս մերժում էր նախ ամբողջ Անդրկովկասի, այնուհետեւ՝ հայերի անկախութիւնը։ Գերմանիան «վերին աստիճանի թանկ էր համարում» բոլշեւիկների հետ հաստատուած լաւ յարաբերութիւններն, իսկ Աւստրօ-Հունգարիայի հետ բանակցելիս Մոսկուան միայն Վրաստանն էր զիջում։  Գերմանիային տրամադրուելիք նաւթի դիմաց Բաքուն վերադարձնում էին Ռուսաստանին, եւ Բեռլինը խոստացաւ զերծ մնալ քաղաքական մեքենայութիւններից[7]։  //-150   ...

 



[1] Հայաստանի Ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1267, ցուցակ 2, գործ 105, թերթ 1։

[2] Նրա մասին տե՛ս՝ Մ.Մարտիրոսեան, «Ազգային մեծ գործիչը եւ բարերարը. Պօղոս Նուբար փաշա», Պատմաբանասիրական հանդէս, 2021 էջ 3-25։

[3] ՀԱԱ, ֆ.1267, ց.2, գ.105, թ.

[4] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.5, թ.

[5] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.357, թ.268269։

[6] Աւելի մանրամասն տե՛ս՝ А.Ю.Ватлин, Л.В.Ланник, Т.Пентер, Берлинская миссия полпреда Иоффе 1928 г., Документы, (Ա.Յու.Վատլին, Լ.Վ.Լաննիկ, Տ.Պենտէր, Լիազօր ներկայացուցիչ Իոֆֆէն 1928ի Բեռլինի առաքելութիւնը. Փաստաթղթեր) Մոսկուա, Политическая энциклопедия (քաղաքական հանրագիտարան), 2023:

[7] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.80, թ.28 եւ գ.656, թ.132 դարձ.։