Հայաստանն ու Անդրանիկը ԱՄՆ-ի 1917թ. Արևելյան

քաղաքականության մեջ և Հայոց ազգային խորհուրդը

 

1917թ. աշնան ու ձմեռվա քաղաքական իրադրությունը բազում վտանգավոր ու կենսական նշանակության խնդիրներ էր հարուցել հայ հասարակության առջև։ Դրանց, նաև ամերիկյան մայիսյան այն նախաձեռնությանը, որն ի հայտ էր եկել Առաջին աշխարհամարտին ԱՄՆ-ի միանալուց քիչ հետո, հարկավոր էր լուծում տալ ներքին և արտաքին ծայրաստիճան բարդ պայմաններում։ Այդ նախաձեռնությունը Է.Ռութի առաքելությամբ իրականացվող մեծ ծրագրի մասնիկն էր։ Ամերիկյան մասնագետների խումբ էր գործուղվել Ռուսաստան՝ նրա պատերազմական կարիքներն ու ռազմունակությունը վերականգնելուն միտված քայլերը սահմանելու համար1։

Գնահատելով Փետրվարյան հեղափոխության հետևանքներն ամբողջ Ռուսաստանի համար ու հաշվի առնելով Կովկասյան ճակատի էական թուլացման վտանգը՝ Թիֆլիսում հյուսիսամերիկյան տերության հյուպատոս Ֆ.Վ.Սմիտթն առաջարկել է կազմավորել արևմտահայ մեկ զորախումբ2 (զորամաս, զորաբաժին, դիվիզիա) ռուսական բանակի կարգադրության ներքո և այն հանձնել Անդրանիկ Օզանյանի հրամանատարությանը։ Մայիսի 29-ին դիվանագետը հանդիպել է Անդրանիկին, նրան ուղեկցող Լ.Լյուլեճյանին3 և թարգմանիչ Վ.Թոթովենցին ու քննարկել այդ նախագիծը4։ Միացյալ Նա-//-323 հանգներն ու նրանց եվրոպական դաշնակիցները պատրաստ էին զենքով և հանդերձանքով ապահովել այս միավորումը՝ գործողությունները հսկելու իրավունքով։ Նախնական կազմակերպական ծախսերը հոգալու համար հյուպատոսը տրամադրել էր 10 հազար դոլար։ Դիվիզիան մարտնչելու էր Արևմտյան Հայաստանում՝ աջակցելով անգլիացիների ռազմական գործողություններին Պարսկաստանում կամ նրանց առաջխաղացմանը դեպի Մոսուլ։

Անդրանիկը կազմել է ռազմական գործադրական քարտեզ ու փաստաթղթեր, որոնք հունիսի 2-ին հանձնել է Ֆ.Վ.Սմիթին, իսկ հյուպատոսը դրանք առաքել է Պետրոգրադ՝ իր վերադաս՝ դեսպան Դ.Ռ.Ֆրենսիսի, անգլիացի, ֆրանսիացի և իտալացի պաշտոնակիցների, ինչպես և Ա.Կերենսկու հետ քննարկելու նպատակով5։ Վավերագրերի պատճեններն ուղարկել են եվրոպական մայրաքաղաքներ, որտեղ դրանք հավանության են արժանացել։ Այնուհետև՝ օգոստոսին, քարոզիչ Է.Յարոուն Ֆ.Վ.Սմիթի ներկայությամբ ծանոթացնում է Անդրանիկին երկու բրիտանացիների՝ գեներալ Օ.Շոռի և Ջ.Գրեյսիի հետ։ Քառյակը քննարկել է 8 գնդերի հավաքագրման խնդիրները՝ ընդունելով յուրաքանչյուր գնդի 3 գումարտակային կազմը։ Համաձայնության են եկել մարտիկների 10-20 հազ. ընդհանուր թվի վրա՝ արտաքին ֆինանսավորման ու 150 բրիտանացի խորհրդականների տրամադրելու պայմանով6։ Հայոց կենտրոնական Ազգային խորհուրդը փորձ է արել խլել բրիտանացիների հետ շփման նախաձեռնությունը7, այնուամենայնիվ, ինչպես Պետրոգրադում, այնպես էլ Թիֆլիսում Խորհրդի անդամները չէին շտապում Ֆ.Վ.Սմիթի հետ բանակցություններ ձեռնարկել։ Հետևաբար, իրավիճակը սառեցվել է մինչև աշուն։

1917թ. նոյեմբերին, երբ ռուսական հեղափոխության նոր խորացումն իրականություն դարձրեց Կովկասյան ռազմաճակատի լիակատար փլուզումը, ամերիկացիները հանդես եկան նոր նախաձեռնությամբ։ Ամսի 8-ին Մ.Պապաջանյանը զեկուցում է ՀԱԽ-ում փոխգնդապետ Ա.Խ.Թորգոմի հետ Բաքվում իր ունեցած զրույցի մասին։ Խոսքը 10-15-հազարանոց արևմտահայ դիվիզիայի մասին էր. այն պետք է աջակցություն ցույց տար անգլիացիներին Պարսկաստանում։ Այդ զորախումբը կազմավորելու համար պահանջվում էր 3 ամիս։ Դաշնակիցները խոստանում էին ապահո-//-324 վել հրահանգիչներով և հանդերձանքով, ընդհանուր ծախքը ռուսական կառավարության վրա էր։ Ա.Խ.Թորգոմը պատրաստ էր Ազգային խորհրդի լիազորություններով մեկնել արտերկիր ու բանակցություններ վարել։ Նույն բովանդակությամբ հռչակագիրը՝ ֆրանսերեն, նա հղել է ՀԱԽ-ին8։

Նոյեմբերի 17-ին փոխգնդապետին անձամբ ունկնդրել են այդ ատյանում, իսկ ամսի 30-ին Խորհրդի նախագահ Ա.Ահարոնյանը զեկուցել է իր գործընկերներին Փարիզում Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարից ստացած հեռագրի մասին9։ Ըստ այդմ՝ վերջինը հաստատում էր բանակաշինության գործում արտաքին աջակցության հեռանկարն ու հայցում պաշտոնական բանակցություններ սկսելու արտոնություն10։ Խորհրդի անդամների արձագանքն ընդհանուր առմամբ դրական էր, սակայն որևէ որոշման չէին հանգում։ Նման անորոշությունը վնասում էր ընդհանուր իրավիճակին և անկողմնակալ արտացոլում դրա բարդությունը։

Կենտրոնական խորհուրդը, հաշվի առնելով դիվիզիտայի՝ ռուսական կառավարությանը ենթակա լինելու հանգամանքն ու Գ.Փաստրմաճյանի՝ արտգործնախարար Մ.Ի.Տերեսչենկոյի հետ հանդիպման11 մասին զեկուցագիրը, Արևմտյան Հայաստանը դիտարկում էր որպես ապագա Ռուսաստանի մաս։ Հետևաբար, նա իր կազմում էր ներառում Արևմտահայ Ազգային խորհրդի Բյուրոյի երկու անդամի։ Սակայի Արևմտահայ խորհուրդը ցանկանում էր տեսնել իր հայրենիքը որպես անջատ ու անկախ միավոր12։ Ուստի նա հրավիրում էր ՀԱԽ-ը՝ համատեղ լսումների ու միասնական որոշումների կայացման համար։ Եվ այդ ամենը Կովկասյան ռազմաճակատի աղետալի փլուզման համատեքստում։ //-325 ...

 

Մեջբերումներ

1. United States National Archives, Washington D.C., Record Group 59 General Records of the Department of State, class 763.72/document 6430 (այսուհետև՝ US NA):

2. Քաջունի Ե., Հայկական առանձին հարուածող զօրամասը։ Ժեներալ Անդրանիկ։ Պոսթոն, 1921, էջ 230։ Անդրանիկի կիրառած եզրույթը։ Արևմտահայ խորհրդի ձևակերպմամբ՝ զորաբաժին։

3. Լևոն Կարապետ Լյուլեճյանը (1892-1974) Խարբերդի Եփրատ քոլեջի պրոֆեսորների որդին ու եղբայրն էր։ Դասավանդել է քաղաքի սբ. Ստեփանոս եկեղեցուն կից գործող դպրոցում։ 1915թ. հունիսին ղայմաղամի ձեռքով խոշտանգված ու ԱՄՆ հյուպատոսարանում թաքնված մեծ եղբոր՝ Տոնապետի հետ փախել ու 1916թ. հասել է Էրզրում։ Եղբայրը օգնել է Էրզրումում ԱՄՆ հյուպատոսին գաղթականներին խնամելու գործում ու 1917թ. այնտեղ մահացել է տիֆից։ Իսկ Լևոնը հասել է Թիֆլիս ու միացել Անդրանիկին։ 1925թ. Ֆրեզնոյում եղել է «Մշակ» շաբաթաթերթի խմբագիր։ «Անդրանիկի բեռնով Առաքելոց վանքի կռիւը և Խալիլ բէգի սպանութիւնը» (Պայրութ, 1966), «Կաքաւներ ալ տուն պիտի չվերադառնան» (Պէյրութ, 1973) գրքերի հեղինակն է։

4. Մարմարյան Ա. [Թոթովենց Վ.], Զոր. Անդրանիկ և իր պատերազմները, Կ.Պոլիս, 1920, էջ 263-264։ Կարինեան Գ., Ազգային հերոս Զօր. Անդրանիկ եւ իր պատերազմները, Փարիզ, 1953, էջ 171-174։ Ղարիբջանյան Գ.Բ., Ժողովրդական հերոս Անդրանիկ, Ե., 1990, էջ 94։ Նազարյան Ա.Ս., Հայկական զորամասերի կազմավորումը Կովկասյան ճակատում (1914-1918 թվականներ), Ե., 1999, էջ //-323  116-117։ Այվազյան Հ., Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Ե., 2004, էջ 76։

5. Մարմարյան Ա., նշվ.աշխ., էջ 264, 269; հուշագրի ամփոփումը տե'ս Չոբուրյան Է., Մեծ պատերազմը եւ հայ ժողովուրդը, Կ.Պոլիս, 1920, էջ 49-51։ Քարտեզի նկարագրումը տե'ս Միհրանեան Ա., Ինչպէ՞ս պէտք է գրաւել Թրքահայաստանը, Կ.Պոլիս, 1921, էջ

6. Զօրավար Անդրանիկի Կովկասեան ճակատի պատմական օրագրութիւնը 1914-1917, Պոսթոն, 1924, էջ 62-63 (այսուհետև՝ Պատմական օրագրութիւնը); Hovhannisian R., Armenia on the Road to Independence, 1918. Barkeley and Los Angeles, 1967, p.82; Arslanian A., The British Decisdion to Intervene Transcauucuasia during World War I (The Armenian Review, Boston, 1974, vol.27, N 2, p.151).

7. Պատմական օրագրութիւնը, էջ 69: //-324

8. Հայաստանի Ազգային արխիվ ֆ.222, ց.1, գ.141, թ.21, 36 (այսուհետև՝ ՀԱԱ):

9. Նույն տեղում, թ.52 շրջԱհա հեռագրի տեքստը. «Զոր. Անդրանիկ, Կոչ կ'ընեմ քեզի և քու բոլոր զինակիցներուդ որ կրցածիդ չափ դուրս բերես բոլոր ուժերդ և կարելի եղած չափով պաշտպանես Վան, Բիթլիս և Կարին։ Նյութականդ ապահոված է։ Նուբար»՝ Պատմական օրագրութիւնը, էջ 65։ Կարինեան Գ., նշվ.աշխ., էջ 174։

10. Այդ պահին Ֆ.Վմիթը դիմում է իր կառավարությանը՝ նոր հայկական զորքերի զգեստավորմանը 1 մլն դոլ. հատկացնելու առաջարկով։ Քիչ ավելի ուշ Լոնդոնում ԱՄՆ դեսպան Ու.Պեյջը հավաստում է պետքարտուղարին իրենց եվրոպացի զինակիցների վճռականությունը՝ հայերի զինուժը ֆինանսավորելու առնչությամբ։ Տե'ս Papers Relating to the Foreign Relations of the United States. 1918 Russia, in 3 vols., vol.II, Wash., 1932, p.591-593 (այսուհետև՝ Papers Relating); Армения в документах Государственного департамента США 1917-1920 гг., сост. и пер.Г.Г.Махмурян, Ер., 2012, с.17 (այսուհետև՝ Армения в документах):

11. Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ.), Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ. և կազմ. Ա.Վիրաբյան, կազմ. Գ.Ավագյան, Ռ.Գրիգորյան, Ա.Կիրիմյան, Ե., 2004, էջ 115։

12. Այվազյան Հ., նշվ.աշխ., էջ 85։ //-325 ...