Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայոց Ազգային խորհրդի

նիստերի արձանագրություններում

 

Հայոց կենտրոնական Ազգային խորհրդի նիստերի արձանագրություններում1 ուշագրավ են մայսի 28 և 30 ամսաթվերը, որոնք, որպես Հայաստանի Հանրապետության ստեղծման օր, լուսաբանել է իրադարձությունների անմիջական մասնակից Ս.Վրացյանը։ Նա ամսի 28-ը կարևորել է որպես օր, երբ Ա.Խատիսյանը, Հ.Քաջազնունին և Մ.Պապաջանյանը՝ ինքնիշխան պետության լիազորների կարգավիճակով, մեկնել էին Բաթում՝ օսմանյան վերջնագրով թելադրված հաշտություն կնքելու հրահանգով։ Միաժամանակ Ս.Վրացյանը նշում է մայիսի 30-ը՝ որպես այդ բանակցությունների պաշտոնական սկիզբ և ՀԱԽ-ում «Կոչ հայ ժողովրդին» փաստաթղթի ընդունման օր։ «Անկախության հայտարարությունը,- վկայում է նա,- եղավ ավելի ուշ, մայիսի 30-ին, ավելի արտաքին ճնշումների տակ, քան Ազգ[ային] Խորհրդի հոժար կամքով»2։ Ըստ Ս.Վրացյանի՝ այդ գրությունը «իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձավ այդպիսին»3։ Ս.Վրացյանի հուշերում բացակայում է նաև հայերին ուղղված՝ հայրենիքը չլքելու մասին ՀԱԽ-ի նախագահության հորդորի դրվագը։ ՀԱԽ-ի անդամ Ա.Բաբալյանի գրքում ևս առկա է նմանատիպ մոտեցում4։

Դեպքերի մասնակից Ա.Խատիսյանը «բանաձևի» ընդունումը վերագրում է ՀԱԽ-ի մայիսի 28-ի կեսօրին գումարված նիստին, թեև դա չի համընկնում բուն արձանագրությունների բովանդակությանը5։ Լայն տարածում ստացած նույն ամսաթիվն են հիշատակում Ռ.Տեր-Մինասյանը և Ա.Ահարոնյանը։ Վերջինս նույնիսկ անկախության հռչակումը համարել է «տանուլ տված ժամանակ լավ տեսք պահպանելու» ձև6։  ...

 

Մեջբերումներ

1) Արևելահայ կամ Հայոց կենտրոնական Ազգային խորհուրդը (այսուհետև՝ ՀԱԽ) կազմավորվել է 1917թ. հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում՝ Ռուսահայոց համագումարի (այն է՝ Հայ միջկուսակցական խորհրդակցության) կողմից։ Այն բաղկացած էր 15 հոգուց է գործել է հոկտեմբերի 16-ից (հին տոմարով) մինչև 1918թ. հուլիսի 15-ը։ Այնուհետև մարմինը տեղափոխվել է Երևան ու դարձել Հայաստանի Հանրապետության Խորհրդարան։ ՀԱԽ-ի արձանագրությունների մեքենագիր և ձեռագիր տարբերակները պահվում են Հայաստանի Ազգային արխիվում (այսուհետև՝ ՀԱԱ)։ Սույն հրապարակման համար հիմք է ծառայել մեքենագիր օրինակը։ Երրորդ փաստաթուղթը համեմատվել է ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.120, թ.9-10-ում ձեռքով կատարված գրառումների հետ։ Դրանից վերցրած լրացումները դրել ենք քառակուսի փակագծերի մեջ:

2) Վրացյան Ս. Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 160:

3) Նույն տեղում, էջ 161:

4) Բաբալյան Ա. Էջեր Հայաստանի անկախության պատմությունից։ Կահիրե, 1959, էջ 6-7:

5) Խատիսեան Ա. Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը։ Պեյրութ, 1968, էջ 84-85 (այսուհետև՝ Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը); Մայիսի 28, Փարիզ, 1926, էջ 39:

6) Մայիս 28, էջ 28, 33: //-214