Հայ պատմագրության/պատմագիտության բնագավառների, յուրահատկությունների, առաքելության, առաջադրանքների, բացթողումների, մարտահրավերների, միջազգային պատմագիտության քարտեզի վրա
տեղի հարցեր
Վերջին «Հայկազեան հայագիտական հանդէսի» 42րդ հատորի երկրորդ գիրքով, խմբագրությունս նախաձեռնեց մի նոր ավանդութի, որով «Հանդէսի» յուրաքանչյուր հատորի երկրորդ գիրք սկսի հայագիտությունը շահագրգռող այժմեական մեկ նյութի շուրջ հայագիտության վաստակավոր մշակների ուղղված հարց-պատասխաններով։ Ստորև կներկայացնենք պատմության դոկտորներ Գայանե Մախմուրյանի, Վահրամ Շեմմասյանի, Խաչատուր Ստեփանյանի և Սիմոն Փայասլեանի տեսակետները՝ հայ պատմագրության և պատմագիտության մասին։ - Խ.։
Ա.հարցում.- Ինչպե՞ս եք բնորոշելու հայ պատմագրության առաքելությունն ու առաջադրանքները։
Գայանե Մախմուրյան.- Կարծում եմ, պատմագրությունը որպես գիտություն պետք է ուսունմնասիրի և վերլուծի հեռավոր, նաև շատ թարմ անցյալը իր ժողովրդին ավելի ուժեղ ու տեղյակ դարձնելու համար։ Յուրաքանչյուր ազգ ու պետություն ընտրություն է կատարում պատմական բազմաթիվ փաստերից՝ ընտրելով օգտակարը։ Այսինքն՝ ողջ փորձից ընտրում է այն, ինչ հարգանք է առաջացնում իր հասարակության հանդեպ, որով ինքն ավելի հրապուրիչ է դառնում ու քիչ սխալներ կատարող։ Նկարարգրելով անցյալը մենք ստեղծում ենք այսօրվա ժողովրդի կերպարն և այդ կերպարը ազդելու է նրա ապագա գործունեության վրա։
Ուրեմն պատմագրությունը ունի բուն գիտական, ազգապահպան ու զուտ քաղաքական նշանակություն։ Այդ բոլոր ճյուղերն էլ բարդ են։ Գիտությունը պահանջում է ոչ միայն նկարագրել անցյալն, այլև վերլուծել, համադրել ու համեմատել Հայաստանում տեղի ունեցածը՝ մոտ հարևանների և առաջատար տերությունների նվաճումների հետ։ Հետևաբար՝ հարկավոր է հին և արդի լեզուների իմացություն, լավ աղբյուրագիտական զինվածություն։
Հայ պատմագրութունը պետք է նպաստի և ձևավորի հայերի միասնությունը, յուրաքանչյուրին հասցնելով իր ժողովրդի անթիվ և աննման նվաճումները՝ լինի դա հին ժամանակաշրջանի հզոր տերությունը, վաղ միջնադարի փիլիսոփայական, պատմական ու գրական երկերը, միջնադարյան պետությունների ռազ-//-7 մապաշտպանական գործունեությունն ու ճարտարապետությունը, ուշ միջնադարի օրենսդրությունն և առևտուրը կամ նորագույն փուլի ազատագրական պայքարն ու կերտած Հանրապետությունը։ Յուրաքանչյուր հայ պետք է տիրապետի և հետևաբար հպարտ լինի իր ազգի շքեղ ու բացառիկ նվաճումներով։
Միաժամանակ մենք կանգնած ենք դառն անհրաժեշտության առաջ. հասկանալ՝ այդ ինչու՞ մեր լայնարձակ ու մարդաշատ Հայաստանը վերածվեց փոքրիկ մի երկրի, որն անընդհատ նվազում է իր չափերով։ Մեծ Եղեռնի իրականացնողը պետք է խիստ կշտամբվի և դատապարտվի, իսկ Մեծ Ոճիրի զոհը բնավ նրա մեղավորը չէ։ Սա հասկանալի է, թեև մեր թշնամիները հաճախ են նենղափոխում զոհի և մեղավորի դերերը։ Ամենայն դեպս՝ հայ պատմաբանին անհրաժեշտ է վերլուծել մե'ր իսկ բացթողումներն ու չօգտագորված հնարավորությունները։ Արդյո՞ք դատապարտված էինք և ենք բազմաթիվ նվաճողների ներկայության հետևանքով։ Հեռավոր ու մոտ անցյալն ու այժմեական վիճակն ուսումնասիրելիս կարող ենք մեծ օգուտ բերել մեր պետությանն ու հասարակությանը։ Մանավանդ եթե չփաթաթենք մեր երիտասարդությանը միայն հին ու նրանց՝ ոչ այդքան հաջող դուրս եկած միջոցները։ //-8 …
Բ.հարցում.- Ի՞նչ են հայ պատմագրության.- ա) գլխավոր բնագավառները, բ) յուրահատկությունները, բ) բացթողումները։
- Մենք ունենք հայագիտության գլխավոր բնագավառների բաժանումն, որը, կարծես, չի հակասում աշխարհում ընդունված դասակարգմանը։ Միայն ցանկալի է հստակեցնել՝ արդյո՞ք մութք ենք գործել նոր ժամանակաշրջան՝ նրան հատուկ գործարաններով, երկաթուղիներով, Անգլիայի կամ Նիդեռլանդների հետ միաժամանակ։ Բացի դրանից, մեզ հարկավոր է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել հին ու միջնադարի հատվածներին, որոնք մանրակրկիտ և աշխատատար վարժանք են պահանջում՝ աղբյուրագիտությամբ ու լեզուներով հանդերձ։ Ուստի, մեր շեշտադրումն է՝ հին պատմությունն ու Մեծ Հայքը՝ ռազմաքաղաքական ու տնտեսական թեմաներով։ Ողջ միջնադարը՝ հատկապես հայ-բուզանդական ու հայ-պարսկական հարաբերությունները, Բագրատունիների և Կիլիկիո թագավորությունները։ Ուշ միջանդարից՝ հայ-հնդկական առևտուրը ԺԶ.-ԺԸ. դարերում: ԺԹ.-ԻԱ. դարերի առնչությամբ՝ անկասկած, Արևմտյան Հայաստանի տնտեսական կյանքը, մշակույթն ու ազատագրական պայքարը։ Մեծ Եղեռնը պահանջում է քաղաքական ու ընկերաբանական տեսությունների, նրա նոր դրսևորումների կանխարգելման, այդ ոլորտում միջազգային համագործակցության ու ջարդերից պաշտպանության ձևերի դասավանդումը։
Հայաստանի առաջին Հանրապետության փորձը պահանջում է ավելի շատ վերլուծական, քան քարոզչական մոտեցում։ Նույն է պահանջում նաև արդիական գործընթացների զննումը՝ մեր այսօրվա Հանրապետությամբ ու նրա բազմաթիվ խնդիրներով հանդերձ։
Հաշվի առնելով մեր բազմաթիվ Սփյուռքը, հայերենի կողքին գրքերը հարկավոր է զանգվածաբար հրատարակել նաև օտար լեզուներով՝ մանավանդ Հայաստանի պատմության համառոտ հատորները։ Նրանք ոչ միայն ազգապահպան, այլև գովազդի դեր են կատարելու՝ Հայաստանի արտադրանքը օտար շուկաներում հաստատելու համար։
Ինչ վերաբերում է բացթողումներին՝ մեր աշխատությունները հաճախակի ունեն նկարագրական բնույթ, իսկ հեղինակները քիչ են հետևում Հայաստանից դուրս հրապարակվող գրականությանը։ Սա առնչվում է ոչ միայն կեղծարարությունների հետ, որոնք լիարժեք պատասխան չեն ստանում։ Ցավոք, սա տարածվում է նաև արդիական մեթոդաբանության, արտերկրի հեղինակների պատմաքաղաքական վերլուծութիւնների և նրանց ձևակերպած օրինաչափությունների վրա։ Այդ իրողությունը նվազեցնում է մեր աշխատանքի որակը։ //-10 …
Գ.հարցում.- Ի՞նչ են հայ պատմագրության արդի գիտական և տեխնիք մարտահրավերները (փոխգործակցույուն, մեթոդաբանություն, լեզու, աղբյուր, նյութական…).
- Արդի հայագիտությունը կանգ է արել բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Նրանցից առաջինը այն զանգվածային, մեր պատմության բոլոր հիմնական թեմաներն ընդգրկող կեղծարարությունն է, որը պետական մակարդակով իրագործվում է մեր բոլոր հակառակորդների կողմից։ Այդ չարիքին հակազդելու համար հարկավոր է մտածված թարգմանական ու քարոզչական աշխատանք։ Երեսուն տարի մեր պատմագրությունը աշխատել է բացառապես ներքին շակայի համար, թեև արտաքին շուկան, պարզապես դրսի աշխարհը //-14 ոչ պակաս կարևոր են։ Մենք բոլորովին ուշադրություն չենք դարձրել համացանցին ու միայն վերջերս սկսեցինք նյութեր և ամսագրեր տեղադրել այդտեղ։ Այնինչ, համակարգչին վարժ լինելը ոչ միայն հեշտացնում է առօրյան, այլև վայրկյանապես կապեր է ստեղծում Հայաստանից դուրս առկա մասնագետների հետ։
Իհարկե, սա պահանջում է պատմաբաններին տրամադրված գործիքակազմների էական շատացում և նրանց ծրագրերի թարմացում։ Ընդհանուր առմամբ, մեզ համար սովորական պետք է դառնան արտերկրի գիտնականների հետ մշտական շփումը համակարգչի միջոցով, նույնանման խորհրդատվություններ, գիտաժողովներ, համատեղ հոդվածների կամ ժողովածուների հրատարակում, գուցե ուսանողների, ուսուցիչների կամ զբոսաշրգավարների հետ հանդիպումներ։ Չէի ասի, որ այդ ասպարեզը բոլորովին դատարկ է, բայց անելիքները շատ են։
Համակարգիչների ավելի արդյունավետ կիրառումը վերաբերվում է ոչ միայն գիտությանը։ Մեր հակառակորդները պարզունակ, գռեհիկ բայց լարված կերպով ստեր են տարածում Վիկիպեդիայում, Յություբում, համացանցի այլ համակարգերում։ Նշանակում է՝ ԳԱԱ հասարակագիտական յուրաքանչյուր ինստիտուտը պետք է առնվազն երկու աշխատակից հատկացնի՝ Վիկիպեդիայի նյութերն լրացնելու համար։ Ուրեմն պատմաբանները պետք է պարբերաբար հանդիպեն լրագրողների հետ՝ նրանց տրամադրելով քարոզչական նշանակության փաստերն ու դրույթները։
Իմ ներկայացված քարոզչական խնդիրը պահանջում է լեզուների իմացություն։ Լեզուների դրվածքը միշտ լուրջ էր ԳԱԱ աշխատակիցների համար՝ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի տարիներից սկսած։ Այո, անցյալ տասնամյակների ծանր ժամանակահատվածը լավ չազդեց գիտության վրա։ Այնուամենայնիվ՝ հին լեզուներից մինչև արդիականները, այդ հարցը լուրջ ուշադրություն է պահանջում։
Նույն է վերաբերվում աղբյուրներին՝ պեղումներից և Հայաստանից դուրս տեղակայված արխիվներից սկսած։ Աշխատելու համար հարկավոր են միջոցներ՝ գործողումներ կատարելու և համապատասխան նյութեր տուն բերելու համար։ Այնուամենայնիվ, առաջին հերթին, այդ միջոցները հարկավոր են բարեհաջող սերնդափոխության համար։ Երիտասարդները չեն կարող կատարել իրենց պարտականություններն առանց բավարար փոխհատուցման։ Այսօրվա աշխատավարձով նրանց անհնարին է ընտանիք կազմել, երեխա մեծացնել։ Բայց աշխատակիցը կամ ասպիրանտը աշխատում է. նա պետք է գործն անի ամեն օր, առնվազն ութը ժամ։ Ի դեպ, քանի որ դպիրը նաև ուսյալ մարդ էր նշանակում, արդյո՞ք մեր ասպիրանտները չեն ցանկանա ու չեն կարող դպիր անվանվել։
Իսկ գիտությունը որպես ողջ տնտեսության էական մասը սիրողական չի լինում՝ բարձրակարգ մարզիկի նման պետք է շարունակ գիրք կարդաս, գիտելիք յուրացնես։ Ամբողջ աշխատանքային օրը։ Հետևաբար, գիտության առաջին խնդիրն է՝ բարելավել երիտասարդների կենսամակարդակը։ Առանց դրա որևէ սերնդափոխություն չի լինելու ու մենք պարզապես վերանալու ենք՝ պատմաբան թե ֆիզիկոս, իրավագետ, քիմիկոս թե կենսաբան։ //-15 …
Դ.հարցում.- Ու՞ր է հայ պատմագիտությունը միջազգային պատմագիտութեան քարտեզի վրա։
- Այդ ճշմարտությունից ելնելով փաստենք՝ երեսուն հինգ տարի առաջ Հայաստանի պատմագիտությունը համար առաջինն էր հայագիտության ասպարեզում։ Այսօր նույնը չենք ասի։ Հայագիտության ոլորտում անգամ հարկավոր //-18 է ամրապնդել մեր համբավը ԱՄՆ, Իտալիայի կամ Ֆրանսիայի մասնագետների կողքին։ Հայագիտական ամսագրերը բացակայում են ՍԿՕՊՈՒՍ-ի ցուցակում, մեր անունները քիչ են հնչում միջազգային գիտաժողովների ժամանակ։ Այդպես որ անելիքները շատ են և առավել ուժեղ գործիքն են՝ կադրային ճիշտ քաղաքականությունը, հետազոտման թեմաների մտածված բաշխումը, լեզուների և աղբյուրների որակյալ տիրապետումը, հաշվիչ մեքենաների ավելի լայն կիրառումն ու Հայաստանի, Սփյուռքի և օտար մասնագետների միջազգային լայն համագործակցությունը։ Այլ ճանապարհ չի նշմարվում։ //-19 …