Հայ դիվանագիտությունը Լոնդմոնի առաջին կոնֆերանսում

և սահմանային հարցերը (1920թ. փետրվարի 12 - ապրիլի 10)

 

Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի վարչապետների և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանի դիվանագիտական կոնֆերանսը կայացել է 1920թ. փետրվարի 12 - ապրիլի 10-ին Լոնդոնում։ Դրան իրենց գործուն մասնակցություն են բերել Միասնական Հայաստանի պատվիրակության համանախագահներ Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը, Ջ.Մալկոլմը, բազմաթիվ փաստաթղթերի և քարտեզների հեղինակ գեներալ Գ.Ղորղանյանը, ինչպես նաև Կ.Պոլսի պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը, իսկ մարտի 8-ից՝ Երևանի թեմի եպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանը։ Փետրվարի 21-ին, 23-ին ու մարտի 2-ին նրանք ներկայացրերին «Հայաստանի սահմանների մասին» երեք հայտագիր, 21-ին, 26-ին ու մարտի 16-ին հանդես եկան Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առջև։

Հիմնական բանավեճը ծավալվեց Կիլիկիայի, Խարբերդի ու Սեբաստիայի ապագայի շուրջ։ Այս տարածաշրջանը, որը ճանաչում էին որպես առկա Հայաստանի Հանրապետության միանալու հնարավոր երկրամաս, ընդգրկում էր Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի ու Վանի նահանգների մեծ մասը։ Այդ նահանգները ռուսական բանակն էր ազատագրել Առաջին աշխարհամարտի ընթացքում։ Դ.Լլոյդ Ջորջը, Ա.Միլյերանն ու Ֆ.Նիտտին հայկական կողմին տեղեկացրին, որ հաղթանակած տերությունները պատրաստ են դրամ ու զենք հատկացնել, սակայն զինված ուժեր չեն տրամադրի՝ մարտական խնդիրներ լուծելու համար։